Գետաշենի պայքարը ոսկե տառերով կգրվի մեր ժողովրդի պատմության մեջ

Հայաստանի Հանրապետություն, 2 մայիսի, 1991թ, թիվ 98 (161), հինգշաբթի

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթը հայկական հեռուստատեսությամբ 1991թ. մայիսի 1-ին

Բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել այս երկու օրերի ընթացքում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Գետաշենում։ Դրանց մասին տեղեկությունները մանրամասն կտրվեն։ Ես ուզում եմ նախ նշել ամենակարևոր տեղեկությունները։ Այն, ինչ տեղի է ունեցել Գետաշենում։ Հայտնի է, թե ինչ լարվածություն էր ստեղծվել Գետաշենում։ Մեր կողմից բազմաթիվ փորձեր են արվել կապվել Մոսկվայի համապատասխան մարմինների հետ և գալ որևէ համաձայնության։ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս կապվել է ՊԱԿ-ի նախագահի հետ, ցանկացել է տեղյակ պահել նաև Գորբաչովին։ Ոչ մի արդյունք։

Երեկ առավոտյան մենք իմացանք, որ ծանր իրավիճակ է ստեղծվել Գետաշենում. Գետաշենը շրջապատված է զորքով։ Հնարավորություն ստեղծվեց և Բաբկեն Արարքցյանը ռազմական ուղղաթիռով մեկնեց Գետաշեն, որպեսզի պարզի իրավիճակը, բայց նրան չհաջողվեց իջնել Գետաշենում։ Ուղղաթիռը իջավ զորքերի մոտ, որոնք շրջապատել էին Գետաշենը։ Դա ներքին գործերի նախարարության զորքն էր, այսպես կոչված, BB-ները, որի հրամանատարն է գնդապետ Մակաշովը։ Գյուղում որոշ տներ վառվում էին. հայտնի չէր, թե ինչ է տեղի ունենում Գետաշենում։ Այդպես էլ չհաջողվեց իջնել Գետաշենում և Բաբկեն Արարքցյանը վերադարձավ։

Ես կապվեցի Խորհրդային Միության ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովի հետ։ Նա ասաց, որ տեղի է ունենալու Խորհրդային Միության անվտանգության խորհրդի նիստ, և նա այդ ամեն ինչի մասին տեղյակ կպահի Գորբաչովին, իսկ անվտանգության խորհուրդը որոշում կընդունի դրա վերաբերյալ։ Անվտանգության խորհրդի նիստը տևեց մինչև ժամը 17-ը, իսկ դրանից հետո չէր հաջողվում կապվել Մոսկվայի հետ։ Այդ պահից սկսած Գետաշենում իրավիճակը լարվեց։ Իմ տպավորությունն այնպիսին էր, որ ի կատար է ածվում Անվտանգության խորհրդի որոշումը։ Հետագայում զորքին միացավ նաև Ադրբեջանի ՕՄՕՆ-ը։

Ինչպիսին է իրավիճակը այժմ. զորքը մտել է Գետաշեն։ Ըստ մեր տեղեկությունների, Գետաշենում զոհվել է 12 մարդ, որից 5-ը Մարտունաշենում։ Կան տասնյակ վիրավորներ։ Մերոնց պնդումով՝ զորքը 50 հոգի պատանդ է վերցրել։ Բայց զորքն ասում է, որ իրենք ունեն միայն 27 պատանդ։ Այսինքն 23 մարդու ճակատագիր անհայտ է։ Զոհվածների մեջ կան և՛ կանայք, և՛ երեխաներ։ Բայց դա դեռ պետք է ճշտել։ Այժմ հնարավորություն է ստեղծվել, որ մի քանի ուղղաթիռ թռչեն Գետաշեն, որպեսզի տեղափոխեն վիրավորներ ու բժշկական օգնություն ցույց տան։

Վիճակը շատ ողբերգական է թվում, բայց ես, ճիշտն ասած, այդպես չեմ գնահատում։ Այն, ինչ անում է Գետաշենի ժողովուրդը, հերոսական մարտ է։ Եվ հիմա 12 զինվորականներ որպես պատանդ գտնվում են գետաշենցիների ձեռքում, այսինքն՝ զորքը մտել է Գետաշեն, բայց չի կարողանում նույնիսկ իրենց պատանդներին ազատել։ Պայքարը շարունակվում է. սա ոչ թե սուգ է, ոչ թե ողբերգություն է, այլ՝ պայքար է։ Եվ գետաշենցիները ցույց են տալիս, թե մեր ժողովուրդը ինչպես պետք է պայքարի իր ամեն մի թիզ հողի, իր արժանապատվության, իր անկախության համար։ Սա մեզ համար օրինակ է։ Այնտեղ պայքարը շարունակվում է։ Ես պետք է ասեմ, որ այդ ցավալի դեպքերի հետ միասին մեր ժողովուրդը շատ բան սովորեց Գետաշենում։ Գետաշենի պայքարը ոսկե տառերով կգրվի մեր ժողովրդի պատմության էջերում։

Դա է ելքը։ Ե՛վ Արցախում, և՛ Շահումյանում, և՛ Գետաշենում մենք պետք է կարողանանք ստեղծել անխոցելի բերդեր։ Ոչ մի օգնություն օգուտ չի բերի, եթե ժողովուրդը ամբողջությամբ ոտքի չկանգնի և զենքը ձեռքին չպաշտպանի իր պապենական հողը։ Մենք մեր կողմից ամեն ինչ պետք է անենք, որպեսզի օգնենք մեր հայրենակիցներին իրենց պայքարի մեջ։

Ինչ վերաբերում է որոշումներին, ապա երեկ երեկոյան հավաքվել էինք այստեղ, նոր կազմված խորհրդով և որոշումներ ընդունեցինք, որոնք իրականացվում են։ Ժամը 11-ին պիտի հավաքվենք ԳԽ նախագահության շենքում, որպեսզի որոշենք մեր անելիքները։ Օրվա վերջում մեր ժողովուրդը երևի ավելի մանրամասն տեղեկություններ կկարողանա ստանալ։ Ես իմ կողմից կոչ եմ անում՝ խուճապի չմատնվել։ Գետաշենի դեպքերը, ճիշտն ասած, չնայած, որ մենք այդքան զոհեր ունենք, ոգևորիչ են։ Խորհրդային Միության զորքը, կատարելով կենտրոնական իշխանության հրամանը, չկարողացավ խաղաղ բնակչությանը տեղահանել և չկարողացավ ազատել իր պատանդներին։ Ես ողջունում եմ մեր գետաշենցիներին։

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS