Մեկնաբանում է Կարմիր խաչը

Երկիր, 10 դեկտեմբերի, 1993թ., թիվ 233 (573)

ՀՀ Գերագույն խորհրդի Արցախի հարցերի մշտական հանձնաժողովը ահազանգել էր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Բաքվի բանտերում կտտանքների են ենթարկվում, և ի վերջո, տանջամահ են արվում Ղարաբաղի բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Այս հարցի կապակցությամբ օրերս ստացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկնաբանությունը՝ հասցեագրված ՀՀ Գերագույն խորհրդի Արցախի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաղդասարյանին։

Մեծարգո պարոն,

Մենք մամուլում կարդացել ենք Արցախի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի հայտարարությունը Ադրբեջանում մի շարք հայ գերիների մասին և կցանկանայինք տար որոշ մեկնաբանություններ։

Դուք, իհարկե, գիտեք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ըստ 1949թ. Ժնևի կոնվենցիաներով և 1977թ. լրացուցիչ արձանագրություններով իրեն վերապահված մանդատի, կանոնավոր կերպով այցելում է ազատազրկվածների որոշակի կատեգորիաների Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող գերիներին մեր կողմից կատարվող այցերին, ապա, դժբախտաբար, մեզ իրոք թույլ չի տրվել ձեր հայտարարության մեջ նշված անձանց։

Միակ ծառայությունը, որ մենք առայժմ կարողացանք մատուցել, այն էր, որ 1993թ. հոկտեմբերի 14-ին հայրենիք տեղափոխեցինք Առնո Մկրտչյանի դիակը և հանձնեցինք նրա ընտանիքին Ստեփանակերտում։

Ինչ վերաբերում է Արմեն Ավանեսյանին, որն ըստ երևույթին մահացել է սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի համապատասխան իշխանությունները տեղեկացրին մեզ, որ նրա դիակը դեկտեմբերի 3-ին կհանձնեն Բաքվի ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին և նույն օրն էլ կտեղափոխվի Երևան։ Ինչ վերաբերում է Արդվին Մանգասարյանին, մենք բոլորովին վերջերս տեղեկացանք ադրբեջանական կողմից, որ նա մահացել է դեռևս անցյալ տարի։

Կցանկանայինք հավաստիացնել ձեզ, որ չնայած մի շարք դժվարություններին, որոնց հանդիպում ենք Ադրբեջանում, ԿԽՄԿ-ն կշարունակի իր ջանքերը՝ իրավունք ստանալու այցելել այդ երկրում գերված բոլոր հայերին։

Խորին հարգանքով՝ Էրվին Բյու

ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար