1990թ. Վ. Սարգսյանի դիմումը հայ գրողներին։ Վերջին հրաժեշտը Վիտյա Այվազյանին և Գեղազնիկ Միքայելյանին

Ի գիտություն գրողների

Մայրաքաղաքի տարածքում պարետային ժամի հսկողությունը իրականացնող ջոկատների աշխատանքը կանոնակարգելու թելադրանքով Հայաստանի գրողների տունը մինչև սեպտեմբերի 20-21-ին կայանալիք ՀԳՄ համագումարը ժամանակավորապես ծառայելու է իբրև երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբ։ Կարծում եմ՝ իմ ավագ ու սերնդակից գրչեղբայրները ըմբռնումով կընդունեն այս քայլը և համագումարում իսկապես վերստեղծելով Հայաստանի գրողների միությունը՝ այն կդարձնեն միմիայն գրական և ազգային շահերով առաջնորդվող կազմակերպություն։

Վազգեն Սարգսյան

ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մտշական հանձնաժողովի նախագահ, Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի գլխավոր հրամանատար, Գրողների միության անդամ։

Վերջին հրաժեշտը

7 սեպտեմբերի, 1990թ.

Անցած շաբաթ օրը մայր ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց տմարդի գնդակից զոհված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Վիտյա Այվազյանին և համազգային շարժման նվիրյալ Գեղազնիկ Միքայելյանին։

Վերջին հրաժեշտը Վիտյա Այվազյանին և Գեղազնիկ Միքայելյանին
Վերջին հրաժեշտը Վիտյա Այվազյանին և Գեղազնիկ Միքայելյանին

Հանգուցյալների աճյունները դրված էին Հայոց Համազգային շարժման վարչության շենքում։ Ծաղիկների ու ծաղկեպսակների ծով էր, սգո երաժշտություն։ Պատվո պահակ կանգնեցին Հայաստանի Հանրապետության ղեկավարները, Հայոց համազգային շարժման վարչության անդամները, ժողովրդական պատգամավորներ, պայքարի ընկերներ։

Այստեղից զոհվածների աճյունները մարդկանց ձեռքերի վրա տեղափոխվեցին Ազատության հրապարակ, որտեղ կեսօրից հնչում էր հոգևոր երաժշտություն։ Սգո հանդիսության մասնակիցներին դիմեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, թաղման կառավարական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը։

Վ. Այվազյանին հողին հանձնեցին Երևանի քաղաքային պանթեոնում, իսկ Գ. Միքայելյանին՝ Աշտարակի շրջանի հայրենի Սասունիկ գյուղում։

Արմենպրես