Հայաստանի գրողների միության վարչության ողջույնի խոսքը Համո Սահյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Գրական թերթ, 14 ապրիլի, 1989թ.

Հայաստանի գրողների միության վարչության ողջույնի խոսքը Համո Սահյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Թանկագին Համո Սահյան

Մեր ժողովրդի ու նրա բազմադարյան գրականության համար, հիրավի, մեծ ուրախություն է Ձեր ծննդյան 75-ամյակը Ձեր իսկ կենդանի ներկայությամբ նշելու փաստը։ Ահա արդեն կես դար է, ինչ Ձեր անունը իր հաստատուն, պատվավոր տեղն է գրավել հայոց բազմագագաթ պոեզիայի կեռնապարում։ Այսօր հազիվ թե գտնվի մի ընթերցող, որին ծանոթ չլինի մարդկային վեհ հույզերի ու բնության հեքիաթային դրսևորումների ներդաշնակությունից ծնված, անկրկնելի պատկերներով ծփացող այն աշխարհը, որ Դուք մեծ արվեստագետի տաղանդով ստեղծել ու պահ եք տվել ժողովրդին ու ժամանակին։

Հեշտ չէր Ձեր ապրած բազմաժխոր օրերում մաքուր ու բարձր պահել բանաստեղծի ու բանաստեղծության պատիվը։ Բայց Դուք, լցված մարդկային կենդանի թրթիռներով, ականջալուր բնության մշտահոլով իմաստությանը, կարողացաք վեր մնալ ժամանակի օրապակաս, պատեհապաշտ նվագներից և պոեզիայի պարզ ու անմեկին կախարդանքով փառաբանեցիք մեր ժողովրդին բնորոշ այն ազնվական հատկություններն ու վեհ մղումները, որոնք հեշտությամբ կարող են խաթարվել այս բարդ ու հակասական, դրամատիզմով հագեցած  դարում։ Դուք մեկն եք բանաստեղծական այն սերնդի ներկայացուցիչներից, որի ջահելությունը կոփվեց ոչ միայն հայրենիքի փրկության, այլև մեր հավատի փորձության մարտերում։ Դուք, համարյա տարեկիցը մեր վերածնված հայրենիքի, դարձաք նրա երդվյալ զինվորն ու պատվի ասպետը։ Այդ հայրենիքում ապրող ու ծանր տքնանքով երկիրը պահող հայ մարդու հոգու սլացքների երգիչն եք Դուք՝ միշտ հավատավոր, միշտ հուսատու։ Ձեր ամեն մի բանաստեղծությունը մի սքանչելի մեղեդի է, որ զանգի արծաթ ղողանջի պես արձագանքվում է մարդկանց հոգիներում, Հայաստան աշխարհի կիրճերում ու ձորերում, անտառներում ու քարափներին։ Բնապաշտ, հայրենապաշտ, մարդապաշտ բանաստեղծ եք Դուք, և դա է թերևս Ձեր հարատևության ճշմարիտ գրավականը։

Սիրելի Համո Սահյան

75 տարին, թվում է, ջահել տարիք չէ բանաստեղծի համար, սակայն դրա լավագույն հերքումը Ձեր պոեզիան է, որի ամեն մի տողում, ամեն մի պատկերի մեջ թրթռում է աշխարհի ու մարդու սիրուց ընդմիշտ ջահել մի հոգի, որի չմարած կարոտներից, վստահ ենք, դեռ ծնվելու են չքնաղ շատ տողեր։ Եվ եթե ժամանակը ինչ-որ չափով խլել է Ձեր ֆիզիկական ավյունը, ապա դրա փոխարեն շռայլորեն ծանրացրել է իմաստուն խոհի, բյուրեղացած զգացմունքների բեռը, բանաստեղծական արվեստի կատարելության լեռը նվաճելու Ձեր ձգտումը։ Թող ուրեմն Ձեր ճանապարհը հասցնի Ձեզ Պոեզիայի մեծ լեռան գագաթը, որտեղ օրը ծագում ու երբեք մայր չի մտնում։

ՀԳՄ վարչության քարտուղարություն
«Գրական թերթի» խմբագրությունը սրտանց միանում է այս ողջույնին