Հենրիկ Սուրենի Մալյան

Երեկոյան Երևան, 16 մարտի, 1988թ.

Հենրիկ Սուրենի Մալյան
Հենրիկ Սուրենի Մալյան

Սովետական կինոարվեստը անդառնալի կորուստ կրեց։ Կյանքի 63-րդ տարում հանկարծամահ եղավ ականավոր կինոռեժիսոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Հենրիկ Սուրենի Մալյանը։ Հ. Մալյանը ծնվել է 1925 թվականին, Վրացական ՍՍՀ Թելավ քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1951 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1951-54թթ. աշխատել է հանրապետության թատրոններում (Արտաշատ, Կիրովական)։ 1953թ. ավարտել է թատերական արվեստի պետական ինստիտուտի բարձրագույն ռեժիսորական դասընթացները։ 1954թ. աշխատում է «Հայֆիլմ» ստուդիայում որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ որպես ռեժիսոր։ 1959թ. առաջին անգամ որպես բեմադրող ռեժիսոր (Հ. Մարգարյանի հետ համատեղ) նկարահանում է «Նվագախմբի տղաները» ֆիլմը։ Հետագայում նկարահանում է «Ճանապարհ դեպի կրկես» (Լ. Իսահակյանի հետ համատեղ), «Կեղծ լրտես», «Հայրիկ» ֆիլմերը։

Հայ ազգային կինոարվեստում Հենրիկ Մալյանի մեծ ավանդը եղան նրա ստեղծած «Եռանկյունի» (1967), «Մենք ենք, մեր սարերը» (1969), «Նահապետ» (1976) ֆիլմերը, որոնք համբավ բերեցին նրան՝ որպես սովետական բազմազգ կինեմատոգրաֆիայի ճանաչված վարպետներից մեկի։ Այդ ֆիլմերը նաև միջազգային լայն հռչակ ստացան։

«Եռանկյունի» ֆիլմը արժանացավ Հայկական ՍՍՀ պետական մրցանակի և Լենինգրադում տեղի ունեցած համամիութենական կինոփառատոնի գլխավոր պարգևներից մեկին։ «Նահապետ» ֆիլմը արժանացավ Երևանում կայացած համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակինպ, իսկ 1981թ. Վիլնյուսում տեղի ունեցած համամիութենական փառատոնում Հ. Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմը արժանացավ լավագույն ռեժիսուրայի մրցանակին։

Նշանակալլից է եղել Հ. Մալյանի նաև հասարակական-մանկավարժական գործունեությունը։ Նա երկար տարիներ վարել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի և դերասանական վարպետության ամբիոնը, ստեղծել է և մինչև իր կյանքի վերջին օրը ղեկավարել «Հայֆիլմ» ստուդիային առընթեր կինոդերասանի ստուդիա-թատրոնը։

Նա շատ տարիներ եղել է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար, վարչության նախագահության անդամ, Հայաստանի պետկինոյի կոլեգիայի անդամ։

Կուսակցությունը և կառավարությունը բարձր են գնահատել Հ. Մալյանի վաստակը։ Նա պարտևատրված էր ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշանով։

Խոնարհումն խորին

Տիգրան Մանսուրյան

Տխուր, անչափ տխուր է լուրը։ Մահացած է Հենրիկ Մալյանը։ Չար ու անընդունելի ցավ իբրև քեզնից վանել ես ուզում այս միտքը, որ տրամաբանական մի պահանջ, ընդունելի մի հարց, արդար մի առարկություն գոյանա այդ ծանր մտքի փոխարեն. Չէ՞ որ ստեղծագործական ուժերի ծաղկումն իր բնական ընթացքով պիտի գնա, չէ՞ որ Կոմիտասը դեռ էկրան չի բարձրացել, չէ՞ որ ծիրանի անուշ գույների իր եզակի արվեստը օրեօր մեզ իրեն ենթարկող հոգևոր կենդանի ուժ իբրև՝ գոյության նոր ափեր է նվաճում… Մինչդեռ իր մահվան բո՜թն է գալիս, որ կսկիծ ծնելուց առաջ՝ ընկալվում է իբրև անհեթեթություն, կոպիտ սխալ։

Իր աշխատանքում, աշխատանքային իր հարաբերությունների մեջ իբրև առաջնորդող ուժ առավել կարևոր էր նկատում մարդկայնությունը։ Այդ պատճառով՝ մարդկայնությունն ու մարդը ամենաբարձր պատվանդանին դրված արժեքներ են իր բոլոր կինոնկարներում, թատերական ներկայացումներում։ Այդ պատճառով՝ նրա հետ ստեղծագործական հարաբերության մեջ մտնելը ոչ թե ստեղծագործական առանձին ուժերն իրար հավաքող ռեժիսորի կամքին ենթարկվելն էր, այլ մարդկային խղճի ու առաքինության ձայնին հանձնվելը, և այս չափանիշների մեջ նա առաջնորդող հեղինակություն էր՝ անառարկելիորեն։ Նրա ստեղծած գործերում ազգայինի լիարժեք արտահայտությունն է դարձել հենց այդ մարդկայնությունը, մարդկային խիղճն ու առաքինությունը, որ դարերով մեր մշակույթի ինքնատիպության, կենսունակության և գոյատևման հիմք են եղել։ Իր գործերը վաղուց դասական արժեքներ են դարձել, որովհետև ամուր արմատներով են կապված մայր հողին, հողի արարած լուսավոր ուժերին։

Գարնան զարթոնքի ու պտղաբերության այս օրերին ներշնչանքը նոր ալիք պիտի ծներ իր հոգում։ Չէ՞ որ այնքա՜ն զգայուն էր նա հովի ամեն մի տաք ալիքի նկատմամբ, ժպտացող ամեն մի գեղեցկության նկատմամբ։ Եվ այդ ներշնչանքը բոլորիս համար պիտի դառնար արժանապատիվ գոյության հոգևոր հաղթանակ, արվեստ, գեղեցկություն…

Սովետական Միության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը հավերժության ճամփա գտած իր երկերով նոր գոյության առաջին գարունն է մտնում։ Խոնարհումն խորին՝ իր ստեղծածին, իր մարդկայնությանը, ոգու, բեղունություն և լուսավոր զորություն ապագայի իր անցնելիք երկար ու ձիգ ճամփաներին։