Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին

1 դեկտեմբերի 1989, Երևան

Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը՝ հաստատված ԼՂՒՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում։

2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես միակ օրինական իշխանություն։

3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ քաղաքացիության իրավունքները։

4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար։

5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը։

6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական–քաղաքական համակարգում։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

Լեռնային Դարաբաղի Ազգային խորհրդի նախագահ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԻՄՔ – «Խորհրդային Հայաստան», 3 դեկտեմբերի 1989։
Հրանտ Աբրահամյան, Արցախյան գոյամարտ, Երևան, 1991թ.

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS