* * *

Վալերի Մարության
Վալերի Մարության

Բայց այդ ժամանակ նոր հարց էր հասունացել։ Բռնել էին ուսանողական ջոկատի մի ֆիդայու, որը մասնակցել էր Ղարադաղլիի արտագրոհին, այնտեղ շատ թուրքեր էին ընկել։ Վիրավորվել էր, վիրահատվել, պառկած էր Մարտունու հիվանդանոցում՝ ութ զինվորի հսկողությամբ։ Հարկավոր էր փրկել։ Բաքու տեղափոխելու վտանգ կար։ Բայց ինչպե՞ս։ Բավական է՝ ես երևամ Մարտունու հիվանդանոցում, նրան անմիջապես կտեղափոխեն։ Երկտող գրեցի վիրաբույժ Վալերի Սարգսյանին՝ խնդրելով ընդունել և լսել իմ բարեկամներին՝ ամուսնուն և կնոջը, որ բուժօգնության կարիք են զգում։

Սարգսյանը զգուշորեն ընդունել էր նրանց, արյունալի ժամանակներ էին։ Բայց լսել էր և համաձայնել օգնել։ Երկտողը տարել էին Էդիկ «Երկարը» և Վալերի Բալայանի կին Մանուշը։ Գործի էր անցել Աբրիկ Արզումանյանը՝ «Շտապ օգնության» վարորդը։ (Հետագայում նա կզոհվի իր գյուղի համար մղվող մարտերում)։ Փախուստի սխեման պարզ էր։ Պահակախումբը սիրում էր խմել։ Իրիկնադեմին խորովածի սեղան էին բացել՝ գինի, օղի. պահակախումբը խմել էր։ Վիրավորին տեղափոխել էին Էդիկի «Վոլգան» ու ծլկել Ճարտար գյուղի կողմը։ Մի ժամ անց պահակախումբը սթափվել էր։ Ողջ պարետատունը ոտքի էր կանգնել։ Վիրավորը ծանր էր՝ վիրախծուծները որովայնում։ Արդեն առավոտյան մենք առաջին վիրակապությունը կատարեցինք անտառում, ապա տեղափոխեցինք Սարուշեն։ Ու այստեղ արդեն հիմնավորապես զբաղվեցինք նրանով։ Օմոնականները պարետային զորքերի հետ սկսեցին ընդհանրական անձնագրային ռեժիմի ստուգումներ անցկացնել շրջակա գյուղերում։ Վիրավորին մի գյուղից մյուսն էին տեղափոխում, իսկ ես ամեն օր գնում էի նրան այցելության, մինչև որ հեռացրի բոլոր վիրախծուծները, որովայնաթաղանթի բորբոքման վտանգն անցավ։ Սովորաբար գնում էի գիշերը, Էդիկի ու Սերգեյ Շահնազարյանի հետ։ Կարևորն այն էր, որ ժամանակին ներկայանայի հիվանդանոց, որպեսզի ոչ ոք ոչինչ չկասկածեր։ ՊԱԿ-ը ամբողջ ժամանակ հետաքրքրվում էր ինձնով՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լյուդմիլա Իվանովնայից, և նա պաշտպանում էր ինձ, ինչպես կարողանում էր։ Վերջապես ճգնաժամն անցավ, և Արտեմին (այդ էր ֆիդայու անունը) տեղափոխեցին Վանք, իսկ այնտեղից՝ ուղղաթիռով Երևան։ Արտեմի փրկության գործով շատ տղաներ ու աղջիկներ էին զբաղվում։ Նրանց անձնազոհությունն իսկապես նվիրական էր։ Եվ գործում էին մի ընտանիքի պես, նույնիսկ եթե չէին ճանաչում մեկ-մեկու։

Փախցնելու սխեմաները բարդանում էին։ Հիշում եմ մի դեպք, երբ գամփռը, որին մտցրել էին պալատ, փախստականի հագուստը ձեռքերին, չկարողացավ հետքը գտնել։ Նրա դունչը այդ պահին շատ ծիծաղելի էր՝ ասես ինքն իր վրա զարմանում էր։ Որտեղի՞ց իմանար, թե մարդուն շալակած են դուրս բերել։ Տարել էր «Սապոժնիկը»։ Իսկ մենք այդ պահին զբաղեցնում էինք հսկողներին։ Վայրկյանները լուծեցին գործի ելքը։ Իսկ «Սապոժնիկը» նրան հասցրեց Արմենավան, ոտքով, եղբայրական գերեզմանոցի մոտով։

Մեզ շատ էր օգնում Կարեն Բալասանովը՝բաքվեցի փախստական իմ զարմիկը։ Բաքվում նրա աչքի առաջ փակվել էին հայկական դպրոցները, հայկական ինստիտուտները, հայկական թատրոնը։ Հալածվում էին բարձր որակավորում ունեցող հայ մասնագետները, դատարկվում էին հայկական թաղամասերը։ Կարենը անփոխարինելի անեստեզիոլոգ բժիշկ էր դաշտային հոսպիտալներում։

Վիգենը Տող գյուղում ուսուցիչ էր։ Դեռ խաղաղ ժամանակ նա պայքարում էր «սպիտակ ցեղասպանության» դեմ, որի հետևանքով մտցրել էին սև ցուցակի մեջ։ Նա շարժման առաջին ակտիվիստներից մեկն էր։ Իր Արմենչո անունով ընկերոջ հետ զինյալ խումբ էր կազմել, որը կատաղի խափանարարություններ էր կատարում։ Արմենչոն, իսկական թոկից փախած, շատ համարձակ տղա էր, ամեն ինչի վարպետ։ Մի անգամ նա վառիչը լցոնել էր պայթուցիչով ու սողալով մոտենալով թշնամական դիրքերին՝ վառիչը ծխախոտի բացված տուփի հետ դրել այնտեղ։ Հետո հեռադիտակով նայել էր ու տեսել, թե ինչպես էր պայթել թշնամու սնայպերը։