Լուսավոր շառավիղներ

Գարուն, 1983թ., թիվ 3
Վլադիմիր Ալեքսանյան

Հայ հասարակական-քաղաքական կյանքի տարեգրության մեջ պայծառ օրինակ է Արծրունիների գերդաստանի պատմությունը, որի էջերը լի են խորաթափանց մտքերով, գիտական ակնառու հայտնագործություններով, ազգաշահ ծառայությունների ու նվիրումի օրինակներով։ 1813 թվականին էր, որ Կովկասի կառավարչապետ գեներալ Ռիտիշչևին ներկայացավ պատկառազդու արտաքինով մի հայ և խնդրեց թույլատրել իրեն` ռուսական հպատակություն ընդունել և տեղափոխվել Թիֆլիս։ Այդ պատկառելի մարդը վանեցի Գևորգ աղա Երան-Արծրունին էր, որն իր խելքով, դիրքով, ազդեցությամբ արևմտահայության աչքի ընկնող անձնավորություններից էր։ Որոշակիորեն հայտնի չէ, թե ինչը դրդեց Գևորգ Արծրունուն՝ դիմելու տեղահանության անսպասելի քայլին։ Հազիվ թե անձնական անբավականությունը լիներ պատճառը։ «Դարսատան խրատուց» գրքում նա իր մասին գրել է.

artsruniner-1

Էր ինձ նեղություն, փորձանք բազմագին,
Ի հայրենիս իմ ընդ իս անցք անցին,
Զինչ օգուտ էր ինձ սիրել զհայրենին,
Յումպետս վատնել զքանքար շնորհին։

Դժվար չէ կռահել, որ ապագայի նեղությունն ու փորձանքը նա սպասում էր թուրքական կառավարությունից, որը հենց 10-րդ դարի սկզբներին էլ անբարյացակամորեն էր տրամադրված հայերի, մանավանդ ազդեցիկ և մեծ հարստության տեր մարդկանց նկատմամբ։ Հակառակ դեպքում իրեն Արծրունյաց թագավորներին պայազատ և հետնորդ համարող Գևորգը, հազիվ թե իր բարի կամքով թողներ Արծրունյաց զարմանահրաշ աշխարհը։

Հեռատես Ռիտիշչևը, տեղեկանալով Գևորգ Արծրունու անցյալին, իմանալով նրա հարստության և անձնական հատկությունների մասին, հովանավորում և աջակցում է։ Նույն՝ 1813 թ. Արծրունիների գերդաստանը տեղափոխվում է Թիֆլիս: Գ. Արծրունին պարտք համարեց իր սերունդների համար ապահովել իրենց տոհմական ծագման արտոնությունները և տոհմագրությունը ռուսերեն լեզվով ներկայացնել Կովկասի գեներալ–կառավարչին։ Ցուցակը երկար էր. Վասպուրականի Արծրունյաց տոհմը, որի մասին հիշատակում է պատմահայր Մ. Խորենացին, ինչպես նաև տոհմի առաջին թագավոր Սենեքերիմի անունը, ապա և 1530 թ. սկսվող մինչև 19-րդ դարի վերջը հիշատակվող անունները… նշենք, որ Գ. Արծրունին հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի ռուսական տերությունը հաստատի Արծրունիների ժառանգական ազնվականությունը և իրեն շնորհի իշխանական տիտղոս։ Չնայած Կովկասի գեներալ–կառավարիչ Ռիտիշչևի գործադրած ջանքերին, Պետերբուրգի ««Գերոլդիա» ատյանը չի հաստատում Վանի Երեմիա կաթողիկոսի ու հոգևոր ժողովի, ինչպես նաև Վասպուրականի բարձրաստիճան հոգևորական և աշխարհիկ անձանց միջնորդություններն ու ստորագրությունները, պատճառաբանելով, որ ազնվականությունն ապացուցող վկայությունները պետք է տրված լինեն միայն համապատասխան տերությունների կողմից։ Եվ որովհետև Արծրունին հրաժարվեց Օսմանյան կառավարության միջնորդությունը խնդրել, հետևապես մերժվեց նրան ազնվականական տիտղոս շնորհելու պահանջը։ Այսուհանդերձ, Գ. Արծրունին չվհատվեց, նա շարունակեց իր եռանդուն գործունեությունը Թիֆլիսում, ուր կառուցեց և նկարազարդել տվեց բազմաթիվ շինություններ, Հոլանդիայամ, ուր հիմնեց տպարան և ընծայեց տեղի հայոց ուսումնարանին։ Դրանցից բացի նա առևտրական հարաբերություններ սկսեց Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների հետ, զգալի ավանդ ներդնելով և շահ բերելով ռուսական կայսրության առևտրական բորսաներին։ Այս ամենը նկատի ունենալով, Կովկասի նոր կառավարչապետ գեներալ Երմոլովը 1820 թ. հունիսի 8-ին զեկուցագիր է ներկայացնում ռուսական կայսերը, որտեղ մանրամասնորեն շարադրում է Արծրունյաց տոհմի պատմությանը, Հայաստանին և օսմանյան կառավարությանը նրանց բերած մեծ նպաստը, ինչպես նաև տոհմի դիրքն ու ազդեցությունը, որ լայն ճանաչում անի Վանում, Կովկասում և Եվրոպական շատ պետություններում։ Հարգելով գեներալ Երմոլովի միջնորդությունը, Ալեքսանդր II կայսրը հաստատում է Գևորգ Արծրունու ժառանգական ազնվականությունը և հանձնարարում այդ մասին հրովարտակ տալ։

artsruniner-2Այժմ մի քանի տեղեկություններ Արծրունիների տոհմի այս ձեռներեց և ազդեցիկ ներկայացուցչի մասին։ Գևորգ Արծրունին ծնվել է Վան քաղաքում, 1771 թ.։ Նա սկզբում մտադիր էր կուսակրոն դառնալ և մտնել Աղթամարի վանքը, սակայն հանդիպելով, ծնողների դիմադրությանը, քսան տարեկան հասակում ամուսնանում է, ցանկանալով իրագործել իր մեկ այլ՝ Աղթամար վանքում տպարան բացելու մտադրությունը։ Սակայն հոր մահը խանգարում է նրան, ստիպված էր շարունակել հոր առևտրական գործերը։ Եվ ահա 1813 թ. նա, ինչպես ասացինք, տեղափոխվեց Թիֆլիս, ուր կարճ ժամանակում արժանացավ տեղի թե հայ և թե վրաց համայնքների համակրանքին։ Արծրունու մասին ահա թե ինչ է գրել ժամանակակից վրաց հայտնի պետական գործիչ Ա. Գելաշվիլին. «Նա հանդարտ ու տիրակալ հոգով մարդ էր։ Փողոցով անցնելիս ամենքը ոտքի էին կանգնում և ձեռքերը կրծքին տանելով, ողջունում»։

Երբ Կովկասի կառավարչապետ Երմոլովը մտավ Թիֆլիս, քաղաքն ավերված ու քարուքանդ էր։ Գ. Արծրունին մեծ ձեռներեցություն ցուցաբերեց այն վերաշինելու, վերացնելու հատկապես աղա Մահմուդ խանի 1795 թ. արշավանքի ավերածությունների հետքերը։ Այսպիսի անսովոր չափերի հասնող գործնականության համար, հասկանալի է, թե որքան համակրություն պիտի վայելեր գեներալ Երմոլովից։ Այս նպատակով տարբեր մարդկանց ներդրած նպաստներից ամենամեծը, տասնապատիկ անգամ շատը Գ. Արծրունու հատկացումներն ու նվիրատվություններն էին։

19-րդ դարի առաջին կեսին Թիֆլիսի աչքի ընկնող շինությունները եղել են Արծրունու միջոցներով կառուցված Ներսիսյան դպրոցը և Սիոնի քարվանսարան՝ իր խանութներով և իջևանատներով։

1816 թվականի վերջերին Գ. Արծրունին առևտրական գործերով մեկնեց արտասահման։ Այնտեղ նա իմացավ, որ Ամստերդամի հայոց եկեղեցում պահպանվում է տակավին 18-րդ դարում հիմնադրված հայկական տպարան՝ իր բոլոր պարագաներով։ Արծրունու մեջ միտք հղացավ տպարանը տեղափոխել Թիֆլիս և նվիրաբերել հայ համայնքին։

Նրա այս մեծ առաքելությանը և անսովոր ընծայաբերությունը նրան սերտորեն կապեցին Ն. Աշտարակեցու հետ, որի կարգադրությամբ էլ նվիրատվությունը կոչվեց «Տպարան Ուսումնարանի Հայոց ընծայեցելոյ յազնուական Գէորգայ Երեմեան Արծրունւոյ»։

Ագրիպինա Արծրունի
Ագրիպինա Արծրունի

Գրավոր հիշատակությունների համաձայն, եթե հաշվի չառնենք ժամանակի զինվորական վարչության այն չափազանց փոքր տպարանը, որ ծառայում էր պաշտոնական գրություններ տպագրելու նպատակին, Ներսիսյան դպրոցին ընծայված այս տպարանը առաջինն էր Թիֆլիսում։

1829 թ. Ն. Աշտարակեցին նշանակվեց Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ և տեղափոխվեց այնտեղ, իսկ Ներսիսյան դպրոցն էլ նյութական ծանր պայմանների պատճառով, մնաց անխնամ, կանգնեց փակվելու վտանգի առջև։ Գ. Արծրունին հաճությամբ հանձն առավ թե ուսումնարանի տնօրենի պարտականությունը և թե դպրոցի, ուսուցիչների ու մյուս բոլոր աշխատակիցների վարձատրության ծախսերը։

Այսպես մեծ բարերարի նման ապրեց և ազգային բազմաթիվ կարևոր խնդիրների լուծմանը սատար եղավ Արծրանյաց պայծառանուն տոհմի շառավիղներից մեկը՝ Գևորգ Արծրունին և 1830 թ. Թիֆլիսում բռնկված խոլերայից ծանր հիվանդանալով՝ կնքեց իր մահկանացուն, չհասցնելով կտակ թողնել իր միակ որդան՝ Երեմիային, որը նույն ժամանակ ռուսական դեսպան Դոլգորուկովի հետ գտնվում էր Թեհրանում։

Գրիգոր Արծրունին գիմնազիստ
Գրիգոր Արծրունին գիմնազիստ

Երեմիա Արծրունին ծնվել է 1804-ին, Վան քաղաքում։ Ինը տարեկան էր, երբ ծնողների հետ տեղափոխվեց Թիֆլիս։ Նա սովորեց նախ տեղի «Ազնվականաց», ապա՝ Պետերբուրգի զինվորական ուսումնարաններում։ 1823 թ. 19 տարեկան Երեմիան մտավ Լեյբ–գվարդիայի Ուլանսկի հեծելագունդը՝ յունկերի աստիճանով։ 1826-ին նրան շնորհվեց կոռնետի կոչում (հեծելազորային սպայի առաջին աստիճան) և վերադարձավ Թիֆլիս` հայրական օջախ։ Երիտասարդ զինվորականը ակտիվորեն մասնակցեց 1826—1828 թթ. ռուս-պարսկական պատերազմին և քաջաբար մարտնչեց Աբաս-աբադի, Սարդար ֆառաշի դեմ՝ Երևանի ազատագրության ժամանակ։ 1828թ. Ռուսաստանի Դանուբյան բանակում ստացավ պորուչիկի աստիճան։ Այնուհետև 1829 թ. իշխան Դոլգորուկովի հետ մեկնեց Թեհրան, ուր Դեյկար խանի և Թուրքմենչայի դաշնագրությունների ժամանակ նկատելի դեր խաղաց ռուսական պետության սահմանների ընդարձակման գործում։

1830 թ. հոր մահվան կապակցությամբ, Երեմիան վերադարձավ Թիֆլիս, մեկ տարի անց նշանակվեց Առանձին հանձնարարությունների պաշտոնյա՝ Կովկասի կառավարչապետ Ի. Պասկևիչի մոտ։ 1835 թ. Երեմիա Արծրունուն շնորհվեց ռոտմիստրի, իսկ հետո փոխգնդապետի աստիճան, հետագայում նա ծառայության անցավ ֆինանսների մինիստրությունում… 1861 թ. նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում, 1864 թ. նա վերջնականապես դուրս եկավ զինվորական ծառայությունից և վերստին սկսեց վարել իր մասնավոր գործերը։

Երեմիա Արծրունու հայրը՝ Գևորգ աղա Արծրունին
Երեմիա Արծրունու հայրը՝ Գևորգ աղա Արծրունին

Երեմիա Արծրունին բազմակողմանի զարգացած մարդ էր, զինվորական գործի մեջ չափազանց հմուտ, լավատեղյակ Ռուսաստանի, Կովկասի, Պարսկաստանի և Թուրքիայի հասարակական-քաղաքական կացությանը, առևտրական գործունեությանը, հայ ժողովրդի անցյալի և ներկայի պատմությանը։ Հայերենից և ռուսերենից բացի հիանալի տիրապետում էր ֆրանսերենին, պարսկերենին, թուրքերենին։ Ե. Արծրունին փառավորապես ուսումնասիրել էր Ռուսաստանի՝ Արևելքի երկրների հետ ունեցած առևտրական հարաբերությունները։ Նա հանդես էր եկել բազմաթիվ համարձակ առաջարկություններով՝ առևտրական հարաբերությունները հօգուտ Ռուսաստանի և մասնավորապես հօգուտ Կովկասի ու հայերի շահերին ծառայեցնելու համար։ Այսպես, օրինակ՝ ուսումնասիրելով ռուս-պարսկական և պարսկա– հնդկական առևտրական հարաբերությունները, 1872 թ. ապրիլի 28-ին Թիֆլիսի ռուսական տեխնիկական ընկերության դահլիճում նա զեկուցում կարդաց «Հնդկաստան գնալիք երկաթուղու խնդիրը» թեմայով, որով համարձակորեն առաջ էր քաշում անդրկովկապան երկաթուղին Պարսկաստանի վրայով մինչև Հնդկաստան հասցնելու և Անգլիայի ձեռքից նրա օգուտները խլելու խնդիրը։ Դրանով նա ապացուցեց, որ իր երկարատև լռության ժամանակ էլ հետաքրքրվել է Ռուսաստանի, Կովկասի հոգսերով, նրա տնտեսական բարգավաճման խնդիրներով։ Ե. Արծրունու հոգսերից ամենագլխավորը հայության և, մասնավորապես, արևմտահայության վիճակի բարելավումն էր։ Նրան մտատանջություն են պատճառում հայոց դպրոցների, հասարակական կազմակերպությունների, եկեղեցական հիմնարկների վիճակը, նրանց հոգսն ու կարիքը։ Նրա մեջ միտք է ծագում հանգանակություն կազմակերպել և օգնել Վարագա վանքի դպրոցին։ Այդ նպատակով ինքը՝ գեներալ Ե. Արծրունին, մի խոշոր գումար է տրամադրում և հորդորում մյուսներին՝ շարունակելու հանգանակությունը։

Ե. Արծրունին առանձնահատուկ սեր և հոգածություն էր ցուցաբերում Ներսիսյան դպրոցի նկատմամբ։ Նա աշխատում էր հայտնաբերել շնորհալի և ընդունակ երիտասարդների ու տեղավորել Ներսիսյան դպրոցում։ Օգնում էր կարիքավորներին` նվիրատվության պատրվակով բարձր նպաստ, հագուստ, գրենական պիտույքներ տրամադրելով նրանց։ Իսկ երբ 1867 թ. գեներալ Ե. Արծրունին ընտրվեց Թիֆլիսի քաղաքագլուխ, հայ հասարակական ու կրթադաստիարակչական, հրատարակչական օջախների, մասնավորապես Ներսիսյան դպրոցի հանդեպ ցուցաբերեց ավելի մեծ հոգածություն և ավելի մոտիկ կանգնեց հայ մտավորականությանը։ Ե. Արծրունին երկար չմնաց Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնում, հիվանդության պատճառով հեռացավ ու զբաղվեց հայրենական կալվածքների վերահսկողությամբ։ Նա վերջնականապես վերանորոգեց իր հոր՝ Գ. Արծրունու կառուցած Սիոնի քարվանսարան, որը հրո ճարակ էր դարձել և ավերվել 1855 թ.։

Գեներալ Երեմիա Արծրունին
Գեներալ Երեմիա Արծրունին

Կյանքի վերջին տարիներին Ե. Արծրունին տարվել էր ընթերցանությամբ, մտադիր էր գրելու «Զինվորական հուշեր» գիրքը, սակայն վերահաս մահը 1877 թ. նոյեմբերի 15-ին կտրեց նրա կյանքի թելը: Նա թաղվեց Թիֆլիսի Վերայի գերեգմանատանը, ուր այդ օրը, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար։ Նրա հուղարկավորությանն էին եկել ամբողջ հայ համայնքը, վրացիներ, մեգրելներ, աբխազներ, տեղական և ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներ։

Երեմիա Արծրունին 37 տարեկանում ամուսնացել էր տեղի հայազգի իշխան Դավիթ Նազարյանցի դստեր՝ Ագրիպինայի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել են ութ զավակներ` երեք աղջիկ և հինգ տղա: Տղաներից ավագը Գևորգն էր, որ հասած լինելով գվարդիայի սպայի աստիճանի, մեռավ երիտասարդ հասակում: Նայն վախճանն ունեցավ նրանցից փոքրը՝ Սարգիսը։ Ե. Արծրունու զավակներից կենդանի էին միայն երկուսը՝ Գրիգորը և Անդրեասը։

Արծրունիների տոհմի վերջին շառավիղներից հատկապես աչքի ընկավ ականավոր հրապարակախոս, գրական–հասարակական ակտիվ գործիչ Գրիգոր Երեմիայի Արծրունին։ Սկզբնական կրթությանը ստանալով ընտանիքում, մասնավոր ուսուցիչների միջոցով, նա, այնուհետև, 1858 թ. 18 տարեկան հասակում մտնում է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, որը ավարտելով, 1868 թ. մեկնում է Մոսկվա և ընդունվում տեղի համալսարանը։ Այնուհետև նա տեղափոխվում է Պետերբուրգի համալսարանը, ուր ուսանում է մինչև 1867 թ.։ Նույն թվականին Գր. Արծրունին ընդունվում է Հայդելբերգի համալսարանլ, որն ավարտում է 1870 թ.։ Բացառիկ ընդունակությունների, բարձր առաջադիմության և խոր գիտելիքների համար նրան շնորհվում է քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Մայրենի լեզվի մեջ կատարելագործվելու նպատակով Գր. Արծրունին 1869 թ. մեկնում է Վիեննա, ապա Վենետիկ, ուր երկու տարի Մխիթաչյանների մոտ դասեր առնելուց հետո վերադառնում է Թիֆլիս։ Այստեղ նա պաշտոնավարում է Գայանյան օրիորդաց դպրոցում՝ որպես հասարակագիտական առարկաների ուսուցիչ: Թիֆլիս վերադառնալուց հետո Գր. Արծրունին ամբողջովին նվիրվում է գիտությանը։ Նա բազմաթիվ հոդվածներ է գրում սոցիալ-տնտեսական և առևտրական հարաբերությունների, շահույթի, ինչպես նաև փիլիսոփայության կարևորագույն մի շարք խնդիրների վերաբերյալ որոնք հրատարակվում են «Մեղու Հայաստանի», «Հայկական աշխարհ» և այլ թերթերում ու ամսագրերում։ Սակայն ազգաշահ գործունեության և գիտական առավել կարևոր հետազոտությունների համար հարկավոր էր սեփական տպագիր օրգան, որը դառնար ազգի հոգսերի կարեկիցը, խորհրդականը, նրա հոգևոր կյանքի մշակը։ Եվ Գր. Արծրունուն հաջողվեց իրականացնել իր մտադրությունը։ 1872 թ. լույս աշխարհ եկավ «Մշակ» թերթի անդրանիկ համարը, որի տնօրենն ու խմբագիրն էր ինքը՝ մինչև մահ։

Գր. Արծրունուն խորապես մտահոգում էր հայ գյուղացիական համայնքի քայքայումը, երկրագործների զանգվածային հոսքը քաղաք, որը կանխելու նպատակով նա առաջարկում է ստեղծել «գյուղական փոխատու ընկերություններ», «հասարակական շտեմարաններ» և «փոխադարձ օգնության միություններ»։ Դրանց օգնությամբ, նրա կարծիքով, թե գյուղացիական համայնքի քայքայման պրոցեսը կկասեցվեր և թե գյուղացիությունը կապրեր բարեկեցիկ։ Գր. Արծրունու՝ բուրժուական լիբերիալիզմի և լուսավորչական այս գաղափարախոսություններից էին բխում նաև նրա առաջ քաշած մի շարք այլ պահանջները՝ մամուլի, խղճի, ժողովների ազատություն, աշխատանքի և վաստակի պետական վերահսկողություն և կարգավորում, բանվորների բնակարանային, կուլտուր–կենցաղային պայմանների բարելավում, ազգային լուսավորություն և առևտրական հարաբերությունների զարգացում… Նա սկզբունքորեն դեմ էր «այրունահեղություն բորբոքող» հեղափոխական պայքարին։ Մերժելով հասարակությանը հեղափոխական ճանապարհով վերափոխելու ամեն մի գաղափար, դեմ լինելով այդ գաղափարի տեսական սկզբունքներին, Գր. Արծրունին առաջ է քաշում իր գաղափարը, իր թեզը, այսպես կոչված «անձաքննության» կամ «ինքնաքննության» գաղափարը, որի էությանը պայմանավորված էր բարժուական ժամանակակից գիտությունների կողմից առաջադրվող պահանջներով, այն է՝ կորչեն դաստիարակության հնացած ձևերն ու մեթոդները։ Գր. Արծրունին առաջ է քաշում մի ծրագիր, որի պահանջներն են՝ նոր մարդու դաստիարակության նոր ձևերի հայտնաբերումը, տղաների և աղջիկների համատեղ ուսուցումը, ազատ կրթությունը և այլն։

Հավատարիմ Արծրունիների տոհմի ռուսական կողմնորոշմանը, նա ևս այդ ուղին էր համարում ազատագրության միակ ճիշտ ճանապարհը։ Նրա հաստատ համոզմամբ արևմտահայությունը ևս կարող էր ազատվել թուրքական բռնատիրությունից՝ ռուսների հետ զինակցելու դեպքում։ Իր այս գաղափարները Գր. Արծրունին արտահայտել է մի շարք հրապարակախոսական հոդվածներում։ Դրանցից բացի նա գրել է նաև գրականագիտական (ռոմանտիզմի և ռեալիզմի տեսությանը վերաբերող) մի շարք ծավալուն հոդվածներ, հուշագրական–ուղեգրական բնույթի գործեր և «Էվելինա» վեպը (1891թ.)» որոնք ստորագրել է Նիոբե, Ասիացի, է. Շատիրավացի, Գ. Վասպուրականցի, Վանեցի և այլ կեղծանուններով։

Գր. Արծրունին՝ հայ հրապարակախոսության կարկառուն դեմքերից մեկն ու երևելի հասարակական գործիչն իր մահկանացուն կնքեց 47 տարեկան հասակում, երբ դեռ նոր էին գործունեության ոլորտներն ընդլայնվում, երբ ազգը տակավին մեծ սպասելիքներ ուներ նրանից։ 1892 թ. դեկտեմբերի 17-ի օրը երկար մնաց Թիֆլիսի հասարակության հիշողության մեջ։ Չնայած ցուրտ եղանակին. Արծրունիների հայրական կալվածքում և նրա շրջապատում ասեղ գցելու տեղ չկար: Ողջ Թիֆլիսը եկել էր հրաժեշտ տալու իր մեծ հայրենակցին։ Թափորը մինչև Խոջիվանքի գերեզմանոց ձգվում էր մի քանի կիլոմետր երկարությամբ։ Րաֆֆու թաղումից հետո Թիֆլիսն այդպիսի հուղարկավորություն չէր տեսել։ Արծրունիների գերդաստանի վերջին շառավիղը Անդրեաս Արծրունին էր, որը, ինչպես նաև նրա ավագ եղբայրը՝ Գրիգոր Արծրունին, կյանքից հեռացավ անժառանգ։ Նրանցով էլ վերջացավ Արծրունիների նշանավոր տոհմի պատմությունը։

Ա. Արծրունին ծնվել է Մոսկվայում, 1847 թ. նոյեմբերի 11-ին։ Թիֆլիսում գիմնազիան ավարտելուց հետո, 1860 թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է նախ՝ Դորպատի, ապա Հայդելբերգի համալսարաններում։ 1871 թ., համալսարանն ավարտելուց հետո, նրան շնորհվում է քիմիայի դոկտորի աստիճան։ Նույն թվականին նա տեղափոխվում է Թիֆլիս և մինչև 1875 թ. ընդմիջումներով ապրում հայրական կալվածքում։ Այս տարիներին նա զբաղվում է մանկավարժական գործունեությամբ և, միառժամանակ, ուսումնասիրում Անդրկովկասի (այդ թվում նաև Լոռու) երկրաբանական կաոուցվածքը, հետազոտում հանքավայրերը և բնական հարստությունների պաշարները։ Նրան մասնավորապես զբաղեցրել են Անդրկովկասի քիմիական արդյունաբերությունը և նրա զարգացման հեռանկարները։ Ա. Արծրունին 1877 թ. հրավեր է ստանում Բեռլինի համալսարանից, ուր և զբաղեցնում է պրիվատ դոցենտի, իսկ 1880 թվականից նաև երկրաբանության թանգարանի տնօրենի պաշտոնները։

1883 թ. տեղափոխվում է Բրեսլավլ, որտեղ ստանձնում է տեղի համալսարանի էքստրաօրդինատ–պրոֆեսորի, իսկ 1884 թ. Ախենի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորի և երկրաբանության ամբիոնի վարիչի ու դեկանի պաշտոնները։

Ա. Արծրունին, բազմակողմանիորեն զարգացած մտավորական էր։ Նա հիանալի գիտեր հայ ժողովրդի պատմությունը, լավատեղյակ էր գրականությանն ու մամուլին։ Եվ պատահական չէ, որ ավագ եղբոր՝ Գր. Արծրունու մահից հետո, 1892—1898 թթ. նա դարձավ «Մշակ» թերթի անվանական խմբագիրը (փաստական խմբագիրն այդ տարիներին Ալ. Քալանթարն էր)։ «Մշակի» տնօրինության տարիներին, Ա. Արծրունին թերթի էջերում հանդես եկավ ազգային գիտության, մասնավորապես բնական և տեխնիկական գիտությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև այդ գիտությունների բնագավառում իր ձեռք բերած մի շարք նոր տվյալների վերաբերյալ արժեքավոր հոդվածներով։ Այս ամենին զուգընթաց Ա. Արծրունին 1880—1890 թթ. գիտական մի շարք արշավախմբեր է կազմակերպում դեպի Ուրալ, Կովկաս, Հայաստանի լեռնային շրջանները, եվրոպական մի շարք երկրներ։ Հանքաբանական–հետազոտական նպատակներով նա ճամփորդում է Չիլիում, Եգիպտոսում, Բրիտանական Գվինեայում և այլուր։ Երկրաբանական-հնէաբանական հետազոտությունների, հանքավայրերի ու օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով Ա. Արծրունին երեք անգամ (1873—1875 և 1892—1899 թթ.) մեծ արշավախմբով եղել է Հայաստանում։ 1894 թ. նա բարձրացել է Փոքր Մասիսի գագաթը և առաջին անգամ իջել հանգած հրաբխի խառնարանը։ Իր հետազոտությունների ընթացքում ձեռք բերած գիտական նոր ու արժեքավոր տվյալների համաձայն, նա հերքեց գերմանացի երկրաբան–գիտնականներ Համբոլդտի և Աբիխի այն տեսությանը, որի համաձայն, իբրև թե, Հայաստանում տեղի ունեցած հրաբուխները ուղղաձիգ տեղադիրք անեն։ Նա հետազոտեց Վանա լճի և շրջակա միջավայրի երկրաբանական կառուցվածքը, Աղվերանի մարմարի և Լոռվա պղնձի հանքավայրերը, կանխատեսեց Հայաստանի մի շարք հանքաջրերի և առողջարանների, մասնավորապես Սևանի, Դիլիջանի ու Կիրովականի (նախկին Ղարաքիլիսայի) ապագան և նրանց բուժական առողջական նշանակությունը։ Նրա ջանքերով Անդրկովկասում հայտնաբերվել են ոսկու, արծաթի, կոբալտի, ծծմբի, մարմարի և շինանյութերի մի շարք հանքավայրեր։ Հիմնադրելով Թիֆլիսի Կովկասյան թանգարանի երկրաբանական–հանքաբանական բաժինը, նա, մինչև կյանքի վերջը, այն հարստացրեց գիտական արշավների ընթացքում ձեռք բերած նյութերով, որոնց մեջ հատկապես աչքի էր ընկնում Զանգեզուրի հանքավայրերից մեկում հայտնաբերված կվարցի ոսկեպատ մի հազվագյուտ կտոր։

Աշխարհահռչակ գիտնականի 500-ի հասնող աշխատություններից մոտ 60-ը նվիրված են երկրաբանական և քիմիական (երկրաքիմիա, բյուրեղաքիմիա, միներալոգիա, պետրոգրաֆիա) գիտություններին։ Դրանցից բացի Ա. Արծրունին զբաղվել է նաև տնտեսագիտությամբ, փիլիսոփայությամբ, ազգագրությամբ ու գրականությամբ։

Ա. Արծրունին բարեկամական սերտ կապեր է անեցել Ֆ. Նանսենի, Վ. Բրյուսովի, Ն. Մառի և այլ անվանի մարդկանց հետ, որոնց նկատմամբ սերն ու ակնածանքը պայմանավորված էր հայ ժողովրդի ու նրա ազգային մշակույթի հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքով։

Ժամանակին Ա. Արծրունուն հռչակ բերեցին նրա գիտական հետազոտությունների միանգամայն նոր և հեղաշրջող նշանակություն ունեցող արդյունքները, որոնց զգալի մասը ամփոփված է «Բյուրեղների ֆիզիկական քիմիան» աշխատության մեջ։ Գիրքը Լույս է տեսել 1893 թ., գերմաներեն։

Արծրունու հետազոտությունների արդյունքները հայտնի էին աշխարհի բազմաթիվ երկրաբան-քիմիկոսներին, բյուրեղագետներին ու ֆիզքիմիկոսներին։ Անվանի գիտնականը մասնակցել է Երկրաբանական միջազգային 1—7 նստաշրջաններին, որտեղ նրա կարդացած զեկուցումներն աչքի են ընկել գիտական խորությամբ։ Ա. Արծրունին սերտ կապերի մեջ էր ժամանակի եվրոպական և ամերիկյան նշանավոր գիտնականների (Ֆերսման, Վերնադսկի, Հոլդշմիտ, Ռուլե, Ֆեյրիխ, Հոֆման, Շտելյե, Տաշչյան և ուրիշներ) հետ, որոնց երաշխավորությամբ և նրանց կողմից տրված չափազանց բարձր գնահատականներով ընտրվել է Պետերբուրգի, Թուրինի թագավորական և Բավարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Նրա անունով է կոչվում արծրունիտ հանքատեսակը։ Ի պատիվ հայ ազգի մեծ գիտնականի, Ախենի պոլիտեխնիկական ինստիտուտի շենքի առջև կանգնեցված է այդ հաստատության նախկին պրոֆեսոր, հայ տաղանդավոր երկրաբան ու քիմիկոս Անդրեաս Արծրունու կիսանդրին։

Ահա հայոց Արծրունյաց մեծ տոհմի, այդ երևելի գերդաստանի մի քանի ներկայացուցիչների կյանքի ու գործունեության համառոտ պատմությունը…