Տեղեկագրություն ադրբեջանաբնակ հայերի վիճակի մասին /նոյեմբերի 29-ի ժ. 19-ի դրությամբ/

[նոյեմբեր, 1988թ.]

ԿԻՐՈՎԱԲԱԴ. — Դրությունը մնում է ծայրաստիճան լարված: Ըստ հաստատված նախնական տվյալների հայ ազգաբնակչության մեջ առայսօր սպանվածների թիվը կազմում է 3, վիրավորվածներինը` շուրջ 300, կանբռնաբարության դեպքեր, 16 երեխաներ անհայտ կորել են: Զգացվում է դեղորայքի խիստ կարիք: Կիրովաբադին հարող շրջաններում իրադրության կտրուկ բարդացման պատճառով քաղաքում զորքերի թիվը նվազել է: Քաղաքի նորընտիր քաղկոմի առաջին քարտուղարը հրաժարվել է հայերի հետ պայմանավորված հանդիպումից:

Տեղեկագրություն ադրբեջանաբնակ հայերի վիճակի մասին /նոյեմբերի 29-ի ժ. 19-ի դրությամբ/
Տեղեկագրություն ադրբեջանաբնակ հայերի վիճակի մասին /նոյեմբերի 29-ի ժ. 19-ի դրությամբ/

ՇԱՄԱԽԻ շրջանի տարբեր գյուղերից Մադրասա գյուղում հավաքվել են մոտ 3000 հայեր, որոնք խնդրում են իրենց տեղափոխել Հայաստան: Նրանց պաշտպանում էին 160 անզեն զինվորներ, որոնց թիվը վերջին ժամերին պակասել է` հասնելով 45-ի:

ՂԱԶԱԽԻ և ԹՈՈՒԶԻ հայերի բնակարանները թալանված ու հրկիզված են: Հայերը ապաստան են գտել Շամշադինում` հարազատների մոտ և հյուրանոցում:

ՇԱՄԽՈՐԻ շրջանի հայերի մի մասը ապաստան է գտել Կրասնոսելսկում: Շրջանի բնակավայրերը, որոնք հայկական են, ադրբեջանցիների կողմից ենթարկված են շրջափակման: Նոյեմբերի 27-ին, ժ. 13-ին ադրբեջանցիները հարձակվել են շրջանի Մարտունի գյուղի վրա. այդ գյուղից Չարենցավան են տեղափոխվել 31 փախստական, երկու երեխա ադրբեջանցիների մոտ պատանդ են պահված: Կրասնոսելսկի շրջկոմը բանակցություններ է վարում Շամխորի հայությանը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Նույն շրջանի Բարում և Բարսում գյուղերից ուղղաթիռով Երևան են տեղափոխվել 45 կին և երեխա: ՉԱՐԴԱԽԼՈՒ գյուղից մի մեծ խումբ երեխաներ բեռնատարներով տեղափոխվել են Հայաստան. գյուղը շարունակում է մնալ պաշարված:

ԽԱՆԼԱՐՈՒՄ լարված իրավիճակ է. հայերին տրվել է երկու օր ժամանակ իրենց տներից հեռանալու համար:

ՕՐԴՈՒԲԱԴԻ շրջանից 46 ընտանիք հայեր տեղափոխվել են Մեղրի:

ԲԱՔՎՈՒՄ դրությունը շարունակում է մնալ պայթյունավտանգ, շարունակվում են միտինգները:

ԶԱՔԱԹԱԼԱՅԻ շրջանի տարբեր բնակավայրերից մարմնական վնասվածքներով փախստականներ են փոխադրվել Հայաստան: 1500 հոգի տեղավորվել են Այրումում, 300 հոգի` Սպիտակում:

Այս բոլորը վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունը Մոսկվայի թողտվությամբ իրագործում է Հյուսիսային Արցախի հայության բռնի տեղահանման քաղաքականություն:

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե