Արարման խորհուրդը. Վրեժ Իսրայելյան

Հեղինակ — Գրականության աշխարհը… ինչքան երազ ու երազանք կա այստեղ, ինչքան թռիչք ու ճախրանք, ինչքան հեքիաթ ու իրականություն։ Հիրավի՝ խոսքը թև է առնում այս հրաշք աշխարհում ու տանում քեզ իր հետ հեռո՜ւ-հեռո՜ւ, մարդկային հոգու խորքերը, քանզի այդ խորքից է գալիս նա ու արձագանքում բյուրավոր մարդկային հոգիներում՝ դառնալով ոչ միայն ցանկալի, այլև հարազատ, հարազատ, ինչպես ինքը՝ իսկական արվեստը։

Վրեժ Իսրայելյան

Վրեժ Իսրայելյան — Գրականությունը ապրելու ձև է, այսինքն՝ մարդ ուզում է կյանքում իրեն դրսևորել։ Մեկը լավ վազելով է դրսևորվում, մեկը՝ նկարչությամբ, մեկ ուրիշը՝ չգիտեմ՝ ինչով։ Կոնկրետ ես այս գործն էի լավ անում և սկսեցի պատմվածքներ գրել։ Երբ սկսեցի գրել, իմ կյանքում շատ բան փոխվեց. սկսեցի արդեն ինձ, իմ ուժերին հավատալ, որովհետև մինչ այդ, ասենք՝ սիրուն աղջիկներին համարձակ չէի նայում, շատ բաներ կային, որ թվում էր, թե չեմ կարող անել։ Բայց հենց սկսեցի գրել ու մեկ-երկու պատմվածք ստացվեց, զգացի, որ կամաց-կամաց սովորական մարդուց վերածվում եմ գրեթե թագավորի։ Այդ զգացողությունը ոչ մի ուրիշ գործ անելիս ես չէի կարող ունենալ։

Հեղինակ — Բանն էր ի սկզբանե։ Ինչքան կարևոր դեր է ունեցել խոսքը, գիրը, գրականությունը մարդկային պատմության մեջ։ Ինչքանո՞վ է այսօր այդ ամենը կարևոր մեր կյանքում։

Վրեժ Իսրայելյան — Հաճախ եմ մտածել, թե ո՞րն է գրականության խնդիրը։ Մեծ գրողներից մեկը՝ կարծեմ՝ Տոլստոյը, ասել է, որ գրականությունը կյանքի հայելին է։ Ճիշտն ասած՝ ես այդպես չեմ մտածում, որովհետև գրականությունը մի պտղունց կյանքն է, բայց ավելին, քան ինքը՝ կյանքը։ Կյանքի մեջ արդեն կա գրողի, անհատ մարդու, անհատ ազա՛տ մարդու ոգին, նրա թրթիռները։

Երբեք այն ճշմարտությունները, որ կյանքում կան, գրականության մեջ հենց այնպես չեն արտահայտվում։ Գրականությունն ընդամենը փորձում է ճշմարտությունը ճանաչել, գնալ դեպի այն, և չեմ կարծում, թե որևէ մեծ գրող երբևէ ինքը հասել է այդ ճշմարտությանը։ Ճշմարտությունը գտնելու այդ ձգտումն արդեն գրականություն է։

Մենք մեր այս կյանքը գրականությամբ չենք կարող փոխել, բայց կարող ենք օգնել մարդուն զգալու, որ ինքը մարդ է, որ իր դիմագիշը չկորցնի, ամեն մի հաստափորի, հաստավզի առաջ չխոնարհվի, կարողանա ինքն իր արժանապատվությունը պահել, որովհետև իր սերունդները այդ արժանապատվությունից են կերակրվելու և ոչ թե այն փողից կամ չգիտեմ՝ ինչերից, որ ինքը թողնելու է։ Վերջիվերջո, այդ արժանապատվությունն է մնում իր սերունդներին այն ձևով, ինչպես ինքն է տալիս։ Մնացած ամեն ինչ փոփոխական է…

Հեղինակ — Ազգային արվեստ, ազգային գրականություն. անհնար է հասու լինել, առավել ևս՝ ստեղծել և ստեղծագործել այդ ոլորտում առանց ազգային արմատների հետ ունեցած ներդաշնակ կապի և իմացության։

Վրեժ Իսրայելյան — Մենք ոչ թե մտածելով ենք ասում, որ գրողի կապը իր արմատների հետ պարտադիր է, այլ որովհետև ուրիշ կերպ հնարավոր չէ։ Եթե գրող է կամ թեկուզ սովորական մարդ և եթե չի կեղծում, ուզի, թե չուզի, անհնար է, որ մարդ կարողանա փախչել իր արմատներից։ Շատերն են փորձել փախչել իրենց արմատներից, բայց մեկ է՝ իրենց հոգու մեջ այն ունեցել են։ Արմատից ո՞ւր փախչես. ասենք՝ հայ ես, ասես՝ հայ չե՞մ։ Հայ ես, եթե նույնիսկ գտնում ես, որ դա վատ է։ Եթե գտնում ես, որ դատապարտված ես, միևնույն է արդեն դատապարտված ես՝ դու հայ ես։ Նույն կերպ դու դատապարտված ես քո արմատներին, եթե ուզում ես որպես մարդ ապրել։ Հեշտ է ձևացնել, թե մոռացել ես քո արմատները։ Բայց միևնույն է՝ ինչ-որ մեկը վերադարձնելու է քեզ դեպի քո արմատները։ Քեզ՝ որպես մարդու, օտարները ընդունում են, եթե դու քո արմատների մեջ ես։ Եթե չէ՝ ոչ ոք չի ուզենա իր արմատները բերի, տա քեզ, ասի՝ ֆրանսիացի դարձիր կամ էլ անգլիացի։

Ես սասունցի եմ, պապերս սասունցի են։ Ծնված օրից մեջս այդ ցավը լցրել են։ Ոչ ոք չի ուզում ցավի հետ ապրել. եթե հնարավոր լիներ, այդ ցավը ես մի կողմ կգցեի, բայց չես կարող, որովհետև արդեն մտել է արյանդ մեջ, այդ ցավից ո՞ւր պիտի փախչես։

Ընդհանրապես, երբ մտածում ես հայ ասածն ինչ բան է… հայը ամբողջ կյանքում ինքն իրեն լցնում է ցավով և իր կյանքի երկրորդ հատվածում փորձում է ազատվել այդ ցավից։ Բայց որքանո՞վ է հաջողվում, և հաջողվո՞ւմ է արդյոք, ես չգիտեմ…

Հեղինակ — Ինչ է բերում իր հետ համաշխարհային գլոբալիզացիա կոչվածը՝ ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ, որ ազգային արվեստն ու գրականությունը այսօր ոչ միայն ազգային մշակույթ են, այլև ազգի գոյատևման կռվան ու միջոց։

Վրեժ Իսրայելյան — Գրականության խնդիրներից մեկը գեղեցիկն ու մոռացվողը փրկելն է։ Հիմա վավերագրություններ կան, թվում է, թե ամեն ինչ հայտնի է, բայց այն կյանքը, այն պատմությունը, որ գրականությունն է բերում նոր ժամանակներ, ոչ մի ուրիշ արվեստով, պատմական ոչ մի երկով չես կարող տեսնել։ Այն, ինչը Սերվանտեսն է տալիս, ոչ մի պատմություն չի կարող մեզ տալ։ Նույնը մեր դեպքում. Նարեկացու, Խորենացու տվածը ուրիշ ոչ մի կերպ չենք կարող իմանալ։

Հենց հիմա էլ գրականության խնդիրն է իր շրջապատի մասին հոգալը։ Բայց ինչպե՞ս։ Մեր գրականության ուժը, առանց թերագնահատելու, այնքան մեծ չի, որ մարդուն կարողանա փրկել եղած վտանգներից, բայց գոնե կարող է մարդու մեջ արթնացնել մարդկայինը, աստվածայինը, այն իսկակա՛ն մարդուն…

Հեղինակ — Ժամանակն իր նոր պահանջներն է անընդհատ դնում մեր առաջ։ Միշտ չէ, որ հնարավոր է լինում պատվով դուրս գալ այդ իրավիճակից, մասնավորապես՝ արվեստի ասպարեզում։ Փոխվում են չափանիշները, փոխվում են արժեքները և դա նաև հղի է վտանգավոր հետևանքներով։

Վրեժ Իսրայելյան — Ճշմարիտ գրականության, արվեստի ուժն այն է, որ ժամանակային փոփոխությունների, հարվածների չի ենթարկվում։ Ի՞նչ պետք է փոխվի մեր կյանքում, որ Դոն Կիխոտը մենք չընդունենք, կամ Բեթհովենին ու Մոցարտին չընդունենք։ Չկա այդպիսի փոփոխություն։

Բայց կան պահեր, երբ մարդը շեղվում է իր իսկական ճանապարհից, բայց այդ շեղումները կարճատև են, որովհետև նման արժեքներից չես կարող փախչել։ Դրանցից փախչելու լավագույն ձևը ավելի լավը ստեղծելն է։

Հիմա մեր կյանքը ինչի՞ է վերածվել։ Անկեղծ խոսում ենք. մարդը բոլոր առումներով դիմազրկվել է։ Մարդուն կարողանում են ստորացնել, կարողանում են դարձնել ստախոս, կամակատար։ Այդ կյանքից, այդ վիճակից դուրս գալու լավագույն ելքերից մեկն էլ ժամանակի փոփոխություններին չենթարկվող արվեստի, գրականության գործերի հետ նորից ու նորից առնչվելն է։

Հեղինակ — Երևի երբեմն պետք է նայել իրականությանը բաց աչքերովմ հատկապես, եթե դու արվեստի մարդ ես, և այդ իրականությունն էլ քո՛ արվեստն է։

Վրեժ Իսրայելյան — Այս փոփոխությունը, որ եղավ, մարդիկ միանգամից նյութապաշտ դարձան և շատ ու շատ բաներ կորցրին։ Սրա մեղքը և՛ գրողինն է, և՛ ընթերցողինը, և՛ ղեկավարինը, և՛ ընդդիմադիրինը, բոլորինն է։ Եթե կոմունիստական հասարակարգի 70 տարում մի լավ բան կատարվեց (որովհետև միշտ վատ բաներ են եղել), այն էր, որ կոմունիստական ղեկավարները սկսեցին փնտրել արվեստագետի ընկերությունը։ Իրե՛նք էին գնում բանաստեղծի դուռը, նկարչի դուռը, հասկանո՞ւմ եք։ Նոր-նոր սկսեցին զգալ, թե ովքեր էին իրական արժեք ստեղծողները։ Իսկ այսօր ով փող է աշխատում, նա էլ իրական արժեք ստեղծող է համարվում։

Մի 5-6 տարի առաջ էր. նկարիչների միության սրճարանում նստած էինք, հանկարծ բոլորը միանգամից վեր թռան, թե՝ այսինչ օլիգարխի թիկնապահներն են անցնում։ Մեկ էլ մեր նկարիչ ընկերներից մեկն ասաց՝ մի ժամանակ մենք վեր էինք թռչում, երբ Վահրամ Փափազյանն էր անցնում, Հրաչյա Ներսիսյանն էր անցնում, Լևոն Ներսիսյանն էր անցնում… Այ, շատ բան է փոխվել ա՛յս առումով, փոխվել է կուռքը, ում ձգտում ես նմանվել։ Հիմա մեր երեխաներն ուզում են թիկնապահներ դառնալ… Ոչ ոք չի ուզում Հրաչյա Ներսիսյան դառնալ, եթե նույնիսկ ուզում է՝ ամաչելուց թաքցնում է։

Մի ժամանակ «Գարուն» ամսագրում մի պատմվածք էի տպագրում, հեռավոր մի գյուղից, որի անունն էլ չգիտեմ, ինչ-որ մեկը զանգահարում էր, գալիս էր, ինքն էլ տանում էր իր մեքենայով, ոչխար էր մորթում… հասկանո՞ւմ ես։ Կարդացել էր և իր իմացած ձևով գրողին մեծարում էր։ Կարող է՝ նույնիսկ չէր էլ հասկացել այդ պատմվածքը, բայց կար վերաբերմունք գրողի, ստեղծողի, արվեստագետի հանդեպ։ Այսօր կորել է, ոչ մեկին պետք չի դու ինչ ես գրում, ինչ ես ստեղծում… մեկ, երկու, երեք, չորս հոգի… Ցավալի է…

Հեղինակ — Մեր կյանքում կան հասկացություններ, որոնք այնքան ներդաշնակ ու հարազատ են մեզ, որ թվում է, թե բնորոշման կարիք էլ չունեն։ Բայց նրանք էլ տարբեր են տարբեր մարդկանց պատկերացումներում։

Վրեժ Իսրայելյան — Այնքան դժվար է հայրենիքի մասին խոսելը։ Հայրենիքի մասին խոսել ընդհանրապես պետք չի, որովհետև հայրենիքն այն է, ինչ կա։ Ամեն ինչ, որ կա, դա հայրենիք է, քոնն է։ Ինչքան շատ խոսես հայրենիքի մասին, այնքան ավելի ես հեռանում նրանից։

Տեսնում ենք, ովքեր են հայրենիք գոռում միկրոֆոններից։ Ամենից շատ հայրենիք ասում են մեր Ազգային ժողովի պատգամավորները, բայց… Հայրենիքի համար լուռ, անաղմուկ արարիր, քիչ խոսիր։

Հեղինակ — Հավատի մասին։ Կարծում եմ մեր իրականության ամենաանհրաժեշտ իրողություններից մեկն է։ Հավատը բարու, գեղեցիկի, արդարի հանդեպ, քո ուժերի հանդեպ, մինչև հավատն առ Աստված, որն էլ, ի վերջո, պայմանավորում է քո ապրելակերպն այս աշխարհում։

Վրեժ Իսրայելյան — Առանց հավատի չկա ոչինչ. եթե չհավատաս, կորած ես։ Հավատն է մարդուն պահում, հավատն է մարդուն մարդ դարձնում, քո երեխային պետք է հավատաս, հավատալով սիրես նրան։ Քո երեխան էլ քեզ պետք է հավատա… Առանց հավատի հնարավոր չէ ոչ մի բան անել։

Բայց երբ այդ հավատը կույր հավատ է դառնում, դա արդեն վերածվում է աղետի։ Մենք այդպիսի հավատացյալներ էլ ենք տեսել մի ժամանակ։ Վերջերս մենք տեսանք Հյուսիսային Կորեայում՝ մարդկանց դարձրել էին անասուն նույն այդ հավատի միջոցով։

Դրա համար էլ իմ ասածը մարդու ներսից եկող, թելադրված հավատն է՝ հավատը կյանքի հանդեպ, հայրենիքի, մարդու։ Պիտի հավատաս քո ուժերին, որ կարողանաս ստեղծագործել, կարողանաս ապրել։ Հավատը ապրելակերպ է, ապրելու տեսակ։ Առանց դրա հեշտորեն կարող ես մեռնել։

Հեղինակ — Ինչքանո՞վ է կարևոր արվեստագետ մարդու համար բարոյական նորմերի պահպանումը նաև արվեստում, թե այստեղ այլ օրենքներ են գործում՝ հաշվի առնելով արվեստի պայմանական բնույթը։

Վրեժ Իսրայելյան — Բարոյական նորմերի պահպանումը ոչ միայն արվեստագետի, այլև բոլոր մարդկանց համար է պարտադիր։ Արվեստի աշխարհում՝ առավել ևս, որովհետև առանց այդ բարոյական նորմերի պահպանության քո ստեղծածն է սուտ, կեղծ։ Արվեստի և գրականության ամենահիմնական բաներից մեկը անմիջականությունն է, այսինքն՝ որ չես խաբում։ Եթե դու խաբեցիր, բարոյական նորմերը խախտեցիր, արդեն քո գրածին, քո ստեղծածին ոչ ոք չի հավատա։ Բայց սա կյանքում բոլորի համար է պարտադիր պայման. և՛ բանվորի, և՛, ավելի շատ իհարկե, պաշտոնյաների համար։ Երբեմն խեղճությունից կարող է մարդը դուրս գալ բարոյական նորմերից. ասենք՝ քաղցած մարդը, հանուն այդ մի կտոր հացի կարող է հանկարծ շեղվել։ Բայց մարդը, ով ապահովված է, ձեռքին իշխանություն ունի, պարտադիր այդ բարոյականի մեջ պետք է ապրի, եթե ոչ՝ արդեն կստանանք այն, ինչ այսօր տեսնում ենք։

Հեղինակ — Երբ դու ապրում ես ասես երկու իրողությունների սահմաններում, ապա երևի թե սրտիդ խորքում, այնուհանդերձ, կա նախապատվության ինչ-որ մի զգացում մեկի կամ մյուսի հանդեպ, թե՞ դա միայն թվացյալ է։

Վրեժ Իսրայելյան — Մարդը լրիվ նույնը չի կարող լինել։ Բայց գրականության մեջ այս կյանքի Վրեժը կա՝ գումարած հազար ու մի ուրիշ Վրեժներ։ Գրականության մեջ դու մտնում ես շատ ավելի հարուստ։ Գրողի բոլոր հերոսները ինքն է՝ դավաճանը ինքն է, հերոսն ինքն է, չգիտեմ՝ խաբեբան ինքն է, արդարամիտն ինքն է, բոլորն ինքն է. նույն մարդու միջից գնում-մտնում է գրականության մեջ։ Սկզբում, երբ խոսում էինք, ասացի՝ գրելուց քեզ թագավոր ես զգում, սովորական մարդը վերածվում է թագավորի։

Գրողը, կյանքում ապրող գրողը, երբ իր եսը մտցնում է գրականության մեջ, ինքն իրեն թագավոր է դարձնում՝ պատկերավոր ասած (ծիծաղում է)։

Հեղինակ — Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս իր հասանելիք ճանապարհն անցնելու առաքելությամբ անշուշտ, բայց այլ է այդ ճանապարհը արվեստի մարդու համար և այլ է այն խորհուրդը, որն ուղեկցում է նրան իր ողջ կյանքի ընթացքում։

Վրեժ Իսրայելյան — Շատ բան էի ուզում գրեի, բայց բարեբախտաբար այդ ամենն արդեն գրել է Վիլյամ Սարոյանը։ Լավ, թե վատ՝ ինչ գրել եմ, անկեղծ եմ գրել։ Իմ ընթերցողներից չեմ ակնկալել ո՛չ դափնի, ո՛չ մի բան։ Պարզապես, ուզեցել եմ զրուցել նրանց հետ։ Ազատություն եմ փնտրել, գտել եմ կամ չեմ գտել։

Մեր ամբողջ կյանքը, մեր ստեղծագործությունը ձգտում է առ ազատություն. կհասնե՞նք, կգտնե՞նք այդ ազատությունը, թե ոչ՝ կարևոր չէ։ Կարևոր է, որ մարդը մինչև իր կյանքի վերջն ապրի դեպի ազատություն գնալով։ Յուրաքանչյուր մարդ կարող է տարբեր կերպ պատկերացնել այդ ազատությունը։ Այդ ազատությունը կարող է լրիվ ուրիշ դրսևորումներ ունենալ, բայց մեր կյանքը ձգտում է դեպի ազատություն։ Ու երբեք դրան չես հասնում։ Կատարելապես ազատ ոչ ոք չի կարող լինել։ Բայց ապրելու այլ ձև չկա…

Նախագծի հեղինակ՝ Կարեն Վարդանյան
Հեղինակ՝ Վազգեն Ղուկասյան
Ռեժիսոր՝ Արուս Արիստակեսյան
© Ար հեռուստաընկերություն, 2012թ.