Բռնագաղթ. Հարավային դարպաս՝ Բերդաձոր, Հադրութ

Ականատեսների վկայությունները գրի առավ Սամվել Շահմուրադյանը

Գարուն, 1992թ., թիվ 5

Սվետլանա Գրիգորյան

Ծնվել է 1948 թ., Մեծ Շենի բնակիչ, աշխատել է մանկապարտեզի վարիչ

Առաջինը ներխուժեցին Եղծահող գյուղ։ Մենք հազիվ հասցրեցինք մեր շորերը հագնել` արդեն մեր գյուղն էլ մտան։ Սկզբում գալիս էին զրահամեքենաները, զինվորները, իսկ հետո՝ ավտոբուսներով օմօնականները։ Շրջապատեցին տները։ Առաջինը մտան մեր տունը, որը գտնվում էր կենտրոնական փողոցում, հրամայեցին՝ բոլոր կանայք ու երեխաները մնան տներում, տղամարդիկ անձնագրերը ցույց տան: Իմ ու երկու եղբայրներիս ընտանիքները ապրում էին մեր հայրական տանը:

Օմօնականները ավտոմատների կոթերով և ոտքերով ծեծեցին ամուսնուս` Վալերիին և մեծ եղբորս` Սլավիկին, ու տապալեցին գետնին: Օմօնականներն այնքան շատ էին, որ մեր տղամարդիկ չհասցրեցին անգամ դիմադրել: Երբ Վալերիին ու Սլավիկին խփեցին, ես ճչացի ու սկսեցի բռունցքներով խփել միջնապատին, որ գոնե փոքր եղբայրս` Անուշավանը, փախչի, թաքնվի: Բայց Անուշավանին էլ բռնեցին, ոլորեցին ձեռքերն ու հրամայեցին. «Իջիր նկուղ»: Եղբայրներիս մեջ Անուշավանն ամենատաքարյունն էր, այդ նվաստացումներն ավելի ծանր էին իր համար, ես մոտ վազեցի, ասացի. «Անուշավան ջան, ինչքան էլ խփեն` դիմացի, ցավդ տանեմ»: Իրեն անընդհատ ստիպում էին, որ իջնի նկուղ, իսկ կինը երեխաների հետ սենյակում էր կուչ եկել, հղի վիճակում, երեք երեխաներին գրկած, վախից քարացել էր:

 

Օմօնականներից երկուսը Անուշավանին իջեցրին, ես մյուս աստիճաններով իջա ներքև, որովհետև անընդհատ ասում էին՝ բանալին տվեք, նկուղը բաց անենք։ Բանալին տարա տվեցի, բայց դա չէր բանալին, ուրիշ էր։ Մինչև նկուղ իջնելը կոշիկները հանեցին Անուշավանի ոտքերից։ Ես գնացի երկրորդ անգամ, բանալին բերեցի, դա էլ չէր, երրորդ անգամ որ գնացի բանալին բերեցի, արդեն իրենք կողպեքը ջարդել էին և այն պահին, երբ ձեռքս երկարացրի, որ բանալիին տամ, հենց այդ պահին Անուշավանին հրեցին նկուղի մեջ։

Դիմացը ալյուրի պարկեր էին դրված, ընկավ ալյուրով լիքը պարկերի վրա, նույն պահին օմօնականներից մեկը ավտոմատից երկար կրակեց Անուշավանի վրա։ Ես զարմանում եմ, որ այդ պահին չխելագարվեցի։ Եղբայրս արդեն վիրավոր ընկած էր, գնդակները դիպել էին կոկորդին ու կրծքին։ Նետվեցի դեպի Անուշավանը, գրկեցի գլուխը, ճչում եմ. «Անուշավա՛ն, Անուշավա՛ն, ի՞նչ եղավ քեզ»։ Նա տխուր աչքերով նայում է ինձ, ես թափահարում եմ գլուխը, ասում եմ. «Անուշավան, ասա՛, որտե՞ղդ է ցավում», գլուխը թափահարում եմ, որ աչքերը բացի, խոսի, մի բան ասի, ուզում էի օգնել, փրկել, բայց չգիտեի ինչ անել։ Օմօնականները կրակեցին ու անմիջապես արագ-արագ վերև բարձրացան, հետո իմացա, որ այդ նույն երկուսը ամուսնուս ու մեծ եղբորս հարցրել են, թե ձեր տանը նոր ո՞վ կրակեց։

Անուշավանը մեկ-երկու րոպե նայում էր դեմքիս, փորձում էր ինչ-որ բան ասել և չէր կարողանում։ Որ տեսա՝ արդեն մահացավ, աչքերը փակեցի։ Ձեռքերս արյունոտ, խելագարի նման դուրս պրծա ու գոռալով դեպի օմօնականներն եմ վազում՝ «Սրիկանե՜ր, այս ի՛նչ արեցիք»։ Շուրջս ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէի հասկանում։ Մեր գյուղի տղամարդկանց արդեն բոլորին կապկպած, ծեծած լցրել էին ավտոբուսի մեջ, ինձ որ տեսան, արյունոտ ձեռքերով՝ ամուսինս հարցրեց. «Չկա՞ Անուշավանը»։ Ես ձեռքերով արեցի, որ չկա։

Երբ լաց էի լինում, երկու ռուս բանակային մոտեցան, հարցրին՝ ի՞նչ է պատահել, ասացի՝ եղբորս սպանեցին։ Նրանք շշմեցին, ասացին. «Չի կարող պատահել, որովհետև սպանության հրաման չի եղել։ Բռնաբարման, թալանի, ծեծի հրաման եղել է, բայց սպանության հրաման չի եղել»*

————————————–

* Բռնագաղթի ընթացքում սպանվել են 26 հայորդիներ. 15-ը՝ Գետաշենում, 4-ը՝ Մարտունաշենում, 1-ը՝ Բերդաձորում, 6-ը՝ Հադրութի շրջանում (Ս. Շ.)

————————————–

Ես զինվորներին տարա նկուղ և ցույց տվեցի, կարծեմ մեկը սպա էր, մյուսը շարքային, երկուսն էլ կարմիր բերետով։ Նրանք դիակը որ տեսան, սկսեցին հայհոյել, թե՝ անասուններն ինչ արեցին։ Դուրս եկան ու վեճի բռնվեցին օմօնականների հետ, թե՝ ա՛յ հիմարներ, ձեր էսպես էնպեսը, բա մեզ չե՞ն ասել չսպանել, այս ի՞նչ եք արել։ Նրանք սկսեցին իրար հայհոյել, այդ պահին մի օմօնական ավտոմատի կոթով խփեց մեջքիս ու գոռաց. «Ի՞նչ ես գժվել, շուտ բարձրացիր քո տունը ու ձայնդ կտրիր»։

Ես մտա տուն, հարսիս ու Անուշավանի երեխաներին հավաքեցի մի սենյակում։ Իմ աղջիկներին, 15 ու 16 տարեկան, նստեցրի հետևի շարքում, պատի տակ, մի քանի հին շորեր, փալաս-փուլուս գցեցի վրաները, եր չերևան, տղաներին նստեցրի առջևում, նրանց առջևում ես կանգնեցի, եթե գային, պիտի կռվելով պաշտպանվեի, թեկուզ դա չէր օգնելու։ Անուշավանի կինը դեռ ոչինչ չգիտեր։ Ես որ ձեռքերս արյունոտ ներս մտա, ուզեցի լվացվել, հետևիցս ներս մտած օմօնականը թույլ չտվեց, որ արյունոտ ձեռքերս լվանամ, մինչդեռ ես չէի ուզում Անուշավանի կինը, այն էլ հղի վիճակում, տեսներ արյունոտ ձեռքերս ու ամեն ինչ հասկանար, բայց Անուշավանի կինը հասկացավ ու մի տեսակ վերացած շշնջաց. «Անուշավանին սպանեցին… գոնե երեխաներին փրկի»։

Հինգ, թե վեց օմօնականներ մտան սենյակ։ Չգիտեմ ոնց ասեմ, ավելի շատ գազանների՞ էին նման, թե՞ գժերի, բերաններից փրփուր էր թափվում, աչքերը չռած, արյունոտ։ Ես նետվեցի առաջ ու ճչացի. «Երեխաներին ձեռք չտաք»։ Երկու եղբայրներիս տղաներին կանգնեցրին պատի տակ, երկուսն էլ 13 տարեկան։ Օմօնականներից մեկն ասաց. «Պետք է սպանել սրանց, տեսել են, որ հորը սպանեցինք, մեկ է, մեծանալու են՝ մեզանից մուռը հանեն»։ Ասաց ու քաշեց ավտոմատը, ես նորից նետվեցի առաջ։ Նրանց մեջ Անուշավանին սպանող երկու օմօնականները չկային։ Մեկը նռնակ հանեց գրպանից, Անուշավանի տղան բղավեց. «Հոքուր, պառկի, նռնակ է»։ Բոլորս գետին փռվեցինք։ Օմօնականը նռնակը դրեց գրպանը։ Այդ հինգ հոգին անընդհատ գոռում էին, թե ձեռքներս քոր է գալիս, սրանց անպայման պիտի վերացնենք։ Գոռացին, գոռացին, դուրս եկան, հետո մեկը դրանցից նորից ներս մտավ ու Անուշավանի կնոջը մի կողմ քաշելով փող պահանջեց։ Անժելայի մոտ չկար, ինձ ասաց. «Կարո՞ղ է փող լինի մոտդ, սրանք փող են ուզում մեզանից»։ Այդ օմօնականն ինձ էլ բացահայտ ասաց. «Դու երկու աղջիկ ունես, մենք կբռնաբարենք աղջիկներիդ ու բոլորիդ միասին կգնդակահարենք, փող տուր, թե չէ՝ հենց հիմա կսկսենք»։ Ինչքան տանը փող կար՝ տվեցի, ոսկյա ականջօղերս ու մատանիս հանեցի։ Մարգարիտների շարան ունեի, տվեցի՝ չէր վերցնում, երևի չէր հասկանում ինչ է։ Ես զոռով դնում էի ձեռքին, ասում էի՝ 2000 ռուբլի արժե։ Ասաց. «Դուք շատ եք, այսքանի համար քիչ է»։ Ես խնդրեցի մի 10 րոպե ժամանակ տա, որ գնամ հարևանիս մոտից վերցնեմ, ինքն ասաց՝ հարևանդ այստեղ չի։ Ասեմ, որ դրանից մի օր առաջ Սլավիկը, որ դպրոցի տնօրենն էր, ստացել էր ուսուցիչների աշխատավարձը, երբ դրանք մտան գյուղ, փողը տվեց ինձ, ասաց՝ թաքցրու։ Լավ է, որ հիշեցի ու այդ փողն էլ հանեցի, բոլորը տվեցի օմօնականին։ Նա վերցրեց ու սպառնաց՝ «Չլինի թե մեկնումեկին, նույնիսկ մեր օմօնականներից որևէ մեկին ասես, որ ձեզանից փող եմ վերցրել»։

Արդեն գյուղի տղամարդկանց տարել էին, մնացել էինք կանայք ու երեխաները։ Նույն վիճակը Բերդաձորի մյուս երկու գյուղերում էր։ Չգիտեինք, թե մեզ ինչ է սպասվում, մեզ հետ ինչպես կվարվեն։ Նրանք մեզ նորից հայհոյում էին, սպառնում։ Հանկարծ ներս մտան Սլավիկին ու Վալերիին ծեծող երկու օմօնականները, ասացին. «Եկել ենք ձեզ պաշտպանենք, չգիտենք ինչու՝ բոլորը կատաղած են ձեր ընտանիքի վրա, ի՞նչ եք արել, լրիվ ձեր դեմ կատաղած են»։ Եվ իրոք, այդպես էր, պատճառը, թերևս, Անուշավանն էր, որը հայտնի էր իր հայրենասիրությամբ, միշտ մտածում էր Բերդաձորը ուժեղացնելու և շեն պահելու համար։

Այն էլ ասեմ, որ դեպքերից երկու օր առաջ գյուղ եկան զրահամեքենաներով զինվորներ և քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ, որոնք ներկայացան իբրև Մոսկվայի հեռուստատեսության լրագրողներ։ Հիմա կարծես թե հասկանում եմ, թե դրանք իրականում ինչ լրագրողներ էին։ Զրահամեքենան կանգնել էր ճիշտ մեր տան դիմաց և երբ Անուշավանը տնից դուրս եկավ, մի տեսակ ուրախացած ու գոհ նկարահանեցին Անուշավանին։ Մեկն էլ Սլավիկի հետևից մարդ ուղարկեց, թե արի նկարվի, Մոսկվայից եկել, նկարահանում են, բայց Սլավիկը չգնաց, հրաժարվեց նկարահանվել։ Համոզված եմ, որ այդ նկարահանումը պատահական չէր և կապ ուներ Անուշավանի հետ։ Բերդաձորում հայրենասեր տղաներ շատ կային. Այժմ գերության մեջ գտնվող Առնո Մկրտչյանը, Գագիկ Հարությունյանը, Հրաչիկ Պետրոսյանը, Գառնիկ Առուստամյանը, Արվիդ Մանգասարյանը։*

—————————————–

* Ադրբեջանի գերագույն դատարանի կեղծ մեղադրանքով բերդաձորցի այս հինգ երիտասարդները դատապարտվել են գնդակահարության։ Հայաստանյան և արտասահմանյան բազմաթիվ կազմակերպություններ և հասարակական-քաղաքական գործիչներ փորձում են փրկել նրանց կյանքը, պահանջելով վերանայել գործը և նոր դատավարություն անցկացնել չեզոք տարածքում։

—————————————–

Ավելացնեմ նաև Անդրանիկ Հարությունյանին, որն այն պահին Բերդաձորում չէր, և էլի շատերին. նրանք էին պահում Բերդաձորը և Անուշավանը նրանցից մեկն էր։ Նա միշտ ասում էր՝ կմեռնենք, բայց գյուղը չենք թողնի։ Միշտ հոգ էր տանում յուրաքանչյուր բերդաձորցու համար, օգնության հասնում ինչով կարողանում էր, ոգեպնդում էր, սիրտ էր տալիս…

Այն էի պատմում, որ երկու օմօնական, ամուսնուս ու Սլավիկին ծեծողները, ներս մտան ու թե՝ պետք է պաշտպանենք ձեզ։ Ես սկզբից, իհարկե, չհավատացի, բայց նրանք երդվեցին իրենք մայերի անունով, թե՝ իրոք օգնելու ենք, որովհետև տեսանք, որ երեխաների հորը սպանել են։

Ասացի՝ «Եթե ողջ մնանք, ամբողջ կյանքում կհիշենք ձեր մարդկայնությանը»։ Զգացի, որ այդ մարդիկ անկեղծ են, և իրենց խիղճը տանջում է։ Մեկն ասաց. «Մենք հայերին միշտ հարգել ենք, դուք լավ աշխատող եք, Ադրբեջանում բոլոր լավ վարպետները, պատ շարողները, բժիշկները հայերն էին, մեզ կռվացնողը Մոսկվան է, մենք իրար արյուն ենք թափում, իսկ Մոսկվան մեր արյան հաշվին իր հարցերն է լուծում»։ Համարյա չորս ժամ նրանք մնացին մեր տանը, թույլ չտալով, որպեսզի մեկ ուրիշը ներս մտնի։ Օմօնականներն անընդհատ մեր տուն էին գալիս, իսկ այդ երկուսը թույլ չէին տալիս, որ ներս մտնեն, նույնիսկ սպաոնում էին, թե կկրակեն։ Անուշավանի ցավը շատ-շատ էր տանջում, բայց այդ պահին կարևորը երեխաներին փրկելն էր, համոզված չէինք, որ երեխաներին պիտի խնայեին։ Նույն օրը մենք իմացանք, որ օմօնականները փորձել են Կարեն Բաբայանի մեկ տարեկան երեխայի լեզուն կտրել, մայրը ճչացել է, ռուս զինվորականը թույլ չի տվել։ Լավ մարդիկ բոլոր ազգերի մեջ էլ կան։ Այդպես է. այդ երկուսը մեզ պաշտպանեցին մինչն վերջ։ Իրենք մեզ ասացին, որ մեզանից հետո, երբ թողնենք գյուղը, գալու է Լաչինի թալանչիական խումբը, խուժանը։ Մի թղթի վրա ադրբեջաներեն գրեցին. «Թող Ալլահը անիծի այն մահմեդականին, ով ձեռք կբարձրացնի այս կանանց ու որբերի վրա, իսկ ձեռք բարձրացնողներին մենք կգտնենք և մեր ձեռքով կվերացնենք»։ Գրեցին՝ «Ադրբեջանի ՆԳՄ օմօն» ու ստորագրեցին։ Թուղթը տվեցին ինձ։ Թուղթն այժմ գտնվում է Բաքվից Բերդաձոր եկած Ալեսկերով ազգանունով դատախազի մոտ։ Այդ Ալեսկերովն ասաց. «Ձեր եղբոր դիակը տարեք, միևնույն է, դուք այստեղ չեք ապրելու»։

Չորս ժամ հետո, երբ վիճակը մի քիչ խաղաղվեց, այդ երկու օմօնականները մեզ՝ երկու կանանցս և մեր վեց երեխաներին, տարան գյուղի այն մասը, ուր հավաքել էին գյուղի բոլոր կանանց ու երեխաներին։ ճանապարհին ես մատիցս հանեցի քարով մատանին ու վերջին դրամը, որ պահել էի հնարավոր նոր փորձությունից ազատվելու համար, ասացի. «Սա ձեզ, որպես հիշատակ, որ մի ընտանիք եք փրկել»։ Նրանցից մեկը լաց եղավ ա ասաց. «Գիտեք, չկարծեք, թե բոլոր ադրբեջանցիները վատն են, մենք էլ մարդ ենք, խիղճ ունենք»։ Այդպես էլ չվերցրեցին ոչ մատանին, ոչ էլ դրամը։

Մոռացա ասել, որ տանը նրանք պատմեցին իրենց բոլոր ծրագրերի մասին։ Իրենց ասելով, Բերդաձորը գրավելուց հետո աստիճանաբար պիտի գրավեն ամբողջ Ղարաբաղը, Ստեփանակերտի հետ, դրանից հետո կմտնեն Զանգեզուր։ Ասեմ նաև, որ մեր տղամարդկանց ծեծելիս օմօնականները գոռգոռում էին. «Եթե ողջ էլ մնաք, մեկ է՝ ձեզ կոտորելու ենք, բանակի հետ գալու ենք ու ձեզ կոտորենք, Սևանի ափերին ու Երևանում, միևնույն է՝ բանակը, Մոսկվան մեր կողմից են. ո՞վ եք դուք, որ Ղարաբաղ եք ուզում ու անկախություն»։

Մեզ տարան խառնեցին բոլորի հետ։ Բոլորս կիսախելագար վիճակում էինք, չգիտեինք՝ ամուսիններիս ու եղբայրներիս մասին մտածեիք, որոնց տարել են, թե՞ երեխաներին փրկենք ու ոնց փրկենք։ Մեզ ասում էին՝ մինչև ժամը 7-ը ժամանակ ենք տալիս, գնացեք այստեղից, Լաչինով պիտի գնաք Հայաստան, թե չէ՝ բոլորիդ կկոտորենք։ Ոմանք ասում էին, որ հարազատներ ունեն Ստեփանակերտում և ուզում են Ստեփանակերտ

գնալ։ Նրանք ծիծաղում էին, թե Ստեփանակերտն էլ վաղն ենք գրավելու, Ստեփանակերտում ի՞նչ գործ ունեք։

Ոչ հեռու մի տան մեջ հեռախոս կար, փոստատան հեռախոսին զուգահեռ։ Երեխաներին թողեցի հարսիս մոտ ու գնացի զանգահարելու Ստեփանակերտ, մարզխորհրդի գործկոմի նախագահ Սեմյոն Բաբայանին։ Նկարագրեցի վիճակը, որ ժամանակ են տվել, բոլոր կանանց ու աղջիկներին կոտորելու են, փրկեք, Բաբայանն ասաց. «Էդ ինչ պրովոկացիա ես անում, էդ ո՞վ է խոսողը, անունդ տուր»։ Ասացի. «Դուք ինձ չեք ճանաչում, այստեղ մարդ են սպանել, սպանվածի քույրն եմ։ Ինչ պրովոկացիա, ես խոսում եմ կանանց համար, երեխաների համար»։ Բաբայանն ասաց. «Կմեռնեք՝ այդ հողում, կապրեք՝ այդ հողում»։ Ասացի. «Դե որ այդպես է, բերեք ձեր աղջկան, ձեր քրոջը, ձեր ընտանիքին թողեք այս վիճակում։ Ամբողջ գյուղում մի տղամարդ չկա, կանանց ու երեխաներին կոտորում են»։ Նա չհավատաց ինձ, ասաց, որ սադրանք է։ Ես հեռախոսափողը զայրացած շպրտեցի ու զանգահարեցի Երևան։ Երևանից էլ սկզբից չհավատացին, բայց հետո օգնեցին, որ Ստեփանակերտից զինվորականները ուղղաթիռ ուղարկեն։ Մեկ ժամ հետո ուղղաթիռը եկավ, բոլոր օմօնականները շրջապատեցին։ Մենք ուզում էինք երեխաներին տեղափոխել, բայց նրանք հրաման էին ստացել ու ասացին, որ հղի կինը պետք է գնա, նրա վիճակը ծանր է։ Նկատի ունեին Անժելային։ Բոլորս ուզում էինք նստել ուղղաթիռ, բայց օմօնականները լրիվ շրջապատեցին մեզ և ուզում էին երեխաներին ու մեզ կոտորել։ Հին Գյուղում զինվորական պահակակետ կար, դեռ հունվարից այնտեղ էին ու մեզ գիտեին։ Մի կին հասցրեց հայտնել նրանց։ Օմօնականները պատրաստված արդեն ուզում էին մեզ կրակել, մեկ էլ զրահամեքենան կատաղած եկավ, զինվորականներն անմիջապես ավտոմատներով թռան, օմօնականներին շարեցին պատի տակ։ Օմօնականները շան պես վախենում էին զինվորականներից։

Առաջին ուղղաթիռով մեկնեցին միայն հարսս և մեր երեխաները։ Հարսս Ստեփանակերտում պատմում է, թե ինչ է կատարվում Բերդաձորում։ Մեկ ժամ հետո եկավ երկրորդ ուղղաթիռը։ Զինվորականները նստեցրին կանանց ու երեխաներին, տարան Ստեփանակերտ։ Անաշավանին տեր կանգնելու համար ամուսինս ու ես մնացինք Բերդաձորում։ Աստիճանաբար բոլոր կանայք ու երեխաները տեղափոխվեցին, մնացին ծերերը։

Մոռացա ասել, որ մի օր անց, ամսի 16-ին, առավոտյան ժամը 8-ին տղամարդկանց մի մասին ազատ էին թողել։ Բոլորը ծեծված էին, աննկարագրելի էր, չէին կարողանամ ոտքի կանգնել։ Կանայք նետվեցին, գրկախառնվեցին, փնտրում էին իրենց ամուսիններին, երեխաներին, իրենց որդիներին։ Ես հայացքով փնտրում էի ամուսնուս ու չէի գտնում ոչ ամուսնուս, ոչ էլ եղբորս, հանկարծ աղջիկներս ուրախ ճչալով վազեցին առաջ, ու ես տեսա ամուսնուս, այդ մեկ գիշերվա ընթացքում կարծես 20 տարով ծերացած լիներ։ Բոլորն էին կարծես ուրիշ մարդ դարձել, ոմանք նույնիսկ անճանաչելի էին։ Իսկ Սլավիկը չէր երևում, չկար։ Ես ընկա գետնին, մտածելով՝ երկու եղբայրներիցս գոնե մեկը ողջ մնար, բայց Վալերիկն ինձ ասաց. «Լաց մի լինի, Սլավիկը ողջ է, գնաց տուն՝ լվացվելու, ոտքից գլուխ արյան մեջ է, բայց ողջ է, հանգստացիր»։ Ահավոր լացուկոծ էր բարձրացել, մանավանդ ծանր էր այն կանանց վիճակը, ում հարազատները չէին վերադարձել, մնացել էին գերության մեջ։ Մեր երեք գյուղերից 43 հոգու այդպես էլ չվերադարձրեցին, ու դեռ հայտնի չէ նրանց ճակատագիրը։

Ամսի 18-ին, առավոտյան 7 անց 30-ին Անուշավանին թաղեցինք ութ հոգով։ Մեր գյուղի հյուսնը այնքան էր ծեծվել, ուժասպառ եղել, որ մինչև վերջ չկարողացավ ավարտել դագաղի պատրաստումը, մատները փշրված էին, հազիվ էր ոտքի վրա կանգնում, այդպես էլ կափարիչը չկարողացավ պատրաստել և դագաղը հող իջեցրեցինք առանց կափարիչի։ Դագաղը տանող տղամարդիկ հագիվ էին շարժվում, ճոճվում էին, սայթաքում։ Հոգնելուց մի քանի անգամ կանգ առան։

Մենք Բերդաձորում վերջին հայերն էինք, մեզ էլ ավտոբուսով բերեցին Հայաստանի Հանրապետության սահմանը ու բաց թողեցին։ Ամեն ինչ պրծավ…

Չեմ մոռանա, որ մեր Բերդաձորում օմօնականները բարձրացրին Ադրբեջանի դրոշը։ Այդ պահին ինձ խեղդեց նույն այն զգացումը, երբ գնդակահարեցին Անուշավանին, ուզում էի պոկել-տրորել այդ դրոշը։ Պատուհանից նայեցի շուրջս, բացի օմօնականներից ոչ ոք չէր երևում գյուղում, ու որպեսզի չճչամ, լացս ոչ ոք չլսի, կծեցի ձեռքս։ Մի ամբողջ օր այդ վերքի արյունը չէր կտրվում։ Ասես աշխարհը փուլ եկավ գլխիս, կարծես նոր հասկացա, որ Բերդաձորը կորցրել ենք։ Իսկ գյուղն արդեն լիքն էր մոտակա գյուղերի թուրք խուժանով, որոնք եկեք էին մեր տներն ու ունեցվածքը բաժանելու։ Աչքովս տեսա պատուհանից, թե ինչպես մեր հարեան Ավետիսյաններից, Մուսայելյաններից վերցրեցին տան բանալիները։ Ես շատ եմ կարդացել 1915 թվականի ցեղասպանության մասին, այն ժամանակ էլ էին տղամարդկանց անջատում կանանցից, տանում կոտորում ու անցնում թալանի ու իրենց վայրենություններին։ 1920 թվականին իմ բերդաձորցի պապիկին սպանել են դաշտում վար անելիս. 70 տարի անց նույն Բերդաձորում սպանվեց նրա թոռը։ Պապիկիցս հետո մնացել էր 13-ամյա տղան՝ իմ հայրը։ Անուշավանից հետո էլ 13 տարեկան տղան՝ Արմենը մնաց։ Արմենը, որ առաջին անգամ տեսավ սպանված հորը, լացախառն երդվում էր, որ միևնույն է՝ գտնելու է սպանողին, ու իր ձեռքով է վրեժն առնելու։

Անուշավանի թաղումից հետո մենք պետք է թողնեինք Բերդաձորը։ Ինքնաբերաբար, կարծես ինչ-որ մի ուժ ստիպեց ինձ, ծնկի եկա մեր տան շեմին ու ասացի, ինչո՞ւ պետք է հայ ծնվեի, որ այսքան տանջաքներ տեսնեի։ Բայց արդեն մի քանի ժամ հետո, երբ մեզ իջեցրին Հայաստանի Հանրապետության սահմանի մոտ, և ոտք դրեցինք մեր հանրապետության հողին, էլի նույն ուժն ինձ ստիպեց ծնկի գալ։ Նորից վերև նայեցի, ասացի՝ փառք քեզ, Աստված, որ հայ եմ ծնվել, ուրիշ ազգ չէր դիմանա այս ամենին։

22 մայիսի, 1991 թ.,
Գորիսի շրջան, գյուղ Տեղ

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS