Քարոզչությունը Առաջին համաշխարհային պատերազմում

Ֆիլիպ Թեյլոր. Գիտակցության սպառազինություն. Քարոզչության պատմությունը հնագույն ժամանակից մինչև մեր օրերը

Սկիզբ

Ամերիկայի համակրանքին արժանանալու նուրբ ծրագիրն իրականացնելու նպատակով բրիտանական կառավարությունը Վելինգթոն հաուսում հիմնադրեց պատերազմական պրոպագանդայի գաղտնի բյուրո, որի ղեկավարն էր Չարլզ Մասթերմանը*։ 1914-17թթ. այս վարչությունը միակն էր, որ զբաղվում էր պրոպագանդայով, և նրա գործունեությունն այնքան գաղտնի էր, որ անգամ խորհրդարանի անդամների մեծամասնությունը տեղյակ չէր դրանից։

————————————–

Չարլզ Մասթերման
Չարլզ Մասթերման

* Չարլզ Մասթերման (1873-1927)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մասթերմանը ղեկավարում էր Վելինգթոն հաուսում տեղակայված Բրիտանիայի Պատերազմական պորպագանդայի բյուրոն (War Propaganda Bureau), որի խնդիրն էր աջակցել Բրիտանիային՝ Կենտրոնական պետությունների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա, նաև՝ Եռյակ դաշինք) դեմ տարվող տեղեկատվական պայքարին։ Այս նպատակով նա աշխատանքի է հրավիրում գրողների (Ջոն Բաչըն, Հերբերտ Ուելս, Արթուր Կոնան Դոյլ և ուրիշներ) ու նկարիչների։ Կառույցի գլխավոր նպատակն էր խրախուսել ԱՄՆ-ին՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից մասնակցելու պատերազմին։

————————————–

Կարևոր էր ամերիկացիներից քողարկել այն փաստը, որ պատերազմի վերաբերյալ տպագիր նյութերի՝ թռուցիկների, ծաղրանկարների, պամֆլետների, անգամ՝ լուրերի մեծամասնությունը պատրաստվում էր Վելինգթոն հաուսում՝ արտաքին գործերի նախարարության ուղղորդմամբ։

Հերբերտ Ուելս
Հերբերտ Ուելս

Սահմանվեցին նաև գործողությունների մի շարք կարևոր ու հաջող սկզբունք։ Օրինակ՝ բրիտանական քարոզարշավը կոչերի ու քարոզների փոխարեն որդեգրել էր համոզելու մոտեցումը։ Եզրակացրել էին նաև, որ դաշնակիցների գործի համար լավագույն պրոպագանդիստները ամերիկացիների համակրանքը վայելող, մասնավորապես՝ կառավարական, բիզնեսի, կրթության և մեդիա ոլորտում ազդեցիկ դիրք ունեցող մարդիկ են։ Մոտեցումը հետևյալն էր՝ ավելի լավ է ազդել հեղինակություն ունեցող մարդկանց վրա, քան փորձել ուղղակի կոչերով դիմել ողջ բնակչությանը։

Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հաղորդակցային մալուխների վերահսկողության շնորհիվ բրիտանացիները լուրերի տարածման մենաշնորհ ունեին, իսկ լուրերը (իհարկե խնամքով ընտրված ու գրաքննված) բրիտանական պրոպագանդայի հիմքն էին։

Փաստերի վրա կառուցված լուրերի միակ առավելությունը հավաստիությունը չէր. նրանք ամերիկացի խմբագիրներին հնարավորություն էին տալիս իրենց համար ընդունելի եղանակով մատուցել լուրը, որպեսզի ընթերցողը ներկայացվող խնդրի մասին սեփական կարծիք կազմել։ Սակայն միշտ պետք է հիշել, որ բրիտանացիները վերահսկում էին սկզբնաղբյուրը։ Նույնիսկ գերմանական կողմում աշխատող ամերիկյան լրագրողներն ուղիղ կապի կարիք ունեին. չեզոք Սկանդինավիայի և Պորտուգալիայի տարածքով անցնող մալուխների կապը դանդաղ էր և թանկ, իսկ ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, թերթերը կախված էին արագությունից ու խնայողությունից։ Չնայած Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մշտական տարաձայնություններին՝ գրաքննությունը բրիտանական պրոպագանդայի հաջողության կարևոր տարրերից մեկն էր։

Արթուր Կոնան Դոյլ
Արթուր Կոնան Դոյլ

Բրիտանական քարոզչությունը մեծապես օգտվեց գերմանական մի շարք տպավորիչ սխալներից, որոնցից առավել հայտնի է 1915թ. Լուզիտանիա նավի խորտակումը և 1917թ. Զիմերմանի հեռագիրը։

Այս միջադեպերը բրիտանացիներին թույլ տվեցին դադարեցնել իրենց զգուշավոր մոտեցումը, և ժամանակ առ ժամանակ «արգելված» հարվածներ հասցնել։

1980-ական թվականների կեսերին ծովային հնագետներն ու փորձագետները եզրակացրին, որ սուզանավի կողմից խոցված ուղևորատար նավն (Խոսքը Լուզիտանիայի մասին է – Մ.Յ.) իսկապես անօրինական սպառազինություն էր տեղափոխում։ Ինչևէ, այն ժամանակ դեպքը ներկայացվեց որպես սարսափելի վայրագություն, և անմեղ մարդկանց նկատմամբ պրուսական բարբարոսության մեկ այլ օրինակ։

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS