Բոցված մի կյանք քսանամյա

Գարուն, 1991թ., թիվ 3
Աննա Կարապետյան

Փակում եմ աչքերս:

– Չի կարող պատահել: Անհնարին է: Չեմ հավատում: Չեմ հասկանում: Նորից եմ կարդում. «Կարեն Ավետիսյան. ծնվել է 1969-ի հուլիսի 13-ին, Երևանում: 1984-ին ընդունվել է մայրաքաղաքի նո. 10 դպրոցի հայագիտական թեքումով դասարան: Դեռ դպրոցական էր, երբ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Հայաստան» պաշտոնաթերթի համարները բազմացնելու և տարածելու համար 1986-ի ապրիլին հայտնվեց ՊԱԿ-ի շենքում և մինչև զոհվելն էլ անուշադրության չմատնվեց այդ կազմակերպության կողմից: «Վան» ազգագրական խմբի անդամ էր, աշխատակցում էր հուշարձանների պահպանության և վերականգնման վարչությանը:

Բոցված մի կյանք քսանամյա
Բոցված մի կյանք քսանամյա

1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում. Չիրչիկ, Աֆղանստան, Վիլնյուս՝ հատուկ նշանակության դեսանտային ջոկատներում: Զորացրվելուց հետո (նոյեմբեր) մասնակցել է «Նաիրիտի» պիկետին, իսկ 1990-ի հունվարից «Ազգային լեգեոնի» կազմում մասնակցել է Կոռնիձորի, Երասխի, Մեղրու կռիվներին և մարտի 22-ին Վարդան Հովակիմյանի հետ զոհվել Հայաստանի հարավային սահմանի վրա»:

Փակում եմ աչքերս: Չի կարող պատահել: Անհնարին է:

Չեմ հավատում:

Հանդիպել էինք տարիներ առաջ, համալսարանում: Կարենը տասներորդցի էր: Տասնյոթ տարեկան: Ուսանողներով հայ ֆիդայական շարժմանը նվիրված երեկո էինք պատրաստում: Բեմականացված մասերում նա պիտի Անդրանիկ լիներ:

– Էս իմ աստղն ունեմ:

– Որտե՞ղ:

– Երկնքում: Դու էլ ունես, բոլոր մարդիկ ունեն:

– Շուշանիկն ու Դավիթի՞կն էլ:

– Հա:

– Ո՞վ ասեց:

Մաման: Ամբողջ երկրագունդն աստղ ունի երկնքում:

– Երկրագունդն էլ:

– Հա: Չէ, երկրագունդը չէ:

Զրուցողները վեց-յոթ տարեկան են: Կարենին չեն ճանաչում: Երանի իրենց: Գուցե… Գուցե ուրիշ Կարեն է: Իսկ ի՞նչ տարբերություն: Ի՞նչ տարբերություն: ԶԻՆՎՈՐ է: ՆԱՀԱՏԱԿ.

… Վերքիդ թավիշը հոգնած մարմինդ իր մեջ կծածկի. և ստվերը քո, որպես լռություն,

մեր բաց աչքերից անընդհատ պետք է քարի պես կախվի… (Հուսիկ Արա)

Կարեն, դու «հավասարակշռված», «գիտուն» հայրենասեր չէիր, որպեսզի սրճարաններում նստած լուրջ դատողություններ անեիր այս կամ այն դեպքի, սրա կամ նրա մասին: Դու պետք է լինեիր Հայաստանի անհանգիստ սահմաններին, զենքը ձեռքիդ, միշտ մաքուր սափրված (քո ասելով՝ հայդուկն իրավունք չունի տարբերվել ժողովրդից), Եռագույնը կապած ճակատիդ (նույնիսկ հակառակորդը սրանով հեռվից հեռու ճանաչում էր քեզ): Հիշում եմ, ոնց էիր արտասանում. «Ցավին տեր պիտի լինել, ոչ թե գերի»: Դու գնացիր մեր Ցավին տեր լինելու և… նահատակվեցիր: Իսկ նահատակի համար լաց չեն լինում, նրա առաջ գլուխ են խոնարհում ու բռունցքվում: Կարեն, ես գիտեի, գիտեի, որ պիտի հանդիպենք նորից, տարիներ անց: Բայց ես չգիտեի, որ այդ հանդիպումը կլինի խմբագրության իմ սենյակում՝ սեղանիս դրված քո նամակների, բանաստեղծությունների ու քո ժպտացող լուսանկարի հետ…

* * *

«Այսօր երազիս, մամ, քեզ եմ տեսել: Դու զենք ունեիր ձեռքիդ: Չէ, ոչ թե ձեռքիդ, այլ պայուսակիդ մեջ, հետո հանեցիր, տվեցիր ինձ ու համբուրեցիր»:

8.12.87թ. Չիրչիկ

«Մեզ այստեղ վայրենի են դարձնում: Բայց ես իմ հոգին ու խիղճը չեմ կորցրել և չեմ կորցնի երբեք, քանզի ՀԱՅ եմ: Իմ երգերն ինձ թույլ չեն տա կորցնել իմ խիղճը: Մի վախեցեք, կգնամ Աֆղան, մեկ է ես մեռնող պտուղը չեմ»:

4.03.88թ. Չիրչիկ

«…Երկու օր հետո ես նորից կլինեմ օդում՝ 1200 մետր բարձրության վրա և ԻԼ-76-ից կնայեմ երկրին: Երբ բացվեն ինքնաթիռի դռները, ես չեմ դիմանա ալյումինե թռչունի մեջ և ինձ կնետեմ դուրս, քանզի երկինքն է ինձ միշտ կանչում, և իմ այդ խելագար թռիչքին ինձ մահից կփրկի իմ ճերմակ օդապարիկը»:

31.03.88թ. Չիրչիկ

«Ինձ հիացրեց և նոր ուժ տվեց ժողովրդիս միահամուռ ճիչը, որ այսքան տարիներ կուտակվել էր կապանքված հոգում: Ես կարծում եմ, որ ատամի արմատները չեն կարող հանել, քանի որ նրանք դարավոր կաղնու արմատների պես խորն են և հուժկու:

Դու ճիշտ ես այն հարցում, որ գազանին, որը քեզ մահ է բերել, պետք է մահով պատասխանես: Չեմ ուզում լրիվ գազան դառնալ: Այդ դեպքում ես կկորցնեմ իմ ազգային հոգին և կդառնամ ենիչերի, իսկ ես որբ չեմ և անհայրենիք…

Մի նամակ կա մոտս, որ գրել է ծանոթներիցս մեկը, որը հիմա ծառայում է Սումգայիթում: Տանկիստ է: Նրա նամակը ինձ ցնցեց, իսկ մեր տղաները (հայերը) մի տեսակ ծերացան: Հետո խոցված գազանի նման անկարողությունից… Հովիկը լացում էր, իսկ ես սառել, մնացել էի…»:

22.04.88թ. Չիրչիկ

«Աֆղանստանից վերադարձա երկու օր առաջ: Ծնունդս անցավ շատ լավ, բայց շան տղի դուշմանները ռմբակոծեցին մեզ, ոնց որ իմ պատվին «սալյուտ» տային: Մինչև հիմա ծիծաղս գալիս է բախտիս վրա. մարդ էլ այս օրերին իր ծնունդը նշի ռումբերի շաչյունի տակ: Բախտ չկա, բայց կա հավատ բախտին հասնելու»:

11.08.88թ. Վիլնյուս

«Պլաններս շատ մեծ են ու ծանրակշիռ, հիմա կանգնած եմ երկու կրակի առաջ՝ տալ պատմական, թե իրավաբանականի քրեական բաժինը, չգիտեմ ինչու Աֆղանից հետո ինձ ձգում է քրեական հետախուզությունում աշխատելը, բայց պարտքս իմ ժողովրդի հանդեպ ինձ ուրիշ քայլի է ուղղում՝ լինել պատմաբան-հնագետ:

Երեկ երազիս իմ վերջին կռիվը տեսա Աֆղանում, զարթնեցի ու կատաղությունից մի քանի հոգու զարթնեցնելով մի քիչ «շոյեցի»: Սմբոն հանգստացրեց ու երգեց: Սիրտս թռավ, ու երգեցի կարոտագին ու հույսով, որ մի լավ օր նորից կերգեմ Հայոց աշխարհում»:

18.10.88թ. Վիլնյուս

«… Ես միայն ուղեղի ցնցում էի ստացել, որն ուրիշ բառով է կոչվում, բայց դու հանգիստ եղիր և մի անհանգստանա: Ես խնդրում եմ, մի տարածեք, որ ես վիրավոր եմ եղել, պետք չի:

Լիա ջան, բա ասում էիր Արմինեի նկարը կուղարկեմ: Բա ուր է, ուղարկիր, տեսնենք մեր անուշ մաման ում է այդքան հավանել: Գուցե մենք էլ հավանենք»:

8.11.88թ. Վիլնյուս

«Երևանում ուժեղ ցույցեր են, իսկ ես այստեղ եմ. սիրտս կտոր-կտոր է լինում: Դրսում -30 աստիճանից ավելի է: Ուզում եմ նամակս շարունակել, բայց քունս տանում է: Հ.Գ. Նամակներս պահեք, հետո միասին կկարդանք, կհիշենք»:

3.12.88թ. Ալակուրտտի

«Այո, Ղարաբաղը մերն է, բայց այս պահին, երբ երկնային պատիժը մեզ պատժեց չարաչար, չի կարելի գոռալ ու պահանջել Ղարաբաղ: Ես սկսում եմ ատել իմ ժողովրդի հիմար վարմունքը:

Հայ զինվորը գլուխը կորցրած մտածում է ինչ անի իր ժողովրդի համար, իսկ հայրենիքում Ղարաբաղ են ուզում և օգնելու փոխարեն կողոպտում մեռած հայերին:

… Սիրելիներս, գուցե շատ չար ստացվեց նամակս, կներեք»:

18.12.88թ. Վիլնյուս

(Ընկերներին)

«Բարի առավոտ ձեզ, իմ քույրիկ և եղբայրիկ: Կներեք, որ այս ուշ ժամին անհանգստացնում եմ ձեր անուշ քունը: Այստեղ իսկական գարուն է, բայց գարնանային անուշ հոտը չկա, այդպիսի քաղցր ու անուշ հոտ միայն մեր աշխարհում կա Լեռնային: Մեկ-մեկ երգեր եմ գրում, ավելի շուտ մտմտում, բայց չեմ հասցնում ձայնագրել, ու գնում-կորում է: Կատարյալ ապուշ վիճակ է: Ամեն ինչ նույնն է, միայն կա ժամանակի ու եղանակի փոփոխություն: Նամակս մի քիչ այն չստացվեց, բայց ոչինչ, այսպիսի հիմար ու տխուր նամակներ էլ են լինում, մթնոլորտից ու տեղանքներից է կախված…

Հ.Գ. Կներեք, մի քիչ գինովցած եմ…»:

29.03.89թ. Վիլնյուս 3-ն անց 45. (գիշեր)

«… Ինչու արձակուրդիցս հետո ոչ մի տող չեք գրում…

… Կներեք, որ զբաղեցրի իմ նամակով Ձեր փոստարկղն ու Ձեր թանկագին ժամանակը, որ Դուք տրամադրեցիք նամակիս ընթերցմանը…

ՄՆԱՔ ԲԱՐՈՎ…»: