Իրադրությունը Արևմտյան Հայաստանում. 28 ապրիլի 1915

Արեգ, 28 ապրիլի, 1915թ. երեքշաբթի, թիվ 30

Երկրի տագնապը և մեր պարտքը

Թուրքաց Հայաստանից հասնող լուրերը հետզհետե ավելի մտահոգիչ են դառնում: Բոլոր աղբյուրներն էլ միաբերան վկայում են, որ մեր պատմական հայրենիքը մեծամեծ դեպքերի թատերաբեմ է դարձել: Թիֆլիսի հայ և ռուս թերթերի ստացած տեղեկությունները նույնն են ասում: Ժնևից և այլ վայրերից միևնույն իմաստով հեռագիրներ են գալիս: Երկիրը անիրավության ճիրաններում, ժողովուրդը կոտորածի ուրվականի տակ, որոշ վայրերում ջարդերն սկսված են, Զեյթունն ապստամբած…

Բայց ամենից ծանր լուրերը հասնում են Վանի շրջանից: Մի շաբաթ առաջ Ատրպատականի թեմական առաջնորդը հեռագրում էր Մակուից, թե Վանի հայերը հինգ օր է կռվում են քրդերի և թուրքերի դեմ: Հետո միևնույն անձնավորությունը միևնույն վայրից հեռագրեց, թե կռիվը համառությամբ շարունակվում է տասն օրից ի վեր: Շաբաթվա վերջում արդեն տեղեկություն ստացվեց, թե հայերը շրջապատված են Վան քաղաքում, թե նրանց դրությունը հուսահատական կլինի, եթե դրսից օգնություն չհասնեն նրանց:

* * *

Հայաստանի կացությունը

«Кавк. Слово»-ին գրում են. «Վանում հայերն արդեն 14 օր է ինչ դիմադրում են: Թուրքերը ամրացել են Այգեստանի Արարք մասում: Վանից ոչ հեռու՝ Քարխանեում ապստամբ հայերը կտրել են հեռագրաթելերը և սարերը բարձրանալով՝ միացել են Վանի պաշարվածներին: Վանում և շրջակայքում կռիվները շարունակվում են: Այնտեղ են բերվում թուրքական նոր ուժեր: Հայերի դրությունը գնալով կրիտիկական է դառնում, որովհետև փամփուշտների պաշարը վերջանալու վրա է»:

* * *

«Т. Лист»-ին լավատեղյակ աղբյուրներից հետևյալ մանրամասնություններն են հաղորդում Վանի շրջանի դեպքերի մասին: Երկու շաբաթ առաջ Վանում սկսված կռիվը շարունակվում է մեծ թափով: Երկու շաբաթվա ընթացքում Ջևադ փաշան ռմբակոծում է հայկական մասը և Վանից արևելք գտնվող հայկական այգիները: Ներկայիս ռմբակոծում են խոշոր թնդանոթներով հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան կողմերից. այդ ռմբակոծմանը մասնակցում է բերդը: Առանձնապես ուժեղ ռմբակոծման է ենթարկվում Այգեստանը, ուր հայերը դիրքեր են կառուցել և ուր կռիվը ավելի ևս արյունահեղ բնույթ է ստանում:

Վանի արևելքում ապաստանած ամերիկական միսիան նույնպես վտանգի մեջ է, որովհետև ռումբերը այնտեղ էլ են հասնում: Միսիայի դպրոցներում 600 տղա և 600 աղջիկ երեխաներ են պատսպարվել: Թուրքերը մոտ 1700 ռումբ են արձակել:

* * *

Ջուլֆայից Հ. Առաքելյանը հետևյալն է հեռագրում քաղաքների միության Կովկասյան ճյուղի լիազորին. «Հաստատ աղբյուրից ստացված լուրերի համաձայն՝ Վանում ապստամբած հայերը փակվել են ամերիկական թաղամասում և կատաղի պաշտպանվում են: Օգնության են սպասում: Ջևադ փաշան ռմբակոծում է նրանց: Քուրդ խուժանը պաշարել է քաղաքը: Կանոնավոր զորքեր չկան: Վանի շրջակա եկեղեցիները ավերված են: Անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել պաշարվածներին փրկելու համար, որոնք ճգնաժամի մեջ են գտնվում: Իշխանը սպանված է: Վռամյանը աքսորված է»:

* * *

«Кавк. Слово»-ին գրում են. «Ապստամբության դրոշակը պարզած Վանի հայերը ոչ միայն անվեհեր դիմադրում են թշնամու գրոհներին, այլև մեծ վնասներ են պատճառում նրան: Ինչ վերաբերում է Արամ փաշա Մանուկյանին, նա կենդանի է և հազարավոր ապստամբների գլուխն անցած՝ պաշտպանում է Վանի հայկական թաղերն ու շրջակայքը»:

* * *

Թուրքաց Հայաստանում

«Հորիզոն»-ը հետևյալ հեռագիրներն է ստացել. «Ժնև, 25 ապրիլի: Հայաստանի վիճակը չափազանց ծանր է: Թրքական բանակները շրջապատել են Վանը: Այգեստանը ենթակա է ռմբակոծության: Իշխանն սպանված է: Մուշին սպառնում է կոտորած: Թող կաթողիկոսը եռանդուն կերպով բողոքե չեզոք պետություններին»:

* * *

Հին Նախիջևան, 25 ապրիլի. «Փախստականները սոսկալի լուրեր են պատմում հայկական ջարդերի մասին: Կոտորածները ծավալվում են ամենուրեք: Թուրքերը վճռել են վերջ դնել Հայկական հարցին: Ժողովուրդը դիմադրում է հերոսաբար»: