Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում

«Խորհրդային Հայաստան», 22 նոյեմբերի, 1989թ.

«ԽՍՀՄ արտգործմինիստրությունում» օրերս հրատարակված հաղորդումից հետո Արմենպրեսում սկսեցին հնչել բազմաթիվ հեռախոսազանգեր. դիմում էին մարդիկ, խնդրելով իրենց ծանոթացնել ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձևին։ Ստորև տրվում է բանաձևի տեքստը.

«Լեռնային Ղարաբաղի շուրջը ծագած վեճի խաղաղ ու արդարացի լուծման հասնելու Խորհրդային Հայաստանի ձգտմանը Միացյալ նահանգների աջակցությունը բխում է հետևյալից.

նկատի ունենալով, որ Միացյալ նահանգների ժողովուրդը պատմական ու մշակութային սերտ կապեր ունի Հայաստանի ժողովրդի հետ,

հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի ռեգիոնում 80-տոկոսանոց հայ մեծամասնությունը մշտապես արտահայտել է ազատության և ինքնորոշման իր ձգտումը,

ելնելով այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի ռեգիոնի ներկա կարգավիճակն է Հայկական և Ադրբեջանական խորհրդային հանրապետությունների ժողովուրդների անհանգստության և տարաձայնությունների պատճառը,

որ խորհրդային կառավարությունը 1988 թվականի փետրվարի 28-29-ին Սումգայիթում (Ադրբեջան) հայերի սպանություններն անվանեց «ջարդեր»,

որ Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող խտրականությանը և Լեռնային Ղարարաղի վերաբերյալ անորոշությունը հանգեցրին զանգվածային ցույցերի և հուզումների, որոնք այնտեղ շարունակվում են առ այսօր,

որ Խորհրդային Միության ժողովուրդն ու կառավարությունը Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմանը արձագանքեցին դրական քայլով՝ հատուկ կառավարման կոմիտեի ստեղծումով,

որ կոմիտեն անազդու գտնվեց, և նրա առաքելությունը խարխլվեց հայերի, հրեաների ու մյուս էթնիկական խմբերի դեմ կազմակերպված բռնությամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Վրաստանի շրջափակումներով,

որ շրջափակման, Հայաստան ուղարկվող ապրանքների հափշտակումների ու փչացման երեք ամիսները կազմալուծեցին հայերի, խորհրդային քաղաքացիների, ամերիկացիների, ամբողջ ինտերնացիոնալ ջոկատի գործունեությունը, որոնք 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո ձեռնամուխ են եղել վերականգնողական աշխատանքներին,

որ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը Հայաստանի հանդեպ իրենց պարտավորությունները ամրապնդեցին օպերատիվ օգնությանը և երկրաշարժից տուժած տարածքների ընդհանուր վերականգնմանը մասնակցության բերելով,

որ Միացյալ Նահանգները պաշտպանում են Խորհրդային Հայաստանի ժողովրդի հիմնական իրավունքները և Լեռնային Ղարաբաղի շուրջը ծագած վեճը խաղաղ միջոցներով ու ազնվորեն լուծելու նրա ձգտումները՝

վերը շարադրվածը հարկավոր է քննարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատում և կոնգրեսի ներկայացուցիչների պալատում։

Միացյալ Նահանգները պետք է

1. Շարունակեն պաշտպանել ու խրախուսել Հայաստանի վերականգնման նպատակով գործադրվող ջանքերը.

2. Խրախուսեն խորհրդային պրեզիդենտ Գորբաչովին՝ շարունակելու Հայաստանի ներկայացուցիչների հետ երկխոսությունը ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարում.

3. Համոզեն խորհրդային պրեզիդենտ Գորբաչովին՝ վերահաստատելու կարգուկանոնը, անմիջապես վերացնելու Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչպես նաև ապահովելու Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հայերի ֆիզիկական անվտանգությունը հարձակումներից.

4. Խորհրդային Միության հետ երկկողմ բանակցաթյուններում օժանդակել Լեռնային Ղարաբաղի շուրջը ծագած վեճի արդար լուծմանը, ինչը կարտահայտեր ռեգիոնի բնակչության հայացքները.

5. Խորհրդային Միության հետ երկկողմ բանակցություններում նպաստեն այն բանին, որ հայերի դեմ գործադրված բռնության քննությունները կատարվեն խորհրդային արդարադատության բարձրագույն մակարդակով, իսկ նրանք, ովքեր պատասխանատու են սպանությունների ու արյունահեղության համար, հայտնաբերվեն ու դատի տրվեն.

6. Հաստատակամորեն խնդրել պրեզիդենտ Բուշին՝ ամերիկյան ժողովրդի լուրջ մտահոգությունը հայտնելու շարունակվող բռնության և հուզումների առթիվ, ինչը արգելք է ծառայում խաղաղությունը պահպանելու ջանքերի համար:

Սենատի քարտուղարը բանաձևի պատճենը կհանձնի արտաքին գործերի մինիստրին»:

Արմենպրես