Հեռուստաընկերություններն անհանգստանում են, որ գովազդային դոլարները կհոսեն թվային մեդիա

Հեռուստացանցերը կարմիր գորգեր են փռելու շուկայի պատվիրատուների առջև՝ փորձելով գայթակղեցնել նրանց եկող եթերաշրջանից ակնկալվող տասնյակ միլիարդ դոլարներով։ Եթե ամեն ինչ բարոհաջող ստացվի, հեռուստացանցը կկարողանա վաճառել գովազդային տևողության մոտ 75 տոկոսը, որը կուղեկցվի աչք ծակող ցուցադրություններով և աստղերով «զարդարված» հանդիսություններով։

Սակայն անբռնազբոսիկ այս ցուցադրության ետևում չի երևում հեռուստացանցի նյարդայնությունն ու շտապողականությունը։

Հեռուստատեսային և կաբելային ընկերությունները տագնապալից պայմաններում են խնդրում գովազդատուներին բացել իրենց դրամապանակները. հեռուստատեսության վարկանիշն ընկնում է, և հեռուստացանցերը դիմակայում են թվային հեռարձակումների դաժան մրցակցությանը։

Նախորդ եթերաշրջանի հետ համեմատած՝ հեռուստադիտողների թիվը նվազել է 9 տոկոսով, որի պատճառը որոշ հետազոտողներ բացատրում են համացանցային հեռուստաալիքների կտրուկ աճով։ Այս տարվա առաջին եռամսյակում ավանդական հեռուստատեսությունից հրաժարված մարդկանց շուրջ 43 տոկոսը դիտում է Netflix.

Նախկինում վարկանիշի անկումը չէր ազդում կանխավճարի վրա, քանի որ լսարանը տարանջատված էր, ավանդական հեռուստատեսությունը դիտողների մեծագույն մասին հասանելի լինելու գլխավոր միջոցն էր։ Նույնիսկ թվային մեդիայի զարգացմանը զուգահեռ գովազդատուների փողի մեծագույն մասը հոսում էր հեռուստաընկերություններին։

Սակայն հիմա անգամ ավանդական հեռուստատեսությունն է մասնատված, հատկապես, երբ խոշոր հեռարձակող ընկերությունների հաղորդումները հասանելի են համացանցում։

– Մենք պետք է լրջորեն մտածենք այլընտրանքների մասին,- ասել է Սթարքոմ (Starcom USA) մեդիա գործակալության տնօրեն Ամանդա Ռիչմանը։ – Ես զգում եմ, որ սա վճռական տարի է լինելու։

Մասնագետները կանխատեսում են, որ ավանդական հեռուստատեսությունները կունենան գովազդի 6-10 տոկոս անկում։

– Մենք զգալի փոփոխությունների ենք ականատես լինելու,- ասել է 21st Century Fox ընկերության ավագ աշխատակից Չեյզ Քարեյը,- Գովազդատուներն, անկասկած ավելի շատ ընտրություն ունեն։ Նրանք առավել մեծ ճկունություն են ուզում։