Էստոնացի լրագրողները վերադարձան Գորիսից

«Ազգ», 18 մայիսի, 1991թ., շաբաթ

Մայիսի 12-ին էստոնական հեռուստատեսության լրագրող Անդրես Ռայդը և օպերատոր Պեեպ Լաանսալուն վերադարձան Գորիսից։ Մեր աշխատակից Գայանե Աֆրիկյանը զրուցեց նրանց հետ։

– Մայիսի 10-ին երեկոյան հասանք Գորիս։ Այնտեղից միլիցիայի մայորը մեզ ուղեկցեց Տեղ գյուղը։ Բնակիչների մեծ մասն արդեն հեռացել էր գյուղից։ Մնացածները ցույց տվեցին, թե ինչպես, նույնիսկ խոզերի վրա էին կրակել։ Գյուղի դաշտում տեսանք այրված տրակտորը։ Հաջորդ օրը, առավոտյան, մեկնեցինք հեռուստաաշտարակ։ Ահավոր տեսարան էր։ Միայն փամփուշտի պարկուճները, որ մենք հավաքեցինք, կլիներ մի արկղից շատ։ Այնտեղ գնդակոծում էր եղել։ Հարձակման պահին մի միլիցիոներ պատուհանից դուրս էր նայել, իսկ նրան անմիջապես գնդակահարել էին։ Ռմբակոծված էին նույնիսկ ռադիոսարքավորումները։ Դա ո՞ւմ էր հարկավոր։ Ներքևում սենյակ կար։ Երևում էր, որ առավոտյան նրանք նախաճաշելիս են եղել։ Մարդիկ կրակոցներ լսելով, արագ դուրս են եկել այդտեղից և մինչև օրս չեն գտնվել։ Անհասկանալի է, ինչի՞ էր պետք այդքան կրակել։ Ինչպիսի՞ ռազմական խմբավորումներ կարող էին այնտեղ լինել։ Դա կեղծիք է։ Հեռուստաաշտարակից մեկնեցինք Շուռնուխ։ Այնտեղ նույնպես քիչ մարդ էր մնացել, որովհետև տղաներին պատանդ էին տարել։ Գյուղում մնացել էին միայն ծերերը, կանայք։ Մարդիկ քնած են եղել։ Նրանք գնդակոծել են տները, մեքենաները, որպեսզի հնարավորություն չլինի այնտեղից փախչելու։ Մի ծեր կին ցույց տվեց սառնարանը, որ գնել էր հինգ ամսվա թոշակի փողով. այն ամբողջությամբ գնդակոծված էր։

Մտանք գյուղի դպրոց։ Շենքի ներսում շուրջբոլորը պարկուճներ էին։ Գնդակոծել էին դասասենյակի դռները, նույնիսկ երեխաների համար ճաշ պատրաստելու կաթսան։ Դպրոցը բոլորովին վերջերս էր վերանորոգվել։ Իսկ պատերն ամբողջ գնդակոծված էին։ Բարեբախտաբար այդ ժամին այնտեղ երեխաներ չեն եղել։

Գյուղում տասը երեխամայր մի կին կար։ Տարել էին նույնիսկ նրա թոռներին։ Իսկ նա հայրենական պատերազմի շքանշաններ ուներ։ Ռմբակոծել են անխնա ամեն ինչ, նույնիսկ առանց անիվների մեքենան։ Գյուղում մեզ պատմեցին, թե ինչպես ծերերին ու երիտասարդներին բազմիցս հրաման տալով «պառկե՛լ, վե՛ր կենալ», ծաղրուծանակի են ենթարկել։

Հ. – Երբ այս ամենից հետո շփվում էիք գյուղի մարդկանց հետ, ի՞նչ տպավորություն նրանք ձեզ վրա թողեցին։

Պ. – Այս ամենից հետո, բնական է, որ նրանք ինչ-որ չափով նույնիսկ կորցրել էին ինքնատիրապետումը։ Իհարկե, ֆաշիստներն այդպես չէին անի։ Գյուղացիները պատմում էին, որ զինվորների դեմքերը ներկված էին եղել «զելյոնկայով»։ Սակայն այս ամենից հետո, մարդկանց մոտ, հատկապես կանանց, զգալի էր ինքնավստահությունն ու կամքի մեծ ուժը։

Հ. – Անդրես, ձեր Տալլին վերադառնալուց հետո, Էստոնիայում կիմանան այդ մասին։ Չե՞ս կարծում, որ բավականին ուշ է արդեն։

Պ. – Այդ առումով, իհարկե ուշ է, սակայն մինչ այդ պարզապես հնարավորություն չկար գալու։ Չնայած այն բանին, որ մենք չենք ունեցել տեսագրություն, ես ամեն օր զանգահարել եմ ՀՀՇ-ի լրատվական կենտրոն, և ստացված լուրերը անմիջապես հաղորդել եթեր։ Հիմա, հատկապես, երբ Միությունը տապալվում է, բոլորի ուշադրությունը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և երեք մերձբալթյան հանրապետությունների վրա է բևեռված։ Չնայած, ասեմ, որ որոշ առումով մեր բախտը պարզապես բերել է։

Հ. – Հայաստանի մասին լուրերը ինչպե՞ս են տարածվում Էստոնիայում։

Պ. – Կարծում եմ, հնարավորին չափ լայն։ Այդ առումով մենք սահմանափակումներ չունենք։ Իսկ ՏԱՍՍ-ի հաղորդագրությունները երբեմն տալիս ենք, զուգահեռաբար տալով նաև Հայաստանից ստացված լուրերը։

Հ. – Իսկ ինպե՞ս եք վարվում, երբ զուգահեռաբար լուրեր եք ստանում նաև Բաքվից։

Պ. – Նույնիսկ մայիսի 12-ի մամլո ասուլիսի ժամանակ Վազգեն Մանուկյանը ադրբեջանցիների դեմ ոչ մի բան չասաց։ Ի դեպ, դա ես զգացել եմ նաև Բաքվում։ Երկու շաբաթ առաջ ես առիթ ունեցա արևմտյան բիզնեսմենների հետ այնտեղ մեկնել։ Պրեմիեր մինիստրի հետ հանդիպման ժամանակ նաև առիթ գտա այդ մասին հարցնելու։ Իհարկե, ինչպես միշտ, նրանք պնդում են, թե Արցախը ադրբեջանական հող է, բայց նա նույնպես հայերի դեմ ոչ մի բան չասաց։ Սակայն Կենտրոնի հետ կապված հարցերի մասին խոսելիս Հասանովը, արտաքին ինքնավստահությունից զատ, ինչ-որ ներքին հրճվանք էր ցուցաբերում։ Դեռ այն ժամանակ դա ինձ տարօրինակ թվաց։

Ինչևէ, բոլորիս պարզ է, որ «կենտրոնին» շահավետ է այս կոնֆլիկտը, որովհետև այդ քողի տակ նա ինչ ուզում, անում է։