Հրաբխային Արմաղանն ու ձյունածածկ ծաղիկները

Գեղամա լեռներում, ծովից մոտ 2800մ բարձրության վրա է Արմաղան լեռը, որի գագաթին կա մի հրաշք փոքրիկ լճակ։ Լճակի հենց կողքին Ս. Հարություն մատուռն է, քիչ հեռու 2009-ին կառուցված սեղանատունը։ Թեև եղանակը լավ էր, բայց ուժգին ու սառը քամի էր։ Դժվարանում եմ ասել, թե քանի մ/վրկ արագություն կունենար, բայց բավականին ուժեղ էր։ Երբ բարձրացանք մոտ 450 մետր հարաբերական բարձրություն (հարաբերական բարձրությունը լեռան ստորոտից մինչև գագաթ եղած բարձրությունն է։ Օրինակ՝ հարաբերական բարձրությամբ Արարատն աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 4300 մետր) ունեցող հրաբխային լեռը, մեր առջև բացվեց մի հիանալի տեսարան։ Տեղ-տեղ դեռ երևում էին ձյան փոքրիկ պատառիկները, որոնք շրջակա կանաչ գույնի հետ գեղեցիկ տեսարան էին ապահովում։

armaghan2

armaghan1

armaghan5

Շնորհիւ եւ ողորմութեամբ ամենակալին Աստուծոյ կառուցաւ սեղանատունս ի վայելումն ուխտավորաց Արմաղանի Ս. Հարութիւն մատռան յամի տեառն 2009
Շնորհիւ եւ ողորմութեամբ ամենակալին Աստուծոյ կառուցաւ սեղանատունս ի վայելումն ուխտավորաց Արմաղանի Ս. Հարութիւն մատռան յամի տեառն 2009

armaghan4

Դեպի Արմաղան ճանապարհի վերջին գյուղերը՝ Ներքին Գետաշենը, Վերին Գետաշենը և Մեդինան, շատ խնամված ու մաքուր էին։ Տները գեղեցիկ էին, փողոցները բարեկարգ, ճանապարհային նշաններով։ Հողամասերը մշակված էին, մարդիկ աշխատում էին։ Վերին Գետաշենի ու Ներքին Գետաշենի բնակիչների նախնիները Ալաշկերտից ու Մուշից են գաղթել՝ 19-րդ դարի 20-ական թվականներին։ Մադինան համեմատաբար ավելի նոր գյուղ է. Ներքին Գետաշենի բնակիչներն են հիմնել՝ 1922-ին։ Այս տեղեկությունները վերցրել եմ Հայկական սովետական հանրագիտարանից և ամբողջական տեքստերը վերջում դրված են։

armaghan6

Արմաղան, հանգած հրաբուխ Գեղամա լեռնաշղթայում։ Հարաբերական բարձրությունը՝ 450մ։ Գագաթային մասում ունի 400 մ տրամագծով և 50մ խորությամբ խառնարան, որը մասամբ լցվում է ջրով։ Առաջացել է անթրոպոգենում (հոլոցեն), հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքերի հետևանքով։ Հրաբխային կոնի ստորին մասերից սկիզբ են առնում անդեզիտա-բազալտային լավաների հոսքեր՝ 100կմ2 ընդհանուր մակերեսով։

IMG_6054 St-Harutyun1

Արմաղանի գագաթին մենք մոտեցանք մեքենայով, բայց արշավի իսկական սիրահարները սովորաբար ոտքով են բարձրանում։ Այդպիսի մի խմբի հանդիպեցինք գագաթին։ Ֆրանսիացի զբոսաշրջիկներ էին։ Այլ տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։

Խորհուրդ եմ տալիս անպայման ժամանակ գտնել ու այցելել Արմաղան։ Անմոռանալի տպավորություններ կստանաք։

Նվիրում եմ 1828-1830թթ. Արևմտյան Հայաստանից եկած ազգատոհմերի նահապետներին, նաև ծնողներիս սուրբ հիշատակին
Նվիրում եմ 1828-1830թթ. Արևմտյան Հայաստանից եկած ազգատոհմերի նահապետներին, նաև ծնողներիս սուրբ հիշատակին
Նվիրում եմ 1828-1830թթ. Արևմտյան Հայաստանից եկած ազգատոհմերի նահապետներին, նաև ծնողներիս սուրբ հիշատակին
Նվիրում եմ 1828-1830թթ. Արևմտյան Հայաստանից եկած ազգատոհմերի նահապետներին, նաև ծնողներիս սուրբ հիշատակին

Վերին Գետաշեն, գյուղ Մարտունու շրջանում, Արգիճի գետի ափին, Մարտունուց 3 կմ հարավարևմուտք։ Խորհրդային տարիներին գյուղում զբաղվել են հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցիներ (Ս. Աստվածածին, Ս. Սարգիս), խաչարձաններ, գերեզմաններ խաչքարերով։ Բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտից, Մուշից, 1828-29թթ.։

Ներքին Գետաշեն (մինչև 1945-ը՝ Ադյաման), գյուղ Մարտունու շրջանում, Արգիճի գետի ափին, Մարտունուց 2 կմ հյուսիսարևմուտք։ Գյուղում գործում էր «Հայգորգ» միավորման Մարտունու մասնաճյուղը։

Մադինա, գյուղ Մարտունու շրջանում, Արգիճի գետի ձախ ափին, Մարտունուց 10 կմ հարավարևմուտք։ Բնակիչները եկել են նույն շրջանի Ներքին Գետաշեն գյուղից, 1922-ին։ Մադինայի մոտ է համանուն ՀԷԿ-ը։

Ս. Հարություն
Ս. Հարություն
St-Harutyun4
Ս. Հարություն
St-Harutyun5
Ս. Հարություն

St-Harutyun2