Քարոզչությունը Առաջին համաշխարհային պատերազմում

Ֆիլիպ Թեյլոր. Գիտակցության սպառազինություն. Քարոզչության պատմությունը հնագույն ժամանակից մինչև մեր օրերը

1914թ. դարձավ թե՛ ռազմավարության, թե պրոպագանդայի շարժիչ ուժը։ Եվրոպայի մայրաքաղաքների փողոցներում պար գալով սկսված պատերազմն ավարտվեց չորս տարի անց՝ Կամպիենի անտառում՝ վշտի, ողբերգության և փոխադարձ մեղադրանքների պայմաններում։ Պատերազմը սկսվեց ավանդական կամավորական բանակներով, իսկ ավարտին հակամարտող բանակներն արդեն համալրվում էին զինապարտներով։ Այդ պատերազմում կործանվեց Եվրոպայի չորս կայսրություն՝ Ռուսականը, Գերմանականը, Ավստրո-Հունգարականն ու Օսմանյանը, և ստեղծվեցին Ռումինիան, Հարավսլավիան, Չեխոսլովակիան և Լեհաստանը. ինչպես ցույց տվեցին հետագա հակամարտությունները՝ նորանկախ, բայց ոչ անվտանգ պետություններ։

Անթիվ զոհերն ու հաշմվածները, թունավոր գազը, դիրքային պատերազմը, տանկերն ու ինքնաթիռները, շրջափակումն ու սովը, ապստամբությունն ու հեղափոխությունը աներևակայելի էին թվում 1914թ. այն անմեղ ամռանը, երբ գերմանացիները հետևեցին Շլիֆենի* պլանին՝ տուրք տալով այն տարածված պատկերացմանը, թե ամեն ինչ կավարտվի մինչև Ծննդյան տոնը։

————————————-

* 1914թ. օգոստոսին Ֆրանսիայի ու Գերմանիայի վրա հարձակման պլանը ստացել էր Գերմանական կայսրության գլխավոր շտաբի պետ Ալֆրեդ ֆոն Շլիֆենի անունը։

————————————-

Այն փաստը, որ 1914թ. օգոստոսին Գերմանիան ներխուժեց Բելգիա և Ֆրանսիա և մինչև պատերազմի ավարտը կռվում էր նրանց հողում, գերմանական կառավարության դիրքի կորուստն էր, որը նրանք հույս ունեին պահպանել նախապատերազմական քարոզչությամբ։ Նշանակություն չուներ, թե իր գործողություններն արդարացնելու նպատակով քարոզչական որքան նյութ էր տարածել Գերմանիան. պատերազմի ողջ ընթացքում «խեղճ, փոքրիկ Բելգիան» համախմբման կոչ էր Գերմանիայի թշնամիների համար։

Խորտակվող Լուզիտանիան
Խորտակվող Լուզիտանիան

Պատերազմն այլևս չէր դիտարկվում որպես մարզական պայքար, որտեղ ջենտլմենները մրցում էին սահմանված կանոններով։ Փոխարենը այն վերածվում էր արյունալի ու անգութ պայքարի, որտեղ բոլոր կողմերի համար էլ բարոյականությունն էական էր այնքանով, որքանով պահանջում էր ռազմական գործը։ Պատերազմը ոչ միայն զորքերի, թնդանոթների, ռազմանավերի ու ինքնաթիռների, այլև ժողովուրդների ճակատամարտ էր։ Եվ չնայած նախապատերազմական խնամքով պլանավորմանը՝ Գերմանիան տանուլ էր տալիս այդ ճակատամարտը, ինչը դրամատիկ ազդեցություն էր ունենում Եվրոպայի և ողջ աշխարհի համար։

Գերմանիային ներկայացված վերջնագրից ժամեր անց բրիտանական հաղորդակցային «Տելկոնիա» նավը կտրեց Գերմանիայից Միացյալ Նահանգներ ձգվող հաղորդակցային մալուխները։ Արագ ու նախապես մտածված այս գործողության շնորհիվ բրիտանացիներն իրենց ձեռքը վերցրին պրոպագանդայի երևի թե ամենակենսական նախաձեռնությունը՝ ամերիկյան ժողովրդի համակրանքի համար մղվող պայքարը։

1914թ. դրությամբ Բրիտանիան և Գերմանիան առևտրական խոշոր գործընկերներ էին։ Պատերազմը սկսվելուց հետո երկուսի համար էլ կենսական նշանակություն ուներ ԱՄՆ-ի արագորեն զարգացող առևտրական շուկան, իսկ ԱՄՆ-ին իրենց կողմը գրավելը լավագույն արդյունքը կլիներ։ Որպես Անտանտի առաջնորդ և ընդհանուր լեզվի ու պատմական ժառանգության շնորհիվ Անգլիան առավել նպաստավոր դիրքեր ուներ ամերիկյան չեզոքության դեմ պայքարելու համար։ Սակայն նույնիսկ այս պայմաններում մեծ զգուշություն էր պահանջվում. ոչ մի ժողովուրդ չի սիրում, երբ մատնանշում են իր պարտականությունները՝ առավել ևս, երբ այդպես են վարվում օտարները։

Գերմանա-ամերիկյան միությունների միջոցով չեզոք ԱՄՆ-ում քարոզչական նյութերի հապշտապ տարածումը գերմանական կառավարության սխալն էր։ Եվ բրիտանական կառավարության ունեցած բոլոր փաստերը ապացուցում էին այդ մոտեցման անարդյունավետությունը։

Մ. Յալանուզյան

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS