Վահան Տերյան. Նամակներ հյուսիսից

Մշակ, 11 հոկտեմբերի, 1914թ., թիվ 229

Նամակներ հյուսիսից (տպավորություններ ու նոթեր)

Վահան Տերյան. Նամակներ հյուսիսից

Անծայր Ռուսաստանի զանազան վայրերում ցրված հայ գաղութների մեջ Մոսկվայի հայությունը իր կուլտուրական-պատմական նշանակությամբ մի բացառիկ տեղ է գրավում։ Մի հանգամանք, որ բնորոշ պետք է համարել մոստվացի հայերի համար, դա այն է, որ մոսկվացի հայը կուլտուրական-ազգային տրադիցիա ունի, և այդ՝ «Հռոմը փրկող» պապերի հիշատակը լցնում է մոսկվացի հային մի հպարտ գիտակցությամբ և իր ազգային բացառիկ միսիայի հմայիչ զգացմունքով։ Հաճախ դա ծիծաղելի է, բայց միևնույն ժամանակ անժխտելի է այն հանգամանքի մեծ նշանակությունը։

Այստեղի հայը իրան մեր «վերծնիչների» ժառանգ է համարում, նրանց ազգային ավանդների պահպանողը, նրանց գործի շարունակողը։ Նրա համար՝ Նալբանդյանի, Նազարյանի, Պատկանյանի անունները ոչ միայն հարազատ անուններ են, ոչ միայն կենդանի օրինակների հմայք ու զորություն ունեն այդ անունները, այլ մի տեսակ հենարան, խրախուսիչ գիտակցության մի ամուր պատվանդան են։

Խոսքս, իհարկե, բնիկ, հին մոսկվացիների մասին է և ոչ այն պարվընիւների մասին, որ վերջին ապականում են տեղիս հասարակական մթնոլորտը։

Ահա այդ տեղական «հին», «բնիկ» հայը, որքան և հեռու լինի հայրենի հողից, դեռ իսպառ չէ վատնել իր գեղեցիկ ժառանգությունը. նա դեռ ընդունակ է գիտակցելու և զգալու ազգային շահերը, ազգային ցավն ու խինդը։ Իհարկե, իր ընդհանուր բնութագծերով այստեղի հայը շատ է նման բոլոր «գաղութային» հայերին, բայց և այնպես շատ բաներով նա տարբերվում է, և լավ մտքով է տարբերվում մի Մոզդոկի, Եկատերինոդարի, Ստավրոպոլի հայից։

Ներկա պատերազմը, բնականաբար, չէր կարող չցնցել և տեղիս հայությունը։

Կույր պետք էր լինել՝ չտեսնելու և չզգալու համար, թե որպիսի ճակատագրական նշանակություն ունի այս պատերազմը հայության համար։ Նոր չէ, որ հայությունը պիտի վկայե իր համակրությունը և ձգտումը դեպի Ռուսաստանը։

Դա մի պատմական ավանդություն է արդեն մեզ համար։

Մեր ժողովուրդը բնազդով միշտ զգացել է իր փրկության ուղիղ ճանապարհը, և մեր մտավորականության լավագույն ներկայացուցիչները արտահայտել են այդ զգացմունքը շատ պարզ ու ցայտուն կերպով։

Եվ այստեղ, Մոսկվայում, որ «սիրտն է Ռուսաստանի», հայերը, պարզ է, պիտի կամենային արտահայտել իրենց համակրության զգացմունքները դեպի Ռուսաստանը։ Պատերազմի հայտարարությունից հետո, անմիջապես առաջին ցույցերից մեկն եղավ տեղական հայերի կազմակերպած ցույցը։

Ավանդաբար այդպես է ընթացել մեր կյանքը, հայությունը, մանավանդ գաղութներում,— եկեղեցու շուրջն է հավաքվում, եկեղեցու հետ է կապում ազգային գործերը։ Այդ է փաստը։

Այս անգամ էլ «հայկական ցույցը» եկեղեցում սկսվեց։ Եվ եկեղեցու գավթից, զգեստավորված հայ քահանայի առաջնորդությամբ, տեղիս հայությունը Հայոց փողոցով, Լազարյան ճեմարանի առաջից, հանդիսավոր կերպով գնաց դեպի Ալեքսանդր II Կայսրի արձանը, հավաքելով իր շուրջը մի բազմահազար ամբոխ։ Այնտեղից անցավ դեպի Սկոբելևի արձանը և գլխավոր փողոցներով դարձավ նորից Հայոց փողոցը։

Որքան և հակառակ լինենք ցույցերին, որ մոլության բնույթ է ստացել մեզանում, այնուամենայնիվ դժվար է ժխտել, որ կան րոպեներ, երբ այդ ցույցերը բարոյական մեծ նշանակություն են ստանում, և այդպիսի նշանակությունից զուրկ չպետք է համարել Մոսկվայի հայերի ցույցը, մանավանդ որ նա ամենաանկեղծ զգացմունքների մի արտահայտություն էր։

Սակայն, իհարկե, դրանով չպիտի բավականանար Մոսկվայի հայությունը, որովհետև հակառակ դեպքում այդ համակրության ցույցը կկորցներ իր նշանակությունը։ Կենդանի գործի կարևորությունը զգալի է ամենքի համար, և դժվար է ներկա աղետալի պահին կարիք չզգալ կենդանի գործով մասնակից լինելու կատարվող տրագեդիային։

Մոսկվացի հայերը հավաքվեցին և այդ գործի մասին խորհրդակցելու։ Արտահայտվեցին զանազան կարծիքներ, եղան այլ և այլ առաջարկներ։

Ուշադրության արժանի է թե՛ տեղիս, թե՛ ընդհանուր հայության մեջ հայտնի հասարակական գործիչ Ստ. Մամիկոնյանի առաջարկը, որը թեև չանցավ, սակայն կարող է այնուամենայնիվ որոշ ազդեցություն գործել զանազան հայ հատվածների գործելակերպի վրա։ Նա առաջարկում էր աշխատել, որ համայն հայությունը հանդես գա այս գործում իբր մի ամբողջություն և մի մեծ ձեռնարկությամբ վկայի իր զգացմունքները Ռուսաստանի առջև։

Քանի որ Ռուսաստանը վիրավորներին և պատերազմից վնասվածներին օգնող կազմակերպությունների կենտրոնատեղի է նշանակված, Մամիկոնյանը ենթադրում էր, որ հարմար կլիներ, եթե հայությունը այդ գործով հանդես գար հենց Մոսկվայում, բանալով մի հսկայական հայկական հիվանդանոց ամբողջ ռուսահայության անունով։ Իսկ եթե դա այս կամ այն պատճառով անհարմար լինի՝ հավաքել մի խոշոր գումար և դնել այն Թագավոր Կայսրի տրամադրության տակ իբր նվեր հայ ժողովրդի կողմից։

Այս առաջարկը չանցավ։ Գլխավոր առարկությունն այն էր, որ շատ դժվար է համաձայնություն կայացնել հայության զանազան հատվածների մեջ, թեև այդպիսի մի գործի ահագին բարոյական նշանակությունը ներկա օրերին չժխտեց ոչ ոք։

Սակայն չէ՞ որ հենց դրանումն է մեր դժբախտությունը, որ մենք չենք կարողանում ազգովին հրապարակ գալ, չենք կարողանում ամենաբարձր նպատակների համար իսկ զոհաբերել նույն իսկ մեր գաղությային պատրիոտիզմը։ Ի վերջո որոշվեց Մոսկվայի հայության անունով մի հիվանդանոց (լազարեթ) բանալ։

Թեև այս դեպքում էլ դժբախտաբար գտնվեցին առանձին անհատներ, որ չկամեցան միանալ հասարակության և առանձին լազարեթներ բացին իրենց անունով, թեպետ գոնե «հայկական» անունը դնելով իրենց լազարեթի ճակատին։ Գոնե այդքանը չզլացան ըմբռնելու։ Այդպիսով Մոսկվայի հայությունը պահում է 300 մահճակալ։

Հայոց լազարեթը տեղավորվել է մի չորսհարկանի մեծ տան մեջ, որի առաջին երկու հարկը բռնում է հասարակության ծախսով պահվող լազարեթը, իսկ վերևի երկու հարկում հայազգի միլիոնատեր Պոպովինը։ Լազարեթի գործը վարում է մի կոմիսիա, որի մեջ մտնում են տեղական հասարակության զանազան խավերի ներկայացուցիչները։ Այդ մասնաժողովի ամենաեռանդուն անդամներից մեկն է մեր հայտնի պոետ Ալ. Ծատուրյանը։

Լազարեթի բացումը հանդիսավոր էր։ Տեղական երկսեռ հասարակությունը մի մեծ խումբ ռուսների հետ լցվել էր սրահը։ Ներկա էին պաշտոնական անձեր, ի թիվս որոնց և քաղաքային վարչության ականավոր անդամներից Չելնոկով, Մալինին և այլք։

Եղան ճառեր թե՛ հայերի, թե՛ ռուսների կողմից։

Քաղաքային վարչության անդամ Մալինինը մի կարճ, բայց ազդու և սրտառուչ ճառ ասաց, որը վերջացրեց հետևյալ խոսքերով.

«Հայ ժողովրդի զավակները կռվի դաշտում հավասար կերպով թափում են իրենց արյունը, և ռուս ժողովրդի ու հայ ժողովրդի արյունը ներկում է նույն դաշտերը. հայ ժողովուրդը մեզ հետ միասին տանում է իր ուսերի վրա այս ահավոր պատերազմի բոլոր արհավիրքներն ու աղետները և ռուս սրտի հետ միասին իր սրտում վառ է պահում գալիք հաղթության պայծառ հավատը։ Ես չեմ կասկածում, չպետք է կասկածի և հայ հասարակությունը, որ երբ գա այդ բաղձալի հաղթանակը, հայ ժողովրդի համար էլ բացվելու է նոր կյանքի, ազատության, լուսեղեն հարության վառ արշալույսը…»։

Վ.Տ. Մոսկվա