Հրաչյա Նիկիտայի Ղափլանյան

Գրական թերթ, 19 օգոստոսի, 1988թ.

Անձնուրաց նվիրվածություն

Հրաչյա Նիկիտայի Ղափլանյան
Հրաչյա Ղափլանյանը Վիլյամ Սարոյանի հետ

Մարդիկ կան, որոնց հետ չի կապվում մահ ասվածը։ Այդ մարդկանցից էր Հրաչյա Ղափլանյանը։ Եվ հանկարծ ասում են, թե նա չկա… Արի ու հավատա։ Չէ, դժվար է պատկերացնել, անհնար է հաշտվել այդ մտքի հետ։ Եվ, ինչպես լինում է նման պահերին, մարդու միտքը ակամա սլանում է դեպի անցյալ։ Աչքիս առաջ է դերասան Հրաչյա Ղափլանյանը՝ ժպտերես, աշխույժ, թեթև, պատանի հանդիսատեսի համար կերպարած նրա հերոսները՝ բոլորն էլ քաջ ու անվախ, ազնիվ ու առաքինի, ռոմանտիկ ու արկածախնդիր…

Հիշում եմ բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի առաջին քայլերը։ Հիշում եմ Տիգրան Հախումյանին, փորձված ու տարեց, երկար ճանապարհ անցած այն բեմադրիչին, որն իր բարի ձեռքը պահեց խոստումնալից երիտասարդի գլխին։

Եվ ինչպես չպահեր, երբ վկա եղավ նորեկ բեմադրիչի հարուստ երևակայության խաղերին, տեսավ սեր դեպի բեմական խոսուն մանրամասները, իմաստալի բեմավիճակները, զանգվածային տեսարաններ ստեղծելու թափն ու հակումը, թափանցող միտքը, հումորն ու երգիծանքը…

Եվ Հրաչյա Ղափլաանյանը մինչև կյանքի վերջ երախտապարտ մնաց առաջին ուսուցչին, նաև այն ժամանակ, երբ հռչակված վարպետ էր։

Հիշում եմ Հրաչյա Ղափլանյանի առաջին գործուղումը Մոսկվա. նրա մեկ թե երկու տարվա ուսուցումը Մոսկվայի գեղարվեստական թատրոնի վարպետների մոտ։

Հիշում եմ իր բեմական հասուն տարիները, հիշում եմ նրան վարպետության ճանապարհին։ Ներկայացումներ ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում։ Հիշում եմ այդ տարիների հաջողությունները և ստեղծագործական բարեկամությունը մի այնպիսի նրբաճաշակ արվեստագետի հետ, ինչպիսին Գրիգորի Բոյաջևն էր։

Ուսուցիչներ ու խորհրդատուներ շատ ուներ Ղափլանյանը իր կյանքում, օրինակելի և ուսանելի շատ ներկայացումներ տեսավ Մոսկվայում, Լենինգրադում, վերջապես արտասահմանում, բայց նա ուներ արվեստի իր իդեալը՝ Վարդան Աճեմյանի թատրոնը։ Ստեղծագործական համագործակցություն չստացվեց, բայց նա մնաց խոնարհ հետևորդը նշանավոր բեմադրիչի։ Շատ բան սովորեց և եթե մեկն ուշադիր և մանրազնին քննի Ղափլանյանի բեմադրությունները, ապա անպայման աճեմյանական մատնահետքեր կգտնի այնտեղ։

Ռ. Սիմոնովը և Հ. Ղափլանյանը
Ռ. Սիմոնովը և Հ. Ղափլանյանը

Եվ Ղափլանյանը հպարտ էր դրա համար։

Հրաչյա Ղափլանյանն իր թատրոնը ստեղծեց՝ Երևանի դրամատիկական թատրոնը, որը ոչ միայն նոր էր, այլև ուրիշ, որ շատ էական է։ Իր ուրույն դեմքն ուներ այդ թատրոնը, ղափլանյանական, իր հանդիսատեսն ունեցող թատրոն էր, որի գործունեությունը կասեցնելու շատ հարցեր եղան…

Սեփական թատրոն ստեղծելու երազը փայփայել են շատ բեմադրիչներ, բայց սակավ են այն երջանիկները, որոնց դա հաջողվում է։ Եվ Երևանի թատերական կյանքի այսօրվա օրն անպատկերանալի է առանց Երևանի դրամատիկական թատրոնի։

Լայն էր և ընդարձակ Հրաչյա Ղափլանյանի գործունեության շառավիղը։ Փնտրելի անուն, ճանաչված, գնահատված, սիրված, որի մուտքը ցանկալի էր ոչ միայն Երևանի թատրոնում, այլև՝ Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնում, Մոսկվայի Փոքր թատրոնում, Քիշինևի թատրոնում…

Ի տարբերություն մեր հին ու նոր բեմադրիչների, Ղափլանյանն իր շատ ներկայացումների բեմադրիչն էր։ Դա երևի ապացույց է բեմադրիչի մտահղացման ներքին և արտաքին գործոնները միմյանց հետ խորապես շաղկապված լինելու և անքակտելության։

Այս ամենին անհրաժեշտ է հավելել իր անձը՝ բարի ու մարդկային, անքեն ու բարյացակամ։ Այս բոլորին գումարենք նաև երկու տասնյակից ավելի հայկական թատերական ընկերության վարչության նախագահի պաշտոնում ունեցած բուռն գործունեությունը։ Անձնուրաց նվիրվածություն։ Մտահոգություն բոլոր թատրոնների նկատմամբ։ Մտահոգություն թատրոնի մարդկանց հանդեպ։ Դժվար է գոնե մի հատիկ անուն հիշել, որ ընդառաջված չլինի նախագահի կողմից։ Ու հիմա չկա Հրաչյա Ղափլանյանը։ Չկա մեր սիրելի ընկերն ու բարեկամը, արվեստագետը, գործիչը։ Եզրափակվեց նրա բազմակողմանի ու բազմածավալ գործունեության վերջին էջը։ Իմ հայացքի դիմաց հառնում է նա՝ շրթունքներին ժպիտ, իսկ աչքերը տխո՜ւր-տխո՜ւր…

Ռուբեն Զարյան

* * *

Հրաչյա Նիկիտայի Ղափլանյան

(Նյութը մասնակի կրճատված է)

Հրաչյա Նիկիտայի Ղափլանյան

Սովետական թատերական արվեստը ծանր կորուստ կրեց։ Կյանքի 65-րդ տարում վախճանվեց սովետական նշանավոր ռեժիսոր և հասարակական գործիչ, 1947 թվականից ՍՄԿԿ անդամ, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, ՍՍՀՄ թատերական գործիչների միության վարչության նախագահ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Հրաչյա Նիկիտայի Ղափլանյանը։

Հրաչյա Նիկիտայի Ղափլանյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 14-ին, Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում։ 1935 թվականին նա առաջին անգամ բեմ դուրս եկավ Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում։ Երևանի թատերական ուսումնարանն ավարտելուց հետո 1942 թվականից եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Հ. Ն. Ղափլանյանը ստեղծագործական գործունեության տարիներին գլխավորել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կոլեկտիվները։ Նրա բեմադրությունները հասարակական մեծ արձագանք են ունեցել Մոսկվայի, Մոլդովայի, Ադրբեջանի բեմերում։

Հ. Ն. Ղափլանյանը միշտ ստեղծագործական որոնման մեջ էր, անսահմանորեն պահանջկոտ էր իր և ուրիշների նկատմամբ։

Հիանալի կոմունիստ արվեստագետի՝ Հրաչյա Նիկիտի Ղափլանյանի հիշատակը ընդմիշտ կպահպանվի սովետական մարդկանց սրտերում։

Ե. Կ. Լիգաչով. Ա. Ն. Յակովլև, Պ. Ն. Դեմիչև, Ս. Գ. Հարությունյան, Ա. Ի. Վոլսկի… և ուրիշներ։