Իրադրությունը Հայաստանում. 9 մայիսի 1991. Պատմում է Անատոլի Շաբադը

Հայաստանի Հանրապետություն, 9 մայիսի, 1991թ., թիվ 103 (166)

Երեկ երեկոյան Երևան վերադարձավ Նոյեմբերյան ժամանած ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր Անատոլի Շաբադը։ Նա մասնավորապես ասաց.

— Մենք այնտեղ ժամանել էինք ՌԽՖՍՀ ժողովրդական պառգամավորների խմբով, իսկ հետո ես գյուղում մնացի։ Մենք գյուղ ենք ժամանել մի զանգվածային գնդակոծությունից հետո։ Գյուղը պաշարված էր բոլոր կողմերից։ Տեղում էին նշանառու կրակահերթեր, որոնք կարգավորվում էին հրետանային կրակի հսկողությամբ։ Երկու մարդ այնտեղ զոհվեցին։ Նույն օրը դեսանտայինների կազմակերպած դարանն ընկավ այնտեղ գտնվող միլիցիայի մի ջոկատ և ենթարկվեց ինտենսիվ գնդակոծության։ Ոչ մի դիմադրություն չեղավ։

Հաջորդ օրը զինվորականները վերջնագիր էին ներկայացրել։ Նորից տանկեր էին տեղադրել և ժամը 16-ին սկսեցին գյուղի և նրա շրջակայքի հրետանային գնդակոծումը։ Հրկիզվել է մի քանի մեքենա։ Դա երրորդ գնդակոծումն էր, որը ես անձամբ ապրեցի։ Այն առանձնակի կորուստներ չբերեց, թեպետ ինձ ցույց տվեցին գնդակոծությունների բազմաթիվ հետքեր, ավերակված պատեր և այլն։

Ինչի մասին է խոսքը և ինչի համար է այս ամենը կատարվում։ Ադրբեջանի համար ակնհայտորեն պարզ է խնդիրը։ Գյուղը հարկավոր է տեղահանել, հարկավոր է, որ հայ բնակչությունը հեռանա և այդ սեպը միանա Ադրբեջանին։ Ներկա պարագայում խոսքը գնում է բանակի կողմից Հայաստանի տարածքի դեմ ուղղված ուղղակի ագրեսիայի մասին։ Բանակը հանդես է գալիս ագրեսորի դերում։ Պետք է հասկանալ, որ ժողովրդին, որը մինչ այդ պաշտպանում էր գյուղը, հանելուց հետո, գյուղը կմնա ուղղակի անպաշտպան վիճակում։ Բանակը, որն ունի պրեզիդենտի հրամանագիրը անօրինական ջոկատները զինաթափելու մասին, իրականում զբաղվում է միլիցիայի զինաթափմամբ։ Մինչ այդ միլիցիայի ջոկատները, որ այդ գյուղում էին, կամովին հանձնել էին զենքը, հետո պատանդ վերցվել։ Բանակը այսպիսով Հայաստանի տարածքում զբաղվում է միանգամայն օրինական միավորումների զինաթափմամբ։ Այսքանից հետո ինչպես կարող է խոսք գնալ իրականում անօրինական ջոկատների զինաթափման մասին, որոնք ստեղծում են քաղաքական անկայունություն։ Եթե միլիցիան մնում է առանց զենքի, նշանակում է ուրիշ ոչինչ այլևս չի մնում։

Մոսկվա վերադառնալուց հետո, ես մտադիր եմ մոբիլիզացնել հասարակական կարծիքը։ Ես «Դեմոկրատական Ռուսաստան» շարժման կոորդինացիոն խորհրդի անդամ եմ և պիտի համոզեմ իմ ընկերներին, որ անհապաղ հարկավոր է կազմակերպել զանգվածային ակցիաներ, մոտավորապես այն բնույթի, ինչպես արվեց Լիտվայի իրադարձություններից հետո։