Համշենահայերը եղեռնից առաջ և հետո

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը առաջիկա օրերին մեծ թափ կստանա Աբխազիայում: Միջոցառումներ կանցկացվեն բոլոր հայկական դպրոցներում, որոնց «առաջապահը» Սուխումի Հովհ. Թումանյանի անվան N 9 հայկական միջնակարգ դպրոցն է: Հիմնական միջոցառումներից մեկը կանցկացվի ապրիլի 24-ին Գագրա քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում: Կազմակերպվելու են Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես, մոմավառություն: Մեկ րոպե լռությամբ սկսվող ծրագիրը հարուստ է լինելու մասնակիցների և հյուրերի ելույթներով, արտասանություններով: Հենց եկեղեցու բակում հանդես է գալու Աբխազիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը` Դավիթ Թերզյանի ղեկավարությամբ: Նույն օրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվելու Գուլրիփշի շրջանի Ցանբեկուարա գյուղում:

Համշենահայերի պատմության և ազգագրության անխոնջ ուսումնասիրող Բարունակ Թոռլաքյանի (1899-1987) տվյալներով եղեռնից առաջ Սև ծովի հարավային ափերին` Ճորոխի գետաբերանից մինչև Մարմարա ծովի ափերը (Նիկոմեդիայի նահանգ) գտնվող 17 քաղաքում ու ավանում և շուրջ 322 գյուղում ապրում էր ավելի քան 122 հազար հայ, որոնց գերազանց մեծամասնությունը համշենահայ էր: Այս թվերի մեջ չեն մտնում դեռևս 18-19դդ. սկսած յաթաղանի սպառնալիքով իսլամ ընդունած գրեթե նույնաքանակ համշենահայության այն սերունդները, որոնք սփռված էին նշված երկրամասում և որոնք ավելի կամ նվազ չափով պահպանել էին հայ ազգային սովորություններն ու քրիստոնեական կրոնի վերապրուկները:

Բարունակ Թոռլաքյան
Բարունակ Թոռլաքյան

1915թ. ապրիլյան մեծ եղեռնի զոհ դարձավ նաև համշենահայության մեծամասնությունը: Իսկ արհավիրքից հրաշքով փրկված սակավաթիվ հերոսները, ապաստանելով հայրենի լեռնածերպերում և խիտ անտառներում, միավորվեցին ու պարտիզանական խմբեր կազմելով մահու և կենաց պայքար մղեցին ցեղասպանների դեմ. հերոսական պայքարով նրանք փրկեցին տասնյակ հազարավոր անպաշտպան հայերի կյանքը, նրանց առաջնորդեցին դեպի Ռուսաստան: Այս հոդվածի աղբյուրը Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչության 1982 թվականին լույս ընծայած «Համշենահայերի ազգագրությունը» գիրքն է, որի հեղինակը նյութի սկզբում արդեն հիշատակված Բարունակ Գրիգորի Թոռլաքյանն է: Ահա մի հատված նրա ինքնակենսագրությունից.

Տրապիզոնի գավառ. կրթական և կրոնական օջախներ (սխեմատիկ քարտեզ)
Տրապիզոնի գավառ. կրթական և կրոնական օջախներ (սխեմատիկ քարտեզ)

«Ծնվել եմ 1899թ., Տրապիզոնին մերձակա Կյուշանա համշենահայ գյուղում։ Տեղի վեցամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ Տրապիզոնի Սահակ-Մեսրոպյան ութամյա վարժարանում, որի վերջին շրջանավարտներից եմ (1914թ.)։ Լուսաշող Ոսկեհատ մայրիկիս հորդորով ու աջակցությամբ, խույս տալով 1915թ. Մեծ եղեռնից, ընդգրկվեցի լեռներում ապաստանած հայդուկային խմբերում։ Շուրջ մեկ տարի, հաճախակի ընդհարվելով թուրքական կանոնավոր և բաշիբոզուկ զինված ուժերի հետ, շատերս փրկվեցինք ռուսական հաղթական բանակի՝ Տրապիզոնը գրավելու (1916թ. ապրիլ) շնորհիվ։ Մինչ ռուսական բանակի ետ քաշվելը (1918թ. հունվար) եղեռնից մազապուրծ եղած սակավաթիվ բեկորներս վերաբնակվեցինք քարուքանդ եղած մեր բնակավայրերում։ Մեր բազմամարդ գերդաստանից փրկվեցինք միայն ես՝ լեռներում ապաստանելով, և հորեղբորս որդին, որը, նախքան մղձավանջային արհավիրքը, ապաստանել էր Ռուսաստանում»:

Ի դեպ, Թոռլաքյանը մերձավոր ազգականն է նշանավոր վրիժառու Միսաք Թոռլաքյանի։ Երկուսի ծննդավայրն էլ Կյուշանա գյուղն է, որը Տրապիզոնից 4 կմ էր հեռու։

«Այն գտնվում էր համանուն գետի արևմուտքում՝ Ուզտաղի լեռան հարավարևելյան բազուկի վերին լանջերին։ Հյուսիսում Ծինկիլայից սահմանազատվում էր անդնդախոր ձորով, որն այդպես էլ կոչվում էր՝ Տերին-իրմաք (Խոր-ձոր)։ Հանդիպակաց արևելյան կողմում Կալաֆկա հայկական գյուղից բաժանված էր Կյուշանա գետով։ Արևմուտքում՝ թուրքախառն հայկական Ճոշարա ու Աֆյանձ գյուղերից սահմանազատված էր ստվարախիտ անտառներով ու այգիներով, հարավ-արևելքից Ուզտազի լեռներով՝ Սամերա և Ապիոն հայկական գյուղերից։ Գյուղի մակերեսը, քիչ բացառությամբ, ձորերով ու բլուրներով (օղ) կտրտված, թեք լանջերից (պառակ) է բաղկացած։

Կյուշանան ուներ չորս թաղ (մահալա)՝ Խաչատուրցոց թաղ՝ գյուղի հյուսիս-արևմուտքում, Ուզունցոց-օղ (անունը ստացել էր թաղում հիմնականում Երկանյանների՝ Ուզունցոց ազգատոհմն ապրելու պատճառով), Խաչի թաղ՝ գյուղի կենտրոնական մասը, որտեղ կառուցվել էին գյուղի քարակերտ վարժատունն ու եկեղեցին։ Ամենահեռավոր՝ Տերե-բաշի թաղը գտնվում էր կենտրոնից մի ժամ հեռու, գետի վերին ակունքների մոտ, Ուզտաղի նախավերջին լանջերում։ Կյուշանա ու Ճոշարա գյուղերի արանքում գտնվող Խարմանլար (Կալեր) կոչվող բնակավայրը, թեպետ վարչապես ենթակա էր Ճոշարային, սակայն ազգային-մշակութային ներքին կյանքով Կյուշանայի անբաժան մասն էր։ Բացառիկ վայր էր Խարմանլարի և Կյուշանայի միջև տարածված, շուրջ 4 քառ. կմ տարածությամբ Թարաքջիլիի փոս կոչվող սարահարթը։

Տրապիզոնից Կյուշանա գնալու գրաստային ճանապարհը անցնում էր Ծինկիլա գյուղով։ Բացի այդ, կար նաև լեռնային արահետ, որն անցնում էր Ճոշարա—Կրոմիլա — Զեֆանոզ գյուղերով ու իջնում ուղղակի Տեղերմեն-դերե գետի գլխավոր կամրջի մոտ։

Կյուշանայից լեռնային կարճ ճանապարհը ձգվում էր դեպի հայկական լեռնաշխարհը, դեպի Բարձր Հայք՝ Բաբերդ, Էրզրում։ Մինչև Բաբերդ արահետն անցնում էր հետևյալ վայրերով. Ուզտաղ (1 ժամ)— Չաղթլի (2 ժամ ) — Սիֆթերի սար (3 ժամ)— Ուզուն-Կոմարլուղ (Երկար-լաշուտ, 4 ժամ)—Սեսլի-Կայա (Արձագանքող, Աղմկոտ ապառաժ, 5 ժամ) — Սրղանլի (Եղինջնոց, 7 ժամ)— Կիմիշկի գյուղ (8 ժամ)։ Կյուշանայից մինչև այստեղ (Կիմիշկի) սա առաջին մեծ հանգրվանն էր, որտեղ կային ձիերի ախոռներ, պայտառներ, խանութներ, սառնորակ աղբյուրներ։ Այնուհետև ճանապարհն անցնում էր Խային-Կետուզ (9 ժամ) — Քուչակ-Նիֆե-Կազուքլի սարահարթ (10 ժամ) — Տաշ-քյոփրու (12 ժամ) — Չորախ-գյուղ (13 ժամ) — Յափաղ-գյուղ (14 ժամ) — Թոնարուլուղ (հունաբնակ գյուղ, 16 ժամ) — և Խարտակ-Բալախոր-Օձուտ (Օձլուղ) գյուղերով, որտեղից շուրջ 24 ժամ հետո հասնում Բաբերդ։

Կյուշանան անխառն հայաբնակ գյուղ էր, 56 տնից բաղկացած, որոնք հետևյալ ազգատոհմերից էին՝ Հուսեփցի, Խաչատուրցի, Օքսուզցի, Տերտերցի, Երեմցի, Պոլսեցի, Զաքարցի, Երկանցի, Չեփնցի, Մուրադցի, Թոռլաքցի, Ղուկասցի, Էքշցի, Ճերմակցի, Վարդանցի, Գահրիմոնցի:

Կյուշանացիք ամբողջությամբ Համշենից ու Սև-գետից փախած համշենահայեր էին, որոնց մի մասն ուղղակի այս գյուղն էր եկել, իսկ մյուսները նախ հիմնվել էին Ֆիրինծուտ, Ապիոն գյուղերում, ապա փոխագրվել Կյուշանա։

Չարշամպայի և Թերմեի գավառակներ. կրթական և կրոնական օջախներ (սխեմատիկ քարտեզ)
Չարշամպայի և Թերմեի գավառակներ. կրթական և կրոնական օջախներ (սխեմատիկ քարտեզ)

Թեպետ կյուշանացիների մեծ մասը սակավահող էր, այնուամենայնիվ, արդեն XIX դ. վերջերին բնակչության գրեթե մեծամասնությունը սեփական հողամասեր էր ձեռք բերել, որի շնորհիվ հնարավորություն էր ստացել հիմնավոր տնտեսություն ստեղծելու, քարաշեն տներ կառուցելու։ Քարաշեն տուն ունենալն անհրաժեշտություն էր ոչ միայն կենցաղային նկատառումներով, այլև պաշտպանողական տեսակետից։ Կային նաև չքավոր տնտեսություններ, որոնք ապրում էին խղճուկ հյուղակներում։ Կյուշանացիք ևս հողը մշակում էին միայն ձեռքի գործիքներով (լեխտր, փետատ և այլն) ու զբաղվում գյուղատնտեսության նույն ճյուղերով, ինչ հարևան Ծինկիլա և Սարայլար գյուղերում։ Այստեղ ավելի էր զարգացած անասնապահությունը, քանզի կյուշանացիներից շատերը Ուզտաղի բարձունքներում ունեին սեփական խոտհարքներ, արոտավայրեր (մեզրե), ուր վաղ գարնան ու աշնան ամիսներին արածացնում էին անասունները։ Մեծաքանակ ոչխար, այծ պահողները սակավաթիվ էին, սակայն 3 —10 ոչխար պահելը սովորական երևույթ էր։

Կային տնտեսություններ, որոնք, որպես օժանդակ աղբյուր, զբաղվում էին ածխագործությամբ, ջորեպանությամբ։ Կանանց համար ջուլհակությունը անհրաժեշտ ու պարտադիր զբաղմունք էր։

Կյուշանացիների առաջին համայնական շենքը եղել է ջրաղացը, որը XIX դ. կեսերին կառուցել էին Կյուշանայի և հանդիպակաց Կալաֆկա գյուղի (այն ժամանակ հազիվ շուրջ 20 տուն) բնակիչները։ Այդ ժամանակից ի վեր, ջրաղացից հավասարապես օգտվում էին երկու գյուղի բնակիչները։ Ջրաղացում երբեք ո՛չ ջրաղացպան և ո՛չ էլ պահապան է եղել։ Այդպես էր մինչև վերջ (1915 թ.)։ Յուրաքանչյուր տնտեսություն իր եգիպտացորենը ինքն էր աղում և եթե սպասող կամ հերթ չէր լինում, դուռը դրսից փակում (մանդալում) ու գնում էին՝ այնպես որ վայրի գազաններ չմտնեին ներս։ Ջրաղացի քարերը սրում (կռոնում) կամ այլ վերանորոգումներ կատարում էին միասնական ուժերով։

1908 —1909 թթ., մեկ տարվա ընթացքում, սրբատաշ քարերով դպրոցի նոր ու հարմարավետ շենք կառուցվեց՝ գյուղի երիտասարդության ու ամբողջ բնակչության մասնակցությամբ։

Կյուշանացիների առաջին աղոթարանը եղել է հինավուրց մի փոքր, անշուք մատուռ՝ ուխտատեղին։ 1890-ական թվականներին նույն վայրում կառուցում են քարակերտ նոր եկեղեցի։ Բացի կյուշանացիներից, շինարարությանը մասնակցում են նաև հարևան Ծինկիլա, Աֆյանձ, Կալաֆկա գյուղերի բնակիչները։ Պաշտոնական տվյալներով, Կյուշանայի ս. Գևորգ եկեղեցին հիմնվել է 1774 թ.։ Այսպիսով, մինչև այս եկեղեցու կառուցումը, հարյուր տարուց ավելի, որպես աղոթատեղի և ուխտավայր ծառայել է հինավուրց մատուռը։

Համշենահայ ընտանիք (1905թ., Կրասնորդարի երկրամասի Վերին Լոո գյուղ)
Համշենահայ ընտանիք (1905թ., Կրասնորդարի երկրամասի Վերին Լոո գյուղ)

1895թ. արյունալի օրերին, շնորհիվ շանացիների կազմակերպված զինված դիմադրության, հայրենասեր ու քաջ Չալուք Պողոսի (Հովսեփյան) հեղինակության ու Շատըրզադե բեկերի հայապաշտպան քաղաքականության, Կյուշանան, Ծինկիլան, Սարայլարը բոլորովին զերծ մնացին թալանից ու կոտորածից, իսկ Կալաֆկան, Աֆյանձը, Ճոշարան աննշան վնաս ու զոհ ունեցան։

1915 թ. եղեռնին Շանայի ու մոտակա գյուղերի դիմադրական ուժերի կենտրոնը Կյուշանան էր։ Չաչուտ փոս կոչված վայրում, 20 տարի առաջ, 1895 թ. կոտորածի ժամանակ ապաստանել էին կյուշանացիք։ Եղեռնից խուսափելու հաստատ որոշումով, նորից այստեղ քաշվել էին Կյուշանայի, Ծինկիլայի, Սարայլարի և Աֆյանձի ամբողջ հայ բնակչությունն ու զինված ուժերը։ Վերջին օրը, հավատալով քաղաքից եկած միամիտ պատվիրակների թախանձագին խնդրանքին, ընտանիքների մեծամասնությունը վերադարձավ տուն։ Այնուամենայնիվ, մի խումբ ըմբոստներ կտրականապես հրաժարվեցին ենթարկվել պետական հրամանին ու որոշեցին մնալ լեռներում։ Լեռներում ապաստանած 25 հոգուց 18-ը փրկվեց շնորհիվ շուրջ մեկ տարի շարունակվող հայդուկային գոյամարտերի։ Բռնագաղթի ենթարկվածներից չորս հոգի ազատվեցին քրդերի, երկուսը՝ թուրքերի օգնությամբ»։

Վերապրած համշենահայերը արտագաղթեցին հիմնականում Սև ծովի կովկասյան ափերը և Ղրիմ, երկրամասեր, ուր հայերը բնակություն էին հաստատել այդ օրհասական դեպքերից դեռևս հարյուրամյակներ առաջ:

«1860-ական թվականներից արդեն, բայց ավելի մեծ ծավալով 1877 — 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի հաղթական ավարտից հետո համշենահայերն սկսեցին գաղթել իրենց համար ծանոթ ու հարազատ այդ երկրամասը ու հաստատվել Սուխում, Սոչի, Մացեստա, Լոո, Մծարա, Ծեբելդա (Ցաբալ), Ադլեր, Շափշուկա, Նոր-Աֆոն, Գագրա և այլ բնակավայրերում։ Հետագայում ծովեզերքից համշենցիներն առաջացան դեպի Կուբան ու մի շարք գյուղեր հիմնեցին Մայկոպի ու Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) շրջակայքում։ Աբխազիայում հաստատված համշենցիների մասին ազգագրական արժեքավոր ուսումնասիրության հեղինակ Հակոբ Մուրադյանը XX դ. շեմին (համշենահայերի ներգաղթից ընդամենը երկու տասնամյակ հետո) այսպես է բնորոշում նրանց դերը այդ երկրամասի տնտեսական զարգացման գործում. «Կարելի է ասել, թե կովկասյան ափերի ծաղկելն ու առաջ գնալը սկսվում է հայ գաղթականների գալու օրից։ Այդ հաստատապես նկատվում է այսօր Սուխումի շրջանում, որ ութսունական թվերի սկզբներին, երբ դեռ նոր էին սկսել հայերը գաղթել այդ կողմերը, մի աննշան, հետ ընկած, ամայի ու ավերակ տեղ էր. այնինչ այսօր կովկասյան ափերի ամենածաղկած տեղերիցն է, իսկ թութունի արդյունաբերությունով՝ առաջինն է ամբողջ Ռուսիայում։

Տրապիզոն քաղաքի հայուհիներ: 1913թ.
Տրապիզոն քաղաքի հայուհիներ: 1913թ.

Հայերի գալուց հետո՝ ամեն տեղ կովկասյան ափերում, շարժում, կենդանություն է ընկնում։ Հետզհետե առաջվան դարևոր ճահիճներն ու անտառները մաքրվելով, նոր-նոր սիրուն արտեր ու պլանտացիաներ են բացվում. հարյուրավոր դեսյատիններով նոր վարելահողեր են ավելանում այդ վայրի ու խիտ անտառներով ծածկված երկրի մեջ։ Եվ ամենամեծ մասով այդ բոլոր արտերը թուրքահայերի (համշենահայերի) ձեռքովն են փորվել ու բացվել»։

Աբխազիայում հաստատված համշենցիների տնտեսական շինարար գործունեության մասին այս անկեղծ ու հիացական տողերը գրանցվել են շուրջ 7 տասնամյակ առաջ, երբ նրանց թիվը մոտավոր հաշիվներով, չէր անցնում 15 հազարից։ Թուրքական յաթաղանից փրկված համշենահայության բեկորները, հաղթահարելով անասելի դժվարություններ, խարիսխ նետեցին իրենց ազգակիցների կողմից արդեն շենացված այդ երկրամասում, հաջողությամբ մասնակցելով իրենց նոր հայրենիքի բարգավաճմանն ի նպաստ թափվող ամենօրյա ջանքերին։

Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում բնակություն հաստատած հայերն ունեն իրենց դպրոցներն ու մշակութային հաստատությունները և սերտորեն շաղկապված են մայր հայրենիքի հետ»,- գրել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը։

Գագրա քաղաքի Ս. Ամենափրկիչ հայկական եկեղեցին
Գագրա քաղաքի Ս. Ամենափրկիչ հայկական եկեղեցին

Բարունակ Թոռլաքյանը 1918 թվականին հանգրվանում է Սոչիի շրջանում, մինչև կենսաթոշակի անցնելը (1959թ.) ուսուցչություն է անում, ինչպես նաև աշխատում գյուղատնտեսության հետ կապված տարբեր հիմնարկներում: Կրկին խոսքը տանք Բ. Թոռլաքյանին.

«Կենսաթոշակի անցնելուց հետո ամբողջովին լծվել եմ դեռևս երիտասարդ տարիներից փայփայած նվիրական նպատակիս՝ համշենահայության ոդիսականի պատմության, տնտեսական զբաղմունքի, նյութական ու հոգևոր մշակույթի, նիստուկացի, սովորույթների, ժողովրդական բանահյուսության վերաբերյալ դաշտային նյութերի հավաքման, դասակարգման ու շարադրման գործին։ Անմիջականորեն գտնվելով համշենահայության վերապրած սերունդների շրջապատում և մոտիկից ծանոթ լինելով նրա բառ ու բանին, բնակավայր առ բնակավայր շրջել, հանդիպել ու նյութեր եմ հավաքել Սև ծովի կովկասյան ափերում և Կրասնոդարի երկրամասում հանգրվանած իմ հայրենակիցների ավագ ու միջին սերնդի ավելի քան երկու հարյուր լավատեղյակ ներկայացուցիչներից։ Հիմնականում բանավոր, բայց և հավաստի հաղորդումների հիման վրա շարադրված սույն աշխատությունն արգասիք է շուրջ քսան տարվա իմ հավաքչական անդադրում պրպտումների։

Տեղագրությունն ու բնակչության թվաքանակն առավել հավաստի դարձնելու նպատակով համեմատել, ճշգրտել ու դասակարգել եմ տեղագրական ու վիճակագրական տվյալներ հաղորդած ասացողների նյութերը, նկարագրել համշենահայ յուրաքանչյուր բնակավայրի տեղագրությունը և նրանում ապրող հիմնական գերդաստանները, ինչպես նաև՝ հարևան կամ դրկից թուրքերի, հույների, աջարացիների ու լազերի բնակավայրերի կամ թաղերի տեղագրությունը»:

Այս հոդվածին ուղեկցող քարտեզների հեղինակը նույնպես Բ. Թոռլաքյանն է: Գրքի, ինչպես նաև 1968-1986թթ. ընթացքում Հայաստանի մամուլում Թոռլաքյանի տպագրած հոդվածների, ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժին հանձնած բանահյուսական նյութերի բովանդակությունը մեկ կամ նույնիսկ մի քանի հոդվածով սպառել հնարավոր չէ: Մեր վկայակոչած գրքի «Պատմական համառոտ ակնարկ» ներածականը հեղինակել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը: Համշենահայ բանահավաք Բարունակ Թոռլաքյանի սույն աշխատությունը նա է «հավաստի, ուստի և արժեքավոր նյութերի ժողովածու» անվանել, գիրք, որը «մեծապես օգտակար կլինի հետագա ուսումնասիրողների համար»: Եվ այսօր` Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի տարում, հնարավոր չէ չհիշել և արժանին չմատուցել Բարունակ Թոռլաքյանին:

Աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2015/04/21/hamshen/68790

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS