Սոցիալական ցանցերը Փարիզի ահաբեկչության մասին

BBC-ի թղթակից Դեյվ Լին (Dave Lee) նշել է սոցիալական ցանցերի որոշ առանձնահատկություններ, որոնք նկատվել են նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչությունից հետո։

«Առաջին հայացքից սոցիալական ցանցն առօրեական քննարկումների, սելֆիների ու արձակուրդային նկարների տարածման հարթակ է, սակայն ճգնաժամային իրավիճակում այն կարևոր դերակատարություն է ստանում։ Սոցցանցում տարածվում են ականատեսների վկայություններ, պաշտոնական հաղորդագրություններ և այլ տեղեկություններ։ Այս նույն հարթակներով անխուսափելիորեն տարածվում է նաև ապատեղեկատվություն, ինչը հանգեցնում է հապճեպ որոշումների ու կանխակալ կարծիքի՝ նպաստելով անորոշության ու վախի տարածմանը։

151114032041-07-paris-attacks-1114-large-169

Ահաբեկչության մասին տեղեկությունից կարճ ժամանակ անց ֆեյսբուքը փարիզաբնակների համար ակտիվացրեց անվտանգ լինելու գրանցման հնարավորությունը (safety check)՝ ընտանիքի անդամներին ու ընկերներին տեղեկացնելու համար։ Այս համակարգն առաջին անգամ կիրառվել է Նեպալի երկրաշարժի ժամանակ։ Սա ֆեյսբուքի օգտատերերին միաժամանակ մեծ թվով մարդկանց տեղեկություն հաղորդելու հնարավորություն է ընձեռում։ Ճգնաժամային իրավիճակում բջջային կապը սովորաբար խափանվում է, քանի որ բոլորը փորձում են միաժամանակ զանգահարել։

Թվիթերում կիրառվեց #porteouverte հաշթեգը՝ դժբախտության մեջ հայտնված մարդկանց օթևան առաջարկելու նպատակով»։

Դեյվ Լիի կարծիքով ճգնաժամային պայմաններում, հրապարակելով սոցցանցում պատանիների գրառումները, լրատվամիջոցները կարող են վտանգել նրանց կյանքը։ Այս խնդիրն առկա էր Շարլի Հեբդոյի դեպքի ժամանակ։

Ֆեյսբուքում հայտնվել էր գրառում, որի հեղինակը Բատակլան համերգասրահից նկարագրում էր, թե ինչպես են ահաբեկիչները հատ-հատ գնդակահարում պատանդներին։

«Սոցցանցը իրական սարսափն ու կոտորածը ավելի է մոտեցնում յուրաքանչյուրիս։ Նկարները, որոնք նախկինում չէին հրապարակվի, այժմ հայտնվում են լրահոսում»,- նկատում է լրագրողը։

Փարիզի ահաբեկչության ժամանակ նաև ապատեղեկատվություն էր տարածվում, որը, հեղինակի կարծիքով, պայմանավորված էր ուշադրություն գրավելու ցանկությամբ, միամտությամբ, ինչպես նաև՝ տեղեկությունները ճշտելու ժամանակի ու հնարավորության բացակայությամբ։