* * *

Վալերի Մարության
Վալերի Մարության

Օպերացիան նշանակվեց շաբաթ օրը՝ բուժանձնակազմի հերթափոխի ժամին։ Միջանցքը հսկողության տակ էր։ Հարկավոր էր որևէ հնարով պահակներին դուրս կանչել պալատից գոնե 10-15 րոպեով։ Աղջիկները քաղցրեղեն էին պատրաստել, խմիչք, և զինվորներին հրավիրեցին վիրակապարան՝ իբրև թե իրենցից մեկի ծնունդին։ Սրանք վիրակապարան չէին գնացել, բայց նստել էին պալատի դիմաց տեղադրված նստարանին։ Մինչ նրանք հյուրասիրվում էին, Էդիկը՝ Գյուլիի նշանով, ծանր սանդուղքը մոտեցրել էր պատուհանին, Գյուլին կապել էր ծայրը, և պատուհանից կախել էին ցած։ Հետո Գյուլին սրսկման հավաքածոն ձեռքին մտել էր պալատ և սանիտարուհու հետ պայմանավորվել, որ եթե հսկողների ոտնաձայնը լսվի, կաթոցիկը աղմուկով գցի հատակին։

Կեղծ հիվանդը պատրաստ կանգնած էր, որ զինվորի հետևից մտնի պալատ։ Դա ծայրահեղ տարբերակն էր, և, փառք Աստծո, բանը դրան չհասավ։

Պալատից դուրս եկավ Խաչիկը՝ լյարդից վիրահատված մի հսկա, ու հենց ոտքը դրեց սանդուղքին, այն երերաց։ Էդիկը դժվարությամբ պահեց սանդուղքը։ Նրա հետևից իջավ Արամայիսը՝ ձեռքը գիպսի մեջ։ Այդ ընթացքում առաջին հարկում Սաքոյի ոտքից հանեցին կմախքային ձգանքը և պատուհանից տվեցին «Սապոժնիկին»։ Երբ տղաներին նստեցրել էին «Շտապ օգնության» մեքենան, պարզվել էր, որ վարորդը վախից փախել է։ Բարեբախտաբար, բանալին թողել էր մեքենայում։ «Սապոժնիկը» դժվարությամբ գործի էր գցել մեքենան և տղաներին դուրս բերել հիվանդանոցի տարածքից։ Անկողիններն այնպես հարդարվեցին, ասես այնտեղ պառկած մարդ կար։

Եղբայրական գերեզմանոցի մոտ տղաներին մեքենա էր սպասում, նստեցրին այդ մեքենան ու շրջանցիկ ճանապարհով տարան անտառի միջով։ Ճանապարհը շատ վատն էր, և «Սապոժնիկը» հեռադիտակով տեսավ, որ մեքենան կանգ է առել ու տեղապտույտ է տալիս։ Դա կործանարար կարող էր լինել։ Առանց տատանվելու նա անմիջապես նստեց իր մեքենան և հասավ օգնության։ Շոշում նրանց բուքսիրի վերցրին ու հասցրին մինչև Սղնախի ճամփաբաժանը։ Երևի Աստված պահպանում էր նրանց։

Վալերի Մարության
Վալերի Մարության

Իսկ պահակախումբը… այդ օրը հերթապահում էին ջահել ուզբեկները, և մեզ համար հիանալի ձևով պահեցին իրենց։ Նրանք մտան պալատ և տեսան՝ վիրավորները չկան։ Սանդուղքը նկատեցին և ամեն ինչ հասկացան։ Վախից լռեցին։ Դուրս եկան պալատից, նստեցին դիմացի նստարանին ու սկսեցին փսփսալ։ Երեկոյան եկավ հերթափոխը՝ ռուսներ։ Ուզբեկները բացեցին պալատի դուռը, ասացին. «Քնած են, դուք թեյ խմեք, իսկ մենք գնացինք»։ Սրանք թեյ խմեցին, իսկ երբ մտան պալատ, հասկացան, որ խաբված են, անմիջապես դուրս եկան շփոթահար, հուզմունքից դողալով, լացները գալիս էր։ Սրանք էլ սպասեցին հերթափոխի։ Այդպիսով, պահակապետը մինչ առավոտ չիմացավ փախուստի մասին։ Իսկ այդքան ժամանակը բավականացրեց, որպեսզի տղաներին թաքցնեն նախ Քարինտակում, ապա՝ Չանախչիում, որտեղից երրորդ օրը ուղղաթիռով հասցրին Երևան։

Կիրակի առավոտյան շրջայցի ժամանակ ես հարցրի զինվորներին. «Ի՞նչ եք անում այստեղ»։ «Հսկում ենք վիրավորներին»,- պատասխանեցին նրանք։ – «Ինչպե՞ս թե,– զարմացա ես։ – Մի՞թե նրանց Շուշի չեն տարել»։ Տղաները լաց եղան։ Ասացին, թե նախորդ հերթափոխը խաբել է իրենց։ Հետո իջան նկուղ և որոշ իրարանցումից ու վազկռտուքից հետո ռացիայով կապվեցին ղեկավարության հետ։ Մի բեռնատար եկավ, բոլորը նստեցին ու մեկնեցին։ Մեզ հետ նույնիսկ չփորձեցին խոսել։

Երկուշաբթի առավոտյան՝ թռուցիկ հավաքույթի ժամանակ, հենց միայն փախուստի մասին էին խոսում։ «Հերոս են,– ասում էր Արշավիր Ավանեսովիչը,– իսկակա՛ն հերոս»։ Այդ ժամանակ օրդինատորականի դուռը թեթևակի բացվեց, և Գյուլին զգուշորեն ներս մտավ։ Ես ընդառաջ ելա նրան՝ ձայնս բարձրացնելով. «Խանգարեցիր խոսակցությունը»։ Գյուլին լուռ դուրս եկավ։ Ես էլ նրա հետևից։ Նա ասաց, թե մի ժամ առաջ տղերքը թռել են ուղղաթիռով, երևի արդեն Երևանում են։ Արմոն, Խաչիկը, Սաքոն. նրանք մինչև հիմա էլ ողջ-առողջ են։ Աստված նրանց պահապան։