Հուշեր Երվանդ Օտյանի մասին

Դեպքի պատմությունը լսել եմ մի Իզմիրում` մի երիտասարդից: Նրա անունը ես չեմ հիշում, բայց համոզված եմ, որ նա մի օր կվավերացնի իմ ասելիքը:

Ահա մոտավորապես ինչ է պատմում այդ երիտասարդը.

«Ես անապատումն էի, ծառայում էի գերմանացի սպաներին շոֆերի պաշտոնով: Որովհետև բավական ազատ խոսում էի գերմաներեն, ինձ համար շատ էլ դժվար չէր թուրքերից թաքցնել հայ լինելս, թեև արտաքինս գերմանական ոչինչ ունի և գերման սպաներն էլ շատ լավ գիտեին, թե ով եմ ես:

Մի առավոտ նստած էի մի թրքական սրճարանի տեռասի վրա և սուրճ էի խմում, սպասելով իմ իշխանավորներին: Նրանք սրճարանի ներսումն էին մի քանի թուրք սպաների հետ: Խոնավ եղանակ էր, ոչ այնքան ցուրտ, բայց թեթևակի անձրևում էր: Տեռասի վրա բացի ինձնից ոչ ոք չկար: Հանկարծ ուշադրությունս գրավեց վերին աստիճանի աղքատիկ հագնված մի մարդ: Չնայելով, որ անապատը լեցուն էր թափառաշրջիկ մուրացկաններով և զանազան տիպերի մարադյորներով, այդ մեկն ինձ թվաց մի քիչ տարատեսակ: Նա դանդաղ, անվստահ քայլերով, գրեթե ուժասպառ մոտենում էր սրճարանին, միշտ գլուխը վար թեքած և հենվելով ձեռնափայտին:

Տեռասին չհասած` նա նստեց ոչ հեռու ընկած մի մեծ քարի վրա: Մարդը, ըստ երևույթին, շատ էր հոգնած կամ ծայր աստիճան անոթի էր և կամ թե մեկը, թե մյուսը: Նա ծանր հառաչեց, գլուխն ավելի թեքեց կրծքին և քանի մը րոպե մնաց այդ դրության մեջ անշարժ: Կարելի էր կարծել, որ նա մեռավ: Ես հեռվից դիտում էի նրա ողորմելի արտաքինը, ակամա մտածելով, որ այդ խեղճության տակ թաքնված է մի ուրիշ բան: Նրա ուսերի ոսկորները ցնցոտիների տակից դուրս էին ցցվել, ինչպես տաշեղները տոպրակի տակից: Ես հիշեցի Վիկտոր Հյուգոյի Ժան Վալժանի այն րոպեները, երբ բազմաչարչար հերոսն իր ծայրագույն տառապանքների, անոթության և հալածանքի մեջ էր:

Մարդը մի վայրկյան գլուխը բարձրացրեց, նայեց իմ կողմը երկչոտ հայացքով: Գուցե նա եկել էր սրճարան մտնելու, մի բան ուտելու կամ խմելու համար և չէր համարձակվում: Տեսա նրա դեմքի գծերը, բնորոշ քիթը, կապտագույն աչքերը սև հոնքերի տակից: Տեսա և ճանաչեցի, հակառակ նրա երկայն ու ալեխառն մորուքին: Երվանդ Օտյանն էր, իմ նախկին ուսուցիչը, մեր ամենից սիրված ու հարգված երգիծաբանը: Նա, որ շատ անգամ էր կշտամբել ինձ ծուլությանս համար: Այո, վստահ էի, որ նա է, ուրիշ ոչ ոք, և ո՞վ կարող էր ունենալ այդ գեղեցիկ, մելամաղձոտ և մարդու հոգին թափանցող աչքերը: Բայց և այնպես կամեցա ստուգել արդյոք չե՞մ սխալվում: Երևակայել անգամ չէր կարելի, թե Երվանդ Օտյանը կարող էր այդ վայրերն ընկնել:

Մի վայրկյան խորհեցի առանց վարանելու դիմել նրան ու հարցնել, բայց զգացի, որ այդ վտանգավոր է. կարող էի սխալված լինել և իմ գաղտնիքը վտանգի ենթարկել. չէ՞ որ կյանքում հնարավոր են այդպիսի նմանություններ երկու տարբեր մարդերի մեջ: Ոտքի ելա և ծանր քայլերով անց նրա մոտով իբրև թե միանգամայն անուշադիր դեպի մարդը և նայելով մի ուրիշ կողմ, ցածր ձայնով արտասանեցի «Երվանդ Օտյան»: Նա ուշադրություն չդարձրեց, միշտ գլուխը կրծքին թեքած: Ես ավելի բարձր ձայնով կրկնեցի «Երվանդ Օտյան»:

Նա լսեց, նա ցնցվեց, նայեց վարից վեր վախեցած և նորեն գլուխը թեքեց կրծքին, ձեռով մի բացասական շարժում անելով: Այն ժամանակ ես վճռեցի վերջին միջոցին դիմել — արտասանել իմ անունն ու ազգանունը: Ես նրա աշակերտների մեջ ամենաղմկարարն էի, ես միշտ նրա ուշադրության ու կշտամբանքների առարկան էի: Նա չէր կարող չմտաբերել իմ անունը, պետք է ճանաչեր ինձ: Եվ ճանաչեց: Անմիջապես նիհար, մթագնած երեսը լուսավորվեց անսպասելի ուրախության ժպիտով, նման գիշերվա խավարին, որ հանկարծ լուսավորվում է կայծակով: Ահ, երբեք, երբեք չեմ մոռանալ այդ սքանչելի վայրկյանը: Ես արդեն հուզվել էի:

– Այո,– ասացի,– ես եմ, քո նախկին աշակերտը, իմ ուսուցիչ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մի անգամ երդվեցիք ծեծել ինձ և չծեծեցիք:

Հենվելով ձեռնափայտին, նա ոտքի ելավ ու լուռ մի քայլ մոտեցավ ինձ: Այդ րոպեին ես պատրաստ էի հարձակվել նրա վրա, փաթաթվել նրա ոսկրացած պարանոցին ինչպես մի որբ, որ երկար կարոտությունից հետո գտել էր իր կորած հորը: Ըստ երևույթին նույն պահանջն զգաց և նա: Բայց այդ անկարելի էր, երկյուղը օտար աչքերից միաժամանակ կաշկանդեց երկուսիս էլ: Մի քանի վայրկյան մնացինք անշարժ դեմուդեմ կանգնած:

– Ո՞րտեղից եք գալիս,– վերջապես համարձակվեցի արտասանել ես:

Օտյանը ձեռքը տարածեց դեպի անապատի խորքը:

– Որտե՞ղ էիք գնում:

– Չգիտեմ,– պատասխանեց նա թույլ ձայնով:

Ես ձեռքիս շարժումով ցույց տվեցի իմ օթոմոբիլը, որ կանգնած էր մի քանի քայլ հեռու: Թևից բռնելով, բարձրացրի նրան և նստեցրի քովս: Ես նրան տարա մեր գարաժը, հանձնեցի իմ գերման ընկերներից երկուսին, որոնց հավատարմությանն ու անվստահությանը վստահ էի:

Չորս օր կերակրեցի նրան, ամեն կերպ աշխատելով քիչ թե շատ վերականգնել նրա սպառված ուժերը: Հագուստը չփոխեցի, բարվոք համարելով թողնել նրան մուրացկանի ցնցոտիների մեջ:

Հինգերորդ օրը իմ հավատարիմ ընկերների խորհրդով ու ցուցմունքով ես տարա նրան հեռու, մի ավելի ապահով տեղ, ուր նրա կյանքին վտանգ չէր սպառնում: Շուտով վրա հասավ ամնիստիսը…»

Ալեքսանդր Շիրվանզադե, Հուշեր, Երկեր հինգ հատորով, հատոր 5, Երևան, 1988թ.