Իրադրությունը սահմանամերձ գոտում. մայիս 1991

Հայաստանի Հանրապետություն, 11 մայիսի, 1991թ., թիվ 105 (168)

Հաղորդել է ՆԳՆ լրատվական կենտրոնը

Տավուշ

Առավոտյան ժամը 7-ին Ղազախի շրջանից հայտնված երկու ուղղաթիռ կրակ են բացել Պառավաքար գյուղի անասնապահական ֆերմայի վրա։ Ժամը 7 անց 30-ին կրակը դադարեցվել է։

Ժամը 8 անց 30-ին Աղստաֆայի շրջանից Պառավաքար գյուղին են մոտեցել 11 զրահամեքենա և 6 ուղղաթիռ։

Ժամը 11-ին մոտ երկու ուղղաթիռ վայրէջք են կատարել Այգեպար գյուղում։

Ժամը 13-ի սահմաններում 30 րոպե հրանոթներից ու տանկերից գնդակոծել են Պառավաքար գյուղը, որից հետո այն շրջապատել են 17 զրահամեքենաներով։ Գյուղի վրայով, շատ ցածր, պարբերաբար թռիչքներ են կատարել ռազմական ուղղաթիռներ։ Ժամը 14 անց 30-ին զրահամեքենաներից կրակ են բացել սարերի լանջերին։ Կրակահերթ է եղել նաև ուղղաթիռներից։

Իջևան

Առավոտյան ժամը 8 անց 10-ին ստացված լուրերի համաձայն Կիրանց և Աճարկուտ գյուղերի մոտ զորք կա։ Զինվորականները խուզարկում են տեղի մարդկանց։ Զորքը դուրս է եկել ժամը 11-ի սահմաններում և կուտակվել ադրբեջանական Խերմլու գյուղի մոտ։

Ժամը 12-ին երեք ուղղաթիռներ պտտվել են Խաշթարակ գյուղի շրջակայքում։

Հաղորդել են ՀՀ-ի սեփական թղթակիցները

Գորիս

Թեև մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը շրջանի սահմանամերձ տարածքում կրակոցներ չեն եղել, այնուամենայնիվ, իրադրությունը մնում է լարված։ Առ այսօր անհայտ է Գորիսից պատանդ վերցվածների ճակատագիրը։ Փակ է Գորիս-Կապան ավտոճանապարհը։ Հեռուստահաղորդումներ չեն ընդունում Գորիսի, Կապանի, Մեղրու շրջանները։

Կապան

Իրադրությունը շրջանում հանգիստ է։ Կապան է ժամանել Հայաստանի փախստականների հարցերի կոմիտեի նախագահ Ա. Հակոբյանը՝ բռնագաղթված գետաշենցիներին Կապանի շրջանի լքված գյուղերում բնակեցնելու հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով։

Նոյմբերյան

Երկու օր շրջանում կրակոցներ չեն եղել։ Զինվորականները կարծես թե խոստացել են վերադարձնել նախկինում պատանդ վերցված 40 և ավելի մարդկանց։

Տավուշ

«Հայ գրոհայիններին» զինաթափելու պատրվակով զինվորականները խուզարկություններ են կատարել Պառավաքար գյուղում։ Ըստ նախնական տվյալների, օպերացիան ղեկավարում են մեկ գեներալ և երկու գնդապետ։ Մեկընդմեջ ահաբեկչական նպատակներով գնդակոծություններ են կատարում գյուղի շրջակայքում։ Զինվորականները պատանդ են վերցրել բանակցությունների հրավիրված գյուղխորհրդի նախագահին, խորհտնտեսության տնօրենին և շրջանի ՊԱԿ-ի պետին։ Որոշ ժամանակ անց վերջինիս ազատ են արձակել։ Բնակչությունից պահանջում են զենք և զրահամեքենաներ։

Վարդենիս

Շրջանի սահմանամերձ գոտում մայիսի 10-ին կրակոցներ և այլ միջադեպեր չեն եղել։ Նույն օրը Զոդի հանքի մոտակայքում ժ. 13-ին հանդիպում էր նշանակված Ադրբեջանի Քելբաջարի շրջանի զինվորական պարետ, փոխգնդապետ Սուրգոնովի հետ։ Պարետը վերջապես համաձայնել էր հանդիպմանը, որի անհրաժեշտությունը պնդել էր Սևանի ավազանի ՆԳ վարչության պետ Ց. Խաչատրյանը. բազմիցս հարևան շրջան հղած իր հեռագրերով։ Սակայն երեքժամյա սպասումները ապարդյուն անցան։ Պարետը չներկայացավ։ Հանդիպման վայրից ոչ հեռու, Ադրբեջանի տարածքում շրջում էր մի զրահամեքենա, արը այդպես էլ չմոտեցավ։

Արցախ

Արդեն երկու շաբաթ է, ինչ Ստեփանակերտի երկաթուղային կայարանը չի ընդունում ոչ մի շարժակազմ, թեև ըստ պաշտոնական աղբյուրների, երկրի տարբեր տարածքաշրջաններից մարզի հասցեով ուղարկված շուրջ 200 վագոն կուտակվել է հարևան հանրապետության երկաթգծերում։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն արգելում են Ստեփանակերտ մտնող գնացքների մուտքը, այլև պարենով և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված բազմաթիվ վագոններ բեռնաթափում են Աղդամում։

Մարզի տարածքում չեն դադարում զինված հարձակումները խաղաղ բնակչության վրա։ Շարունակվում են ամենուր անարգել վխտացող հրոսակախմբերի ավազակային գործողությունները։ Մայիսի 9-ին ադրբեջանական մի ավազակախումբ, հարձակվելով Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ֆերմայի վրա, հափշտակել է շուրջ 100 գլուխ անասուն։ Նույն գիշերը Շուշիի կողմից գնդակոծվել են Ասկերանի շրջանի Շոշ և Շուշիի շրջանի Քարինտակ գյուղերը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Մայիսի 8-ին ադրբեջանցի գրոհայինները հարձակվելով Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի դաշտում աշխատող անզեն կոլտնտեսականների վրա, պատանդ են վերցրել 6 երկրագործի, որոնք այժմ գտնվում են Աղդամ քաղաքում։ Նրանց վերադարձնելու նպատակով տարվող բանակցությունները առայժմ ոչ մի արդյունք չեն տվել։

Խափանված է Ստեփանակերտ—Հադրութ—Մարտակերտ—Շահումյան հեռախոսագիծը։ Կուտակումներ են նկատվում Կասում-Իսմայիլլի ուղղությամբ։ Ստույգ տվյալներ կան, որ նրանք զինում են բնակիչներին։ Կուտակումներ կան նաև Շահումյանի Հայ Բորիս գյուղի մոտ։ Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Ղարաչինար գյուղերից կանանց ու երեխաներին տեղափոխել են Վերիշեն և Գյուլիստան։