Ավետիս Ահարոնյան. Ռազմական շեֆ էր ծնված Անդրանիկ

Աղբյուր՝ Ավետիս Ահարոնյան, Խավարի մեջ, Գիրք Բ, Երևան, 1991թ.

Զորավար Անդրանիկ

Առաջնորդ, շեֆ էր ծնված Անդրանիկը։ Իր ձեռքի շարժումը լայն էր, տիրական, հայացքը անխարդախ ու կախարդիչ, խոսքը՝ անկաշկանդ ու միշտ հրամայողական, ձայնը իշխանական ու անհոգորեն հզոր, հակառակ իր թովիչ քաղցրության։ Գեղջուկ իր ապրուստի եղանակով, իր նիստ ու կացով, իր ուտել-խմելով, իր հոգեկան պարզությամբ, իր բարոյական ու քաղաքական ըմբռնումներով, բայց իսպառ զերծ գեղջկական գծուծ նյութապաշտությունից և մանավանդ, ժողովրդի քծնող ստրկամտությունից, նրա համբերատար ոգուց։ Սքանչելի մանկական ծիծաղի հետ անհնարին ցասումն ուներ, որպես ամպրոպային Արամազդ։ Հախուռն ու հանդուգն իր վճիռների մեջ՝ նաև խիզախ էր իր գործերի ու շարժումների մեջ։

Հայ Ժողովրդից, հայ շինական ժողովրդից դուրս աշխարհում ոչինչ չէր ճանաչում և ոչինչ չէր սիրում։ Ատելով ատում էր քաղաքն ու հղփացած քաղաքացին. մեծատուններին հազիվ համբերում էր, մինչև որ մի օր պոռթկաց իր կուտված զայրույթը նրանց քաջածանոթ ու վանիչ նյութապաշտության ու գծծության համար։

Չկար հասարակական շրջան, որքան և այն բարձր լիներ, որ այս գավառացի անուսում հայը, այս երեկի արհեստավոր հյուսնը ինքզինքը մազի չափ նեղված զգար։ Արքա թե մեծատուն, զորավար, նախարար, թե առաջնակարգ քաղաքական գործիչ, գիտուն, թե գրագետ նրա համար միևնույն էր, ամենքի մոտ և ամեն տեղ նա նույն հավասարակշռված, հանդարտ ու տիրական մարդն էր, մերթ լրջորեն ծանրախոհ, մերթ մանկան պես քրքջուն։

Մասնավորապես հանդես, ճառ, գովք ու ներբող, պճնված կանայք, սեթևեթանք, անզոր էին նրան խռովք պատճառել, և հաճախ փարթամ հարկերի տակ, ճոխ սեղանի շուրջը նրան զարմացնելու կամ հաճելի լինելու ճիգերը վերջանում էին միշտ հակառակ արդյունքով՝ — Անդրանիկը պոռթկում էր իր հին զայրացկոտ հանգերգը, թե «դուք անպետք, անսիրտ մարդիկ եք, չեք օգնում ժողովրդին»։

Ամեն տեղ ու ամեն պարագաներում Անդրանիկը մնում էր տիրական, իշխող ու հրամայող։

Նա առհասարակ խնդրել, մանավանդ հայցել չգիտեր, ո՛չ ընկերական շրջապատում, ո՛չ հասարակության մեջ։ Անծանոթներ ու նրա հռչակով հափշտակված մարդիկ հաճախ դեմառդեմ գալով այս անսովոր հայդուկին՝ մնում էին շվարած ու քարացած։

Անհամբերող ու հախուռն, հպարտ, անողոք ու անդրդվելի ժայռի պես, նա միշտ սիրելի մնաց իր համհարզներին, իր զինակից ընկերներին, որոնք նրա մի խոսքով, ձեռքի մեկ շարժումով, հոնքի մի գալարով պատրաստ էին հուր ու ջուր նետվել։

Անդրանիկից հետո ես բախտ ունեցա հետզհետե ճանաչել նրա զինակից ընկերներին՝ Մուրադ, Սեպուհ, Կայծակ Առաքել, Ավո։ Ճանաչեցի ու առաջին իսկ վայրկյանից տեսա, որ սրանք ամենքն էլ մի-մի իսկական ռազմական շեֆեր են։ Ավելին կասեմ, ոմանք կրթությունով Անդրանիկից բարձր, ինչպես Սեպուհը, մյուսն ավելի առնական ու զգաստ, ինչպես այն զարմանալին՝ Մուրադ Սեբաստացին, և ընդհանրապես ամենքը ոչ միայն ոչնչով հետ չէին իրենց գլխավորից, այլև ըստ երևույթին որոշ տեսակետից նրանից բարձր էին։

Գեթ այսպես թվաց ինձ։

Արդարև՝ ես չեմ հիշում մեր հեղափոխական մարտիկներից մեկը, որ այնքան խորունկ ու ամբողջական տպավորություն թողած լինի վրաս, որքան Սեբաստացի Մուրադը։ Այս վայրկյանիս իսկ, երբ գրում եմ այս տողերը, Մուրադը աչքիս առջևն է իր բրոնզե ձուլածո կազմվածքով, իր խորը անհանգիստ, կրակ աչքերով, այդ թավ ու թանձր սև հոնքերով, առնական պարանոցի վրա նստած մի զարմանալի գլուխ, որ համակ ուժ էր և շիտակություն։ Խիտ ու շատ սև մազերը, որ սկսվում էին ճակատի կեսից և ցցվում վեր գարնան բույսերի թափով, նրան տալիս էին առյուծի տեսք։ Իր ահեղ բազուկները խորտակիչ էին, նա սիրում էր զսպել ամենակատաղի ձին, Մուրադի հեծած երիվարը ուրիշ ոչ ոք կարող էր սանձահարել։ Իր քայվածքը հաստատուն էր ու աշխույժ, երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում։

Եվ ի՜նչ հմայիչ, ի՜նչ խոհուն էր Մուրադի զրույցը, անփառասեր խառնվածք, բաց միտք, հստակ իմացականություն՝ Մուրադը կարող էր վեճի նստել ամեն մի հրապարակախոսի, ամեն մի հասարակագետի, գրագետի հետ, միշտ ավելացնելով մի անուշ ժպտով, թե «դե մենք ժողովրդի մարդ ենք, անգետ ռամիկ ենք, ավել-պակաս կներեք»…

Ա՜հ, Մուրադը… Հայ ժողովուրդը իր կորուստների և կսկիծի անսահմանության մեջ հաճախ ժամանակ չունի գլուխը օրհնությունով հակելու իր լավագույն զավակների վրա։

Կայծակ Առաքելը, որ մի օր կատակով ասում էր ինձ, թե «քանի մի գնդակ մտել է փորս, բայց մարսել եմ»։ Այդ փոքրիկ, թուխ, նիհար մարդը, որ իրոք կայծակի մի կտոր էր, անհանգիստ, պատանու պես կայտառ, միշտ ծիծաղկոտ, ու միշտ արի, իրավ կարող էր «գնդակներ մարսել»։

Ավոյին շատ ուշ և շատ քիչ տեսա, բայց բավական էր մի անգամ դիտել նրա վագրի անվեհեր գլուխը, թախծոտ աչքերը, միշտ գունատ ու մռայլ դեմքը հասկանալու համար, որ առջևիդ կանգնած է մի արտասովոր մարդ։

Անդրանիկի արիների այս սքանչելի բույլից կենդանի է մնացել միայն Սեպուհը, նրա մասին չեմ խոսի, հակառակ որ քաջածանոթ եմ իր մարտական կորովին ու հայրենասիրական առաքինություններին։

Ահա՛ այս փայլուն կաճառն է, որ բարձրացրել է Անդրանիկին մինչև աստղեր։ Մի հատիկ գաղափարի մեջ զանգված անվեհեր ու անձնուրաց ռազմիկներ, մեկը մեկից փորձ, մեկը մեկից հրայրքոտ, որ Անդրանիկի փառքի պատվանդանն են կերտել, կրտսեր եղբոր սիրով ու հավատարմությամբ, առանց նախանձի, առանց խեթ հայացքի, ասես սեփական բախտը կերտեին։

Եվ սրանք բոլորը, այս հեզահամբույր հերոսները միշտ անխառն հիացումով ու գուրգուրանքով նայեցին Անդրանիկին, անտրտունջ տարան նրա երբեմն անտեղի խստասրտությունը, նույնիսկ քմայքը, որ Անդրանիկի խոշորագույն թերությունն էր։ Գիտեմ, քանի-քանի անգամ Անդրանիկը ջղայնության մի վայրկյանին, դժկամությամբ ասեմ, թե գեշ վրիպումի ապացույցներ տվեց ընկերներին, և սրանք միշտ տարան լռությամբ, նրանց ոչ ոք չքննադատեց։

Ի՞նչ ուներ այս անօրինակ մարդը այս աստիճան մոգական ազդեցություն ներշնչելու համար իր զինակիցներին։

Ու հարցրի մի անգամ Մուրադին, թե ինչո՞վն է Անդրանիկ շեֆ, երբ ինքն ու իր մյուս ընկերները նրանից ոչնչով պակաս չեն։

Հարցս հաճելի չեղավ նրան։

— Ջանըմ, ի՞նչ կհարցնես, ասաց, ան գլխավոր է, չէ՞ մեկը պետք է գլխավոր լիներ, որ մյուսները հնազանդեին, է՜հ, ըշտե ան հարմար եղավ… Հայդե՛, քելա էթանք պտտինք,— վերջացրեց նա վարպետորեն խույս տալով իմ հարցի պատասխանից։ Չգիտեմ, գուցե ինքն ևս այս մասին մտածած չէր։

Օձիքը չթողի։

– Ինչո՞ւ սակայն Անդրանիկը «հարմար եղավ» և ոչ մի ուրիշը ձեզանից,— կրկնեցի հարցս։ Նա ոչ ձեզնից ավելի քաջ է և ոչ…

– Ջա՛նըմ, հա՛մ քաջ է, հա՛մ խելացի,— ընդհատեց ինձ Մուրադը ժպտալով, ամա գինաս, բանը քաջության մեջ չի, Անդրանիկը «աչք ունի», մենք չունինք։

Ժպտալու հերթն իմն էր, արտահայտությունն ինձ համար պարզ չէր։

– Չէ՛, ինչո՞ւ կժպտաս, յա՛, ճշմարիտ կըսեմ, Անդրանիկը աչք ունի, վեպ գրելու համար չէ, տնաշեն, էտիկ քո բանն է, հա , սար ու ձորով կանցնինք խմբով, հրացաննիս ուսերնիս, ու ամեն մեկս իր ճամփան կքալե, իսկ Անդրանիկը ամենքիս ճամփան, մենք անհոգ կերթանք, ան կտեսնի, կդիտի, կպրպտի ամեն քար ու դար, ամեն ժայռ ու բլրակ, դար ու փոս, մացառ ու պուրակ։ Ոչինչ չի վրիպի նրա տեսողությունից։ Եվ ինչ, որ մի անգամ տեսավ, էլ երբեք չի մոռանա, թե նույն ճամփով հետ գալու լինինք կռվով ու նահանջելով, նա հրաշալի գիտե, թե մինչև ո՞ւր պիտի քաշվինք այսինչ բլրին, քարին, սարին, ժայռին, թմբին, դարերին հանդիպելու համար։ Հետո նա գիտե աննման դիրք բռնել թշնամու դեմ և մի անգամ, որ նա մեր տեղերը որոշեց կռվից առաջ, այն ժայռի տակ, այն բլրի հետև, այն պուրակի ծոցում, ապա մենք վստահ ենք, որ դա լավագույնն է։ Արդարև նա երբեք չի սխալվում, ամբողջ օրը կռիվ կանենք և մեր դիրքերը միշտ լավագույնը կմնան, Անդրանիկի հրամանի տակ կռվելը խաղ ու պար է։ Աչք ունի ասում եմ, վերջացրեց Մուբադը, և ըստ սովորության իսկույն անցավ ուրիշ նյութի։

Դժվար էր ավելի հստակ պատկերացնել փորձված բնազդով շեֆը, որ «աչք ունի», այդպես էր ծնված, կռիվն էլ իր «տեսողն» ունի, ինչպես մտքի ասպարեզը, Անդրանիկը «տեսող» էր ծնված, այստեղ էր նրա մեծությունը։

Եվ ռազմական պետի այդ սրատես ու դիտող, պրպտող աչքը ես ինքս առիթ ունեցա մի օր տեսնելու։

Անդրանիկ Ժնև էր 1904 թվի ամռանր, ես օդափոխության էի գնացած զվիցերիական մի գյուղում, ուր և հրավիրեցի նրան մեկ-երկու օրով։ Եկավ, գնացի կայարան ընդունեցի, ապա երկսով միասին ոտքով ճամփա ընկանք դեպի իմ ապրած գյուղը, որ կայարանից կես ժամ տարածության վրա էր գտնվում։ Ճամփան անցնում էր խիտ, դարավոր անտառի միջից։ Բարձրանում էինք զրուցելով, ես նկարագրում էի զվիցերիական պեյզաժի գեղեցկությունը, այդ երկրի քաղաքակրթությունը, կարգ ու սարքը, ճամփաների բարեկարգությունը, ապահովությունը և ժողովրդի վայելչությունը։

Նկարագրում էի հավատացած, որ Անդրանիկը խիստ ուշադրությամբ, անգամ զարմանքով լսում է ինձ։ Նա լուռ քայլում էր ու հանկարծ թևս բռնեց ու կանգ առավ.

– Տեսնո՞ւմ ես այս անտառը, այս հաստ ծառերը, ա՜խ, թե մեր Սասունի անտառները այսպես խիտ լինեին և ծառերն այս աստիճան հաստատուն, մենք անհաղթելի կլինեինք միշտ։

– Չեմ հասկանում,— ասացի։

– Ի՞նչ կա չհասկանալու,— ասաց քրքջալով իմ տգիտության վրա իր արծաթահնչյուն ծիծաղով,— Սասնո ծառերը բարակ են, հետևը չես կարող պաշտպանվել կռիվների ժամանակ, մինչդեռ սրանք, ա՛յ, այսպես,— ու նա անցավ առջևի ծառի հետևը,— կանգնիր, կուրծքդ դեմ տուր ծառի բնին, կրակի, հա կրակի, գիշեր հասավ, մութն ընկավ, անտառի խորքերը քաշվիր, ա՜խ թե Սասնո ծառերը այսպես հաստ լինեին,— վերջացրեց նա հառաչելով։

Եվ այսպես, իմ բոլոր ոգևորված պատմությունները Զվիցերիայի քաղաքակրթության և պեյզաժների գեղեցկության մասին ոչինչ էին Անդրանիկի համար, այս ծառերի հարուցած խոհերի առջև։

Հին, փորձված շեֆի վարժ աչքն էր խոսում, որի մասին այնքան պատկառանքով ու հիացմունքով պատմում էր Մուրադ։

Հախուռն իր մասնավոր կյանքում ու հարաբերությունների մեջ, նա որքան զգուշավոր ու իմաստուն էր ճակատամարտում։ Զինվորները պաշտում էին նրան։ Ռազմական շեֆ էր ծնված Անդրանիկ։