Հուշեր Մոնթեի մասին

Պատմում է գնդապետ Ֆելիքս Պողոսյանը

1992թ. փետրվարին Մոնթեն Սերգեյի ջոկատի հետ եկավ Մարտունի։ Տեղավորվեցին քաղաքից 2 կմ հեռու՝ ճանշին բաժնի շենքում։ Այդ ժամանակահատվածում Մարտունու ինքնապաշտպանության ուժերի հրամանատարը մարտունեցի Համլետ Սեյրանյանն էր, այնուհետև՝ Անաստաս Աղամալյանը, որը մեր շրջանի զինկոմն էր եղել։ Որոշ ժամանակ անց Մոնթեին նշանակեցին Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետ։ Հետո եկավ Վազգեն Սարգսյանը և Մոնթեին ներկայացրեց որպես մեր շրջանի հրամանատար, իսկ Անաստասին՝ որպես շտաբի պետ։ Սկզբնական շրջանում կռվող տղաներից ոմանք չէին ընդունում Մոնթեին, դրսից եկած հրամանատարը ցանկալի չէր, բայց մի մարդ՝ Մոնթեն, կարողացավ իրեն ենթարկել բոլորին։

Հուշեր Մոնթեի մասին
Կանգնած են` Կոմիտաս Ավանեսյանը և Մովսես Հակոբյանը: Քարտեզի մոտ` Մոնթեն և Ֆելիքս Պողոսյանը

Իրադրությունը կարգավորվեց։ Մարտունու պաշտպանական շրջանը ձգվում էր Աղդամից մինչև Ֆիզուլի։ Մոնթեն միշտ դիրքերում էր, երբեք տեղում չէր նստում։

Այդ ժամանակ Մարտունի եկավ Ժորա Գասպարյանը՝ «Գրադ»–ի Ժորան՝ իր 122 մմ հաուբիցով հակառակորդի մի քանի կրակակետեր ոչնչացնելու։ Եկավ Կարմիր Շուկայի մոտ, ուր հակառակորդի հրանոթը չէր թողնում, որ ավանը հանգիստ շնչի։ Կարմիր Շուկայից մինչև Մարտունի 25 կմ է։ Հորեղբորս տղայի՝ Վլադիմիր Պողոսյանի հետ Մարտունուց ոտքով գնում էինք Կարմիր Շուկա։ Ճանապարհին հանդիպեցի Ժորային և ասացի, որ այդ զենքը՝ 122 մմ հաուբիցը, ինձ ծանոթ է։ Հարցրեց՝ որտեղի՞ց։ Ասացի, որ ինստիտուտում զինվորական ամբիոն կար, այնտեղ էլ այդ զենքն ուսումնասիրել եմ։

Ասաց. «Արի Մոնթեի մոտ, ասեմ, որ դու այս գործի մասնագետն ես»։ Երկու օր անց Ժորա Գասպարյանը վերադարձավ Մարտունի և Մոնթեին ասաց. «Դու հրետանավոր ես փնտրում, Ֆելիքսը պատրաստի հրետանավոր է»։ Մոնթեն հարցրեց. «Տեղյա՞կ ես հրետանուց»։ Ասացի. «Ութ տարի է անցել։ Պետք է վերհիշել։ Մոռացել եմ»։ Ժորա Գասպարյանն ասաց. «Կգա Ստեփանակերտ, կսովորի»։ Այդ զրույցը ցերեկը ժամը 2-ին էր։ Երեկոյան ժամը 6-ին արդեն մեկնեցի Ստեփանակերտ՝ վերապատրաստման։ Այդ օրը ոչինչ չստացվեց, ստիպված վերադարձա Մարտունի։ Մոնթեն ասաց. «Վաղը մեքենան Ստեփանակերտ է գնալու, պատրաստվիր, որ մեկնես»։ Հաջորդ օրն այդ քենայով հասա այն շենքը, որն զբաղեցրել էին հրետանավորները։ Այնտեղ էր հին ծանոթ Սերգեյ Հարությունյանը, մեր հին կռվող տղաներից է, լավ գիտեր այդ գործը։ Երկու ժամ բացատրեց զինատեսակի օգտագործման նրբությունները, մեկ ժամ էլ՝ հաջորդ օրն առավոտյան։ Վերադարձա Մարտունի, զեկուցեցի Մոնթեին, որ արդեն լրիվ պատրաստ եմ գործն ստանձնելու։ Սկսվեց իմ հրետանային գործունեության շրջանը։ Ննգեցի Նասիբյան Վալերիկն ու ես Մարտունու հյուսիսային մասում՝ թիվ 109 կետում, տեղադրեցինք 100 մմ թնդանոթը, որը հետագայում շատ հայտնի դարձավ։ Նասիբյանին, որը ծառայել էր հակակարկտային ծառայությունում և լավ էր հասկանում գործը, թողեցի թիվ 109 կետում։ Ժորա Գասպարյանը 122 մմ հաուբիցը, որն ուր գնար հետը տանում էր, բերեց, հանձնեց մեզ, քանի որ գիտեր՝ արդեն դրա մասնագետը կա։

Վերցրեցի այդ հաուբիցն ու սկսեցի շրջել ամբողջ պաշտպանական շրջանում։ Այն, ի տարբերություն 100 մմ-ի, որն ուղիղ նշանառության է, ավելի դժվար է օգտագործել, քանի որ կրակում ես փակ կրակային դիրքից։ Անունը դրել էինք «Նանար»։ Հետո մայիսին բերեցին երկրորդ 122 մմ-ը, որի անունը դրեցինք «Արևիկ»։ Մայիսի 15-ին, Աղդամին հարակից մասում, կայացավ մեր մարտական մկրտությունը՝ առաջին կազմակերպված մարտական գործողությունը։ Պիտի ազատագրեինք Գյուլաբլուն, բայց լիովին չստացվեց, պարզապես մտանք, դուրս եկանք։ Գործողությունը լավ էր պլանավորված, ցավոք, չկարողացանք իրագործել։ Հինգ հոգի զոհվեցին։ Նրանցից մեկն Աշան գյուղի ջոկատի հրամանատար Արմենն էր՝ բացառիկ օժտված և խիզախ մի երիտասարդ։ Ափսոս, որ զոհվեց հենց առաջին մարտական գործողության ժամանակ։ Զոհերի համար Մոնթեն շատ տխրեց ու խոր ապրումներ ունեցավ։ Մոնթեն առաջադրանք էր տվել՝ ոչնչացնել հակառակորդի թնդանոթները։ Եվ տարբեր տեղերում առաջին հերթին հենց թնդանոթներն էինք վերացնում։ Կարծեմ՝ մայիսի 29-ին էր։ Սեդան եկավ Մարտունի։ Այդ ժամանակ ես Ճարտարի պաշտպանական տարածքում էի, գործում էր «Արևիկ» հաուբիցը։ Մոնթեն Սեդայի ներկայությամբ ասաց. «Ես կուզեմ քեզի նշանակել բոլոր թնդանոթներու պատասխանատու։ Կկարողանա՞ս ղեկավարել»։ Ասացի՝ այո։ Ասաց. «Այսօրվանից ամբողջ շրջանի թնդանոթների պատասխանատուն դու ես»։ Այդպիսով, Մոնթեի՝ մայիսի 29-ի բանավոր հրամանով նշանակվեցի Մարտունու պաշտպանական շրջանի հրետանու պետ։

Որպես հրամանատար Մոնթեին բնորոշելիս առաջինը կնշեի՝ չի եղել օր, որ դիրքերում չլիներ։ Առավոտից իրիկուն դիրքերում էր, երեկոյան գալիս էր շտաբ։ Շատ զարմանալի էր, ոնց որ հոգնել չունենար։ Սկզբնական շրջանում երեկոներն այնքան ուշ էր գալիս, որ ճաշարանում արդեն ուտելու բան չէր լինում։ Բայց իր համար խնդիր չէր. գոհանում էր եղածով։ Հետո արդեն երբ ուշանում էր, իր համար առանձին պահվում էր, որպեսզի որքան էլ ուշ ժամի գար՝ քաղցած չմնար։ Ընդհանրապես, Մարտունու ժողովուրդը, առանձնապես քաղաքի ժողովուրդը, Մոնթեի կերպարից շատ էր ազդվել, փոխվել, հիմա էլ խոսքի մեջ որևէ անձի, երևույթի բնութագրում է նրա չափանիշներով։ Մոնթեն այնքան անաղարտ մարդ էր, որ իր կողքինը ձգտում էր այդպիսին լինել։

Խմիչք չէր սիրում։ Իր գալու առաջին օրից մինչև կյանքի վերջին րոպեն ընդամենը կես բաժակ գինի է խմել՝ առաջին օրերին, սա էլ ուրիշի պատմածով եմ ասում, ինքս չեմ տեսել։ Սկզբնական շրջանում լեզվական առումով դժվարություններ էին ծագում, իր արևմտահայերենն անհասկանալի էր մեզ։ Մոնթեն ու հրամանատարները դժվարությամբ էին հասկանում միմյանց։ Սակայն որոշ ժամանակ անց իր հայերենը հասկանալի դարձավ ու գեղեցիկ հնչեց։ Իրենից սովորեցի ու հիմա կարող եմ արևմտահայերեն խոսել։

Գործի բերումով հիմնականում միասին էինք։ Չի եղել որևէ գործողություն, որ իբրև հրետանու պետ իր կողքին չլինեմ։ Ես անմիջականորեն կազմակերպողն էի, բայց հրամանատարն ինքն էր ու իմ միջոցով ղեկավարում էր հրանոթները։

Որպես հրամանատար առաջին օրից իր ամենակարևոր քայլն այն էր, որ ստիպեց ժողովրդին մնալ իր հողում, իր օջախում, որովհետև այն բանակը, որ չի զգում ժողովրդի ներկայությունը, չի կարող հաղթել։ Մեր տղաներից մեկը մոտեցել, ասել էր. «Երեխաներիս մի քիչ հեռու տեղ տանեմ»: Չէր թողել։ Սա ընդդիմացել էր. «Ինչո՞ւ իմ երեխաները մեռնեն»։ «Այո, պիտի մեռնեն,– ասել էր Մոնթեն,– նա, ով տանում է երեխաներին, ինքն էլ թողնելու է, գնա»։ Գուցե այսօր դաժան է հնչում, բայց պատերազմում հաղթելու հրամայականը դա էր պահանջում։

Մոնթեի խառնվածքում կար զինվորական մարդուն ոչ բնորոշ մի գիծ: Եթե ասեր մածունը սև է, էլի կպնդեր, որ սև է։ Վիճում էր, իր ասածը պնդում և իրագործում անհնարինը։ Որտեղից էր այդ գիծը՝ չգիտեմ։ Եվ մեզ այդ ստիպողաբար հասկացնելը գոռալով էր, նույն բանը մի քանի անգամ կրկնելով։ Ի վերջո բոլորը հանգեցին այն համոզման, որ իր ասածը պիտի կատարվի։ Մեկ-մեկ այնպիսի բաներ էր ծրագրում, որ ասում էինք՝ հնարավոր չէ, բայց անում էինք, ու իր ասածով էր լինում, և այդ անհնարինը հնարավոր դարձնելն իր ֆենոմենով էր պայմանավորված։ Եկավ մի պահ, որ հրամանատարը հրամայում էր, զինվորականը կատարում՝ ինչպես ընդունված է։ Անշուշտ, մեր մեջ կային խելացի տղաներ, որ հիմնավորում էին իրենց առաջարկը, և Մոնթեն համաձայնում էր, ընդունում և փոփոխում ծրագրածը։

Օրհասական օրերին մենք մտածում էինք մեր շրջանը պաշտպանելու մասին, իսկ Մոնթեն մեզ համար անհավանական ծրագրեր էր կազմում։ Ես ներկա էի, երբ վերցրեց մատիտն ու քարտեզի վրա մեր դիրքերից ուղիղ գիծ տարավ մինչև Հորադիզ, ու այդ գծով հակառակորդի ահագին տարածքներ մնացին մեր կողմում։ Պատկերացրեք, հետո եղավ այնպես, ինչպես ինքն էր գծել։ Իր զոհվելուց հետո Մովսես Հակոբյանի հրամանատարությամբ համապատասխան գործողություններ կատարեցինք ու ազատագրեցինք մեր պատմական հողերը։ Նայում էինք քարտեզին ու մտածում՝ այդ մարդը որքան էր գիտուն, որ ի վերջո եկանք, հանգեցինք իր ասածին։

Ինքն ազնիվ էր ու կարծում էր՝ դիմացինը նույնպես ազնիվ է։ Սուտ խոսել չսովորեց ու իր պահվածքով շատերին փոխեց։ Կանոնավոր բանակի հրամանատար էր, բայց ոչ մի անգամ իր աշխատավարձը չստացավ։ Ստորագրում էր, չէր վերցնում, ու այդ գումարը մուտքագրվում էր զոհված, վիրավոր ազատամարտիկների օգնության ֆոնդին։ Օտար երկրներից ֆինանսական օգնություն էր ստանում ու ամբողջը նույնպես հատկացնում էր այդ ֆոնդին։ Ես ներկա էի, որ երբ ֆրանսահայ Աշոտ Շմավոնյանը գումար տվեց, Մոնթեն կանչեց համապատասխան անձին և կարգադրեց՝ հանձնե՛ք ֆոնդին։

Հնարավորություն ուներ լավագույն զինվորական հանդերձանքը հագնելու, բայց միշտ նույն հագուստով էր։ Կարծեմ բաճկոնի մեջքը պատռված էր, բայց հագնում էր, թեև հնարավորություն ուներ դրսից իրեն ուղարկված համազգեստներից մեկը հագնելու։ Որ նոր էր եկել, ռետինե երկարաճիտք կոշիկներ էր հագել։ Լավ կիսաճիտք կոշիկներ էին բերում, որ հագնի՝ հրաժարվում էր։

Ամեն ինչի պակասություն կար, բայց դիմանում էինք։ Մի քիչ վերմիշել լիներ՝ համարում էինք, որ նորմալ ճաշում ենք։ Այդ մարդը նվիրվածության մարմնացում էր։ Գդալը թաթախում էր թեյի մեջ, ապա մտցնում շաքարավազի մեջ, որքան կպներ թաց գդալին, դրանով էլ խմում էր թեյը։ Թեև քաղցրը սիրում էր։ Ինքը չէր ուտում, բայց իր զինվորը պետք է կուշտ լիներ։ Իր մասին մինչև Արցախ գալն էի լսել՝ ո՛վ է, ի՛նչ է արել։ Բայց իրական տեսածս ավելի վառ էր, տպավորիչ։

Միշտ զգոն էր, զենքից անբաժան։ Ավտոմատը հետն էր, քնած ժամանակ՝ անմիջապես կողքին։ Չէր դնի այս սենյակում և մտներ մյուս սենյակը։ Զուգարան էլ ավտոմատով էր գնում։ Փոքրիկ ռադիոընդունիչ ուներ, որով «Ամերիկայի ձայնն» էր լսում։ Ավտոմատն ուսին գնում էր զուգարան, այնտեղ լսում, թե ինչ է ասում «Ամերիկայի ձայնը» և հետ էր գալիս։

Երբ Սեդան առաջին անգամ եկավ Մարտունի, մենք համարեցինք, որ եկել է մեր հարազատի հարազատը։ Տարեց ժողովուրդն անհանգստացած հարցնում էր. «Ինչո՞ւ երեխա չունեք»։ Սոնթեի տրամադրությունը բարձր էր՝ կինն էր եկել, իր սերը, բայց անգամ Սեդայի ներկայությունը պատճառ չէր, որ գործից կտրվի։ Այդ օրերին ուր գնար՝ Սեդային հետը տանում է՝ր և՛ դիրքերը ցույց տալու, և՛ իր գործը ժամանակին հասցնելու համար, որովհետև պաշտպանական հատվածը մեծ էր, իսկ ժողովուրդը՝ քիչ։ Այդ նույն ժամանակ դրսից շատ անծանոթ մարդիկ էին գալիս, որ Մոնթեին ճանաչում էին, իսկ Սեդային՝ ոչ, բայց քանի որ Սոնթեի հետ մտերմորեն էին խոսում, նույն ջերմ փոխհարաբերությունն իրենց միջև էր ստեղծվում։ Սեդան միշտ Մոնթեի կողքին կանգնած էր, կար հոգու զորակցությունը։

Ասպրամ Ծառուկյան
«Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք…», Երևան, 2007թ.