Կարպիս Սուրենյան. Հայ լինելու առեղծվածը

Կարպիս Սուրենյանի (1925-2011) «Հայ լինելու առեղծվածը» հուշագրությունում (Երևան 2012, ՀԳՄ հրատարակչություն) անդրադարձ կա Ղարաբաղ կատարած նրա առաջին այցելության մասին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Կարպիս Սուրենյան

 

Ղարաբաղում եղել եմ մեկ անգամ միայն՝ 1961-ին կամ 62-ին։ Մեր «Սովետական արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը առաջարկեց՝ ո՞վ կուզենա գնալ Ղարաբաղ բաժանորդագրություն կազմակերպելու։ Ես ուզեցի՝ հենց Ղարաբաղը տեսնելու համար։ Այնտեղից էլ պիտի գնայի Բաքու։ Գործուղվեցի։ Ռադիոկոմիտեից մի ընկեր ինձ տվեց իր բարեկամ Գրիշայի տան հասցեն Ստեփանակերտում։ Ավտոբուսով ինը-տասը ժամ տևեց մինչև Ստեփանակերտ։ Երեկոյան դեմ էր. մի փոքրիկ ճամպրուկ ձեռքիս սկսեցի հասցե փնտրել։ Տարօրինակ տպավորություն փոքրիկ քաղաքից՝ ոչ թե պարզապես անհրապույր, այլ մի տեսակ սսկվածի, ամայացածի նման, ասես ճնշող մի տարօրինակություն։ Բազմամարդ քաղաքում մենակ լինելը ուրիշ զգացում է, իսկ այստեղ կարծես երևում էր մենակությունս, իսկույն անհարմար, անհանգիստ զգացի ինձ, թվում էր՝ հատուկենտ անցորդները տեսնում են, որ օտար եմ։

Չէի ուզում որևէ մեկից հարցնել հասցեն, որ Ռադիոկոմիտեի այն ընկերը բացատրել էր ինձ, թե հեշտ կարող եմ գտնել։ Քայլում էի այնպես, որ իբր ծանոթ եմ քաղաքին, գիտեմ ուր եմ գնում։ Մանավանդ որ սիրում էլ եմ անծանոթ տեղում հասցե փնտրել իմ կողմնորոշման գրեթե չսխալվող զգացողությամբ։ Գտա, այո, բավական հեշտ։

Գրիշան կլոր թուխ դեմքով, խոշոր սև աչքերով, սեփ-սև մազերով, մի քիչ գիրուկ տղա էր՝ տարեկից։ Ներկայացա, սիրահոժար ներս հրավիրեց։ Նախ, զարմացա, ինձ որպես Երևանում իր «հայրենադարձ լավ ընկերը» ծանոթացրեց ընտանիքին, ասվեցին «բարով եք եկել»-ի ժպտուն խոսքեր, որոնցից էլ, կարծես, այն ճնշող տարօրինակությունն զգացի, ինչպես քաղաքից, ասես նույնիսկ անկոչ հյուրի մեղավորությամբ, թեպետ վերաբերմունքը ակնհայտորեն սիրալիր և հյուրընկալ էր։ Հետո առանձին նստեցինք Գրիշայի հետ, և նրա դեմքը մտախոհ լրջացավ։

— Լավ է, որ ուղղակի մեր տուն ես եկել,— ասաց։ — Եվ լավ էլ կլինի, որ այստեղ ոչ ոք չիմանա ինչու ես եկել։ Ոչ ոք     , մանավանդ վերևում։ Ինքս ձեր ամսագիրն ստանում եմ, հաճույքով էլ կարդում։ Ինքս էլ մի բան կանեմ, մի քանի մոտիկ ընկեր իրենց ուզելով կբաժանորդագրվեն։ Ուղղակի ասեմ՝ մի քանի, ոչ ավելի։ Դու գործ չունես։ Ոչ մի հյուրանոց-բան։ Այս գիշեր կմնաս մեզ մոտ, կընթրենք, ես ու դու մի լավ կխոսենք դես-դենից։ Մի խոսքով, դու իմ լավ ընկերն ես ու Բաքու գնալու ճանապարհին այցելել ես ինձ, մնացել մի գիշեր, վաղը քեզ ճամփա եմ գցում, մեկնում ես։ Եղա՞վ…

Լուրջ լսում էի, վերջին խոսքի վրա կիսահեգնականի նման ժպիտ եկավ, գուցե ինքնահեգնակա՞ն։ Գլխով արեցի.

— Եղավ։ Ամեն ինչ հասկացա։ Բայց գիտե՞ս, Գրիշա, խորքումս կանխազգում էի, գուցե դրա համար էլ մի տարօրինակություն զգացի այստեղ, ասես օդում ճնշող մի բան։ Է՜հ, դեռ Աթենքում մանկուց՝ Ղարաբաղ, Նախիջևան, լսել եմ միշտ արհեստավոր հորիցս, նրա ընկերներից։ Հետո էլ ամբողջ կյանքում… դեհ ասելու կարիք չկա։

— Պատկերացնում եմ։ Իսկ մենք այստեղ… դե հետո կխոսենք։

— Արդեն լավ ընկերներ ենք, ինչպես ասում էիր,— մի ուրիշ ժպիտ եկավ։ — Բայց մի բան, Գրիշա։ Չե՞մ կարող գոնե Շուշին տեսնել։

— Վաղը առավոտ կանենք։

Ամբողջ երեկո խոսեցինք շատ-շատ բաների մասին… Առավոտյան նրա հինումին մեքենայով բարձրացանք Շուշի։ Նախ ցույց տվեց քաղաքի այն հին հայկական թաղի ավերակները, որոնք դեռ մնում էին՝ քառասուն տարի առաջ թուրքերի կատարած կոտորածից ու հրդեհումից հետո։ Եղեռնական վայրագությունների մասին այնքան լսած ու կարդացած, երևակայությամբ կամ լուսանկարներըով պատկերացրած՝ փաստորեն առաջին անգամ ահա աչքովս էի տեսնում դրանց մի վկայությունը. կիսափուլ, կիսայրված տների ու փողոցների լուռ տարածություն ներքևում, ուր ժամանակին կյանք է եղել։ Խնդրեցի մի քառորդ ժամ իջնել այնտեղ մենակ։ Գրեթե բնազդական զգուշությամբ մտա մի տուն։ Գլխարկս հանած կանգնել եմ մի սենյակում, լռության մեջ, դեռ կարծես իսկական սենյակ, տանիքի կեսը միայն չկա, հրդեհի հետքեր. չէ՜, անկարելի է պատկերացնել, թվում է՝ չպետք է նույնիսկ մտովի փորձեմ տեսնել, լսել այն, ինչ կատարվել է այստեղ…

Հետո մոտեցանք Ղազանչեցոց կոչված թափուր եկեղեցուն։ Դեռ ներս չմտած, հազիվ նկատել էի բազմաթիվ փոսիկներ պատին, Գրիշան ասաց, որ դրանք եկեղեցին գնդակոծելու հետքերն են։ Հանկարծ թուրքերեն մի հայհոյանք թռավ բերանիցս։ Նա տարօրինակ ժպտաց, մի թեթև ծիծաղի նման։

— Վահրան Փափազյանին բերել էի այստեղ,— ասաց,— և նա էլ, տեսնելով գնդակոծության այդ փոսիկները, ճիշտ այստեղ, ուր կանգնած ենք հիմա, ճիշտ նույն թուրքերեն հայհոյանքը ուղղակի գոռաց…

Մնացյալ Շուշին չուզեցի էլ տեսնել այլևս։ Մի հայացքով՝ աչքիս թվաց այն նույն սսկված ամայությունը, որի մեջ մզկիթի մինարե դիպավ աչքիս հեռվում։ Շուշիից իջանք, մեկնեցի Ղարաբաղից։ Ըստ գործուղմանս՝ Բաքու։ Հենց այն ժամանակ էր, որ պարզապես հետաքրքրության համար մի օրոք Բաքվից գնացի տեսնելու Սումգաիթը, որը գովում էին որպես նորաշեն քաղաք…