Դիլմանի կռիվը

Արեգ, 28 ապրիլի, 1915թ. երեքշաբթի, թիվ 30

«Кавк. Сл.» թղթակիցը պատերազմի դաշտից մոտավորապես հետևյալն է գրում.—

Մենք վաղուց արդեն գրավել էինք Դիլմանի ջրանցքը, երբ լուրեր տարածվեցին, թուրքերի դեպի Ուրմիա շարժվելու մասին։ Ապրիլի 14-ին մեր խուզարկուները և X գրավող կոզակներն ընդհարում ունեցան թուրքերի հետ։ Արագ շարժումով թուրքերն ամեն կողմից շրջապատեցին մեր մի բուռը մարդկանց X-ում, բայց այդ քաջերը իրենց հուսահատ դրությունից ոգևորվելով՝ վճռեցին կտրել-հասնել յուրայիններին։

Խուզարկուների թիկունքում գտնվում է Փիր-Չաուշ հայտնի լեռը և մեր խուզարկուների համար նահանջի ճանապարհը կտրել, բայց շուտով հասած օգնությունը փրկեց մերոնց և X-ի ջոկատը կարողացավ նահանջել։ Այդպես սկսվեց չորսօրյա կռիվը։

Ապրիլի 15-ին թուրքերը տիրեցին Դիլմանից 8 վերստ հարավ գտնվող հին բերդի ավերակները և համառ ու հմուտ հարձակում սկսեցին մեր ջոկատի դեմ։

Ապրիլի 17-ին մեր զորքերը կենտրոնացան Դիլմանի հյուսիս և Մ. գյուղից արևելք գտնվող լեռնագագաթը։ Այսօրը, առավոտյան ժամը 5-ից թուրքեր հրետանիով կռվի անցան՝ գնդակներով ծածկելով մեզ ու այդ բարձրությունը։

Մեր հրետանին հաջողությամբ պատասխանեց։

Ցերեկին արդեն թուրքերն սկսեցին հարձակվել մեր կենտրոնի և N-ից 4-5 վերստ արևմուտք գտնվող Ա. գյուղի վրա՝ մեր աջ թևի թիկունքն անցնելու համար։ Երևի նրանք ուզում էին մեզ կտրել Կ-ի լեռնանցից։ Թուրքերի հարձակումները շարունակվեցին և գիշերը։

Հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ից թուրքերը նորից հարձակվեցին ավելի կատաղի թափով։ Ես դեռ այդպիսի հակառակորդի չէի հանդիպել։ Լավ զինավարժ, վայրին հմտությամբ հարմարվող, ամեն մի փոսիկի հետևում իսկույն թաքստոց գտնող ասկերներն ահարկու ալիքներով գրոհ էին տալիս մեր լեռնագագաթի վրա, պատելով նախ աջ և ապա ձախ թևերը։

Նրանց սեղմ ու խիտ շղթաները մեր գնդացիրների ու հրետանու սպանիչ կրակի տակ հասնում էին մեր շարքերին և ձեռքի ռումբեր գցում։

Մշտական կռիվներում ու տեղաշարժերում կոփված մեր զինվորները հակագրոհներ էին տալիս և սոսկալի կրակով մեծ կորուստներ պատճառում թշնամուն։ Մեր դեմ կանգնած էր երեք ամիս առաջ Պոլսից դուրս եկած դիվիզիան՝ լավ հագնված, սպառազեն, առողջ։

Նկատելի էր, որ ամեն մի ջոկատում մի քանի սպաներ կային։ Գերիները հայտնում են, որ դիվիզիայում գերմանացի բազմաթիվ սպաներ կան և մոտ 800 հոգի կամավորներ՝ զինվորի շորեր հագած։ Բացի այս երեք գնդերից՝ կային ժանդարմներ և սահմանապահ զորամասեր։

Մինչ մենք միմյանց հետևից հետ էինք մղում այդ կատաղի հարձակումները, որ հիշեցնում էին վաղեմի ենիչարիներին, Ա-ից դեպի հյուսիս ձգվեց հեծյալ քրդերի մի հսկայական զանգված՝ մեր աջ թևը շրջափակելու համար։ Խիստ անդուրեկան էր գիտակցել, որ նրանց այդ շարժումը ամենալուրջ վտանգն էր սպառնում մեզ, բայց շուտով հետևից և աջից հրացանների ուժեղացող որոտները լսվեցին։ Պարզվեց, որ նախատեսված էր այդպիսի շարժումը և դիմավորումը պատրաստված։

Այնտեղ կռվում էին մեր կոզակները քրդերի հետ։ Կոզակները արագ գրոհ տվեցին, որից քրդերը սարսափած նրանց նիզակներից ու կրակից՝ մի քանի ժամից հետո ցրիվ եկան դեպի հարավ։

Մեր առաջ արդեն փռված էին դիակների կույտերը, բայց հարձակումները մեղմ բնույթ ստացան միայն երեկոյան դեմ և պարզվեց, որ թուրքերի առաջշարժումը տապալված է։ Ապրիլի 19-ի վաղ առավոտյան մենք ինքներս հարձակման անցանք և շուտով հալածելով ուժասպառ թշնամուն՝ բերդի ավերակները նորից գրավեցինք։ Թուրքերը մեծ կորուստներ կրելով՝ արագ նահանջեցին դեպի հարավ։

3000-ից ավելի թուրքեր ընկան կռվի դաշտում։ Միմիայն 800 քայլից ոչ ավելի տարածության վրա, մեր գումարտակի դեմուդեմը, մենք 900 դիակներ հաշվեցինք։ Այդպես ջախջախվեց Ստամբոլյան դիվիզիան։