Պարույր Արշավիրի Հայրիկյան

06.04.1988թ.

38-ամյա, միջահասակից բարձր, հաճելի դիմագծերով, բնավորությամբ մեղմ ու կիրթ, չափազանց գործունյա այս հայորդին տիրապետում է մի շարք օտար լեզուների, հեռացվել է մի քանի ԲՈՒՀ-երից, գրում է բանաստեղծություններ ու երգեր, որոնք դարձել են ինչպես հայրենասիրական կազմակերպությունների քայլերգեր ու հիմներ, այնպես էլ կալանավայրերում տառապող հայ հայրենասերների հոգեկան ծանր ապրումների սպեղանի։ 14 տարի անց է կացրել ամենադաժան կալանավայրերում և ավելի քան 3 տարի աքսորավայրում։

Պարույր Արշավիրի Հայրիկյան
Պարույր Արշավիրի Հայրիկյան

1967թ. Ազգային Միացյալ Կուսակցության /ԱՄԿ/ անդամագրվելով, նա իր ողջ գիտակցական կյանքն անմնացորդ նվիրել է Հայկական հարցի լուծմանը։ 1969թ. նա ընտրվում է ԱՄԿ-ի քարտուղար։ Նույն թվականին, երբ պոլիտեխնիկական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող էր, ձերբակալվում է «Երկունք» թերթի 1-ին համարի թողարկման համար և 1970թ. դատապարտվում 4 տարվա ազատազրկման ՀՍՍՀ օրենսգրքի 65 և 67 հոդվածներով։

1973թ. վերադառնալով հայրենիք, շարունակում է իր գործունեությունը. տպագրում ԱՄԿ-ի պաշտոնաթերթ «Փարոս-2» և «Փարոս-2 լրացուցիչ»-ը, ուր տալիս է կուսակցության ծրագիրն ու քաղաքական նպատակները։ 1974թ. նորից ձերբակալվում է հակասովետական գործունեության համար՝ 7 տարվա ազատազրկման և 3 տարվա աքսորի։ Ազատազրկման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ Հայրիկյանը ամբաստանվում է կաշառատվության մեջ և Պերմում սարքված մի խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտվում է 3 տարվա ազատազրկման և ուղարկվում միութենական նշանակություն ունեցող թմրամոլների համար նախատեսված հատուկ ճամբար։

Դեռ աքսորավայրում Հայրիկյանը ձեռնամուխ է լինում Ազգային Ինքնորոշում Միավորման ստեղծմանը, իսկ 1987թ. Հայաստան վերադառնալով հիմնում է Հայկական հարցի համապարփակ լուծմանը ձգտող այս կազմակերպությունը։

1987թ. մայիսի 11-ին, Մոսկվայում Հայրիկյանը ավտովթարի ենթարկվեց /3 ինքնաշարժեր շարքից դուրս եկան/, սակայն ճակատագիրը բարեգութ գտնվեց…

Ինչպես բազմիցս, 1987թ. աշնանը իշխանությունները մեկ անգամ ևս առաջարկեցին Հայրիկյանին մեկնել արտասահման /բոլոր փաստաթղթերը պատրաստ էին/։ Հայրիկյանը հեռագիր ուղարկելով Գորբաչովին՝ պաշտոնապես մերժեց։

Հասկանալով Հայրիկյանի դերն ու նշանակությունը ներկայիս ազգային զարթոնքի գործընթացում և նրա գործունեությունը վարկաբեկելու համար, նրա նկատմամբ սկսվեց վարկաբեկման գործելակերպ՝ սադրանք։ Նրա մասին ստահոդ լուրեր են տարածվում ասեկոսեների ձևով։ Իսկ հետո բանը հասավ նրան, որ այդ գործին լծվեց նաև կենտրոնական մամուլը։ Ս.թ. մարտի 23-ին, Մոսկվան չցանկանալով Հայրիկյանի ձերբակալման ապօրինությունը իր վրա վերցնել, նրան բռնի ուղարկեց Երևան։ Հաջորդ օրը տեղական իշխանությունները ի կատար ածեցին Մոսկվայի հրահանգը։

Սովետական իշխանությունների այս քայլը մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային պայմանագրերի կոպիտ ոտնահարում է։ Դա հակասում է Սովետական Միությունում վերջին ժամանակներս սկսված դեմոկրատացման գործընթացին։

Ազգային Ինքնորոշման Միավորման նախագահի պաշտոնակատար Պարույր Հայրիկյանի նկատմամբ այդ կեղծ մեղադրանքը իր էությամբ հարձակում է Սահմանադրությամբ տրված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS