Լարի Մագիդ. Մեր անձնական պատասխանատվությունը

Լարի Մագիդը ամերիկացի լրագրող է և ռադիոմեկնաբան։ 1990-ականներին նա ուսումնասիրություններ է կատարել համացանցից երեխաների անվտանգ օգտվելու խնդիրների վերաբերյալ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հատված նրա ռադիոհաղորդումից, որտեղ Լարի Մագիդն անդրադառնում է մեդիայից օգտվող մարդկանց՝ օգտատերերի անձնական պատասխանատվության հարցին։ Հոդվածը նախապես լույս է տեսել www.connectsafely.org կայքում, այնուհետև` վերահրապարակվել www.huffingtonpost.com –ում։

social-media

Դարեր շարունակ մեդիագրագիտությունը համարվել է կենսական հմտություն. պաշտոնյաներից ու մեդիայից լսած տեղեկությունները ճշտելը մարդու համար նոր չէ։ Սակայն մեդիան մեկ կարևոր փոփոխություն է կրել։ Երբ ես փոքր էի, մենք ունեինք ազգային երեք հեռուստաընկերություն, իսկ ամեն քաղաքում կար մեկ-երկու թերթ ու ռադիոկայան։

Այսօր կան միլիոնավոր կայքեր ու բլոգեր, և տեղեկություն հեռարձակելու համար թողարկիչի կամ Հեռահաղորդակցության դաշնային հանձնաժողովի (FCC – Federal Communication Commision) արտոնագրի անհրաժեշտություն չկա։

Սպառման առումով սա լրացուցիչ, գլխավորապես դրական առավելություններ է տալիս։ Միաժամանակ, սակայն, նշանակում է, որ մեդիասպառողը առավել պատասխանատու պետք է լինի փաստը կեղծիքից տարբերակելիս։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդկանց գոյատևման միջոցը պայմանավորված է իրենց հաղորդման դիտողների և ունկնդիրների քանակից։ Եվ սա երբեմն հանգեցնում է հանդուգն ու սադրիչ գործողությունների՝ ի հաշիվ ճշմարտության և ռացիոնալիզմի։ Մեր ուշադրությանն արժանանալու համար մրցակցային պայքարում էլեկտրոնային և ավանդական մեդիան հարկադրված է գործել արագ՝ հաճախ փաստերը ճշտելու ժամանակ չունենալով։

Եվ քանի որ մեզանից քչերն են նայում լուրերի բոլոր թողարկումները կամ թերթում ողջ մամուլը, ավելի քան երբևէ կարևոր է ստանալ լուրերի, կարծիքների և տեղեկությունների հավասարակշռված չափաբաժին։ Համացանցը հնարավորություն է տալիս նաև ապրել «փուչիկում» և ուշադրություն դարձնել միայն այն աղբյուրներին, որոնք համապատասխանում են ձեր աշխարհընկալմանը։

Ես սիրում եմ հետևել տարատեսակ լրատվամիջոցների ու կարծիքների, համոզվելու համար, որ միայն մեկ կողմի տեսակետին ու փաստերին չեմ ծանոթացել։

Մեր անձնական պատասխանատվությունը, որպես տեղեկություն տարածող

Եվ վերջում, թերևս, ամենակարևորը. սովորական քաղաքացիները միայն մեդիասպառող չեն, նրանք նաև մեդիաարտադրող են։ Facebook, Twitter, Instagram կամ YouTube սոցիալական կայքերում գրանցված յուրաքանչյուր մարդ մեդիարտադրող է։ Մենք նույնիսկ կարող ենք ուղիղ հեռարձակում ապահովել Periscope-ի և Meerkat-ի միջոցով:

Նույնիսկ նրանք, ովքեր չեն էլ կարծում, որ «քաղաքացիական լրագրող» են, իրականում ակամա դառնում են այդպիսին, եթե սոցիալական ցանցերում լուրեր ու կարծիքներ են տարածում։

Քանի որ մենք՝ բոլորս, յուրատեսակ լրագրող ենք, հետևաբար պետք է առավելագույնս բարեխիղճ ու պատասխանատու լինենք։ Ես չեմ ակնկալում, որ ֆեյսբուքի յուրաքանչյուր երիտասարդ օգտատեր պետք է ունենա CBSNews-ի իմ գործընկերների բարեխղճությունը, սակայն առաջարկում եմ, որ պատասխանատու լինենք մեր ասածի ու գրածի համար։

Ինչպես ասել են Forbes-ի մի քննարկման ժամանակ, պետք է քննադատաբար մոտենանք այն գրառումներին, որոնք պատրաստվում ենք տարածել, հրապարակել կամ հավանել։ Ցանկացած պնդում կարդալուց և տարածելուց առաջ մի փոքր ժամանակ հատկացրեք հավաստիությունը ստուգելու համար։ Դա դժվար չէ։ Շատ դեպքերում դուք ուղղակի պետք է նշեք տեքստի մի հատված և ստուգեք, թե ինչ արդյունք կբերի որոնման համակարգը։

Եթե քաղաքային լեգենդ կամ ուղղակի կեղծիք է, ապա snoppes.com-ը կամ ցանկացած ուրիշ կայք հնարավորություն կտա բացահայտելու կեղծ տեղեկությունը։ Ուշադրություն դարձրեք աղբյուրին. արդյո՞ք այն վստահելի է և արդյո՞ք հիշատակված է որևէ հավաստի կայքում։

Ես չեմ ասում, թե հեղինակավոր լրատվական թողարկումները միշտ իրավացի են (նույնիսկ փորձված լրագրողները սխալներ են թույլ տալիս, հատկապես՝ հրատապ կամ թարմացվող լուրերում), բայց լուրերի հիմնական թողարկումներում ամեն ինչ անում են փաստերի հավաստիությունը ստուգելու համար։ Այնպես որ, եթե տեսնում եք, որ աղբյուրին հղում են անում բազմաթիվ հայտնի լրատվական կայքեր, ապա հավաստիության հավանականությունը մեծ է։

Մենք շատ ուշագրավ ժամանակներում ենք ապրում՝ մեդիահեղափոխության կնետրոնում, որը նույնքան նշանակալի է, որքան Գուտենբերգի հայտնագործությունը 15-րդ դարում։

Այսօր գրագիտությունն ավելի է, քան ուղղակի գրաճանաչ լինելը. այսօր պետք է իմանալ ինչպես ստեղծել տեղեկություն, տարանջատել փաստերը հորինվածքից, ինչպես և երբ կիրառել գիտելիքը։ Յուրաքանչյուրն այսօր ունի սեփական լուր արտադրելու տեխնիկական հնարավորություն, ինչը մեծ իշխանություն է տալիս և ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ մեծ իշխանությունը մեծ պատասխանատվություն է պահանջում։