ՀՅԴ ընդդեմ ՀՀՇի. լիբանանացո՞ւմ…

Ազգ, 6 ապրիլի, 1991թ., թիվ 15

Անդրանիկ Կռանեան, «Մասիս»

Կուզենք հոս լայն փակագիծ մը բանակ Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) և Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) փոխհարաբերություններուն մասին, անկախաբար այդ մյուս կետեն, որ նյութ պիտի հայթայթե հաջորդ թղթածրարի մը և որ կը վերաբերի Հայաստանի և Սփյուռքի կուսակցություններուն փոխհարաբերությանց։ Երկու գերակշիռ ուժեր՝ Հայաստանի իշխանության տիրանալու պայքար կը մղեն այսօր։ Մեկ կողմեն՝ ՀՀՇն, մյուս կողմեն՝ ՀՅԴն, Սփյուռքի գերակշիռ կուսակցությունը։

Պայքարը՝ Հայաստան-Սփյուռք մենամարտի բնույթ չունի տակավին։ ՀՀՇի և ՀՅԴի միջև այս հակամարտությունը կերպով մը կհիշեցնե Պոլսո «Գրաբարյան և աշխարհաբարյան» հակամարտությունը։

Հայաստանի հողին վրա, վերջին 70 տարիներուն ընթացքին, տարբեր հոգեբանությամբ ու տարբեր պայմաններու մեջ զարգացած քաղաքական մտածողություն մը կա, որ կը փափագի իր ըմբռնած ձևով վարել նոր Հայաստանին ղեկը, ձեռնարկել նոր փորձության մը, մերժել անցյալի կրկնությունները։ Ասիկա ՀՀՇն է։

Իսկ ՀՅԴն նոր Հայաստանը կը նկատե ժառանգ մը, որ կուգա իր անցյալի պատմութենեն որպես շարունակությունը իր անցյալին, կամ Վ. Փափազյանի խոսքով «ավագ եղբայրը» Հայաստանին (Ազդակ, 20-10-1990)։ Որպես այդպիսին, ՀՅԴն կակնկալեր Հայաստանի մեջ գրկաբաց ու հաղթական ընդունելություն մը։ Բայց հոն արդեն արմատացած ՀՀՇի ընդդիմության պատճառով, ՀՅԴն հարկադրվեցավ ճակատ բանալ քաղաքական ճամբով գրավելու իշխանությունը։

Ներկայացող առաջին առիթը՝ Հայաստանի նախագահական ընտրություններն էին։ ՀՀՇի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ՀՅԴն փորձեց գործածել համայնավար Վլադիմիր Մովսիսյանը։ ՀՅԴն նախընտրեց զինակցիլ համայնավարության հետ և հակադրվիլ ՀՀՇին, այն ինքնտիպ պատճառով, որ ՀՀՇն՝ իր գաղափարներով ավելի մոտ էր ՀՅԴին, հետևաբար երկուքեն մեկը ավելորդ կդառնար, քանի որ կարելի չէր երկու աքլոր պահել նույն հավնոցին մեջ։

Եթե նախագահական ընտրություններուն՝ ՀՅԴն հաջողեր ՀՀՇն դուրս նետել մրցույթեն, հաջորդ հանգրվանով հեշտ պիտի ըլլար ներգրավել Հայաստանի Համայնավար կուսակցությունը, շնորհիվ ՀՅԴի մշակած արտասահմանյան կապերուն Ամերիկայի հետ, որոնք առնչված են նաև Գորբաչով-Բուշ ներկա բարեկամության հետ։

ՀՀՇն, ՀՅԴի հետ բաղդատած, «տեղացի» ըլլալու առավելություն ուներ։ Ան Հայաստանի ժողովուրդեն պաշտված էր, հատկապես Ղարաբաղի հարցով անոր մղած պայքարին ու ապրած բանտարկության համար. «Դուն ո՞ւր էիր, ո՜վ ՀՅԴ, երբ մենք բանտերը կը մտնեինք», կրնա հարց տալ։

Նախագահական ընտրությանց ձախող պայքարեն ետք, ՀՅԴն ներկայիս կփորձե ՀՀՇին դեմ օգտագործել Ղարաբաղի հարցը, լծակ մը, որ ծառայած էր ՀՀՇին՝ իշխանության գլուխ հասնելու։

ՀՀՇ-ՀՅԴ այս լարվածության հետևանքը կգտնենք այն վերապահության մեջ, զոր Հայաստան կը սնուցանե Սփյուռքին և անոր կուսակցություններուն երկարած օգնության բազուկին դեմ։

«Ուրբաթ» շաբաթաթերթի հարցազրույցին մասնակցած ՀՅԴի ներկայացուցիչը կը պարզե երկու ճակատները, որոնց մեջեն ՀՅԴն կը հուսա ճեղք բանալ ՀՀՇի բերդեն ներս։ Առաջինը արդեն ըսինք, Ղարաբաղի հարցն է, «որուն սպառնացող մահացու վտանգին դիմաց, առ այժմ չի ձեռնարկվում համապատասխան միջոցառումների»։ Երկրորդ հարցը՝ Հայ Դատի հետապնդման հարցն է։

Հրայր Մարուխյան, «Դրոշակին» տված իր հարցազրույցին մեջ, կը բնորոշե. «Հայրենի մեր ժողովուրդին ճակատագիրը՝ միայն մեկ հոսանքի տնօրինության վստահիլը (…) մենատիրական նոր կարելիություններու տուն տալու չափ վտանգավոր է»։ «ՀՀՇի անդամները անտարակույս նույն ազգային գիտակցությունն ունեն ինչ որ մենք։ Մեզ բաժնողը՝ քաղաքական ուղղությունն է»։

Վ. Փափազյանի հաշտարար կեցվածքին հակադրվելով (Ազդակ, 20-10-1990), Նազարեթ Պերպերյան, Վ. Մովսիսյանի պարտության դառնությունը ամիսներ ետք մակերեսելով կըսե. «Հայրենի հանրությունը դեռ չէ ըսած իր վերջին խոսքը, մանավանդ, որ դեռ վճռված չէ հայրենի քաղաքական ուժերուն դասավորման պատկերը» (Ազդակ, 3-11-1990)։ Հ. Մարուխյանի համար, թեև այսօր ՀՀՇն հասած է Հայաստանի պետության գլուխը, սակայն հույս կա, որ օր մը «Արտերկրի քաղաքական շրջանակների» (Ամերիկայի՞) օժանդակությամբ, ՀՅԴն հասնի Հայաստանի իշխանության գլուխը։

ՀՀՇ-ՀՅԴ հակադրությունը կը զորե Մոսկվայի հետ գործակցելու անոնց քաղաքականության շուրջ ևս։ Գորբաչովի մեծագույն զինակիցը՝ Սովետ Միությունը չէ, այլ Ամերիկան։ ՀՅԴ ևս, հետևելով Ամերիկայի օրինակին, թիկունք կկանգնի Գորբաչովին և անոր վարած կեդրոնական իշխանության։Բացի Ամերիկայի հետ վաղեմի կապերեն, ՀՅԴն իր ուրույն համոզումներով ևս համամիտ է Հայաստանը չանջատել խորհրդային կեդրոնական հովանիեն, զայն նկատելով արդարացիորեն՝ ներկայի միակ հավանական և տրամադրելի պաշտպանը Հայաստանի վրա։

ՀՀՇն նկատի չառներ, թե Գորբաչովին հակադրվողը՝ Ամերիկային կը հակադրվի։ Իսկ Ամերիկայի հակադրվողը՝ Սփյուռքի մեջ դժվարություններու պիտի բախի։ ՀՀՇն դիրքորոշված է Գորբաչովի դեմ և զինակցած է Բորիս Ելցինի նման անջատողական ու Գորբաչովի հակադիր անձնավորության մը հետ։ ՀՀՇն ունի քանի մը դրդապատճառներ. ա) Գորբաչով (կամ եթե կուզեք՝ Մոսկվան) համակիր է Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցով և պաշարումին երկարաձգումով։ բ) Խորհրդային բանակը պիտի չգա պաշտպանելու Հայաստանը ազերի հարձակումի մը պարագային, ինչպես փաստեցավ Սումգայիթի, Բաքվի և այլ դեպքերու մեջ, և ինչպես կփաստվի ամեն օր Ղարաբաղի մեջ։ գ) ՀՀՇն հույս ունի, թե Հայաստան իր հարևան երկրներուն հետ կրնա բնականոն հարաբերություններ մշակել, հավատալով, թե անոնց մոտ տնտեսական շահերը ավելի գերակշիռ են, քան քաղաքական շահերը։

Թրքական կամ պանթուրքիզմի վտանգին տարբեր գնահատումը՝ ալ ավելի կը սրե հակադրությունը ՀՅԴի և ՀՀՇի միջև։

ՀՅԴի ժողովրդավարական իրավունքն է ընդդիմադիր ուժ կազմել, քննադատել, զգուշացնել ՀՀՇն։ Ու չենք տարակուսիր, թե որքան օգտակար կրնա ըլլալ ընդդիմադիր ճակատին դերը՝ անորոշության և խարխափումներու այս օրերուն։ Ի վերջո, ատիկա կը պահանջեն ժողովրդավարական օրենքները ազատ աշխարհին մեջ։

Այդ պատճառով, սխալ կը գտնենք ընդդիմության բացակայությունը ՌԱԿի և ՍԴՀԿի մոտ ՀՀՇի հանդեպ հատկապես։ Թուրքիո երկարած ձեռքի քաղաքականության մասին, որուն իրենք ալ համաձայն չեն, քանի իրենք ալ պիտի չուզեն Հայ Դատը ծախել պնակ մը ոսպապուրի համար։ Այս հարցին մեջ ՀՅԴի հետ ձայնակցելու վախը չպետք է լռության մատնե զիրենք։ Պետք չէ ձգել, որ ՀՀՇի դեմ մղված պայքարը այս հարցին շուրջ, դառնա մենամարտ մը ՀՅԴի և ՀՀՇի միջև Ծոցի պատերազմին պես։ Գրավը՝ բոլորիս համար է։

Այս բոլոր՝ աղեկ։ Սակայն…

Սակայն այս օրերուս, ոչ մեկ ընդդիմություն՝ որ կողմե ալ գա, արդարանալի կամ օգտակար կրնա ըլլալ, եթե ան ձգտե միմիայն ՀՀՇն տապալելու և եթե զայն տապալելու պարագային, չունենա պահանջված կշիռն ու ուժը անոր թողած բացը գոցելու…։ Հար ու նման Գորբաչովի անձին, որ հազարումեկ ընդդիմադիրներ ունի, բայց անոնց մեջ չունի մեկը, որ կարենա Սովետ Միության ղեկը ստանձնել ներկայիս, անոր փոխարեն։

ՀՅԴն կամ ուրիշ մեկը՝ կրնա ի վերջո տապալել ՀՀՇն, օգտվելով անոր անփորձառութենեն, անոր դիզած սխալներեն և անոր հարուցած ժողովրդային դժգոհություններու ալիքեն։ Բայց կա՞ մեկը, որ իր այժմյան կազմակերպվածությամբ ու տվյալներով՝ ՀՀՇի տեղը գրավե։ Մեխագույն աղետը այսօր, ազատ ընդդիմության անունին տակ, իշխանության մակարդակով պարապություն մը ստեղծելն է, պարապություն մը, որ երկիրը անկառավարելի պիտի դարձնե, պիտի ստեղծե շփոթ կացություն, անիշխանություն և մահ… Լիբանանականացում, որմե պիտի օգտվին հայրենիքի թշնամիները, արտագաղթը, ինչ որ ոչ մեկ գնով ՀՅԴի ուզածը կրնա ըլլալ, կարծես։ Հեշտ չէ ՀՀՇին հաջորդել։

Պէյրութ