Զիմերմանի հեռագիրը. Հունվար 1917թ.

Զիմերմանի գաղտնագրված հեռագիրը
Զիմերմանի գաղտնագրված հեռագիրը

1917թ. հունվարի 11-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Արթուր Զիմերմանը գաղտնագրված հեռագիր է ուղարկում Մեքսիկայում Գերմանիայի դեսպան Հենրիխ ֆոն Էկարդտին։ Հեռագրում նշված էին դեսպանի ձեռնարկելիք գործողությունները՝ պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության դեպքում։

Գերմանիան նախատեսում էր 1917թ. փետրվարից անսահմանափակ հարձակում գործել բոլոր այն նավերի դեմ, որոնք ցանկացած տեսակի ապրանք, բեռ կամ սպառազինություն էին տեղափոխում Անգլիա։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութունը հասկանում էր, որ այս գործողությունները կարող են դրդել ԱՄՆ-ին մասնակցել պատերազմին, և փորձում էին հակաշռող քայլեր ձեռնարկել։

Գաղտնագրված նամակում դեսպան Էկարդտին հանձնարարվում էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի Մեքսիկայի կառավարությունը դաշնակցի Գերմանիային։

«Մենք մտադիր ենք փետրվարի 1-ից անսահմանափակ ստորջրյա պատերազմ սկսել։ Չնայած դրան՝ մենք պետք է ջանքեր գործադրենք, որ ԱՄՆ-ն պահպանի չեզոքությունը։ Անհաջողության դեպքում պետք է Մեքսիկային դաշինք կնքելու առաջարկ անել հետևյալ պայմաններով. համատեղ պատերազմ սկսել և խաղաղություն կնքել, ֆինանսական առատ օգնություն տրամադրել՝ պայմանով, որ Մեխիկոն հետ կբերի իր կորցրած տարածքները՝ Տեխասը, Նյու Մեխիկոն և Արիզոնան։ Մանրամասների հստակեցումը թողնում եմ ձեզ։

ԱՄՆ-ի հետ պատերազմի դեպքում դուք անմիջապես Նախագահին կհայտնեք վերոշարադրյալը։ Կառաջարկեք նաև, որ իր անձնական նախաձեռնությամբ համագործակցություն առաջարկի Ճապոնիային, ինչպես նաև միջնորդ լինի մեր և Ճապոնիայի միջև։

Խնդրում եմ Նախագահի ուշադրությունը բևեռել այն փաստի վրա, որ սուզանավերի անխնա կիրառման դեպքում մի քանի ամսից մենք խաղաղություն կպարտադրենք Անգլիային։ Ստորագրություն։ Զիմերման»։ Նշենք, որ գերմանական ռազմական հրամանատարությունը համոզված էր, որ արևելյան ռազմաճակատում ունեցած հաջողությունից հետո կկարողանա արագորեն ծնկի բերել Անգլիային ու Ֆրանսիային։

Զիմերմանի վերծանված հեռագիրը
Զիմերմանի վերծանված հեռագիրը

Բրիտանացիները հենց Մեխիկոյում կարողանում են ձեռք գցել հեռագիրը և ռազմածովային հետախուզությունը վերծանում է այն։ Կարելի է ասել, որ սա մեծ նվեր էր բրիտանական քարոզչությանը, քանի որ սկսած 1914թ.-ից նրանք փորձում էին իրենց կողմը գրավել Ամերիկային և ներքաշել պատերազմի մեջ։ Փետրվարի 23-ին ամբողջ տեքստն արդեն վերծանված էր, երկու օր անց այն ընթերցում էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, իսկ փետրվարի 28-ին տեքստը հայտնվում է մամուլում։

Զիմերմանի վերծանված հեռագիրը
Զիմերմանի վերծանված հեռագիրը

Ինչ վերաբերում է Մեքսիկային, ապա նախագահ Վենուստիանո Կարանզան քննարկում է գերմանական առաջարկը, սակայն հասկանում է, որ մի շարք պատճառներով հնարավոր չէ այն իրականացնել։ Նախ՝ ԱՄՆ-ուներ ռազմական էական գերազանցություն, երկրորդ՝ Գերմանիայի առաջարկած ֆինանսական օգնությունը վստահելի չէր, իսկ լինելու դեպքում էլ այն գրեթե ամբողջությամբ կծախսվեր ռազմական կարիքների համար։ Նույնիսկ նշված նահանգները հետ վերցնելու դեպքում, Մեքսիկան բախվելու էր լավ զինված անգլիախոս բնակչության դիմադրությանը, ինչն անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ։

Զիմերմանի նախարար աշխատելու կարճ ժամանակամիջոցը (1916թ. նոյեմբեր – 1917թ. օգոստոս) մասնագետները համարում են դիվանագիտական լիակատար ձախողման և անփառունակ արտաքին քաղաքականություն վարելու ամիսներ։ Այդ ընթացքում Գերմանիան ոչ մի դաշնակից չկարողացավ ձեռք բերել, մինչդեռ 1917թ. դրությամբ շուրջ 20 երկրներ միացել էին Անտանտին։ Հենց այս ժամանակահատվածում էլ պատերազմը համաեվրոպականից վերածվեց համաշխարհայինի։

Գերմանա-մեքսիկական դաշինքի վերաբերյալ ծաղրանկար
Գերմանա-մեքսիկական դաշինքի վերաբերյալ ծաղրանկար

Պատերազմի ավարտից հետո, հատկապես 20-30-ական թվականների ճգնաժամի տարիներին ԱՄՆ նախագահ Վիլսոնին քննադատեցին պատերազմին մասնակցելու համար, սակայն հետագայում պատմաբանները եզրակացրին, որ Ամերիկայի անվտանգության տեսանկյունից մասնակցությունն անխուսափելի էր։

Դժվար է ասել, Զիմերմանի հեռագի՞րն էր Առաջին համաշխարհայինին ԱՄՆ-ի մասնակցության պատճառը, թե ոչ, սակայն փաստ է, որ ի թիվս ուրիշ գործողությունների, այն լայնորեն օգտագործվեց բրիտանական քարոզչության համար։

Մ. Յալանուզյան