«Երկիր», 14 օգոստոսի, 1992թ., թիվ 155 (244)

Գորիս քաղաքի ու շրջանի արտակարգ դրության պարետ Պ. Հայրիկյանը, օգոստոսի 12-ին արձակել է հրամանագիր։ Ելնելով Գորիսի շրջանի եւ մարդասիրական միջանցքի սահմանամերձ գյուղերի բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից եւ վերջին օրերին տարածաշրջանում հայտնված հակառակորդի հետախույզների առկայության փաստից, օգոստոսի 14-ից Գորիսի շրջանի Տեղ, Կոռնիձոր, Խնձորեսկ, Խնածախ, Խոզնավար գյուղերում, դրանց շրջակայքում, ինչպես նաեւ մարդասիրական միջանցքի երկայնքով 10 օրյա ժամկետով մտցվում է պարետային ժամ։

Նշված տարածքներով, երեկոյան ժամը 21-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը արգելվում է հետիոտն եւ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։ Պարետային ժամվա ընթացքում տեղական փոխադրամիջոցներով իրավունք կունենան երթեւեկելու միայն պարետի հատուկ թույլտվությամբ։ Սույն հրամանագրի իրականացումը դրված է հատուկ նպատակային պարեկային խմբերի, պահակակետային ծառայություննների եւ ՆԳ բաժնի աշխատակիցների վրա։