Լուրերը վնասակար են. մի կարդացեք և ավելի երջանիկ կլինեք

Ռալֆ Դոբելի (Rolf Dobelli)

Հոդվածը հրապարակվել է 2013թ. ապրիլին՝ Գարդիանի կայքում

Լուրերը բացատրելու հատկություն չունեն։ Լուրերը նման են աշխարհի խորքից մակերևույթ դուրս եկած պղպջակների։ Արդյո՞ք կուտակված փաստերն օգնում են հասկանալ աշխարհը։ Դժբախտաբար՝ ոչ։ Այստեղ հարաբերակցությունը շրջված է. կարևոր, դանդաղ զարգացող, բայց ազդեցիկ պատմությունները, որոնք դուրս են մնում լրագրողի տեսադաշտից, տեղ չեն գտնում լրահոսում։ Որքան շատ լրատվական տեղեկություն դուք ստանաք, այնքան քիչ կնկատեք ընդհանուր պատկերը։ Եթե տեղեկության առատությունը հանգեցներ տնտեսական հաջողության, ապա լրագրողները կլինեին բուրգի գագաթին։ Իսկ դա այդպես չէ։

2015-12-04-news

Լրահոսը ավելացնում է ճանաչողական սխալները (cognitive errors): Լրահոսը ճանաչողական բոլոր սխալների մայրն է՝ շեղման հաստատումը (confirmation bias*)։ Ուորեն Բաֆետի (Warren Buffett) խոսքով՝ «Մարդն այնպես է վերարտադրում ցանկացած նոր տեղեկություն, որ նախապես արված եզրակացություններն անվնաս մնան»։ Լուրերն է՛լ ավելի են խորացնում այս շեղումը։ Մենք դառնում ենք չափազանց ինքնավստահ, դիմում ենք հիմար ռիսկերի ու թերագնահատում հնարավորությունները։

———————————

* confirmation bias — սեփական տեսակետի հաստատման հակում։ Մարդու հակումը փնտրել, մեկնաբանել կամ գերադասել այն տեղեկությունը, որը համաձայնեցվում է սեփական տեսակետին, համոզմունքին կամ ենթադրությանը։ Այս շեղումը դրսևորվում է հուզական նշանակալի հարցերում և խորապես արմատացած համոզմունքներում։ Մարդիկ նաև հակված են մեկնաբանել ոչ միանշանակ փաստերը՝ սեփական տեսակետը հաստատելու համար։

———————————

Լուրերը խորացնում են նաև մեկ ուրիշ ճանաչողական սխալ՝ պատմությունների հակումը (story bias): Մեր ուղեղը իմաստալից պատմությունների կարիք ունի, եթե անգամ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ցանկացած լրագրող, ով գրում է «շուկան տեղաշարժվել է այսինչ» կամ «ընկերությունը սնանկացել է այնինչ պատճառով», ապուշ է։ Ես մինչև կոկորդս կուշտ եմ աշխարհի վերաբերյալ այսպիսի էժանագին բացատրություններից։

Լուրերը խանգարում են մտածելուն։ Մտածելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ, իսկ կենտրոնացումը չընդհատվող ժամանակ է պահանջում։ Լուրերը հատկապես հաշվարկված են ժամանակային ընդհատում առաջացնելու համար։ Դրանք կարծես վիրուսներ լինեն, որոնք գողանում են ձեր ուշադրությունը։ Լրահոսը մեզ մակերեսային մտածող է դարձնում։ Բայց սա ամենավատը չէ։ Լուրերը խստորեն ազդում են հիշողության վրա։ Գոյություն ունի հիշողության երկու տեսակ. երկարատև հիշողության հնարավորությունը գրեթե անսահմանափակ է, սակայն աշխատանքային հիշողությունը սահմանափակված է փոփոխվող տվյալների կոնկրետ քանակով։ Ցանկացած երևույթ, որը դուք ուզում եք հասկանալ, պետք է անցնի կարճատև հիշողությունից դեպի երկարատևը։ Եթե այդ ճանապարհը կտրտված է, ապա ոչինչ չի անցնի այդտեղով։

Քանի որ լուրերն ազդում են կենտրոնանալու վրա, հետևաբար՝ թուլացնում են ընկալումը։ Օնլայն կուրերն առավել բացասական ազդեցություն են ունենում։ 2001թ. կանադացի երկու գիտնական ցույց են տվել, որ փաստաթղթում որքան շատ են ակտիվ հղումները, այնքան նվազում է ընկալողունակությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև հղումը տեսնելիս մարդու ուղեղը առնվազն պետք է որոշի՝ սեղմել, թե ոչ, ինչն արդեն շեղում է ուշադրությունը։ Լրահոսը ուշադրությունը դիտավորյալ շեղելու համակարգ է։

Լուրերը թմրանյութի ազդեցություն ունեն։ Երբ իրադարձությունը զարգանում է, մենք ուզում ենք իմանալ շարունակությունը։ Մեր գլխում եղած հարյուրավոր կամայական սյուժեների հետ միասին այս ցանկությունը անհաղթահարելիորեն մեծանում է, ինչը դժվար է անտեսել։ Գիտնականները կարծում էին, որ հիմնական կապերը, որ մինչև չափահաս դառնալը ձևավորվում են գանգի 100 մլրդ նյարդային բջիջներից, անփոփոխ են։ Այսօր գիտենք, որ դա այդպես չէ։ Նյարդային բջիջները պարբերաբար կտրում են հին կապերը և ձևավորում նորը։ Որքան շատ լուր ենք մենք սպառում և միաժամանակյա բազում գործողությունների վարժեցնում մեր նյարդային բջիջները, այնքան անտեսում ենք այն բջիջները, որոնք անհրաժեշտ են արտակարգ կենտրոնացմամբ խորը մտածելու և ընթերցելու համար։

Լուր սպառողների մեծամասնությունը կորցնում է ծավալուն հոդվածներ և գրքեր կարդալու ունակությունը, անգամ եթե նախկինում մոլի ընթերցող էր։ 4-5 էջ կարդալուց հետո նրանք հոգնում են, կենտրոնացումն անհետանում է և դառնում են անհանգիստ։ Եվ սրա պատճառը ոչ թե տարիքն է կամ ծանրաբեռնվածությունը, այլ ուղեղի ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունը։

Լուրերի ընթերցումը ժամանակի կորուստ է։ Եթե ամեն առավոտ 15 րոպե թերթ եք կարդում, 15 րոպե ճաշին և քնելուց առաջ և 5-ական րոպե աշխատավայրում ծանոթանում եք լուրերին, որից հետո ժամանակ է պետք կենտրոնանալու համար, ապա ամեն շաբաթվա վերջում կորցնում եք կես աշխատանքային օր։ Դուք այդքան անպատասխանատու չեք վերաբերվում ձեր ֆինանսական, առողջական խնդիրներին կամ հեղինակությանը։

Լուրերը մեզ պասիվ են դարձնում։ Լրահոսը գերազանցապես այնպիսի երևույթների մասին է, որոնց վրա մենք չունենք ուղղակի ազդեցություն։ Մեր ազդեցությունից դուրս տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկությունների ամենօրյա կրկնությունը մեզ պասիվ է դարձնում։ Այն հղկում է մեզ այնքան, մինչև մենք համակերպվում ենք մի աշխարհայացքի, որը հոռետեսական է, անզգա, ծաղրալից և ճակատագրապաշտ։ Դրա գիտական անվանումն է «վարժեցված անօգնականություն»։ Փոքր-ինչ ճափազանցված է, բայց ես չեմ զարմանա, եթե լուրերի սպառումը համարվի լայնորեն տարածված դեպրեսիա հիվանդության պատճառներից մեկը։

Թարգմանությունը Մ. Յալանուզյանի

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS