Մեր ամենամեծ գանձը` մայրենի լեզուն

Գվիդոն Վահանյան
«Գարուն», 1985թ, թիվ 2

«ԳԱՐՈԻՆԻՆ» պատասխանում է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը

— Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակությունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում՝ հասարակական կյանքում և գիտության բնագավառում։

— Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Դա լավ գիտակցում են բոլոր բնագավառների, ինչպես և գիտության աշխատողները։ Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է։ Որպես այդպիսին, լեզուն հասարակության մեջ էլ բոլոր հաղորդակցության միջոցներից ամենակարևորն է։ Ասում ենք ամենակարևորը, որովհետև առաջացել ու մշակվել է բնական ճանապարհով։ Եթե դա այդպես է, ուրեմն պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել լեզվի վրա։ Լեզուն պետք է միշտ գործածվի լավ, կատարյալ ձևով, այսինքն՝ տեղին և նպատակասլաց, հետևաբար անհրաժեշտ է, որ նա շարունակ կատարելագործվի, զտվի և դառնա հաղորդակցման, պայքարի սուր զենք։

Վիկտոր Համբարձումյան
Վիկտոր Համբարձումյան

Չէ որ մենք ուզում ենք, որ մեր երկրի տարբեր մասերի միջև լինի սերտ և ամուր կապ, բացվեն նոր ուղիներ, և ահա մենք հարկադրված ենք միշտ կատարելագործել մեր հաղորդակցության միջոցները, առաջին հերթին լեզուն։ Եվ բավական չէ միայն ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել լեզվի կատարելության վրա։ Անհրաժեշտ է հետևողական և ջանասեր աշխատանք, և դա պետք է կատարվի շատ խնամքով, մտածված, որովհետև, ի տարբերություն մյուս հաղորդակցության միջոցների, լեզուն զարգանալով իր բնական հունով, արդեն ունի իր զարգացում գտած, կատարելագործված օրինաչափությունները։ Հենց այստեղ է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք և խուսափենք լեզվի մեջ մուտք գործող արհեստական և չմտածված լեզվական միջոցներից, դիպուկ ու հստակ հաղորդակցումը արատավորող շինծու ձևերից։

Ինչ վերաբերում է հայոց լեզվին, ապա պետք է համոզված և վստահորեն ասել, որ հայոց լեզուն աշխարհի ամենահարուստ, զարգացած և կատարելագործված լեզուներից մեկն է։ Մենք գիտենք, որ, օրինակ, բնական գիտությունների բնագավառում հայոց լեզուն որպես լավ մշակված, ճոխ լեզու, հաջողությամբ ծառայում է իր նպատակին, դառնալով կատարյալ հաղորդակցության միջոց նաև գիտության բնագավառում։ Հենց այս հանգամանքն է, որ մեզ ավելի մեծ չափով է պարտավորեցնում, մեզանից՝ գիտության մշակներիցս, պահանջվում է մշտապես հետևել նրա ընթացքին, ճիշտ զարգացմանը, խստորեն հսկել նրա ճիշտ կիրառմանը ո՛չ միայն գիտության, այլև բոլոր բնագավառներում։

Հետաքրքիր է, որ լեզուն ունի իր որոշակի տրամաբանությունը։ Նա արտացոլում է մարդու մտածողությունը, այլ կերպ ասած՝ մտածելակերպը։ Եթե այսպես է, ուրեմն, լեզվի կատարելագործման վիճակից շատ մեծ չափով կախված է այն, թե ինչպես է մարդը մտածում և գործում։ Ես պետք է ասեմ, որ լեզվի, հատկապես մայրենի լեզվի, ինչպես և նրա առանձին դրսևորումների՝ խոսքի, լավ տիրապետումն ու կատարելագործումը էական նշանակություն ունեն սերունդների դաստիարակության, նրանց մտածողության զարգացման համար։ Այնպես որ, դա ունի նաև գործնական մեծ նշանակություն։ Հենց այս տեսակետից էլ մենք պետք է միշտ հոգատար լինենք լեզվի ճիշտ զարգացման նկատմամբ և ավելի ու ավելի ձգտենք նրա կատարելագործմանը։ Այժմ մեզանից պահանջվում է, որ մենք իրար հետ խոսենք, գրենք, այսինքն հաղորդակցության մեջ մտնենք միայն ու միայն լավ լեզվով։ Իսկ ի՞նչ ենք հասկանում լավ լեզու ասելով։ Լավ լեզու ես հասկանում եմ բնական, ժողովրդի ստեղծած և գրականության կողմից մշակված լեզվով խոսելու և գրելու կարողություն։ Սա վերաբերում է հայոց լեզվի դրսևորման բոլոր բնագավառներին, հատկապես այժմ, երբ հայոց լեզուն մեր հանրապետության պետական լեզուն է։ Մենք կհասնենք ցանկացած արդյունքի, եթե լեզվի մշակույթի գործնական հարցերը լուծենք միայն այդ սկզբունքով։ Այս պատվավոր գործում խիստ անհրաժեշտ է հետևողական աշխատանք։

Ես ուզում եմ այստեղ նորից անդրադառնալ գիտության բնագավառին, որովհետև լեզվի ճշգրտության, դիպուկության, խորության և այլ առանձնահատկությունները բացառիկ դեր են կատարում գիտական աշխարհում։ Պետք է նկատի ունենալ, անշուշտ, որ գիտությունը այսօր մարդկային գործունեության ամենաարագ աճող, փոփոխվող բնագավառն է, որի հետ միաժամանակ շատ արագ փոփոխվում է նաև գիտական լեզուն։ Ես ավելի քան կես դար աշխատում եմ գիտության բնագավառում և նկատել եմ, որ այսօրվա գիտությունը և այն գիտությունը, որ եղել է կես դար առաջ, հսկայական չափերով իրարից տարբերվում են։ Շատ են տարբերվում իրարից, ինչ որ այն ժամանակ էինք սովորում և այն, ինչ որ այսօր ենք սովորում։ Այսօրվա երիտասարդ գիտական աշխատողը շատ բանով է տարբերվում անցյալի գիտաշխատողից։ Նրա վրա մեծ պարտականություն է դրված։ Նա այսօր ոչ միայն պետք է լարված հետևի գիտական գաղափարների զարգացմանն ու տարածմանը, այլև պարտավոր է ապահովել համապատասխան լեզվական մակարդակ, այլ կերպ գիտական աշխատանքը ցանկացած արդյունքը չի տա։ Ուրեմն գիտությունը կարելի է դիտել այս տեսակետից, որպես լեզվի զարգացման հետ կապված մարդկային գործունեության ամենակենսունակ ուղղություններից մեկը։ Երբ խոսում ենք զարգացած գիտությանը համապատասխան լեզվական մակարդակի մասին, այդ նշանակում է, որ մենք՝ գիտության մշակներս, պետք է ստեղծենք հայոց գիտական լեզուն և հասցնենք կատարելության։ Հենց այդ գիտական լեզուն էլ մեծապես նպաստելու է համաժողովրդական լեզվի զարգացմանը։

— Հայոց լեզվի դրսևորման բնագավառները շատ են, բոլորի մասին անկարելի է խոսել։ Մեզ հետաքրքրում է Ձեր կարծիքը դպրոցի, այդ բնագավառի լեզվի մասին։

— Լավ ասացիք, վերցնենք թեկուզ հենց այդ բնագավառը, ժողովրդական կրթության բնագավառը, դպրոցը։ Այստեղ անչափ կարևոր է հայոց լեզվի ճիշտ կիրառման հարցը։ Կիրառելով մայրենի լեզուն դպրոցներում ճիշտ, կատարյալ ձևով սովորեցնելով խոսել, գրել և կարդալ ընտիր հայերենով, դրանով մենք հետապնդում ենք երկու նպատակ։ Առաջին նպատակն այն է, որ դրանով մենք օգնում ենք աճող սերնդին, զարգացնում նրա ճիշտ մտածողությունն ու տրամաբանությունը։ Լեզուն ինքնին մտածողություն է։ Մենք գիտենք, որ մարդը աշխատում է խոսել այնպես, ինչպես մտածում է, բայց չպետք է մոռանալ, որ մտածելու ժամանակ, մտածողության ընթացքում նա զգալի չափով օգտագործում է իր մայրենի լեզուն։ Ուրեմն այստեղ՝ դպրոցում, մայրենի լեզվի լավ ուսուցումը, լեզվի կատարյալ ձևերի տիրապետումը լայն ճանապարհ են բացում սովորողների առջև։ Ես ուզում եմ իմ միտքը ձևակերպել այսպես։ Կատարյալ լեզուն ծնում է կատարյալ մտածող, մարդու մտածելակերպը ձևավորվում է լեզվի միջոցով։ Լեզվական օրինաչափություններին լավ տիրապետողը հեշտությամբ է ձեռք բերում կուռ տրամաբանություն և ճկուն մտածողություն, որոնցով էլ պայմանավորված են նրա մտածելակերպն ու գործելակերպը։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ կապված է այդ բնագավառի՝ դպրոցի հետ, լեզվի կատարելագործումն ու պահպանումն է։ Միաժամանակ ես ուզում եմ ասել, որ այն լեզուն, որից մենք օգտվում ենք, մի մեծ գանձ է։ Կարծում եմ, որ մեր հին սերունդներից ստացած հոգևոր գանձերից ամենամեծերից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Մեր նախնիներից ժառանգելով այդ գանձը, մենք պարտավոր ենք սրբությամբ պահպանել, մշակել ու կաւոարելագործել այն, հարստացնել և դրանով ավելի հարստանալ։ Այս գործում մեր դպրոցը շատ անելիք ունի։ Մյուս կողմից, եթե դպրոցը անտարբեր լինի, պատշաճ մակարդակի վրա չդնի մայրենի լեզվի դասավանդման գործը, շռայլի այդ գանձը, ապա վնաս կհասցնի մեր մշակույթին։ Դպրոցը պարտավոր է ճիշտ օգտագործել լեզուն և միայն ամենժամյա, ամենօրյա հոգատարությունը կարող է լավ օգտագործման, կատարելագործման ուղիներ գտնել։

— Շատերին է հետաքրքրում, թե Դուք ինչպե՞ս եք սովորել մայրենի լեզուն, ովքե՞ր են եղել Ձեր սիրելի ուսուցիչները և այժմ ինչպե՞ս եք կատարելագործում ձեր իմացածը։

— Հայրս այն մարդկանցից էր, որ ուղղակի սիրահարված էր իր լեզվին։ Սա շատ մեծ ազդեցություն թողեց մեր ընտանիքի, մեզ վրա, որպեսզի մենք Էլ սիրենք մեր լեզուն։ Հայրս միաժամանակ ինտերնացիոնալիստ Էր, պահանջում Էր, որ մենք սովորենք նաև այլ լեզուներ, բայց ամենից լավ տիրապետենք մեր մայրենի լեզվին։ Ես հայերենը սովորել եմ իմ հորից, նա Է իմ մեջ առաջացրել սեր և հետաքրքրություն մեր լեզվի բարձր արժանիքների նկատմամբ։ Բացի դա, ես ունեցել եմ հայոց լեզվի շատ լավ ուսուցիչ, որին միշտ հիշում եմ, իմ այդ սիրելի ուսուցիչն Էր Հայկ Հովակիմյանը։ Նա ինձ վրա շատ մեծ տպավորություն Է թողել, խոսում Էր անաղարտ հայերենով, նա, կարելի Է ասել, լեզվի սիրահարներից Էր, իր մայրենի լեզուն սիրող, պաշտողներից մեկը։ Շատ լավ բան Է, երբ մարդ լեզվի սիրահար Է կամ լեզվասեր, ինչպես Դուք եք անվանել ձեր ակումբը։ Ես Էլ եմ շատ սիրում իմ մայրենի լեզուն, հետևաբար ես Էլ եմ լեզվասեր, ուրեմն ձեր ակումբի անդամը։

Կան մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ նշանակություն ունի իրենց ժողովրդի համար մայրենի լեզուն։ Նրանք հասկանում են նաև, որ մայրենի լեզվին լավ տիրապետելը հիմք Է նաև ուրիշ լեզուների ոաումնասիրության, լավ սովորելու համար։ Ես միշտ Էլ սիրել եմ կարդալ հայ գրականություն։ Դա մեծ դեր է խաղացել մայրենի լեզվի իմացությունս կատարելագործելու համար, երբ կարդում ես գեղարվեստական գրականություն, ապա անխուսափելիորեն կատարելագործում ես իմացածդ մայրենի լեզուն։ Այժմ Էլ հիմնականում այդ ճանապարհով եմ հարստացնում իմ իմացած հայերենը, կարդում եմ հայ գրականություն, իհարկե, հատուկ ուշադրություն դարձնելով լեզվական կողմի վրա։

Ինձ համար մայրենի լեզուն առաջին հերթին մեր ժողովրդի խոսելու, մտածելու լեզուն Է։ Ես այդ ժողովրդի զավակն եմ, հետևաբար չեմ կարող չսիրել, չփայփայել դարերի խորքից մեզ հասած այդ հոգևոր գանձը։ Բացի այդ, կա մի ուրիշ բան Էլ։ Այսպես, երբ ուզում ես մտերմական ձևով արտահայտել քո մտքերն ու զգացմունքները, որոնք վերաբերում են քո անձնական կյանքին, ընտանեկան կյանքին, ապա այդ մտքերն ու զգացմունքներն արտահայտելիս հարկադրված ես միշտ դիմել քո մայրենի լեզվի օգնությանը։ Ինչպես չսիրեմ իմ մայրենի լեզուն, երբ կյանքիս դեպքերից խորապես համոզվել եմ, որ մայրենի լեզուն ավելի շատ Է կապված զգացմունքների աշխարհի հետ։ Մայրենի լեզուն հարազատ հույզերի հարազատ աշխարհ Է։ Մարդու հոգեկան աշխարհը այնքան սերտորեն Է կապված մայրենի լեզվի հետ, որ այդ լեզվով սովորածը, զգացածը մոր կաթի նման ներծծվում Է նրա Էության մեջ։

— Աշխարհի անվանի մարդկանցից ոմանք, հայ թե օտար, հայերենը համարել են կատարելագործված, հարուստ և ճկան լեզու։ Դուք ի՞նչ կարծիքի եք, ինչպե՞ս եք բացատրամ լեզվի հարստությունը, ճկունությունը։

— Ընդհանրապես լեզուն համարում ենք հարուստ, ճկուն այն դեպքում, երբ նրա միջոցով կարողանում ենք ազատորեն արտահայտել ցանկացած գաղափարները, մտքերը, մանավանդ ժամանակակից կյանքի, որը շատ հարուստ Է գիտության և տեխնիկայի բազմազան երևույթներով ու հասկացություններով։ Մեր լեզուն հենց այդպիսին Է։ Հայոց լեզվի հարստության հիմնական պայմանը նաև այն Է, որ կարողանում Է լավ արտահայտել մարդկային զգացմունքները, դրանց նրբությունները։ Հենց հայերեն լեզուն ունի գաղափարներն ու զգացմունքները ճշտությամբ ու խորությամբ արտահայտելու համապատասխան ու նուրբ ձևեր, նույնիսկ բազմաթիվ ձևեր։ Սա մեր լեզվի հարստությունն Է։ Այլ բան Է լեզվի ճկունությունը։ Դա այն Է, թե տվյալ լեզուն ինչպես Է հարմարվում նոր պայմաններին։ Մեր լեզուն ոչ միայն շատ ճկուն Է, այլև խիստ տրամաբանական Է։ Օրինակ, մեր թվերի անվանումները, դրանք այնքան պարզ ու հեշտ են կազմված, որ շատ ավելի մատչելի են, քան շատ ու շատ լեզուներում։ Օրինակ, տասնմեկ, տասներկու, տասներեք և այլն այնպես են կազմված, որ շատ հեշտ են թվերի գումարման համար։ Գերմաներենը, որ նույնպես ճկուն լեզու Է, թվականների անունները կազմում Է այլ կարգով, քսանից հետո արդեն ուրիշ Է, իսկ հայերենում ինչպես տասնմեկ, տասներկու, տասներեքն Է, այնպես Էլ շարունակվում Է. քսանմեկ, քսաներկու, քսաներեք և այլն։ Ես իմ մասնագիտությունից ելնելով եմ հարցին մոտենում, մենք գործ ունենք ճշգրիտ սահմանված գաղափարների հետ։

Ես ուզում եմ նորից վերադառնալ մեր լեզվի հարստությանը վերաբերող հարցին։ Ի դեպ, պետք Է ասել, որ մեր լեզուն այնքանով Է հարուստ, որ հեշտությամբ կարողանամ Է զանազան գիտությունների բնագավառների հասկացությունների համար գտնել համապատասխան ձևեր, բառեր ու արտահայտություններ։ Գիտական աշխատանքի ընթացքում համոզվել եմ, որ հայերենը շատ ավելի հարուստ լեզու է, քան բազմաթիվ եվրոպական լեզուներ։ Կարող եմ օրինակ բերել հենց աստղագիտությունից։ Եվրոպական բոլոր լեզուները ասում են էկլիպտիկա, իսկ հայերը ունեն իրենց սեփական բառը՝ խավարածիր, որը արտահայտիչ ու հասկանալի է, մատչելի, քան օտար բառը։ Կամ մի ուրիշ օրինակ, կա էկվատոր, հունարեն բառ է, որը տարածված է բոլոր եվրոպական լեզուներում, իսկ մեր գիտական լեզվում ունենք հասարակած։ Տեսնո՞ւմ եք, մենք ինչքան հարուստ ենք։ Եթե որևէ նրբություն արտահայտելու համար անհրաժեշտ է մի ուրիշ բառ հնարել, մենք արդեն պատրաստ ենք։ Լեզվի հարստությունը գիտության բնագավառի, ինչպես նաև այլ բնագավառների համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև այս բարեմասնությանը հնարավորություն է տալիս մեզ արտահայտելու մտքի և զգացմունքի նրբությունները, միևնույն ժամանակ պահպանելով մեր լեզվին հատուկ ոգին։

— Մեզ հետաքրքրում է այսպիսի մի հարց. Դուք շատ եք եղել արտասահմանում, հանդիպումներ եք ունեցել սփյուռքի հայերի հետ։ Որպես հաղորդակցման միջոց ո՞ր լեզուն եք ընտրել։

— Այո, ես շատ եմ եղել սփյուռքահայության շրջանում, և բոլոր տեղերում էլ բնականաբար խոսել ենք հայերենով։ Ոչ միայն ես, այլև արտասահման գործուղված աստղագետները, օրինակ, ընկեր Լյուդվիգ Միրզոյանը, հանդիպումների ժամանակ, ժողովներում միշտ էլ Հայաստանի գիտությունների ակադեմիայի գիտական գործունեության, Բյուրականի աստղադիտարանի հաջողությունների մասին հանդես ենք եկել միայն հայերեն լեզվով։ Երբ գիտական հարցերը շարադրել ենք հայերեն լեզվով, մենք բնավ որևէ պակասություն չենք զգացել, խոսել վստահ, համարձակ, նույնիսկ այդ հանգամանքը մեզ որոշ չափով ոգևորել, ուժ է տվել։

— Ընկեր Համբարձումյան, ասացեք խնդրեմ, ի՞նչ է պահանջվում լեզվի նկատմամբ հոգատար լինելու համար։

— Լեզվի նկատմամբ հոգատար լինելու, լեզվական ունակություններ ձեռք բերելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մարդ կաւոարելագործի իր գիտելիքները։ Դրա համար հարկավոր է ոչ միայն խոսելու և գրելու ժամանակ լավ ընտրություն կատարել, հոգատարությամբ օգտագործել մայրենի լեզուն, այլև այդ լեզվով շատ կարդալ, կարդալ հայ գրականություն, ընտրել լավ լեզվով գրված գործեր և կարդալ լեզվական ճաշակը բարձրացնելու համար։ Ուրեմն այսպես, ես գտնում եմ, որ մեր կողմից գործածվող լեզվի կատարելագործման ամենակարևոր պայմանը գեղարվեստական գրականություն կարդալն է։

Լեզվի նկատմամբ հոգատար լինելու կարևոր պայմաններից մեկն էլ այն է, որ մարդիկ պետք է իրար սովորեցնեն, օգնեն, զգուշացնեն, թե ինչպես պետք է ճիշտ խոսել։ Ես էլ խոսելիս թերություններ ունեմ, վրիպումներ եմ թույլ տալիս իմ շարադրանքի մեջ, գուցե և դուք էլ ունեք, բայց երբ ունենք շատ սխալներ և լեզվի համար վտանգավոր սխալներ, ապա այդ դեպքում կարելի է և պետք է միջամտել, ուղղել և վերացնել։ Ես հիշում եմ, թե ինչպես էր հայրս միջամտում, կանխում լեզվական սխալները և դրանով լեզվի նկատմամբ հոգատար լինելու լավ օրինակ էր ցույց տալիս։ Նա միշտ, երբ լսում էր, որ մեզանից որևէ մեկը լեզվական սխալ է անում, իսկույն միջամտում էր, ուղղում, բացատրում և երբեմն էլ զայրանում էր։ Ուղղելուց հետո նա ջանում էր համոզել փաստերով, ցույց էր տալիս, որ իր ուղղումը նրա համար է, որ միտքը ճիշտ արտահայտվի և մայրենի լեզուն չաղավաղվի։ Ես այդ ժամանակ սովորեցի, թե ինչպիսի ուժեղ և միևնույն ժամանակ նուրբ կապ կա մտքի և նրա արտահայտության միջև։ Երբ այս կամ այն բառը, արտահայտությունը ճիշտ, տեղին չի գործածվում, տուժում է և՛ լեզուն, և՛ միտքը։ Ուրեմն լեզվի նկատմամբ հոգատար լինելու համար շատ կարևոր է նաև մտքի և արտահայտության կապի ներդաշնակումը, պահպանումը։

— Մեզ հայտնի է, որ Դուք այս կամ այն առիթով կատարում եք լեզվական ուղղումներ, դիտողություններ եք անում ուրիշներին թույլ տված սխալների համար։ Կարո՞ղ եք մի քանիսը հիշել և բացատրել Ձեր նկատառումները։

— Օրինակները շատ են, բայց ես կցանկանայի խոսել միայն մեկի մասին։ Ասում են՝ գիտական քարտուղար և գիտնական քարտուղար։ Ես միշտ դեմ եմ եղել երկրորդին։ Շատ է տարածված այս ձևը։ Այո, մենք լեզվական կոպիտ սխալ ենք թույլ տալիս, երբ գիտական քարտուղարին ասում ենք գիտնական քարտուղար։ Ինչո՞ւ ենք այդպես ասում, որովհետև չենք թափանցում արտահայտության, դարձվածքի էության մեջ, բառացի թարգմանում ենք և չենք նայում խնդրի էությանը։ Գիտական քարտուղարը այն մարդն է, որը զբաղվում է հիմնարկի գիտական գործերով, գիտական հարցերի քարտուղարությամբ։ Ուրեմն նա գիտական քարտուղար է, իսկ թե նա միաժամանակ պետք է լինի գիտական աշխատող, դա արդեն ինքնըստինքյան հասկանալի է։ Գիտական քարտուղարը տարբերվում է մյուս քարտուղարներից նրանով, որ նա գիտական հարցերով է քարտուղար և ոչ թե քարտուղար՝ գործուղումներ ստորագրելու կամ, ասենք, այցելուներ գրանցելու, պետին զեկուցելու համար։ Պետք է այստեղ նկատել նաև այն, որ հենց գիտնական բառն ենք հաճախ շռայլում, տեղին չենք գործածում, ես կասեի նույնիսկ սխալ ենք գործածում։ «Մենք՝ գիտնականներս…», «գիտնականների ժողով», «երիտասարդ գիտնականները…» և այլն, այսպես շռայլորեն ենք գործածում այդ բառը, առանց խորանալու նրա բուն էության, իմաստի մեջ։ Գիտնականների թիվը կարելի է մատների վրա հաշվել, մինչդեռ գիտության բնագավառի ամեն մի աշխատող իրեն գիտնական է կարծում։ Դիսերտացիան պաշտպանելուց անմիջապես հետո երիտասարդն արդեն իրեն անվանում է գիտնական։ Ես շատ եմ խոսել գիտնական բառի նման գործածությունների մասին և դիտողություն շատ եմ արել, սակայն արդյունքը չեմ տեսնում։

— Ինչպիսի՞ լեզվական աղավաղումներ են Ձեզ ավելի մտահոգում, գուցե և զայրացնում։ Ի՞նչ տպավորություն են թողնում այն անձինք, որոնք լավ չտիրապեւոելով մայրենի լեզվին և ոչ էլ այլ լեզուների, խոսում, գրում են խառնուրդով։ Ինչպե՞ս կարելի է պայքարել լեզվախառնուրդով խոսողների ու մտածողների լեզվամշակույթը բարձրացնելու համար։

— Ինձ թվում է, որ բոլոր լեզվական աղավաղումներն էլ պետք է մեզ՝ բոլորիս, մտահոգեն։ Այո, կարելի է նույնիսկ զայրանալ։ Լեզվական խառնուրդով խոսողները մեզ ոչ միայն զայրացնում, այլև ծիծաղեցնում են։ Ես հաճախ եմ հանդիպել նման դեպքերի։ Լեզվական այս տիպի աղավաղումը ինձ այնքանով է մտահոգել, որ տեղն ու տեղը ուղղել եմ։ Խոսակցության մեջ տարբեր լեզուների բառեր, արտահայտություններ գործածելը մայրենի լեզվին վնասում է։ Բացի այդ, լեզվական խառնուրդը փաստորեն զրկում է մեր խոսքը տրամաբանական հստակությունից։ Հետևաբար այն մարդը, որը խոսում է երկու լեզուները խառնելով, մտածում է ինչ-որ ձևով ինֆորմացիա հաղորդելու մասին, իսկ թե իր հաղորդածն ինչ տրամաբանական ձև է ստանում, նրան չի հետաքրքրում։ Ինձ համար սկզբունքային տարբերություն չկա բանավոր խոսքի և գրավորի միջև։ Ես շատ եմ հանդիպել խառնուրդով խոսող և գրող մարդկանց, որոնք խախտում են երկու լեզվի ներքին տրամաբանությունը և երբեմն էլ այն աստիճանի են աղավաղում, որ թուլացնում են այդ լեզուների կառուցվածքային դրվածքը, իրենց խոսքը զրկելով ամբողջականությունից ու ներքին ներդաշնակությունից։

— Մեզ հետաքրքրում է, թե Դուք ի՞նչ նկատառումով եք ձեր թոռնիկի համար ընտրել Ուլունք անունը։

— Ուլունք անունը ես գտա Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպում։ Երբ կարդացի վեպը, գեղջկուհու այդ անունը ինձ դուր եկավ։ Ցանկություն առաջացավ իմ մեջ ստուգել, թե որտեղից է առնված այդ անունը։ Հանդիպեցի հեղինակի հետ։ Հետաքրքրվեցի՝ ի՞նքն է հնարել Ուլունք անունը, թե կյանքից է առնված։ Դաշտենցը բացատրեց, որ այդ անունն ամենևին էլ հնարովի չէ, այլ շատ է տարածված եղել Մշո դաշտում, զուտ հայկական է։ Ես ուրախացա, որ ճիշտ է եղել իմ զգացումը։