Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում

«Ազգ», 22 մայիսի, 1991թ., չորեքշաբթի

Լուսանկարը՝ Լևոն Արսենյանցի
Լուսանկարը՝ Լևոն Արսենյանցի

Այսպիսին է այսօր Արցախից բռնի տեղահանված երկու հազարի չափ հայերի բնակության վայրը, հասցեն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև ընկած չեզոք գոտին։ Այստեղ են նրանց այցելում Ադրբեջանի ժողպատգամավորները, որոնք «մարդասիրական գործողություններ» են որակում «սահմանային, ծանր, լարված շրջաններից մարդկանց տեղափոխելը»։ Բելոռուսիայի Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ «Նարոդնայա գազետայի» թղթակցի և մի շարք արտասահմանյան (կանադացի, չեխ, ճապոնացի, ամերիկացի) լրագրողների հետ «Ազգ»-ի թղթակից Լևոն Արսենյանցը մայիսի 17-ից 18-ը եղավ Գորիսում։ Նպատակը տեղում փախստականների վիճակին ծանոթանալն էր։

Պատերազմը զգում ես դեռ ուղղաթիռում, երբ օդաչուները հրահանգավորում են, թե կրակոցների դեպքում ինչ պետք է անել։

Գորիսի շրջխորհրդի ընկերները մեզ ուղեկցեցին մինչև սահմանամերձ գոտի և զգուշացրին, որ միջանկյալ գոտուց անցնելը վտանգավոր է։ Այդ կիլոմետրանոց տարածքը ոտքով անցանք։ Ընդառաջ եկան դեսանտային զորքերի համազգեստով ավտոմատավորներ։ Ռուս զինվորներն իրենց բավականին հանգիստ ու հանդարտ էին պահում, բայց երևում էր, որ ենթարկվում են համազգեստի տակից փողկապ և սպիտակ վերնաշապիկ հագած ոմն ադրբեջանցու։ Նա խստիվ արգելեց լուսանկարչական կամ տեսախցիկներով նկարահանումները և որպես նախազգուշացում ավտոմատն ուսից իջեցնելու շարժում արեց…

«Հավաքեք բոլորին, տարեք հայկական տարածք և այնտեղ նրանց հետ զրուցեք, նկարահանեք, կերակրեք»։ Բոլոր տեսակի բացատրությունները ավելորդ էին, համարում էր, որ ասածն էլ պետք եղածից ավելին է։ Ստիպված ետ դարձանք՝ մասամբ բավարարվելով հեռվից նշմարվող մարդկանց խմբերի, ունեցվածքի կույտերի նկարահանումներով։

Այդ երեկո Հայաստանից պատգամավորական խումբ եկավ՝ իր հետ բերելով փախստականներին իրենց տները ուղարկելու մասին որոշումը։ Պատգամավորները սպասում էին, թե ըստ նախնական պայմանավորվածության՝ երբ են նրանց ուղղաթիռներով կամ ավտոբուսներով ետ տանելու։

IMG_2376

Նման կոտորած տեսած մարդիկ, բնականաբար, չէին կարող անպաշտպան գոյության համաձայնել։ Սա հերոսության հարց չէ։ Գործում էր ինքնապաշտպանության բնազդը։ Միայն ամենաանհրաժեշտը փրկած զառամյալ ծերունիների ու կանանց, վատառողջների նկատմամբ ցանկացած քաղաքական որոշում ուղղակի մարդասիրական չէ։ Իհարկե, ավտոբուսներ էլ չեկան, ուղղաթիռներն էլ՝ Գորբաչովի մյուս խոստումների կատարման ոգով։

Առավոտյան նորից փորձեցինք անցնել ադրբեջանական հատված փախստականների ճամբար։ Այդ ադրբեջանցին այլևս չկար։ Կարողացանք խառնվել ժողովրդին, իսկ հետո զինվորական հրամանատարության հետ մի կերպ լեզու գտանք, օգնեց իմ ունեցած մոսկովյան թղթակցի վկայականը։

Առաջին օգնությունը ջուր, թեյ ու հաց էր։

Հայկական այս հողին այսքան մոտ՝ նրանք չեն կարողանում այստեղ գալ, չկա համապատասխան որոշում։ Նրանք էլ են ասում, որ եթե սովետական զինվորները չլինեին՝ «թուրքերը գյուղ չէին մտնի»։ Ցանկացած հարցին խմբով են պատասխանում, շատ անգամ առանց ներկայանալու, խառնիխուռն։

Հադրութի շրջանի տարբեր՝ Դոլանլար, Արևշատ, Նորաշեն և այլ գյուղերից են այս փախստականները, որոնց մեջ գոնե միջին տարիք ունեցողներին մատների վրա կարելի է հաշվել…

Մենք ետ չենք գնա

— Մայիսի 13-ի օրը մեզ համար շատ վատ բացվեց։ Զինվորականները օմօնականների հետ միասին ներխուժեցին գյուղ, ընդորում՝ զինվորականներն ավելի քիչ էին։ Տակն վրա արեցին ամեն ինչ։ Ասացին, որ երկու օրից պիտի հեռանանք։ Մայիսի 15-ին թուրքերը վերադարձան, բայց ոչինչ չարեցին. գյուղի վերևը մի քանի ժամ մնացին ու հեռացան։ Այո, կրակոցներ եղան։ Հաջորդ օրը նորից եկան։ Ավտոմատների զորությամբ ստիպեցին հոժարակամ հեռանալու մասին գրություններ ստորագրել։ Վախեցանք…

IMG_2377

— Տղամարդկանց, 6 հոգու, դեռ մայիսի 13-ին էին տարել։ Եղբորս էլ… գրպանը ավտոմատի մի պարկուճ էին գցել ու տարել։

— Կոլտնտեսության նախագահ Արթուր Հայրապետյանին էլ…

— Թեյ չունենք, վրանների տակ ենք։ Դժոխքի մեջ էինք։ Փոքր երեխաներ են՝ կյանք են ուզում։ Շատ եմ խնդրում, մեզ օգնեք։ Չեն կարողանում մեզ համար մի տեղ հող գտնել։ Ուզում ենք, որ մեր Սովետական Միությունը մեզ պաշտպանի։

— Երեխաներին ուտելիք պատրաստելու համար էլ ջուր չունենք։ Մոտներս եղած հացը գյուղից բերածն է՝ շուտով կվերջանա։ Մենք ոչի՛նչ, սովին կդիմանանք, երեխաներն են մեղք։

— Թուրքի ձեռքից պրծանք, բայց այստեղ, մեր սահմանում սովից չենք պրծնի։

— Չէ՛, չէ՛, չէ՛։ Քեզ մատաղ, հետ չենք գնա։ Ամբողջը ավերել են, չէինք էլ հասցրել դուրս գալ՝ մեր ամբողջ ունեցած-չունեցածը տարան։

— Այնտեղ մնալը վտանգավոր է։ Հայաստանում բարեկամներ ունենք, կարող ենք դիմանալ, մինչև տուն կառուցենք կամ ձեռք բերենք։ Մինչև մի տեղ ապաստան գտնենք։

IMG_2378

Ֆենյա Ասատրյան։ 1988-ի նոյեմբերից փախել էինք Բաքվից։ Եկանք Երևան՝ երկրաշարժ եղավ։ Տեղափոխվեցինք Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ գյուղ՝ տուն ունեինք։ Հիմա էլ… Հավերժ փախստական ենք։

Ղազինյան Սաթենիկ։ Ո՞նց պատմեմ։ 74 տարեկան եմ, չորս օր լավ ապրած չկամ։ Թուրքերը տունս մտան՝ դանակներով, նագաններով։ Չթողեցին մի բան վերցնեմ։ Անկողինն էլ եմ ուրիշից վերցրել, որ գոնե քնեմ։

— Այդ ավտոմատավորները շտապեցնում էին։ Տուն էինք թողնում, ո՞նց կարող էինք արագ հավաքվել։ Եթե ուշադրություն չէինք դարձնում, հրում էին։ Չէին էլ ամաչում։ Տեսնում են՝ կին եմ, հավաքվում եմ՝ հրում են ինձ։

— Մեր վերևը մի մարդ ու կին էին սպանել։ Կովը կթելիս էին եղել, հարձակվել էին, սպանել, տավարը քշել-տարել…

— Մեր ձիերը, հնդուհավերը, ճտերը… ինչ ասեմ, ամեն ինչ հավաքեցին՝ տների հետ էլ իրենց տվեցինք։ Սրանից ավել ի՜նչ կարող էինք տեսնել…

Պատրաստվում էինք Երևան վերադառնալ, երբ իմացանք, որ Տեղ գյուղի սահմանների մոտ իջեցնում են Բերդաձորի փախստականներին։ Նրանց մոտենալ ոչ ոք խորհուրդ չէր տալիս՝ բոլոր կողմերից շրջապատված էին օմօնականներով։ Վերջիններս կարծես պաշտպանում էին մի 35-40 տղամարդու «անվտանգությունը»։ Նա ներկայացավ իբրև «Ազերբայջան» թերթի սեփական թղթակից, ժողպատգամավոր Նուրիև Ջումշուդ Կուրբանօղլի։ Իսկ ես՝ «Ռաբոտնիցա» հանդեսի թղթակից։ Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը։

Նրանք իրե՛նք էին ցանկանում տեղափոխվել

— Ասացեք խնդրեմ, Ադրբեջանը հիմա կոմունիստակա՞ն հանրապետություն է։

— Հը՜մ։ Այո՛։ Ոչ միայն Ադրբեջանը։ Բայց ես կոմունիստ չեմ։

— Կարելի՞ է նաև ժողովրդավարական համարել։

— Ո՛չ։ Եթե միութենական կոմկուսը, թեկուզ անվանումով ժողովրդավարական չէ, մենք առավել ևս։

— Իսկ դուք ո՞ր խմբավորմանն եք պատկանում։

— Ժողովրդավարական։

— Բաժանո՞ւմ եք կոմունիստական կառավարության գործելակերպը։

— Ես միութենական հանրաքվեին դեմ էի։ Սա իմ դիրքորոշումն է…

— Ուրեմն դուք Ադրբեջանի ինքնիշխանության կողմնակի՞ց եք։

— Ոչ միայն Ադրբեջանի, ինչո՞ւ, բոլոր հանրապետությունների… Եթե կենտրոնը չի կարողանում հարցեր լուծել՝ թող մի կողմ քաշվի։ Մենք վաղուց դա փակախ կլինեինք… Հայերն էլ…

— Դուք հնարավո՞ր եք համարում, որ եթե կենտրոնը չլիներ, հայերի հետ լեզու կգտնեիք։

Ազերի պատգամավոր Ջումշուդ Նուրիևը օմօնականների հետ. հարցազրույցի պահին
Ազերի պատգամավոր Ջումշուդ Նուրիևը օմօնականների հետ. հարցազրույցի պահին

— Եթե երկու տարի առաջ չխանգարեին՝ մենք վաղուց ընդհանուր հայտարարի կգայինք։ Մենք իրար շատ լավ ենք ճանաչում։

— Հայաստանի խորհրդարանն էլ է պնդում, որ եթե սովետական զորքերը դուրս գան…

— Ո՛չ։ Ներկա պահին ո՛չ։ Հիմա բանակցությունների սեղանի մոտ նստելը ոչինչ չի տա։ Եթե մի երկու տարի առաջ պահանջեին՝ կլիներ։ Հիմա ո՛չ։

— Կարծիք կա, որ Ղարաբաղի պրոբլեմը, այս բոլոր գործողությունները հրահրված են կենտրոնի կողմից։

— Այո, ճիշտ է։ Լեռնային Ղարաբաղը դանդաղ գործող ռումբ էր։ Հետո Մոլդովան, Վրաստանը, Մերձբալթիկան… ամեն տեղ էլ ազգային փոքրամասնություններ կան ու ամեն տեղ էլ կարելի է նրանց օգտագործել։ Նրանց այդ է պետք։

— Ուրեմն դուք համաձա՞յն եք, որ կենտրոնն է հրահրում այս գործողությունները։

— Այո՛, այո՛, իհարկե։ 1988-ին, երբ սկսվեց այս ամենը, կարելի էր կարգավորել, բայց նրանց ձեռնտու չէր։ Նրանք երևի գիտեին, որ ապագայում հանրաքվեի, նոր միութենական պայմանագրի հեռանկարներ կան։ Նրանց Ադրբեջանն ու Հայաստանն էր պետք։ Կովկասը։

IMG_2375

— Ուրեմն դուք բաժանո՞ւմ եք նստաշրջանում Ալիևի արտահայտած այն կարծիքը, թե Ղարաբաղը միտումնավոր դարձրին պաղեստինյան խնդիր, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը պահեն Միության կազմում։

— Չնայած ես ադրբեջանցի եմ, բայց Ալիևին չեմ հավատում։ ՊԱԿ-ի գեներալ է, ի՞նչ իմանաս, թե ինչու էին Բաքու բերել։ Չեմ հավատում։ Ես իրատես եմ, ներկա պահին, ոչ մի հանրապետության Միությունից դուրս գալու հնարավորություն չեն տա։ Դժվար է։ Մենք դրամ, վալյուտա չունենք, ի՞նչ կարող ենք անել…

— Դուք կողմնակի՞ց եք Ադրբեջանի Խորհրդային Միության կազմից դուրս գալուն։

— Ո՞վ այդ հնարավորությունը կընձեռի…

— Իսկ չե՞ք կարծում, որ այս բոլոր գործողությունները հրահրվում են, որովհետև Հայաստանը ցանկանում է Միության կազմից դուրս գալ։

— Պարզ, բացահայտ ասում եմ՝ նրանք թւոյլ չեն տա, որ Հայաստանը Միության կազմից դուրս գա։ Կճնշեն այնքան, մինչև սուսիկ-փուսիկ ստորագրեն Միութենական պայմանագիրը։

— Այդպես է երևում։ Ու ձեր միջոցով էլ իրականացվում է։

— Միգուցե, եթե Լեռնային Ղարաբաղը չլիներ, Հայաստանի համար մի ուրիշ բան կնախապատրաստեին։ Ասենք՝ լարվածության օջախ Վրաստանում։ Մեզ համար էլ է Վրաստանը հարց՝ այնտեղ էլ են ադրբեջանցիներ ապրում։

Ազերի օմօնականներ
Ազերի օմօնականներ

— Ինչ-որ նոր բա՞ն կմտածեին…

— Այո՜։ Լեռնային Ղարաբաղը չլինի՝ ադրբեջանցիների համար Բորչալուն կլինի, հայերի համար Ախալքալաքը, Բոգդանովկան։

— Ասացեք խնդրեմ, քանի՞ գրոհային է հայտնաբերված Բերդաձորում։

— Ներկա պահին 22 մարդ է ձերբակալված։ Որպես լրագրող հետաքրքրվել եմ, 11-ի հետ զրուցել՝ Ռուբեն Վսեմայրի Քերոբյան, Տիգրան Լևոնի Իգիթխանյան, Արմեն Հակոբի Նազարյան, Անդրանիկ Բաղդասարի Հարությունյան, Սամվել Կառլենի Մանուկյան։ ՄՈՀՋ-ից՝ Գևորգ Սենեքերիմի Հալաբյանը, Արմեն Յուրիի Դանիելյանը, Գրիշա Արտավազդի Բաղդասարյանը, Ռոբերտ Միքայելի Հարությունյանը (երկու հոգու անուն չհաջողվեց վերծանել-խմբ.)։ Բոլորը, ինչպես տեսնում եք, հայեր են։ Մեծ մասը Երևանից։

— Նրանց զենքը ձեռքի՞ն են կալանավորել։

— Այո՛։ Մի մասին էլ լրագրող Սալաթան Ասկերովայի, զինվորականների սպանությունների մեղադրանքով։ Ինչպես էր այն տղայի անունը, Համո՞, Արմո՞… Նրանք իրենց մեղքը ճանաչել են։

— Կարելի՞ է նրանց հետ հանդիպել։ Կարո՞ղ եք մեզ օգնել։

— Ոչ։ Նրանք Լաչինում են, բայց արտակարգ դրություն է, նրանց արդեն տեղափոխած կլինեն։ Դե՛, ես նրանց հետ զրուցել եմ, նկարահանել։ Նրանցից 4-ը Հայաստանից են, մնացած 7-ը՝ տեղացիներ։ Նրանք մեղավոր չեն, նրանց ստիպել են։

— Ինչո՞ւ եք նրանց բռնագաղթեցնում։

— Չէ՜, սրանք ընդամենը այն երեք գյուղերի բնակիչներն են, որոնք իրենք էին ուզում տեղափոխվել։ Ոչ ոք չէր կարողանում նրանց անվտանգությունը երաշխավորել, ոչ ներքին զորքերը, ոչ էլ զինվորականները… Հայերն իրենք էին ցանկանում տեղափոխվել։ Նրանք մեղավոր չեն, ես նրանց խղճում եմ։

Պատրաստեցին Լևոն Արսենյանցը և Աննա Իսրայելյանը