Սլավիկ Չիլոյան. Վլադիմիր Իլյիչ Լենին

(Հատված օրատորիայից)

Գարուն, 1991թ., թիվ 3

 

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Այնտեղ, Արևմուտքում,
Ուր ուղեղներն էին հալվում
Զգացմունքի տվայտանքներին խաբված,
Այստեղ մարդն էր դեռ ննջում
Պաղ քրտինքից մեղսված:
Մինչ դու ելար ու հառնեցիր՝
Բարբառելով.
«Ոչ թե գիշեր, այլ լո՛ւյս, լո՛ւյս:
Լույսերի մեջ պիտի պառկել.
Ո՛չ թե երկնի մահիճներում,
Այլ հենց այստեղ,
Այս ծանր ու մեծ գնդի վրա»:
Այն ժամանակ տաշված ու խեղճ այս աշխարհի
Ուղեղները փոքր թե մեծ,
Փսփսում էին անկյուններում պաղ մթության՝
ՎԼԱԴԻՄԻՐ
ԻԼՅԻՉ
ԼԵՆԻՆ…
Եվ որպեսզի փսփսոցը դառնա մեծ ձայն,
Դու կարդացիր խրախույսը քո ԱՌԱՋԻՆ,
Որը պայթեց ու թափ առած Եվրոպայի
անկյուններից
Տարածվեց լայն տափաստանով Ռուսիայի
«Մթության հետ լույս,
Լույսի մեջ հույս,
Հույսի մեջ վառ մի վայրկյան:
Գիտցե՛ք, մարդիկ, մունջ թքել են
Կույս գիշերվա աչքի մեջ,
Որ պառկած էր մեղմաբար
Աղջամուղջի լույսի հետ,
Մուգ երկնային վերմակում.
Ու ցնորված հմայքից
Այդ դյութական հեշտանքի
Պիտ սթափվել, բայց զգույշ,
Հանկարծ վայրկյանը չանցնի»:
Եվ հասկացան տեարքն արի,
Որ սեռային կամ սիրային այս աշխարհում
Պարպվում էր սին բաժակ:
Դժոխային մարմիններում ցնորված
Ինչի՞ էր պետք անգամ լույսը երկրային,
Երբ դեռ չկար մուրազային,
Երկնային այն տենչը վես,
Որ խառնվում աղբ ու մրի,
Բայց վերանում, խոյանում է հոգեպես:
Ու այդ հոգին
Ծպտված խոր՝ մի բուռ մարդկանց սրտերում…
Ու մինչ դեռ հին զանգն էր հնչում
Ուղեղներում դիվահար,
Դու կարդացիր խրախույսը քո ԵՐԿՐՈՐԴ.
«Եղած զանգերի կեսը
Երկրինն է մսակեր.
Մյուս կեսը՝ ժամանակն ու տարածությունն են
լափել»:
Իսկ մենք երկնին ու երկրին այս ռեալ
Շպրտում ենք երկրորդ «ես»,
Որ հոտ չունի դրախտի լույս վարդի պես:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Հոգեթաթախ զմայլանքով արբեցած
Դեռ նիրհում էին գաղափարները գորշ.
Ըմբոշխնում էին սառ շուրթերով
Մարգարեական դառնությունները համայն…
Երբ պատռվեց երկինքն այս լուրթ,
Կարկառվեց քո հանճարեղ ձեռքը ջղաձիգ,
Եվ քո մատերից ամեն
Շիրիմների կույտի վրա
Գրոհեցին լուսիններ,
Համբուրվեցին համր ու խորունկ
Ֆոսֆորային սառնությամբ:
Իսկ քո միտքը այդ ժամանակ
Բնության ողբն էր երգում:
Ու բախվեցին քո միտքը լայն ու բնություն:
Մինչ այդ եղած ուղեղները խորախորհուրդ բնության՝
Բարբաջել էին,
Թե պայծառ են, իրենք կա՜ն:
Այդտեղ ահա
Կյանք տվեցին Գյոթեի մեծ Ֆաուստին,
Որ մաղձ թափվի երկրի վրա իրական:
Չէին հասկացել,
Որ թշվառ էր կնքել Գյոթեն Ֆաուստին:
Իսկ բնության հետ բախվելիս
Քո մեջ այնժամ ծնվեց խորհուրդ,
Ու կարդացիր խրախույսը քո ԵՐՐՈՐԴ.
«Հարաբերյալ այս կյանքում
Սերը Մարդ է, Մարդն՝ Աստված»:
Սուտ է, սակայն մահվան ծնունդ
Չկա երբեք կրքերի այս քաոսում:
Եվ որպեսզի ճիշտ արարվենք,
Այդ քաոսի բոժոժանքը պիտի լուծենք:
Մահը փաստ է, կյանքը՝ մահ,
Մահկանացուն կյանք է տեսել ակնթարթ,
Ոմանք պղծել, ապականել,
Ահա օրենք, որն իր խամրած աչքերով
Ճշմարտության սրունքներն է շոյում:
Իսկ մենք ունենք գեղեցկություն ներդաշնակ,
Որին գրկենք ու կհամբուրենք սիրով լի,
Ինչպես Գյոթեն Մեդիչիի Վեներային
համբուրեց:

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Ապաշնորհ հեքիաթներ էին թափառում
Չնաշխարհիկ ու հազվագյուտ
Երկրի վրա այս առկախ,
Բաբելոնյան երկնաքերի նման ճիշտ,
Տասնինն դարի աշտարակն էր խորտակվում
Քարի տեղ ջուր, ջրի տեղ քար
Միմյանց տալու պատճառով:
Այս տեսնելով, առաջնո՜րդ մեր,
Մի ընդհանուր լեզու դառար
Համայն մարդկանց բերաններում,
Դարձար համայն լսողություն,
Ու հասկացան մարդիկ միմյանց,
Եվ հեքիաթի նման այն հին,
Ուր դարձել էին կախարդանքով բոլորը՝ քար,
Հոգեդարձի ամենքն եկան
Ու, շարվելով իրար կողքի,
Շարվեշարան բազուկներ պինդ,
Բռնեցին ծեր երկրագնդի
Թեք առանցքից, դուրս քաշեցին,
Բարձրացրին, հողի վրա
Կանգնեցրին, ու հաստատվեց
Աշտարակը մեր այս դարի:
Քսան դարի աշտարակի վերին ծայրից
Դու կարդացիր մեզ խրախույսը քո ՉՈՐՐՈՐԴ,
«Հիշեք, անմեղ ինձ նմաններ,
Երեկոները անհարթ
Հազար շապիկ ունեցող այն մարդուկները,
Ընկած անմիտ ու անհեթեթ՝
Կրծքներս ի վար,
Մեր երազներն էին քամում:
Պարպում էին մեզ կրքի նման:
Բայց հենց այս նոր գլխից դարի,
Պիտի տեսնեք, որ բոլորն էլ
Կկաղկանձեն էգ գայլի պես,
Երբ կսովեն,
Եվ ցավն անտես
Կհետևի մտքի պես»:

Թե ինչ կատարվեց հետո…

«Հոբելյանական հերթափոխը» թևակոխել էր վճռական փուլ, հասել բարձրակետին: Այդ օրերին (1970թ. հունվարի 8-ին) «Սովետական Հայաստան» թերթում հրապարակվեց մի հատված բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի՝ Լենինին նվիրված օրատորիայից:

Վաղ առավոտյան, նոր-նոր էր սկսվել խմբագրության առօրյան, երբ ասես խաղաղ երկնքում ամպրոպ պայթեց: Մի խումբ մոլի լենինյաններ քնաթաթախ վազել էին ՀԿԿ Կենտկոմ, թե հայ-հարայ տեսեք՝ տպագրվել է մեծ առաջնորդին, մեր կարգերը վարկաբեկող հակահեղափոխական բանաստեղծություն: Առանց ժամանակ վատնելու գործի անցավ ապարատը, կազմվեց Կենտկոմի քարտուղարության նախագիծ, որում Ս. Չիլոյանի քերթվածքը բնութագրվում էր գեղարվեստորեն խոտելի, անհեթեթ ստեղծագործություն, նրա տպագրությունը՝ սխալ: Նախատեսվում էր «ի ցույց դնել» խմբագրին և պատասխանատվության ենթարկել մի շարք աշխատակիցների: Հարցի քննարկման ընթացքում, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվեց: Իր կրակոտ ելույթում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը բանաստեղծության տպագրությունը որակեց հանցագործություն և պահանջեց առավելագույն պատիժ՝ մեղավորներին ազատել աշխատանքից և ցրել խմբագրության ղեկավարությանը:

– Եթե այսօր նրանք պասկվիլ են տպել Լենինի դեմ, վաղն էլ մեր դեմ կտպեն, – ահա նրա եզրահանգումը:

Նախագահին ձայնակցեց վարչապետ Բադալ Մուրադյանը, և այդ երկու ելույթներն էլ որոշեցին մեր բախտը: Կենտկոմի քարտուղարները գերադասեցին հրաժարվել իրենց իսկ կազմած որոշման նախագծից: Հնչեց անբեկանելի դատավճիռը՝ աշխատանքից ազատել տողերիս հեղինակին՝ խմբագիր Խաչիկ Հովակիմյանին, խմբագրի տեղակալ Բակուր Անանիկյանին, պատասխանատու քարտուղար Գեորգի Գաբրիելյանին և բաժնի վարիչ Ղարիբ Հայրապետյանին: Մի խումբ աշխատակիցների հայտարարվեց նկատողություն: Բոլորիս համար պարզ էր, որ նման որոշումը հանրապետության տերերին ապահովագրում էր վերևներում հնարավոր անհաճո խոսակցություններից: Անցել է քսան տարի… Շատ բան է փոխվել կյանքում, մարդկանց հայացքներում ու պատկերացումներում: Լրատվական միջոցներն այժմ այնպիսի նյութեր են տպագրում մեր պատմության անցյալի ու ներկայի, հենց Լենինի թույլ տված սխալների մասին, որ առաջ մտքովդ էլ չէր անցնի: Ափսոս, որ Սլավիկ Չիլոյանը չապրեց մինչև մեր օրերը: Վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծը շատ ասելիք ուներ: Նաև՝ մարդկային ազնիվ նկարագիր: Նա ճնշվում էր, որ իր պատճառով տուժել են ուրիշները:

Իմ այն հարցին, թե ինչ առիթով է գրել օրատորիան, նա պատասխանեց. «Նյութական ծանր վիճակում եմ, գրպանս դատարկ, կիսաքաղց եմ ապրում: Չեն տպագրում: Օրատորիան գրել եմ Քրիստոսի մասին, նրա ծննդից առաջ աշխարհում տիրող ահավոր անօրինականությունների, այլասերվածության, գայլային բարքերի, ստոր գործարքների մասին: Ուզում եմ ցույց տալ, որ միայն Քրիստոսի ծննդով և հայտնությամբ կարող է մարդկությունն ազատվել մեղքերից ու կործանումից, երկրի վրա հաստատել արդարություն, սեր, միաբանություն»: Ապա ժպտալով ավելացրեց. «Գիտեի, որ չեք տպագրի, ուստի Քրիստոսի անունը փոխեցի Լենինով»: Ահա և բոլորը:

Խաչիկ Հովակիմյան
«Սովետական Հայաստան» թերթի նախկին խմբագիր