Վահան Տերյան. Նամակներ հյուսիսից

Մշակ, 12 հոկտեմբերի, 1914թ., թիվ 230

Սկիզբը՝ Մշակ թերթի 1914թ. թիվ 229-ին

Նամակներ հյուսիսից (տպավորություններ ու նոթեր)

II

Վիրավոր զինվորները

Ամեն օր փողոցով անցնելիս կհանդիպեք այստեղ վիրավոր զինվորների, որ խումբ-խումբ, գթության քույրերի ուղեկցությամբ զբոսնում են։ Դրանք լավացողներն են։ Բայց դեռ բոլորովին չեն լավացել. մեկի ձեռքն է կապած, մյուսը կաղում է, երրորդի գլուխն է փաթաթած… Տարօրինակ է զգում իրեն մարդ տեսնելով Մոսկվայի փողոցներում այդ զինվորներին։ Այդ մեծ մասամբ մտազբաղ, տխրադեմ, դանդաղաշարժ մարդիկ, որ ահա անցնում են քո առջևից վտիտ գթության քրոջ հսկողության տակ, մասնակից են եղել այն արյունալի ճակատամարտերին, այն ահեղ կռիվներին, որոնք ամբողջ ազգերի ճակատագիրն են վճռում։

Դրանցից շատերը երևի առաջին անգամ են Մոսկվա ընկել, որովհետև ուշի-ուշով դիտում են ահա փողոցները, շենքերը, արձանները, լսում են ուշադրությամբ քրոջ տված բացատրությունները։ Ոմանք էլ գնում են առաջ անտարբեր ու գլխիկոր, կարծես ինչ-որ խորունկ և իրանց միայն հասկանալի մտածողությամբ տարված։

Երբեմն նրանք նստում են Տվերյան բուլվարի նստարաններից մեկի վրա՝ իրանց մտազբաղ հայացքը անցուդարձ անող հասարակությանը հառած։ Գուցե տարօրինակ է թվում նրանց, որ այստեղ մարդիկ այնուամենայնիվ զբոսնում են, խոսում, զվարճանում, երբ «այնտեղ»… Ասում են, անգլիացի զինվորները կռիվների ընդմիջումի ժամանակ ֆուտբոլ են խաղում…

Ես հավատում եմ մարդկային հոգու վեհ թռիչքներին, ես հավատում եմ մարդկային սրտի արիությանը, ես չեմ տարակուսում, որ մարդը ընդունակ է մահն արհամարհելու, բայց այնուամենայնիվ զարհուրելի է արյունահեղությունը, դաժան է պատերազմը՝ եթե ոչ նրանց համար, որոնք մասնակցում են այդ սոսկալի կոտորածներին, ապա մեզ համար…

Հաճախ մոտենում են անցորդները վիրավոր զինվորներին և սկսում են հետները զրուցել, հարցուփորձ են անում պատերազմի, գերմանացիների, ավստրիացիների մասին։ Վիրավորներից ոմանք անտարբեր ձայնով սկսում են հարյուրերորդ անգամ պատմել իրենց տեսածն ու լսածը, ոմանք հաճույքով ու ոգևորությամբ «նաղլ են անում» մանրամասնությամբ իրենց գործը, ոմանք էլ կտրուկ ու կարճ պատասխաններ են տալիս պարզորեն խուսափելով խոսակցությունից։

Սակայն կան, այո՛, այնպիսինները, որոնք միամիտ ու անհոգ երեխաների են նման։ Նրանք շարունակ հանաք են անում, սրախոսում են գերմանացիների և մանավանդ ավստրիացիների մասին, հարցուփորձ են անում պատերազմից։ Երբեմն բուլվարի վրա տեսնում ես դրանց՝ մանկանց հետ խաղալիս։ Սակայն երբեմն մի պատահական խոսք, մի սովորական նախադասություն կերպարանափոխում է դրանց ևս։ Նրանք դառնում են լուրջ ու մտահոգ։ Կարծես ուզում են ինչ-որ դառը մտածում հեռու վանել իրանցից, մոռանալ և նորից անհոգ լինել։

Որոշեցի գնալ հայկական լազարեթը։ Ինձ ասացին, որ այնտեղ մոտ 15 հայ զինվոր կա։ Ռուսներին շարունակ տեսնում էի, նրանց հետ խոսում. ուզեցի մերոնց էլ տեսնել ու լսել…

Օրապահը Ալ. Ծատուրյանն էր, որ շատ սիրալիր ընդունեց մեզ և առաջնորդեց (հետս մի քանի հոգի էլ կային) դեպի հիվանդները։ Երբ ես հարցրի, թե արդյոք չե՞նք անհանգստացնում հիվանդ զինվորներին, նա պատասխանեց.

— Ընդհակառակը, հիվանդ զինվորները միշտ ուրախ են, երբ այցելում են իրանց, որովհետև պատերազմական աղմկալից կյանքից հետո նրանց շատ ձանձրալի է թվում հիվանդանոցի միապաղաղ ու խաղաղ կյանքը։

Առաջ մեզ ցույց տվին լազարեթի կարգ ու սարքը, վիրահատական սենյակը, ծանոթացրին բժիշկների ցուցակի հետ, խոհանոցը, մինչև իսկ վիրավոր զինվորների կերակուրը։ Պետք է խոստովանել, որ չնայած կարճ ժամանակամիջոցին՝ լազարեթի գործերը վարող կոմիսիան կարողացել էր շատ լավ կազմակերպել իր գործը։ Ամենուրեք տիրում էր կարգ, մաքրություն, խնամք։ Կոմիսիայի հերթապահ անդամները հսկում էին ամեն ինչի վրա և ամենայն բարեխղճությամբ ու սիրով կատարում են իրենց ազնիվ պարտականությունը։ Հիշատակության արժանի է հայ տիկնանց ու օրիորդների եռանդուն ու ժրաջան գործունեությունը, նամանավանդ նրանց սրտագին վերաբերմունքը դեպի վիրավորները։

Այստեղ կհանդիպեք դուք Մոսկվայի հայության ամենաբարձր խավերի կանանց՝ չքավոր հայ ուսանողուհու հետ միասին։ Դրանք բոլորը մի զարմանալի անձնվիրությամբ ու սիրով աշխատում են, անում են ամեն ինչ։ Գործ շատ կա և այն տիկինները, որոնք իրենց տանը երբեք չեն աշխատել, այստեղ չեն խորշում ոչ մի աշխատանքից։ Կարծես հանկարծ արթնացել, կենդանացել է ավանդական հայ կինը իր պայծառ ու ազնիվ հատկություններով։ Պետք է շեշտել այն հանգամանքը, որ այստեղի ամենահպարտ հայ կանայք անգամ չեն բավականանում նյութական զոհաբերությամբ և կարիք են զգում անձնական աշխատանքով մասնակցելու գործին։ Աշխատում են ոչ միայն հիվանդանոցում, այլև տանը պատրաստելով սպիտակեղեն, տաք շարֆեր, կրծկալներ և այլն՝ առողջացող և հիվանդանոցից դուրս եկող զինվորների համար։ Միևնույն ժամանակ չեն մոռանում նրանց, որոնք արդեն ելել են լազարեթից ու կամ պատերազմ են գնացել նորից կամ դարձել են իրանց «տունը» (իհարկե, արդեն վնասված, հաշմանդամ)։

Դրանք շատ հաճախ գրում են իրանց մասին տեղեկություն տալու կամ օգնություն խնդրելու նպատակով։ Եվ ամեն ջանք գործ է դրվում բավարարություն տալու նրանց կարիքներին։ Ալ. Ծատուրյանը շատ նամակներ է ստանում քաղաքիս այլ լազարեթներում պառկած հայ զինվորներից, որոնք դիմում են նրան այս կամ այն խնդիրքով, և մեր բարի պոետը անհետևանք չի թողնում նրանցից ոչ մեկի խնդիրը։ Իզուր չէ, վիրավորներից մի քանիսը նրան «հայրիկ» են անվանում։

* * *

Հայ զինվորները մեզ հարազատների պես են ընդունում։ Այստեղ կան հայեր ամեն կողմից, խոսում են գրեթե բոլոր բարբառներով, բայց աշխատում են գրական լեզվով խոսել։ Առաջին իսկ րոպեին ինձ զարմացնում է այն պարզ ու հանգիստ վերաբերմունքը, որ ցույց են տալիս զինվորները դեպի կատարվող դեպքերը։

— Սարսափելի չէ՞,— հարցնում է մեզանից մեկը։

— Ոչ,— պատասխանում են գրեթե բոլորը միաբերան,— առաջին րոպեն է միայն ծանր, իսկ հետո սովորում ես և իսկի չես վախենում…

— Սովորում ես…

— Ինչպե՞ս են կռվում մեր հայերը։

— Շատ լավ. միայն շատ են տաքանում, դուրս են վազում «ակոպներից», և դրա համար մեզանից շատ են ընկնում։

Հյուրանոցում իմ հարևան սենյակում ապրում է մի գնդապետի ընտանիք: Այդ ընտանիքից 3 հոգի՝ հայրը և 2 որդին էլ պատերազմի մեջ են։ Եվ ահա այդ գնդապետի որդին էլ գրել էր իր մորը նույնպես, որ «մեր կովկասցիները շատ են տաքանում և դրա համար զոհեր շատ են տալիս»։

Զինվորների ասելով, հայերն ամենուրեք աչքի են ընկնում իրանց արիությամբ։

Անկյունում պառկած է մի ջահել տղա, համակրելի, ինտելիգենտ դեմքով։ Նա երկու վերք ունի՝ ոտքի և մեջքի վրա։ Երկուսի մեջ էլ գնդակը մնացել է։ Ոտքինը հանել են միայն մի քանի օր առաջ. և երբ մենք գնացինք, նստեղ անկողնի մեջ և սկսեց հետներս խոսել։ Ջաջուռցի է կարծեմ։

Պատմում է իր գլխով անցածը։

Վիրավորվել է Ինստերբուրգի մոտ։ Ընկել է գերմանացիների ձեռքը։ Բժիշկը նայել է վերքը՝ ասել է՝ «չի ապրի»։ Թողել են ու գնացել։

Գերմանացի կանայք ավելի բարի են գտնվել, վերցրել են սրան և, ուրիշ հագուստ չլինելու պատճառով, կանացի զգեստ են հագցրել։

«Վերցրի,— ասում է ջաջուռցին,— երկու փայտ և դանդաղ կերպով շարժվեցի դեպի այն կողմը, ուր մի քանի ժամ առաջ կռիվ էր տեղի ունենում։ Տեսնեմ մեր կոզակները դաշտում մնացած վերջին վիրավորներին են հավաքում։ Ձայն տվի՝ նայեցին ինձ, բայց չմոտեցան։ Նորից կանչեցի. էլ ուժ չէր մնացել վրաս. ընկնելու վրա էի։ Տեսնեմ՝ կոզակներից մեկը ձին իմ կողմը քշեց։ Մոտեցավ, ու հիմա չէ հավատում, որ ես իրանց զորքից եմ. նրան շփոթեցրել էր կանացի հագուստս։ Վերջապես կարողացա համոզել. Մոտ կանչեց ընկերներին, առան տարան ինձ։ Հետո ասում են՝ «գերմանացիք հաճախ են այդպիսի բաներ անում մեր գլխին օյին գալու համար»։ Եթե մի քիչ ուշ գնայի,— ավելացնում է ջաջուռցին,— հենց այնտեղ էլ գուցե ընկնեի, մնայի անօգնական. ո՞վ էր գալու ինձ որոնելու»։

Այդ զինվորը չէ ուզում թույլ տալ, որ մեջքի վերքից գնդակը հանեն։

— Երևի նրա համար չես ուզում,— ասում է այցելուներից մեկը,— որ շուտ չլավանաս ու նորից չտանեն կռիվ։

— Ի՞նչ ես ասում,— սարսափած բացականչում է ջաջուռցին,— ի՞նչպես կարելի է, մի տեսնեիր ի՜նչ տղաներ ընկան այնտեղ՝ այդպես չէիր ասի։ Բա ես հո ընտրանցից լավը չեմ։ Մեղքը չէ՞ որ էդպես բան մտածեմ։

Զարմանալի անկեղծություն կար նրա շեշտի մեջ, և անհնար էր չհավատալ՝ իրավ սրտի խորքից են գալիս այդ խոսքերը։

Այդտեղ սկսեցին զինվորները նորից գրեթե միաբերան պնդել, որ ով եղել է կռվում, անպատճառ նորից կուզենա գնալ՝ կարծես մի բան քաշում է այնտեղ։

Իսկ եթե Թուրքիայի հետ կռիվ լինի…

— Ա՜խ, եթե թույլ տային այնտե՜ղ գնայինք։

Երկու հայ զինվոր կա Սամսոնովի զորքից։

Չորս օր թափառել են այդ երկու զինվորը անտառներում և ճահիճներում, սոված և վիրավոր, մինչև որ հասել են ռուսական սահմանը, ուր նրանցից վերցրել են հրացաններն ու իրանց ուղարկել լազարեթ…

Վերևի հարկում ուֆացի երկու թաթար կա։ Նրանցից մեկը պատմում է, որ երբ կռիվը սկսվել է, նրա խփված ընկերը հանել է իր քսակն ու պարզել իրեն ասելով՝ «առ, այստեղ 117 մանեթ փող կա»։ Սակայն պատմողը ասել է, որ ինքը չի վերցրել։

— Ինչո՞ւ,— հարցնում է իմ ուղեկիցներից մեկը։

— Աստված կպատժե,— ասում է նա ամենայն հանգստությամբ. — այդպիսի ժամանակ ինչպես կարելի է փողի մասին մտածել։

Շարունակ, անվերջ, այդ ժողովրդի զավակները այս կամ այն ձևով, շատ անգամ միամիտ, միշտ պարզ կրկնում են այն, որ չի կարելի, ամոթ է, մեղք է, մեղք է սեփական անձի մասին մտածել, երբ լավագույններն են ընկնում, երբ մարդկային արյունը հոսում է անվերջ և առատ։ Ժողովրդի իմաստուն սիրտն է խոսում. սրտի խոր ու հավերժական իմաստությունն է դա, որով միշտ այնքա՜ն հարուստ է հասարակ ժողովուրդը։ Որքա՜ն բան ունենք սովորելու մենք այդ հասարակ ժողովրդից։

Վ.Տ.
Մոսկվա