Արցախյան ճգնաժամ

«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ

Արցախյան ճգնաժամ. Խորհրդարանը ելք է փնտրում։ Հանրահավաքներ խորհրդարանի առջև և Ազատության հրապարակում

16 մայիսի, հինգշաբթի։ Ստեփանակերտում առավոտյան ժամը 5-ից շրջապատվել է Արմենավան թաղամասը, խուզարկությունների պատճառաբանությամբ։ Ձերբակալվել են ժողպատգամավոր Համլետ Գրիգորյանն ու եղբայրը՝ Մավրիկ Գրիգորյանը, կահույքի ֆաբրիկայի արտադրամասի պետ Ռաֆայել Գաբրիելյանը, կոմպոզիտոր Էդուարդ Ղազարյանցը և շատ ուրիշներ։ Ջարդել են դերասանուհի Ժաննա Գալստյանի բնակարանի դուռը նրան ձերբակալելու նպատակով, սակայն նա տանը չի եղել։

Մայիսի 16-ին հրավիրվեց ՀՀ Գերագույն խորհրդի արտահերթ լիագումար նիստ՝ նվիրված վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր կացությանը։ Գերագույն խորհուրդը դիմում հղեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պերես դե Կուելյարին՝ Լեռնային Ղարաբաղ դիտորդներ ուղարկելու խնդրանքով։

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղին սահմանակցող տարածք են բերվել Հադրութի մի քանի գյուղերից տեղահանված հազարի չափ հայեր՝ մոտ 30 ավտոբուս։ Ազերի օմօնականները և խորհրդային բանակի ստորաբաժանումները շրջապատել են այդ ժամանակավոր ճամբարը։ Խնձորեսկ մեկնած արտասահմանցի լրագրողներին ազերի օմօնականները թույլ չեն տվել հանդիպել տեղահանվածների հետ։

Երեկ՝ մայիսի 17-ին, Գերագույն խորհուրդը շարունակեց իր աշխատանքը։

Կեսօրին Ազատության հրապարակում կայացավ «Արցախ» հայրենակցական միության հանրահավաքը, որն ընդունեց բանաձև։ Խորհրդարանի երեկոյան աշխատանքը շարունակվեց առանց հրավիրյալների և «Արցախ» հայրենակցալան միության ներկայացուցիչների, որ մինչ այդ մասնակցում էին փակ նիստին։

Երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք» միության և Հանրապետական կուսակցության միացյալ հանրահավաքը, որի կարգախոսներն էին՝ «Անկախություն վերամիավորված Հայաստանին», «Նահանջի ճանապարհ չկա», «Չընկրկել պետական ահաբեկչության դիմաց»։

Խորհրդարանի երեկոյան նիստի ավարտից առաջ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ադրնեջանական ԽՍՀ-ի սահմանամերձ շրջաններում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։

Խորհրդարանի ընդունած մի այլ որոշմամբ դատապարտվում է ՀՀ Գերագույն խորհրդի անդամ Համլետ Գրիգորյանի ապօրինի ձերբակալությունը, որը կատարվել էր Ստեփանակերտում մայիսի 16-ին։