Հայրավանքն ու առագաստանավային սպորտը

Hayrivank-1

Անցած շաբաթ դեպի Արմաղան ճամփորդությունից հետ գալուց կանգ առանք Հայրավանքում, որի հետ կապված վառ հուշեր կան։

Այրիվանքը հիշում եմ անցած դարի 80-ական թվականների երկրորդ կեսից, երբ առագաստանավային սպորտով էի զբաղվում։ Տարվա ընթացքում առագաստանավ քշելու տեսական գիտելիքներն ու հմտությունները սովորում էինք Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի դասասենյակներում։

Հիշում եմ մեր մարզիչներին՝ Մուշեղին, Սամվելին, Մհերին, ովքեր սովորեցնում էին, թե ինչպես պետք է տարբերել քամու ուղղությունը, առագաստների դիրքերը, խուսանավելու հմտությունները, ծովային հանգույցները և ուրիշ բազմաթիվ նրբություններ։ Շաբաթական 1-2 օր անում էինք նաև ֆիզիկական վարժություններ։

Hayrivank-3 Hayrivank-2 Hayrivank-4

Առաջին անգամ առագաստանավ նստեցինք Երևանյան լճում։ Դա ընդամենը նախնական ծանոթությունն էր։ 1987-ի ամռանը առագաստանավային ամբողջ խումբը մեկնեց Սևան, Այրիվանքի անմիջական հարևանությամբ, որտեղ ակումբի ամառային ճամբարն էր։ Բացի սովորական, ուսումնական նավակներից («Կադետ», «Օպտիմիստ», «Լուչ») կար երկու խոշոր առագաստանավ՝ «Անին» ու «Տարսոնը»։ Մեկ-երկու անգամ այդ նավերով ուղևորություն կատարեցինք Սևանա լճի խորքերում։ Մեկ ամսից ավելի ամբողջ խումբը բնակվում էր Սևանի ափին՝ ջրից 30-40 մետր հեռավորության վրա, վրաններում։

Hayrivank-5 Hayrivank-6

Օրը սկսվում էր թեթև ֆիզիկական վարժություններով, նախաճաշով։ Մնացած գրեթե ողջ ընթացքում լճի «վրա» էինք՝ մեր նավակներով։ Վայրի, ադրենալինով հարուստ ապրելակերպ էր, արևից դարձել էինք մուգ շագանակագույն, իսկ մի քանի շաբաթից՝ մեզ իսկական ծովային գայլ էինք զգում։

Ափսոս՝ այն տարիներին լուսանկարչական ապարատները քիչ էին (գրեթե չկային), թե չէ հիմա մի ամբողջ ֆոտոխրոնիկա կունայինք։ Ստիպված պետք է բավարարվենք 20-րդ դարի հուշերով ու 21-րդ դարի լուսանկարները նայելով։

Այստեղ նաև Հայրավանքի մասին Հայկական Սովետական Հանրագիտարանի հոդվածն է։

Հայրավանք, ճարտարապետական հուշարձան, XI-XIIդդ. Վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այրիվան գյուղի հյուսիս-արևելյան մասում՝ Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Պահպանվել է եկեղեցին՝ արևմուտքից կից գավիթով։ Եկեղեցին, կառուցված IX դարի վերջին, քառակոնք է, 6,15մx7,15մ ներքին առանցքային չափերով, հարավից և արևմուտքից (բացվել է գավիթը կառուցելու կապակցությամբ) մուտքերով։

Hayrivank-7 Hayrivank-8

Կառուցված է կոպտատած բազալտից, տրոմպերը, աբսիդները (բոլորաձև են նաև արտաքուստ), անկյունները, ութնիստ թմբուկը՝ սրբատաշ, դարչնագույն տուֆից։ XII դարի վերջին կառուցված գավիթը պատկանում է երկսյուն գավիթների տիպին, արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ, որոնք ընդգրկում են եկեղեցու արևմտյան աբսիդը։ Գավիթն ունի երդիկավոր, ութնիստ, շթաքարեզարդ գմբեթ՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից։ Հուշարձանի բազմաթիվ վիմագրություններից հնագույնը կատարված է 1211-ին։

Հայաստանի տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 1952, 1972, 1973թթ.՝ Հ. Մնացականյանի ղեկավարությամբ։ Պեղվել են մի շարք բնակարաններ ու բնակատեղի։ Ամենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է։ Միջին բրոնզե դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ, որոնցից մեկը զարդարված է կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով։

Hayrivank-9

Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը (բրոնզե, երկաթե, ոսկրե և քարե գործիքներ ու զարդեր)։ Հայտնաբերվել են նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն։ Հիմքեր կան ենթադրելու, որ Հայրավանքի առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը, որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ, վերաբերում է նույն ժամանակաշրջանին։ Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ։ Հայկական Սովետական Հանրագիտարան

Hayrivank-10 Hayrivank-11 Hayrivank-12

Հայրավանքը հայտնի է նաև Այրիվանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք անուններով։ Վանքի Մարդաղավնյաց անվանումը կապված է մի ավանդության հետ, ըստ որի 1381թ. Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, վանահայր Հովհանը, գերեվարված հազարավոր հայերի Քրիստոսի խաչափայտի մասունքով փոխակերպել է աղավնիների և ազատ արձակել։ Ըստ մեկ այլ ավանդության՝ ստորգետնյա ուղիով վանքը կապված է եղել 1 կմ հյուսիս գտնվող Սպիտակ (Բերդկունք) ամրոցի հետ և կոչվել է նաև Այրիվանք։

Hayrivank-13

Կառուցված է Սևանա լճի ափին ձգվող բնակատեղիի (Ք. ա. II-I հազարամյակ – XVIIIդ) տարածքում։

Համալիրի կազմում են Սբ. Ստեփանոս եկեղեցին (IXդ), գավիթը (1211թ.), բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր։ Պարսպափակ տարածքից դուրս գտնվում են բնակելի և տնտեսական շինությունների ավերակները։

Վանքը գործել է մինչև XIX դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Hayrivank-13 Hayrivank-14 Hayrivank-15

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS