Վլադիմիր Հակոբյանը աշխարհի չեմպիոն

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Երևանցի տասնչորսամյա դպրոցական Վլադիմիր Հակոբյանը մինչև 16 տարեկան շախմատիստների՝ Արգենտինայում կայացած աշխարհի առաջնությունում գրավեց առաջին տեղը և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Վլադիմիր Հակոբյանը աշխարհի չեմպիոն
Վլադիմիր Հակոբյանը աշխարհի չեմպիոն

Հինգ տարեկան էր Վոլոդյան, երբ սկսեց շախմատ խաղալ։ Փոքրիկը քայլերը սովորեց ինքնուրույն, դիտելով մեծերի խաղը։ Հայրը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Էդուարդ Հակոբյանը, առաջին կարգային է, պարբերաբար մասնակցում է հեռակա մրցախաղերին: Էդուարդ Հակոբյանն այժմ աշխատում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի արտասահմանյան ուսանողների ֆակուլտետում, որպես դեկանի տեղակալ։ Վոլոդյայի առաջին մարզիչը եղել է տատիկի եղբայրը՝ Սովետական Միության վաստակավոր մարզիչ Սուրեն Աբրահամյանը։ Ութ տարեկանում Հակոբյանը սկսնակից դարձավ առաջին կարգային։ Մեկ տարի անց Լիտվայում անցկացված «Հույսերի մրցաշարում» Վոլոդյան 8 հնարավորից վաստակելով նույնքան միավոր՝ գրավեց առաջին տեղը։ 1982 թվականին Էստոնիայի պատանիների բաց առաջնությունում նա դարձյալ առաջինն էր։ Վարպետության թեկնածուի բնագիծը հաղթահարեց 11 տարեկան հասակում։ 1985 թվականը արգասաբեր էր Հակոբյանի համար։

Վոլգոգրադում անցկացված Սովետական Միության թիմային առաջնությունում պատանին 7 հանդիպումներում ոչ մի պարտություն չկրեց։ Մրցակիցների թվում էին գրոսմայստեր Եվգենի Վասյուկովը, ուժեղագույն վարպետներ։ Անդրկովկասի առաջնությունում Վլադիմիր Հակոբյանը (նրա 14 տարին հենց մրցաշարի ընթացքում բոլորեց) 15 հանդիպումներում շահեց 10 միավոր և դարձավ սպորտի վարպետ՝ հազվադեպ երևույթ շախմատի պատմության մեջ։

Հեշտությամբ ձեռք չբերվեց աշխարհի առաջնության եզրափակիչի միակ ուղեգիրը։ Նախ Սոչիում իրենց ուժերը չափեցին երկրի տարբեր մրցաշարերում աչքի ընկած ուժեղագույն պատանի շախմատիստները։ Երկու շրջանով մրցաշարում անվիճելի էր Վոլոդյայի առավելությունը։ Բայց նրան սպասում էր ևս մեկ լուրջ փորձություն։ Վերջին տարիներին մարզական լուրջ հաջողության էր հասել նաև 15-ամյա Միխայիլ Ուլիբինը։ Թեև նա չմասնակցեց Սոչիի մրցաշարին, սակայն լավագույնի ընտրության հարցում բոլոր կասկածները փարատելու համար Օդեսայում 6 խաղից մրցամարտ անցկացվեց երկուսի միջև։ Առաջին 5 հանդիպումները համառ ու անզիջում պայքարից հետո խաղաղ ելք ունեցան։ Վերջին մրցավեճում 105-րդ քայլում հաղթանակ տարավ Հակոբյանը։

Աշխարհի չեմպիոնի կոչումը պատվավոր է, բայց և խիստ պարտավորեցնող։ Չէ՞ որ նա ՖԻԴԵ-ի վարպետի կոչումը կրելուց բացի, իրավունք է ստանում մասնակցելու թե՛ Հոլանդիայում կայանալիք մինչև 20 տարեկան շախմատիստների Եվրոպայի առաջնությանը և թե՛ Սովետական Միության մեծահասակների առաջնության նախընտրական մրցաշարին։