Ասպետական հոգիներ

Ռաֆայել Աթայան
«Գարուն», 1987թ., թիվ 11

1955-ի օգոստոսին էր։ Մի առավոտ՝ տոթը դեռ չէր ընկել, մոսկովյան վաղուց ի վեր Արմյանսկի կոչվող նրբանցքում ոտք դրի ծառաշատ մի բակ։ Խորքի երկհարկանի շինության դռնից իմ կողմն էր նայում տարեց մի կին։ Մթին, քննախույզ հայացքը կանգ էր առել անծանոթ այցելուի վրա, իսկ անխառն ազգային դիմագծերը տարակույս չէին թողնում. «Նա է, որ կա»։

Մոտեցա, ձեռքս մեկնեցի.

— Վիտիևսկու կողմից, նրա՛ պատվերով եմ Ձեզ մոտ։

Կինը ժպտաց, ու ժպիտը փարատեց մռայլը.

— Համեցեք, համեցեք…

Ո՞վ է Վիտիևսկին, որ հեռվից հեռու այդպես այլափոխեց այս կնոջը՝ ասես ծանր կշռաքարեր դեն նետելով նրա ուսերից:

Դրանից տարիուկես առաջ էր՝ մեր երևանյաց հորիզոններում երևաց գնդապետ Աֆանասի Նիկոլաևիչ Վիտիևսկին, մարդասիրության տիպար այդ մարդը։

«Ես ես մանկավարժ եմ,— հայտնեց նա մեր առաջին իսկ հանդիպմանը։— Պատերազմից առաջ Մոսկվայի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի դիրեկտորն էի։ Պահել էին բրոնյայով։ Դժվար օրերին թողի ամեն ինչ, աշխարհազոր մտա։ Հետո բանակում փոխադրեցին զինվորական դատախազություն։ Ու զորացրվել չեղավ այլևս»։

Նա մեզ մոտ էր եկել հատակ առաքելությամբ՝ Միության Գլխավոր զինվորական դատախազության կողմից ղեկավարելու «անհատի պաշտամունքին» զոհ գնացած մարդկանց արդարացման գործը։ Վիտիևսկու և նրա աշխատակիցների օրինակով մենք ինքներս էլ,— ովքեր դիմացել էին այն «խորշակին», զորակոչված էինք զգում մեզ։ Նվիրական մի պարտք էր դա՝ ճշմարտորեն բնութագրելով մեր վաղեմի գործընկերներին, վերացնել մտացածին ու ստահոդ մեղադրանքները և օր առաջ տուն բերել նրանց, ովքեր դեռ կային։ Իսկ ով արդեն չկար, նրա անունը գոնե վերակագնել՝ սերունդների համար։

1955-ի օգոստոսին էլ ես Մոսկվայում՝ Վիտիևսկու պաշտոնատեղում էի նման մի «գործով»։ Մեր զրույցից հետո նա հարցրեց.

— Ի՞նչ կա-չկա Երևանում։

— Լենինի գրադարանում էի երեկ, լսեցի՝ վախճանվել է գրաքննադատ Դ.–ն, ճանաչու՞մ էիք,—  հարցրի ի պատասխան։

Արձագանքը անսպասելի էր. պարզվեց, որ նույն այդ գրաքննադատը երեսնական թվականների սկզբին Հայաստանի կուսակցական մարմիններին ուղղած դիմումներում թյուր մեկնություններ էր տվել պրոֆեսոր Ներսիկ Ստեփանյանի հրապարակորեն, շատ մարդկանց ներկայությամբ արտահայտած ինքնուրույն, այն ժամանակ անսովոր համարձակ մտքերին ու հետո, 1955-ին էլ դեռ փորձել էր արդարացնել իր չարաղետ «ահազանգերը»:

Աղասի Խանջյան
Աղասի Խանջյան

Աշխատանքային օրն ավարտվում էր, երբ հանդիպեցի Աֆանասի Նիկոլաևիչին։ Մերթ պարզապես հաճույքով, մերթ դառը վրդովմունքով նա պատմում էր տուհմիկ գանձակեցիների այդ ընտանիքի պատմությունը, որն ասես ուսումնասիրել էր, իբրև տքնաջան տարեգրող։ Այդ ընտանիքում Ներսիկը յոթ եղբոր և երկու քրոջ ավագն էր ու մյուս բոլորին էլ կոփել-կաղապարել էր ըստ պատկերի յուրում՝ աշխատասեր, բացճակատ, ճշմարտախոս ու ընկերասեր։

Աֆանասի Նիկոլաևիչն այնպես էր դրվատում նրա գիտական լայնախոհությունն ու հեռատեսությունը և իր երիտասարդ համախոհների հանդեպ (նրանցից երեքին՝ Գուրգեն Բատիկյան, Կենսաբեր Բոխյան և Վահան Մարտյան, ես մոտիկից ճանաչում էի) դրսևորած ընկերասիրությունը, որ թվում էր՝ բարոյական անգնահատելի մի գանձ էր ավարտվող հետաքննության արդյունքը, որը գուրգուրանքով պետք էր պահպանել ու խնամել։ Ահա թե ինչու ես ավելի շուտ ուրախացա, քան զարմացա, երբ մեկեն՝ նա խորին համոզմունքով բացականչեց.

— Ներսիկ Ստեփանյանը, ահա՛ ձեր՝ հայերիդ հերոսը,— և երևի հուզմունքը թաքցնելու համար, պենսնեն վերցրեց աչքերից ու սկսեց շտապ-շտապ սրբել թաշկինակով:

Մի փոքր հանգստացած, կրկին շուռ եկավ իմ կողմը և ինչ-որ թախանձագին պարտադրանքով ասաց էլ ավելի անսպասելի մի բան.

— Այցի՛ գնացեք Աննա Ներսեսովնային, զրուցեք հետը, անչափ գոհ կմնաք, ես հազիվ թե երբևէ տեսած լինեմ ավելի բարձր արժանապատվության տեր կին, քան նա է…

Ասաց այսքանը և արագ սեղմեց ձեռքս։ Ավելացնեմ միայն, եթե հիմա էլ, երբ այդ օրերից անցել է ավելի քան երեսուն տարի, ես ոչ մի բառ չեմ կարող շփոթել նրա այս խոսքերից, ապա բանը միայն իմ անվրեպ հիշողությունը չէ։ Բանն այն է նաև, որ այնքա՜ն ցնցող էր Վիտիևսկու հետ ունեցած մեր այս հանդիպման ավարտն ինձ համար, և այնքան հուզիչ էին նրա արած հայտնությունները, որ ես մի քանի տարի շարունակ պիտի պատմեի դրանք 1937–1942-ի իմ բախտակից ընկերներին. ընդհուպ մինչև, երկու ոճրապարտ քննիչների դատապարտումը, երբ ես ևս՝ հարյուրից ավելի անմիջականորեն տուժած ուրիշ անձանց հետ, մեղադրող կողմի վկան էի Թբիլիսիում (Աթարբեկովի փողոց, N 32) Անդրկովկասյան զինվորանան տրիբունալի 1959-ի մայիս-հունիսի նստաշրջանում։

Հիմա ձեզ հասկանալի պիտի լինի նաև, թե ինչու հիշյալ զրույցից հետո, հաջորդ առավոտյան, ես ոչ միայն անհամբերությամբ, այլև որոշ վարանումով էի մոտենում Աննա Ներսեսի Տեր–Ներսիսյանի տանը։

Ճիշտ է, դեռ 1937—1939-ի բանտային պարապության երկար ժամերին, երբ իբրև բաց գիրք ընդհանուրին է տրամադրվում յուրաքանչյուրի կյանքն իր լավ ու վատ էջերով, ես արդեն շատ բան էի լսել Ներսիկի, նրա մտավոր–հոգեկան արժանիքների մասին։ Իսկ 1953-ից, «Սպարտակ» վիպական եղերգության հերոսների կյանքն ու գործը ուսումնասիրելիս՝ հարյուրավոր մարդկանց պատմածը գրի առնելով, նույնպես հաճախ էր խոսք եղել Ներսիկ Ստեփանյանի մասին, նրանց սերնդակիցն էր ու նրանց հետ միասին էր մտել երիտասարդական շարժման մեջ։ Վիտիևսկուն ևս հայտնի էր, որ ես իմ հերթին շահեկան քիչ բան չունեի տիկին Աննա Ստեփանյանին պատմելու, բայց և այնպես ես չէի գնում մխիթարելու այդ կնոջը։ Այն կորուստների դիմաց, որոնք նրան էին բաժին ընկել, ամեն մի սփոփիչ խոսք չնչին, խղճալիորեն անհեթեթ, նույնիսկ կեղծուպատիր պիտի հնչեր։ Սա այն պարագան է, երբ մարդ գնում է մի ուրիշի մոտ լռելյայն իր ակնածանքը հաղորդելու։ Մեծարանքի այց է սա։

… Երբ շեղակի, դեպի տարբեր կողմեր նայող երկու պատուհանների միջև նստած, տիկին Աննան պատմում էր իր կործանված գերդաստանի պատմությունը, մի նոր եղերամայր էր նա իմ աչքում, և նրա շուրթերով խոսում էին ոչ այնքան ցավն ու կսկիծը, մրմուռն ու մորմոքը խոցված սրտի, որքան անկոտրում հպարտությունն ու անհուն ափսոսանքը։ Ես ոչինչ գրի չէի առնում, ո՛չ մի բառ, համակ լսողություն էի։ Վերջում, երբ կրկին՝ ինքնասույզ ու տխուր, մտքով ու հոգով իր առաջնեկի հետ էր նա նորից, կամացուկ ասաց՝ կարծես ինքն իր համար. «Վա՛խ չկար սրտումը տղայիս»։ Ու ավելացրեց՝ թվում էր, թե արդեն կողմնակի պատմողի էպիկական հանգստությամբ. «Տեսակցություն ստացա… Ինքը գլուխ բերեց»…— և այստեղ է, որ լեզուն դեմ առավ վշտագին հույզերի խեղդող հորձանքին…

Հետո, ավելի ուշ պիտի հայտնի դառնար շատերիս, թե ինչպիսի արիությամբ, ինչ զրկանքներ հանձն առնելով էր գլուխ բերել Ներսիկը այդ վերջին հանդիպումն իր պաշտելի մոր հետ։

2

1921–1923-ին համընդհանուր էր յոթ մղձավանջային տարիներից հետո հազիվ շունչ քաշող մեր ժողովրդի ուսման ծարավը։ Իսկ Թիֆլիսում ու Երևանում կենտրոնացած շնորհալի, ստեղծարար տենդով վառվող երիտասարդները ձգտում էին Մոսկվա։ Ճիշտ է, սուղ էր վիճակը, շատ սուղ դեռևս։ Մոսկվա հասնելը ևս հասարակ բան չէր, ուր մնաց այնտեղ ապրելն ու ուսանելը։ Բայց շատերը գիտեին, որ այնտեղ կա մի մարդ, որին միշտ կարելի է ապավինել։ Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Սահակ Տեր-Գաբրիելյանն էր դա,— և առաջին խոսքը, որ սովորում էր նրանից եկվոր երիտասարդը, ռուսերեն մի ասացվածք էր. «Քյը մա՜տաղ, в тесноте, да не в обиде, գիդու՞մ ըս»։ Էն գլխից էլ անկողմնակալ մարդու համբավ ուներ Սահակ Միրզոյիչը, բայց Նեոսիկին գալու օրն իսկ առանձին բնակարան՝ իր որոշ հարմարություններով մի բարեկարգ սենյակ էր հատկացրել: Ոչ թե նրա համար, որ Ներսիկն Էջմիածնի գավառային հեղկոմի նախագահի էր եղել մինչև սովորելու մեկնելը,— նրանից քիչ առաջ ուսանելու էին եկել նաև կուսակցության Կենտկոմի քարտուղար Գևորգ Ալիխանյանը և Երևանի կոմիտեի քարտուղար Աղասի Խանջյանը, ու այդպիսի շնորհի չէին արժանացել։ Ներսիկ Ստեփանյանին նա տրամադրել էր Լազարյանների թաղում, Լազարյանների կառուցած ամրակուռ, բարձրառաստաղ տան ամենահարմարավետ սենյակը, քանի որ, ի տարբերության ուրիշների, նա եկել էր կնոջ, դիլիջանցի նշանավոր վարժապետ Ստեփան Դավթյանի աղջկա՝ Սերիկի և իրենց մանկահասակ դստեր, երկուսի անունները միավորող Ներիկի հետ։

Սահակ Տեր-Գաբրիելյան
Սահակ Տեր-Գաբրիելյան

Եվ ահա, անհապաղ իր կանխորոշ նպատակին ձեռնարկելով՝ հմտանալ տնտեսագիտության մեջ, Մարքսի անվան ինստիտուտից հետո Ներսիկը սովորում է «Կարմիր պրոֆեսուրայում» և, միաժամանակ, դասախոսություններ կարդում՝ կատարելագործվելով այդ արվեստի մեջ ևս:

Սահակ Միրզոյիչը Ստեփանյանների ընտանիքի հովանավորն է մնում և այն ժամասակ, երբ հերթով Մոսկվայում ուսանելու են գալիս նաև Ներսիկի մեկը մյուսից ուշիմ և ընդունակ եղբայրներն ու քույրերը։

Ներսիկը կամովին ստանձնում է նաև իր պակաս ապահովված ընկերների, Մոսկվայի և մերձակա քաղաքների բազմաթիվ հայ ուսանողների հոգսերը։ Դեռ 1923-ին, հանդիպելով Մոսկվա եկած Ալեքսանդր Մյասնիկյանի հետ, վերջինիս ուշադրությունը հրավիրում է հայ ուսանողության նյութական-կենցաղային վիճակին։ Անդրերկրկոմի նորընտիր քարտուղարը անհապաղ գրավոր պատվիրում է ում հարկն է «օգնել ընկեր ուսանողներին»։ Ի հաստատումն իր ներկայացրած տեղեկությունների հավաստիության, Մյասնիկյանը հայտնում է, որ «Ցուցակը կազմել է ընկեր Ներսիկը», խնդրում իր այդ միջնորդության արդյունքը հաղորդել Տեր-Գաբրիելյանին ու տեղյակ պահել իրեն ևս։ Այս էր նրանց աշխատանքային ոճը։

Երբ Մյասնիկյանի աղետալի վախճանից առժամանակ հետո, Լուկաշինը ևս, նրա հայրենակիցն ու ավագ ընկերը, մի տեսակ որբ մնալով Թիֆլիսի իր գործունեության մեջ՝ փոխադրվում է Մոսկվա, հարկ է լինում կարող մարդկանցով ամրացնել Հայաստանի կառավարության կազմը։

1928-ին, քառասունը նոր բոլորած Սահակ Տեր-Գաբրիելյանի հետ մեզ մոտ մշտական աշխատանքի ուղարկվեցին Սովետական Միության կենտրոններում աչքի ընկած մի խումբ տաղանդավոր երիտասարդ գործիչներ՝ Հայկազ Կոստանյանը, Աղասի Խանջյանը, Թադևոս Մանդալյանը, Վահան Երեմյանը։ Առժամանակ հետո, Սահակի և Աղասու հրավերով, Հայաստան վերադարձավ նաև Ներսիկ Ստեփանյանը, իր գործունեությամբ և իր մարդկային ճակատագրով այլևս անբաժանելի մնալով նրանցից, հատկապես իր սիրելի Աղասուց։

3

Աղասի Խանջյանին, ինչպես և Սահակ Տեր-Դաբրիելյանին, ես առաջին անգամ տեսել եմ 1928 թվականին։ Հոկտեմբերի սկիզբն էր, «Ավանգարդից» նոր էի «առաջ քաշվել» «Խորհրդային Հայաստան», կարիք եղավ գնալ Ղարաքիլիսա՝ Կոմինտերնի կոնգրեսից հետո Հայաստան եկող մի տասնյակ պատգամավորների դիմավորելու։ Մեկնեցինք բանգյուղտեսչության ժողկոմ Սեդրակ Սարգսյանի և թարգմանիչներ Ստեփան Բաղդասարյանի ու Հակոբ Զորյանի (ֆրանսերենից և գերմաներենից) հետ, առաջինի կադիլակով։ Ճանապարհի բազում միտինգներից հետո հյուրերին հասցրինք իրենց հանգրվանը, ներկայիս «Երևան» հյուրանոցը։ Որքան էլ որ հոգնած էին, դուրս եկան Աբովյանի վրա բացվող նեղ, կիսաբոլորակ պատշգամբը, իրիկնային զբոսաշրջիկները (բառիս ուղղակի իմաստով) վարը խմբվում էին արդեն։ Հանպատրաստից միտինգ ստացվեց։ Խանջյանը, որ դեռ տուն չուներ (և չունեցավ էլի երեք տարի), այդտեղ երրորդ հարկի մի համարում էր ապրում, ինքն էլ հրապարակ եկավ հյուրերին ողջունելու։

Սերգո Օրջոնիկիձե
Սերգո Օրջոնիկիձե

Հիանալի, միանգամայն անկաշկանդ, հարուստ բառապաշարով, ճարտար հայերենով գեղեցկադեմ երիտասարդի ու հռետորական ձիրքի տեր քաղաքական գործչի դեբյուտն էր դա նոր Երևանում, որի բնակչության թիվը 100 հազարից չէր անցնում դեռ, և որտեղ ամեն մի նոր մարդու այդօրինակ «հայտնությանը» ժողովրդականության պիտի բերեր։

Հետո, մինչև ընթրիքը, նրա սենյակում էինք (ինքը մի ցածրիկ աթոռակի էր նստած)։ Սրտագին զրույց էր, պատասխանում էր հարցերին (ես թարգմանում էի անգլիախոսների համար, որոնք շատ էին)։ Երկու ամերիկացիներ՝ սպիտակ և սևամորթ, ուրիշները նույնպես, զարմանք հայտնեցին, որ այդքան լավատեղյակ է «այս երիտասարդ քարտուղարը»… Հաճելի երեկո էր։

Առժամանակ անց, Կենտկոմի երկրորդ քարտուղար լինելով (1928—1930-ը Հայկազ Կոստանյանն էր առաջին քարտուղարը), Աղասին մոտ երկու ամիս փոխարինում էր «Խորհրդային Հայաստանի» խմբագրին և այնպիսի եռանդուն, նախաձեռնող, բազմատեղյակ խմբագիր էր, կարծես ամբողջ կյանքում այդ գործով էր զբաղվել։ Ասքանազ Մռավյանը և Հայկ Ազատյանը (խմբագրական կոլեգիայի հին անդամները) գոհ էին։ Իսկ մենք՝ խմբագրության աշխատակիցներս, հանձին Խանջյանի գտել էինք համարյա մեր տարեկից, բայց շատ ավելի շրջահայաց, փորձառու և ձեռներեց մի ղեկավար ու պարզապես ընկեր։ Այդ անբռնազբոս, ամեն մի վարչականությանից ու ստորադասումից ազատ հարաբերությունները նրա հետ պահպանվեցին մինչև վերջ, մոտ ութ տարի։ Որքան որ կենտրոնացած եռանդի տեր, համոզմունքով գործող մարդ էր, նույնքան էլ հարգալից վերաբերմունք ուներ ուրիշների նկատմամբ։ Անվերապահ վստահություն էր տածում, մանավանդ, երիտասարդության հանդեպ։ Գիտեր գնահատել ձիրքը, գիտելիքները, դրսևորվող եռանդը ու միևնույն ժամանակ լիակատար պատասխանատվություն դնել ամեն մեկի վրա իր գործի համար։ Եվ դա երբեք չէր ճնշում մարդու, բնական էր ու հասկանալի։ Երիտասարդ էինք, մեր զբաղմունքին նվիրված, միջավայրը, ամբողջ հասարակությունն էր երիտասարդ…

Ասեմ տեղնուտեղը, հետո, շա՜տ հետո, 1957—1964-ին լույս ընծայված իմ երեք վեպերում («Զարթոնք», «Սպարտակ», «Մրրիկի թևով») Ղուկաս Ղուկասյանի հետ նրան համազոր գլխավոր հերոս է Աղասին (1915—1921, այն է՝ 14—20 տարեկանում)։ Ու թեև այդ վեպերում չկան ճշգրտորեն կենսագրական տվյալներ («փաստ», մերկապարանոց իրողություն), ամեն ինչ պատմահոգեբանական հիմք ունի: Իսկ Աղասու վիպական կերպարն այնտեղ ևս ինչ-որ չափով սնվել է 1928–1936-ի միատեղ աշխատանքի և ընկերական հանդիպումների հուշերից։

Ճիշտ է, դրանից առաջ էլ, իմ «ավանգարդյան» տարիներին (1925—1928) մեզ համար արդեն լուսապսակով էր բոլորված Աղասին, թեև զոհված չէր, ինչպես Ղուկասը, Արմենակը և ուրիշները (1920—1921)։ Իսկ 1928-ից, երբ տուն եկավ երկրորդ անգամ, շատ շուտով գրավեց բոլորիս սրտերը։ Իրոք, շատ ժամանակ չէր անցել՝ նա արդեն մտերմացել էր մեծ թվով հասարակ մարդկանց հետ ոչ միայն քաղաքում, այլև գյուղում։ Շատերն էին դիմում նրան նաև անձնական խնդիրներով, և ոչ միայն բնակարանային, աշխատանքի, առհասարակ նյութական–կենցաղային կարիքներից դրդված, այլև բարոյական նեցուկ որոնելով կյանքի հրամցրած այլևայլ դժվարությունների դեմ հանդիման։ Երեսնական թվականների սկզբներին նրա ուղեղն արդեն անհաշիվ մարդկանց գործերի ու հոգսերի տոմար էր։ Սա իմ տպավորությանն է ոչ միայն խմբագրատանը կամ Կենտկոմում ընթացիկ կերպով հայտնի դարձող տվյալներից, այլև երբեմնակի ուղեկցումներից։

1932-ի աշնանը կրկին Ղարաքիլիսա մեկնեցի՝ այս անգամ նրա հանձնարարությամբ (մի բանվորուհուց բողոք էր ստացել, թե լավ չեն ապրում)։ Խնդրեց գնալ ամեն տեղ մտնել, անձամբ տեսնել ու պարզել բանվորների կյանքի ճշմարիտ պատկերը։ Վերադարձա, գրեցի, հասկանալի է՝ առանց որևէ բան մեղմացնելու (տես «Հոգատար վերաբերմունք քիմիական կոմբինատը կառուցողներին», «Խ. Հ.», 14.09. 1932)։ Նրա այս պատվերն իր դերը խաղաց նաև տարիուկես հետո, երբ Ղափան էի գնում («Խ. Հ.», 24.05. 1934) նույնանման «առաքելությամբ»։ Շատ բան բարեփոխվեց երկու դեպքում էլ։

Սերգեյ Կիրով
Սերգեյ Կիրով

Այսպես էր նա սովորեցնում մեզ, երիտասարդ լրագրողներիս, հոգատար լինել աշխատավոր մարդու նկատմամբ։ Կենտկոմի երեք աշխատակիցներ բնակարան էին ստացել, դա բացառիկ բան էր այն տարիներին, երբ շատ սահմանափակ էր շինարարությունը։ Իմանալով, որ միջոցներ չունեն,— իսկ կահույքը թանկ էր,— կարգադրել էր կահավորել այդ բնակարանները Կենտկոմի հաշվին (կուսակցական դրամարկղը 1923-ից հետո, երբ չերվոնեցը դուրս եկավ, երբեք աղքատ լինել չէր կարող այլևս)։ Երեքից մեկը, հենց գործերի վարիչ Մարգո Երզնկյանը, հրաժարվել էր ընդունել այդ օժանդակությունը, ասելով, թե իրենք՝ ինչպես կարողանան, կկահավորեն։ Թող ո՛չ ոք չենթադրի, թե արտասովոր բան էր սա այն ժամանակ, ուրիշ ըմբռնումներ, ուրիշ հարաբերություններ, ուրիշ բարքեր էին։ Նա ինքը՝ Խանջյանը, իր զեկուցումների վրա հիմնավորապես աշխատելով և պետք եղած դեպքում իր մանրատառ ձեռագրով դրանք մաքուր գրի առնելով, երբեք հանձն չէր առնում որևէ բան ստանալ տպագրվածի դիմաց, իրեն հասանելիքը՝ անձնապես ծախսելու համար։ Մերթ ընդ մերթ գործերի կառավարչի (Մարգոյի կամ Սվետլովի) միջոցով մեր «Շիշկոյից» իմանում էր, թե ի՛նչ գումար կա իր անունով ու մի երկտողով կարգադրում էր հատկացնել այսինչ մանկապարտեզին, գրադարանին կամ որևէ այլ հանրօգուտ նպատակի, սովորաբար, վերջիս հաշվով՝ երեխաների կարիքներին («Շիշկոն»՝ Գրիգոր Շիշմանյանը մամուլի հրատարակչության վարիչն էր, ինքն էլ վերին աստիճանի ազնիվ ու անշահասեր մարդ, բուլղարական «տեսնյակներից»,— 1937-ին էլ մազապուրծ էր եղել Վասիլ Կոլարովի՞, թե՞ Դեորգի Դիմիտրովի նամակների շնորհիվ)։

Աղասու ազդեցությամբ խմբագրության աշխատակիցներից ոմանք նույնպես հրաժարվում էին ստանալ իրենց օրինական լրացուցիչ վարձատրությունը (օրինակ, գիշերը, հաճախ մինչև առավոտ, տպարանում հերթապահելու համար)։

Նա ինքը կենցաղում համեստ և վերին աստիճանի սակավապետ էր. աշխատանքային ժամերին՝ կերածն էր ընդհանուր բուֆետից բերվող մածունը մի բուլկու հետ, այն էլ շատ անգամ Ռոզան՝ կինը, պիտի զանգահարեր– հիշեցներ, որ ձեռքը վերցներ մածնի բաժակը, և այդ բանը երբեմն զվարթ կատակների ու թեթևակի սրախոս–կշտամբանքի առիթ էր դառնում գործով հաճախ նրա մոտ լինող այցելուների համար։

Երկու-երեք անգամ եղել եմ իր տանը՝ ընկերական փոքր հավաքույթների, մի անգամ էլ Ծաղկաձորում՝ Սահակ Տեր-Գաբրիելյանի ամառանոցում։ Գինի էր սիրում, բայց խմում էր շատ քիչ։ Առանց այդ էլ զվարթ էր ու ասող-խոսող, թեև թոքերի հիվանդությունը գնալով նեղում էր։

Պարզասիրտ ու պարզաբարո մարդ էր։ 1931-ի ամռանը Սևանա կղզու այն թվերին միակ հանգստյան տանն էի երկու շաբաթով։ Եկավ մի անգամ Սահակ Տեր-Գաբրիելյանի և պետքաղվարչության պետ Աբուլյանի հետ։ Մեզ մոտ էր ըմբիշ Սերգո Համրարձումյանը։ Աղասին տեսավ նրան, ասաց. «Ա՛յ տղա, չե՞ս կարող մի ուժդ ցույց տալ»։ Սերգոն նայեց դես ու դեն, մեկ էլ հսկա Աբուլյանին ու երկու փոքրահասակ տղամարդկանց (Աղասուն ու Սահակ Միրզոյիչին) մոտ քաշեց, թիկունքով իրար հենած, երեքին միաժամանակ թևերի տակ առնելով՝ գետնից բարձրացրեց։ Ծիծաղից թուլացել էր հանգստացողների բազմությունն իրենց հետ միասին։ Սահակն էր քրթմնջում մենակ, իբր դժգոհելով. «Ա, քյը մատաղ, ես կառավարության նախագահն եմ, ախր»…

Նաև իր կոչմանը տևականորեն պատրաստված մտավորական գործիչ էր Աղասին: Լավ գիտեր հայ մշակույթի պատմությունը։ Հենց Ծաղկաձորում էլ իր կնոջը՝ Ռոզային այնպիսի մանրամասն բացատրություններ էր տալիս Կեչառիսի վանքի և Գրիգոր Մագիստրոսի անձնավորության վերաբերյալ, որ դա հարցին մասնագիտորեն ծանոթ մարդու դասախոսություն էր թվում։ Սահակ Միրզոյիչը, Աղասի Գալոյանը՝ բանվորագյուղացիական տեսչության նոր ժողկոմը, անգամ հայ մշակույթի պատմությանը լավատեղյակ Արամայիս Երզնկյանը ուշի-ուշով լսում էին։ Դասական ու ժամանակակից հայ արվեստի արժեքների ժողովրդականացումը նրա գլխավոր մտահոգություններից էր։ Աղասին էր, որ տեր կանգնեց Խաչատուր Աբովյանի Փարիզում կերտված հիանալի արձանին։ Երբ այդ արձանի բացումն էր Աբովյան փողոցում, նորակառույց հյուրանոցի և «Մոսկվա»՝ թեկուզ և ոչ այնքան էլ գեղեցիկ նոր կինոթատրոնի առջև, նա քաղաքում չէր։ Իսկ մի քանի օր հետո, երբ Կենտկոմում իր մոտ էինք՝ երեք-չորս հոգով, հարցրեց, թե կայի՞նք արդյոք այդ բացմանը, և իրո՞ք Եղիա Չուբարն ասել է այդ հանդեսին, թե «Մերը չէ Աբովյանը, բուրժուազիայինն է»… Եվ վրդովված, զայրագին խոսքեր շպրտեց. — Ինչպե՞ս թե մերը չէ։ Էլ ինչու՞ ենք արձան կանգնեցնում ուրեմն…

Այս առիթով Չուբարի՝ իր սպարտակյան ընկերոջ հետ ունեցած զրույցն այնպիսի սուր բնույթ էր ընդունել, որ վերջինս առժամանակ անց թողեց, հեռացավ, գնաց Բաքու։ Վաղ պատանեկությունից, Վանի «Կեդրոնական» վարժարանում դեռևս աչքի ընկած լինելով իր լուրջ ծանոթությամբ արևմտահայ գրողների ստեղծագործությանը, 1928-ի իր այս գալստյան առաջին իսկ ամիսներից նա ստանձնեց նաև մեր հին ու նոր գրականության հրատարակման հոգսերը։ Եռանդով խրախուսում էր մանավանդ Ալազան-Նորենց-Տարոնցու ջանքերր՝ արևմտահայ պոեզիայի հավաքման ու հրատարակման ուղղությամբ։

Բացառիկ երևույթ լինելով, անչափ բնութագրիչ է նրա համար մանավանդ «Սասնա ծռերի» արդեն կես դարից ի վեր կուտակվող պատումների փառահեղ հրատարակությունը, որ վաղուց հայ մտավորականության նվիրական իղձն էր։ 1934-ի օգոստոսի 1-ին ես թողել էի «Խորհրդային Հայաստանի» խմբագրությունը և գնացել Մոսկվա՝ ռուսերենի մեջ վարժվելու ակնկալությամբ։ Բայց ամիս չանցած՝ պետք եղավ վերադառնալ նրա պահանջով՝ Հայպետհրատի գեղարվեստական բաժնում աշխատանքի անցնելու։ Դեկտեմբերի վերջին հրատարակչության երկարամյա դիրեկտորի՝ Էդվարդ Չոփուրյանի հետ Աղասու մոտ էինք՝ 1935—1936-ին տպագրվելիքի շուրջը խորհրդակցելու։ Նրա առաջարկով ավելացրինք Երուխանի հատընտիրը։ Ի դեպ, մի առանձին հաճույքով, իբրև երդվյալ վասպուրականցի, արտասանում էր. «Սրմա-քեշ– խանլյա՜ն», սրտին շատ էր մոտ նրա ժողովրդասիրական ստեղծագործությունը:

Վերջում պահանջեց, «մի րոպե նստեք»։ Մտաբերեց մոռացվածը.

— Հապա «Սասնա ծռե՞րը»։

— Աբեղյանը չի տալիս,— հայտնեց Չոփուրյանը։

— Համոզեք, թող տա,— ասաց կարճ ու կտրուն։

Ինչպես պարզվեց, 1932 թվականի օգոստոսին Հայպետհրատի հետ այդ առիթով Մանուկ Աբեղյանի սկսած բանակցությունները իր իսկ կողմից կտրուկ կերպով ընդհատվել էին 1933 թվականի մայիսին և այլևս չէին վերսկսվել։ Խանջյանի պահանջի իրագործումը ձգձգվեց (Չոփուրյանը մոտ երկու ամսով բացակայեց, ես ծանր հիվանդացա) և 1935-ի փետրվարի վերջին միայն հաջողվեց հանդիպել Աբեղյանի հետ ու համոզել նրան պայմանագրով պարտավորություն ստանձնել։ Ամառնամուտին միայն ստացանք «Սասնա ծռերի» առաջին հատորում զետեղվելիք պատումները, որոնցից մի քանիսը գրի էին առնված վերջին մեկ-երկու տարվա ընթացքում և նոր էին ճշգրտվում ու ծանոթագրվում։ Եվ, եթե ի վերջո, իրոք փառահեղ տեսքով հրապարակ եկավ այդ հատորը (առաջին մի քանի կազմած-պատրաստ օրինակները՝ 1936 թվականի մարտի 17-ին), ապա բացառապես շնորհիվ այն բանի, որ Խանջյանն ակնդետ հետևում էր տպագրության ընթացքին։ Հատկապես պահանջվող բարձրորակ թղթի պակասը լրացվեց նրա միջնորդությամբ և Վրաստանի ԿԿ Կենտկոմի քարտուղար Միխա Կախիանիի օժանդակությամբ։ Գրաշարներն ու տպագրիչները ևս տեղյակ էին իրենց սիրելի մարդու հանդես բերած շահագրգռությանը, և դա ինքնաբուխ մրցում էր առաջ բերում նրանց միջև։ Անկարելի է չհիշել մանավանդ Մանվել Կափլանյանի սխրանքը։ Մի աչքը վնասված, կուրծքը ներս ընկած, թոքերը թույլ, բայց գրագետ և հումորի բնածին զգացումով օժտված այս երիտասարդը սկզբից ևեթ խնդրել էր միանձնյա իրեն վստահել այս վիթխարածավալ գործն ամբողջովին (ձեռքի շարվածքը, տառատեսակների առատությունը գործը շատ էին դժվարացնում) և լիովին արդարացրեց իրեն։ Խանջյանն իր հերթին տեղյակ էր նրա և ուրիշների՝ այդ մատյանն ստեղծելիս կատարած անձնվեր աշխատանքին, և միայն իր հիվանդության ու շուտով բոլորովին «գլուխը խառնվելու» հետևանքով չհասցրեց հրապարակորեն գնահատանքի արժանացնել այդ «կրակի կտոր» Մանվելին ու նրա ընկերներին։ Տպագրթյունն իրոք մեծ բարեբախտություն էր, քանի որ իր երևումով իսկ այդ հատորը տեսանելի և շոշափելի հիմք ստեղծեց 1939-ին մեր ժողովրդական մեծ դյուցազնավեպի հազարամյա հոբելյանը գլուխ բերելու համար։

Խանջյանի մեջ ուժեղ էր պարտքի զգացումը նաև մեր մշակույթի նոր շրջանի ականավոր գործիչների հանդեպ։ Իր մարդկային բնավորությամբ ու անձնական խառնվածքով նա ամենից մոտ էր թերևս Ստեփան Շահամյանին, որի երևանյան հուշարձանի բացմանը հանդես էր եկել Մամիա Օրախելաշվիլու հետ միասին, թեև այդ գործը այն ժամանակ ևս չէր գոհացնում նրանց, ինչպես և Շահումյանի հարազատներին։

Իսկ 1935 թվականի ապրիլի 22-ին Լենինականում կարդացած զեկուցումը պատմահասարակական արժեքավորումն ու մեծարանքն էր 1920-ի մայիսյան ընդվզումի ու նրա հերոսների։ Դրան հաջորդեց Ղուկասի արձանի բացումը Երևանում՝ համալսարանի դիմաց, փոքրիկ աստղադիտարանի հարևանությամբ։ Այդ ևս ընկերական պարտք էր՝ նախ և առաջ։

Հայաստանյան իր այս երկրորդ՝ ութամյա աշխատանքի ընթացքում Խանջյանն ամենասերտ, որոշ դեպքերում ուղղակի սրտագին փոխհարաբերություններ էր պահպանում գրողների ու արվեստագետների (Չարենց և Բակունց, Մահարի և Ալազան, Թամանյան և Փանոս Թերլեմեզյան, Մարտիրոս Սարյան և Հակոբ Կոջոյան), գիտնականների ու ինժեներների հետ (երկրաբան Օննիկ Կարապետյան, ջրաշինարար Գրիգոր Շիրմազյան, Ձորահէկը և Քանաքեռհէկը կառուցող Հովսեփ Տեր-Աստվածատրյան, քիմիկոս Ստեփան Ղամբարյան և այլն)։ Այս մարդկանցից ամեն մեկը, առիթի դեպքում, աշխատում էր իր ուրախությունը կամ տագնապը բաժանել Աղասու հետ, և նրա դուռը բաց էր ամենքի առաջ։ Իր անձնական ուրախություններն էլ հանրային այս ու այն ձեռնարկության հետ էին կապված ու հաղթական ավարտի արդյունք էին լինում սովորաբար։ Այդպես էր, օրինակ, Աշտարակի ջրանցքի բացմանը։ Մեծ խմբով, առապարների ու քարուտների միջով գնացինք-հասանք ակունքը՝ Սաղմոսավանքի մոտերքում, և այդ նույն ճանապարհով էլ վերադարձանք։ Այդպես էր և Ձորահէկի բացման օրերին։

Առհասարակ, եթե փորձենք բնութագրել այդ շրջանի Խանջյանին, ապա պետք է ասենք, որ նա հոգով-սրտով ժողովրդին նվիրված, նրա բարվոք կյանքի և առաջադիմության համար ոչ մի ջանք չխնայող, և ինքն էլ դրանով ժողովրդականություն ձեռք բերած կորովի ղեկավար էր։ Ավելացնենք, ի տարբերություն իր մի քանի գոըծընկերների (ինչպես Ամատունին, Ակոպովը, նաև Գուլոյանը և էլի ուրիշներ), որոնք օրգանական կապ չունեին մեր ժողովրդի, նրա մշակույթի, պատմության ու գրականության, այն շրջապատի հետ, որի մեջ ապրում էին։ Ահա առերևույթ կողմնակի, բայց շատ բնորոշ մի դեպք։ 1935-ի աշնանը ես պարտավորություն ունեի ըստ կարելվույն արագ Մոսկվա՝ կենտրոնական թերթերին հասցնել Մ. Ի. Կալինինի Երևանում, Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակի հանդիսավոր նիստում արտասանած ճառը։

Հաղորդեցինք, մեզ մոտ տպագրելով այն, ինչպես որ կար։ Երբ ստացանք Մոսկվայի թերթերը, համեմատեցինք։ Այնտեղ պակասում էր մի պարբերություն, ոըն սկսվում էր «У вас еще много бедности» խոսքերով։ Գնացքով Լենինականից Երևան գալիս Միխայիլ Իվանիչն անցել էր այն ժամանակ դեռևս, ինչպես ասում էին, «անապատային գատուց»։ Անմիջական տպավորությամբ էլ ասել էր այդ խոսքերը, որոնք, սակայն, չէին համապատասխանում «այդ տարվա կարգախոսին». «Жить стало лучше, жить стало веселее»: Խանջյանը դժգոհ մնաց այդ կրճատումից։ Նրա կարծիքով որևէ պատճառ չկար թաքցնելու կենդանի տպավորության հիման վրա ասված ճշմարտությունը, առավել ևս, որ Կալինինի վկայությունը գործնական կարևորության կարող էր ունենալ, ոռոգման հատկացումները ևս ուշանում էին, համեմատաբար փոքր հատկացումները, որի մասին հենց այդ տարվա գարնանն ուղղակի Բերիայի երեսին դառը խոսքեր էր շպրտել Սահակ Միրզոյիչն ու հրաժարվելով իր պաշտոնից՝ հեռացել։ Իսկ Ամատունին ու Ակոպովը միայն «քաղաքական անպատեհության» էին տեսնում Կալինինի ճառի ընդամենը մի քանի տողի այդ «տարընթերցման» մեջ, իբր մենք պիտի սպասեինք, մինչև կենտրոնական թերթերը գային և տառացի նրանց նման տպեինք ամեն մի բառը, երբ այդ ճառը մեզ մոտ էր ասված, լսել էինք մեր ականջներով և վստահ էինք ուրեմն, որ մեր ունեցածը ճշմարիտ բնագիր է։

Մանրամասնությունները թողնելով, չմոռանամ հիշել, որ 1928—1936-ին Խանջյանը խորապես համոզված էր, որ միայն հայության գերակշիռ հատվածի կենտրոնացումը Խորհրդային Հայաստանում կարող է փրկել նրան նոր անդարմանելի կորուստներից։

Մինչև ոսկորների ուղն ու ծուծը հայ մարդ և հայ ազգային գործիչ լինելով, Աղասի Խանջյանն անշուշտ միաժամանակ նաև հավատավոր, հետևողական ինտերնացիոնալիստ էր, ինչը որ զգացվում, աչքի էր ընկնում բազմաթիվ առիթներով։ Այդ խորունկ ինտերնացիոնալիզմն ավելի հաճախ դրսևորվում էր անդրկովկասյան փոխհարաբերություններում, մասնավորապես վրացի և ադրբեջանցի ականավոր գործիչների՝ Օրջոնիկիձեի, Օրախելաշվիլու, Կախիանիի, Կանդելակիի, հատկապես «կոմսոմոլից բարձրացած» մարդկանց՝ Բեսո Լոմինաձեի, Գայոզ Գևդարիանիի, Հուսեյն Ռահմանովի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների մեջ։ Ամեն մի հանրապետության տնտեսական շինարարության հաջողությունները դիտվում էին այն ժամանակ իբրև համաանդրկովկասյան նվաճումներ։ Ավելին, հանրապետության ղեկավար գործիչները հաճախ գործուն հետաքրքրություն ու հոգատարություն էին դրսևորում՝ իրենց հանրապետությունում բնակվող անդրկովկասյան մյուս ժողովուրդների առաջընթացի նկատմամբ։

Ահա նման բնույթի մի իրողություն։ 1933 թ. մայիսին, ինչ-որ ընթացիկ գործով Կենտկոմում էի, Խանջյանը տվեց ինձ կարդալու իրեն հասցեագրված ռուսերեն լեզվով ձեռագիր մի նամակ։ Հեղինակը՝ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Հուսեյն Ռահմանովը հայտնում էր, թե իրենք բողոքներ են ստացել Բաքվի հայերեն «Կոմունիստ» թերթի լեզվի, նրա «լավ հայերեն չլինելու» վերաբերյալ և խնդրում էր Բաքու գործուղել մի երկու գիտակ ընկերների, որպեսզի օգնեն «Կոմունիստի» աշխատողներին՝ ուղղելու լեզվական թերությունները։ Այս առնչությամբ Խանջյանն ինձ առաջարկեց մանրամասնորեն ծանոթանալ Բաքվի «Կոմունիստի» լեզվին, հրավիրել նաև Ակսել Բակունցին ու միասին մեկնել Բաքու։ Ավելացրեց. «Եթե դժվարանա, խնդրիր իմ անունից»։ Ակսելն, իհարկե, գոհունակությամբ ընդունեց այդ հրավերը։ Երկու-երեք օր մեզ մոտ՝ «Խորհրդային Հայաստանի» խմբագրատանը, նա կարդամ էր «Կոմունիստի» հավաքածուն և գրի առնում պետք եղածը։ Բաքվում, նախքան խմբագրատուն գնալը, եղանք Կենտկոմում Ռահմանովի մոտ։ Նա շատ գոհ մնաց, որ իր խնդրանքն անմիջական արձագանք էր գտել։ Պարզվեց, ի դեպ, որ կարդացել էր Ակսելի պատմվածքները, և ուրախացավ, որ նա էլ է եկել։ Զրույցը, որն ընթանում էր ռուսերեն, ավելի սրտագին բնույթ ընդունեց, երբ Սկսելն անցավ ադրբեջաներենի (նա լավ էր խոսում «տեղական թուրքերեն», ինչպես այն ժամանակ ընդունված էր ասել)։ Ռահմանովը խնդրեց՝ խմբագրատանը շատ խստապահանջ լինել. «Թե չէ՝ ինչի՞ նման է, մի հայերեն թերթ ենք հրատարակում Բաքու քաղաքում, այն էլ՝ «լեզուն լավ հայերեն չէ»։ Այս հաճելի, լայնախոհ երիտասարդը ևս, որը մի քանի տարի Մոսկվայում իբրև կոմերիտմիության կենտկոմի քարտուղար էր աշխատել, շուտով իր ավագ եղբոր՝ զինվորական գործիչ Հասան Ռահմանովի և ուրիշների հետ բաժանելու էր Անդրկովկասի շատ ինտերնացիոնալիստ գործիչներին վիճակված ճակատագիրը… Ընդհանուր առմամբ այս էր Խանջյանի՝ մեր Աղասու աշխատանքային մթնոլորտը մինչև 1935 թվականի աշունը։ Այստեղ, սակայն, հարկավոր է մի լրացուցիչ ծանոթություն կամ վերապահություն։

4

Հայկազ Կոստանյանի Մոսկվա (Պրոֆինտերն) վերադառնալուց հետո, այն է՝ 1930-ի վերջերից կամ 31-ի սկզբից, երբ Խանջյանը մեզ մոտ Կենտկոմի առաջին քարտուղար էր, ոչ միայն նրա գործունեության արդյունավետությունը, այլն, անձնական հոգեվիճակն ու ֆիզիկական առողջությունը մեծ չափով կախում ունեին երկու մարդու անմիջական վերաբերմունքից։

Կարելի է ասել, որ Խանջյանը, ինչպես և իր սերնդի կուսակցական գործիչների գերակշռող մասը, ովքեր երկընտրանքի առաջ գտնվելով, գերադասել էին Ստալինին՝ Տրոցկու, Զինովևի, Կամենևի և այլոց հանդեպ, անկեղծորեն համակրում էին նրան։

Ստալինի ժողովրդականությանը նպաստում էին և այն բազմապիսի, մամուլում բավական հաճախ հիշատակվող իրողությունները, երբ նա անձնապես ուշադրության էր արժանացնում այս կամ այն հասարակ մարդուն՝ Ալեքսեյ Ստախանովից մինչև Մամլաքյաթ դեոատի աղջիկը:

Իրական շրջափոխությանը մոտ կանգնած մարդկանցից շատերին առաջին անգամ լուրջ տարակուսանքի առիթ տվին «Գլխապտույտ հաջողություններից» և դրա զարգացումը հանդիսացող «Պատասխան ընկեր կոլտնտեսականներին» ծավալուն հոդվածները։ Ամեն ոք գիտեր, որ գյուղում կատարվող իրադարձությունների՝ հողագործության և անասնաբուծության դարավոր տոհմական փորձի, արտադրող եռանդի տեր բազում մարդկանց «օտարման» շտապեցումը «վերից» էր թելադրվում, «համատարածի» սահմանվող և տեղնուտեղը մրցակցության առարկա դարձող տոկոսներով հանդերձ։ Իսկ դա բացեիբաց հակասության մեջ էր լենինյան հայտնի «կոոպերատիվ պլանի» ոգու և տառի հետ։ Մեզ մոտ, Անդրկովկասում ևս Լոմինաձեի, Շացկինի, Հայկազ Կոստանյանի և այլոց հեռացումն իբրև քավության նոխազների, ոչնչով համոզիչ չէր։ Բայց, ինչպես մարդու անձնական կյանքում, այնպես էլ հասարակական իրադարձությունների ընթացքի մեջ, գոյություն ունի իներցիա, այդ վիթխարի, շատ անգամ անկասելի ուժը։

Հաջորդ շրջանում, ուրիշ շատ ազդակների հետ, Ստալինի անձնական ժողովրդականությանը նոր կշռաքարեր ավելացնելուն էր ծառայեցվում ամեն ինչ, որ տեղի էր ունենում կյանքի ընթացքով. 1930–1931-ի սովի հաղթահարումը, մատակարարման բարելավումն ու գների պարբերական իջեցումները, միութենական հանրապետությունների պատգամավորությունների ընդունելությունները Կրեմլում, մինչև ֆրանսիական հեղափոխության «լքված» լոզունգներին տեր կանգնելը՝ կուսակցության 17-րդ համագումարի նրա կարճառոտ եզրափակման խոսքի մեջ։

Սարգիս Կասյան
Սարգիս Կասյան

1933–34-ին համենայն դեպս ոչ մի բան որևէ հակասականություն չէր առաջ բերում նաև մեր Աղասու՝ Ստալինի հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ, վերաբերմունք, որ բաժանում էինք ամենքս՝ նրա հետ, նրա կողքին աշխատող երիտասարդներս։ Նա ինքն էլ, չմոռանանք, այդ պահին դեռ հազիվ 32—33 տարեկան էր։

Ստաինն իր հերթին, ինչպես կարելի էր հավատացած լինել, վստահում էր Աղասուն՝ իբրև պատասխանատվության գիտակցությամբ և նախաձեռնության ոգով օժտված գործչի։ Հիմք ունեմ ասելու, որ Աղասու համար հաճելի էր այդ վստահությունը, թեկուզ և անձնական փառասիրությամբ (ի տարբերության, ասենք, Հ. Կոստանյանի) նա աչքի չէր ընկնում։

Հետաքրքիր է, սակայն, թե ինչպե՞ս էր պատահել, որ ճանաչել, գնահատել, վստահել էր Խանջյանին Ստալինը։ Ամենայն հավանականությամբ Կիրովի, Օրջոնիկիձեի և Միկոյանի միջոցով, որոնց նրա դեռ պատանեկան, կորովի դեմքը լավ ծանոթ էր 1920—1921-ի Անդրկովկասից, Աղասու «սպարտակյան» գործունեությունից։ Սվերդլովի համալսարանի իր կարճատև ուսումնաշրջանից հետո, Կիրովի հրավերով, համարյա թե նրա հետ միասին նա փոխադրվել էր Լենինգրադ՝ աշխատելու, և այդ երեքի ջերմ հավանությամբ էլ հետո վերադարձել էր Հայաստան։ Ինքը ևս մինչև կյանքի վերջը հոգեպես կապված էր մնում մանավանդ Կիրովի և Օրջոնիկիձեի, այդ անկաշառ գործիչների հետ։ Բայց 1934-ի դեկտեմբերի 1-ին սպանվեց Կիրովը։ Սերգոն ևս, ինչպես հայտնի է, շուտով, Պոստիշևի և ուրիշների, նաև իր եղբայրների կալանավորումից հետո՝ նախապես նման հակումից շատ հեռու մի մարդ լինելով, ինքնասպանության տխուր արահետն էր ոտք դնելու։

Դեռ մինչ այդ, Կիրովի սպանությունից կարճ ժամանակ հետո, Խանջյանի վիճակը մեզ մոտ շեշտակիորեն դեպի վատը փոխվեց Տեր-Գաբրիելյանի հեռանալով, իսկ Աղասին, շատ խախուտ առողջության տեր, հարկադրված էր համակերպվել բժիշկների, մանավանդ թոքախտաբան Գրիգոր Սաղյանի պահանջի հետ, գարնան ամիսներն անց կացնելով Սուխումում կամ Դիլիջանում։ Օգնում էր այն գիտակցությունը, որ «այնտեղ է Սահակ Միրզոյիչը», որևէ՝ ռուսերեն ասած, «подвох»–ի, նենգամիտ քայլի անընդունակ, ճշմարիտ մարդ, որին վստահորեն կարելի էր ապավինել։ Մեծ փորձառության տեր, հետևողական, սկզբունքային գործիչ լինելով, Սահակը ժամանակին վայելելիս էր եղել Լենինի և Շահումյանի անվերապահ վստահությունը։ Մեր գլխավոր տնտեսավարները (Կուրսելը՝ կաուչուկի շինարարության պետը, Հովսեփ Տեր-Աստվածատրյանը՝ էլեկտրիֆիկացիայի ղեկավարը, Շամշյանը՝ Արթիկտուֆի պետը, Արամայիս Երզնկյանը՝ ԺԿԽ նախագահի տեղակալը և ուրիշներ) 1932– 1935-ին անմիջականորեն նրա հետ էին կապված։ Սահակը ևս, Աղասու նման, կենցաղում աներևակայելի սակավապետ մարդ էր, ճիշտ ինչպես իր նախորդներից Սարգիս Լուկաշինը։

Բայց և այնպես, Տեր-Գաբրիելյանի ու Խանջյանի մարդկային խառնվածքի մեջ կարելի էր դիտել մի էական տարբերություն: Եթե Աղասին (ինչպես որ մեզ մոտ դրսևորում էր իրեն, մանավանդ երբ հիվանդ էր) մեղմ բնավորության տեր մարդ էր, ապա Սահակի մեջ ավելը հաճախ արտահայտվում էր, թերևս, մարտական խառնվածքը, ընդհատակում և քաղաքացիական կռիվների բովում կոփված գործչի անվարան ու անզիջում վարքագիծը։

Սահակի հեռանալով, իհարկե, շատ դժվարացավ Աղասու վիճակը։

Ինչպիսի՞ն էր Խանջյանի և Բերիայի փոխհարաբերությանը։ Սա անչափ կարևոր է, քանի որ նրանք Անդրերկրկոմի բյուրոյի նիստերում հանդիպում էին համարյա ամեն շաբաթ, իսկ ամառները՝ երբեմն ավելի հաճախ:

Հայտնի է, որ դեռևս 1933 թվականին Երևանի կուսակցական կազմակերպության մեջ ձևավորվել էր ժամանակակից պաշտոնամոլներին նմանվող մարդկանց մի խմբակ, որոնք իսկապես գոյություն ունեցող կամ հորինված թերությունների շուրջը աղմուկ բարձրացնելով, ձգտում էին ուշադրության առարկա դառնալ և դիրք գրավել։ Դրանք, միևնույն ժամանակ, իրենց ներկայացնում էին իբրև Անդրերկրկոմի լիազորներ, ակնհայտորեն խրախուսվելով այնտեղ նստած որևէ մեկի կողմից։ Երբ Խանջյանը և Կենտկոմի բյուրոյի մյուս անդամները վերադարձան և վերահասու եղան այդ իրարանցմանը, հարցը քննության առարկա դարձավ Երկրամասային Կոմիտեի բյուրոյում։ Կայացված որոշումը դատապարտում էր այդ մարդկանց (Լիպո Բարսեղյան, Համո Գալստյան և այլն) իբրև անսկզբունք պառակտիչների։ Դրանից հետո հրավիրվեց Հայաստանի կուսակցական ղեկավար աշխատողների մի ժողով, որտեղ այդ առիթով հատկապես Երևան եկած Բերիան մեկնաբանելու էր հիշյալ որոշումը։

Կենտկոմի՝ Աբովյան փողոցում գտնվող շենքի («Հին Երևանում»՝ Եղիազարովների տունը, ներկայումս՝ «Գիտելիք» ընկերություն) անձուկ ու մթնավուն դահլիճում, որտեղ կայացավ նիստը, Բերիան խոսեց 30—35 րոպե։ Թեև Անդրերկրկոմի որոշումից բխում էր, թե հիշյալ մարդկանց արարքները դատապարտելի են, Բերիայի այդ օրվա խոսքն ակնհայտորեն երկիմաստ էր. այնպես էր ստացվում, թե նրանք, այնուհանդերձ, դրական դիտավորությամբ են իրար անցել, ըստ ձևի միայն ճիշտ չի եղել նրանց արածը։ Իսկ Խանջյանի մասին ասվածից բխում էր մոտավորապես հետևյալը, քանի որ նա կուսկազմակերպության ղեկավար է, ապա նրա հետ հաշվի չնստել, անշուշտ, չի կարելի, բայց և նա ինքը պետք է ավելի վճռական դիրք գրաված լիներ իր իրավասություններն ի կատար ածելիս… Ու թեև այդ մարդկանց արարքներն ասես թե դատապարտվեցին, նիստի վերջում, հենց դահլիճը թողնելիս, նրանք ավելի շուտ հաղթողներ էին զգում իրենց։ Բերիայի ելույթը, այսպիսով, հակասական զգացումներ առաջ բերեց ունկնդիրների մեջ։ Առհասարակ նիստն ընթանում էր չափից դուրս սառը, չոր-պաշտոնական, նույնիսկ մռայլ մթնոլորտում։ Բերիայի խոսքն՝ իր բարձրամիտ ուսուցողական տոնով, լսվեց քար լռության մեջ։ Խանջյանը, նիստը բացելուց հետո, չուզեց այլևս գեթ մի բառ արտասանել։

Ինչպես շուտով հայտնի դարձավ ամենքիս, Խանջյանը ոչ մի պատճառ չուներ գոհ լինելու, մանավանդ, որ հիշյալ աղմկարարները, այդ կերպ իրոք աչքի ընկնելով, արդեն բոլորն էլ պատասխանատու պաշտոններ էին ստացել Թիֆլիսում։ Իսկ նրանց փոխարեն շուտով, շատ շուտով՝ ուրիշ, ավելի փութեռանդ, ես կասեի՝ քինախնդիր մարդիկ եկան, ինչպես երրորդ քարտուղար Ստ. Ակոպովը կամ մանավանդ, Երևանի արդյունաբերական շրջանի կուսշրջկոմի քարտուղար նշանակված Ժորա Ծատուրովը, որոնք իրավունք էին համարում ավելի անքողարկ ձևով հանդես գալ իրրև Անդրերկրկոմի, ավելի ճիշտ՝ Բերիայի լիազորներ։ Բնորոշ է, որ Խանջյանը, առիթ եղած դեպքում սիրով ու հարգանքով արտահայտվելով կուսակցության ղեկավար գործիչներից շատերի մասին (Չերժինսկու, Կիրովի, Կալինինի, Ցխակայայի, Օրջոնիկիձեի), խուսափում էր Բերիային բնութագրող որևէ բան ասելուց։

Մեկ անգամ միայն, երբ երկուսով էինք, նա պարզապես անկարող եղավ ձեռնպահ մնալ։ Ճշգրտորեն 1934-ի հունիսի 22-ին (այդ օրը նրա տանը, ձորահայաց պատշգամբում, ես նրան կարդալու տվի Ակսելի «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուին նվիրածս հոդվածի շարվածքը) հրաժեշտի պահին, ասես կատակով, հարցի կարևորությունը թեթևացնելով, ասաց. «Հա՛, շուտով ձեզ պատասխանատու խմբագիր է գալու»։ Երբ պարզվեց, թե դա Թիֆլիսի «Պրոլետար» թերթի խմբագիրն է, ես հայտնեցի մեր խմբագրատան աշխատակիցների կարծիքն այդ մարդու մասին։ Խանջյանը տեղն ու տեղը հաստատեց մեր՝ մեղմ արտահայտված, ոչ այնքան բարենպաստ տպավորությունն այդ մարդուց, դեռ մի բան էլ իր կողմից ավելացրեց։

— Դե, եթե այդպես է, էլ ինչու՞ եք հենց դրան նշանակում,— զարմացա ես։

— Ե՞ս եմ նշանակում…— ասաց բուռն վրդովմունքով։— Ստիպում է… Երեք անգամ է՝ հիշեցնում է արդեն։

Ու թեև անունը չտվեց, բայց դրա կարիքը չկար, խոսքը Բերիայի մասին էր, և տոնը ոչ մի տարակույս չէր թողնում նաև նրա հանդեպ իր ունեցած վերաբերմունքի մասին։

Սերգեյ Լուկաշին
Սերգեյ Լուկաշին

Արդարությունը պահանջում է ավելացնել, որ չնայած Բերիայի ճնշմանը, Խանջյանը, այդուհանդերձ կարողացավ մի տարի հետո ազատել «Խորհրդային Հայաստանի» խմբագրությանն այդ որքան ֆրանտ հագնվող, նույնքան էլ մտավորապես անճարակ մարդուց, երբ նա հերթական մի անհեթեթություն էր թույլ տվել լրագրում։

Դա 1935-ի աշնանն էր, ինչ որ նշանակում է, թե այդ պահին Խանջյանը դեռ բավական ամուր էր զգում իրեն։

Հաջորդեցին Հայաստանի խորհրդայնացման տասնհինգամյակի տոնակատարությունը և ապա Հայաստանի պատգամավորության ընդունելությունը Կրեմլում։ Հիշում եմ այն օրը, երբ վերադարձան Մոսկվայից։ Զանգվի մերձափնյա տան առաջին հարկի սենյակում հավաքված էին մոտ 20—25 հոգի։ Ամենքը, Խանջյանը, երկրորդ քարտուղար Ամատունին, ժողկոմխորհի նախագահ Աբրահամ Գալոյանը,— թվում էր ըստ ամենայնի գոհ են ուղևորությունից։ Կարելի էր վստահորեն ասել նույնիսկ, թե գոնե մոտակա տարիներին մեզ մոտ՝ Հայաստանում, ունենալու ենք խաղաղ և արդյունավետ աշխատանքի մի շրջան։ Ո՞վ կարող էր ենթադրել, թե դա վերջին նոր տարին էր, որ ոտք էր դնում մեր Աղասին։

Ամեն ինչ նոր, անսպասելի ընթացք ընդունեց, ավելի ճիշտ՝ բացահայտվեց, առերևույթ կողմնակի մի առիթով։

1936-ի առաջին իսկ օրերից (երբ Խանջյանը Համո Հովհաննիսյանին փոխադրեց Կենտկոմ, որպես իր օգնական), միանձնորեն «ինձ վրա մնաց» թերթը։ Փետրվարի 20-ի ցերեկը, տեղեկություն ստանալով, որ վախճանվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, զանգահարեցի Խանջյանին, հարցնելով, թե ի՞նչ է լինելու, ինչ պաշտոնական նյութ՝ այդ առթիվ: Նա նոր էր լսում այդ մասին, սաստիկ վշտացավ, շատ էր հարգում Թամանյանին. տանն իր գլխավերևը, լայն գրակալի վրա ուներ օպերայի շենքի լուսանկարը, թե՞ մակետը, լավ չեմ հիշում։ Ասաց՝ մահախոսական կգրենք, կտանք վաղը։

— Իսկ այսօր,— հարցի ես։

Կշտամբեց.

— Չե՞ք կարող խմբագրության անունից մի քանի տող գրել։

Ինքներս գրեցինք կառավարական մի մահազդ և խմբագրության սեղմ մահախոսականի ու լուսժողկոմ Արտո Եղիազարյանի ուղարկած ցավակցության հետ զետեղեցինք թերթի հերթական համարում։

Ես գրի եմ առնում այս մանրամասնությունները, քանի որ, ինչպես կտեսնենք, այդ օրվանից սկսած, ամեն ինչ ասես թե կատարվում էր Խանջյանին ժամ առաջ աղետի առջև կանգնեցնելու համար։

Փետրվարի 21-ին կրկին զանգահարեցի՝ տեղեկանալու, թե պատրա՞ստ է մահախոսականը։

— Արի այստեղ,— կարճ կտրեց Խանջյանը, ակնհայտորեն վրդովված ինչ-որ բանից։

Ահա մեր լակոնիկ խոսակցությունը բառացի.

— … Չեն ուզում ստորագրել։

— Ո՞վ։

— Երևակայիր, նույնիսկ Աբրահամ Գալոյանը։

— Ինչու՞։

— Ասում են՝ «նացիոնալիստ է»… Նկատելով իմ վհատությանն, ավելացրեց.

— Ոչի՜նչ, ինքս կգրեմ ու միննակս կստորագրեմ։

Այդ բառը, շեշտված արևմտահայերեն, «միննակս», այս րոպեին էլ ականջումս է։ Հաջորդող իրադարձությունները ևս բոլոր մանրամասներով մնացել են հիշողությանս մեջ, քանզի հետո, շատ շուտով, հաճախ էին առիթներ լինում վերապատմելու։

Տասնհինգ-քսան րոպե անց, ստանալով մանրատառ, հստակ ձեռագրով մեկ ու կես էջի վրա շարադրված մահախոսականը, վերադարձա խմբագրատուն։ Այնտեղ սպասում էին Չարենցն ու Միշա Մազմանյանը։ Մոտիկ մարդիկ էին, տվի, Միշան բարձրաձայն կարդաց, չթաքցրի նրանցից և վրդովեցուցիչ իրողությունը։

Չէի հասցրել ինքս որևէ բան խնդրելու, Չարենցը՝ պիջակի ծոցագրպանից հանելով, առջևս դրեց իր նոր «Մահվան տեսիլը»։ Հափշտակված կարդացի և այնքան հուզվեցի, որ բառ իսկ չկարողացա ասել, միայն գլխով հավանության նշան արի ու զետեղեցի թղթապանակում։

— Տպարա՛ն ուղարկիր, ընկե՛ր, ինչ ես դնում պապկան,— գոչեց Չարենցը։

— Վաղն ենք տալու, թաղմանը նվիրված համարում…— բացատրեցի իրեն։–– Այսօր սա ենք տալիս միայն,– Խանջյանի գրածը ցույց տվի։

Ալեքսանդր Մյասնիկյան
Ալեքսանդր Մյասնիկյան

Հաջորդ օրը ևս երկուսով եկան, ու Միշան բերեց նաև Երևանի ճարտարապետների կոլեկտիվ ձեռագիր մահախոսականը, որ խոստացել էր։ Այդ մահախոսականի մեջ էլ «խաղացել էր» Չարենցի ճարտար գրիչը։

Նախընթաց օրը, իր հոդվածը ձեռքս տալուն պես, Խանջյանը մեկնեց կայարան՝ Թիֆլիսում մասնակցելու Վրաստանի խորհրդայնացման տասնհինգամյակի տոնակատարությանը և այնտեղից (առողջությունը նորից վատացել էր) գնաց Սուխում։

… Գուլոյա՜նը… Ավելորդ չէ, թերևս այս առնչությամբ հիշել հետո հայտնի դարձած մի իրողություն, որ Բաբկեն Շահումյանը պատմեց. Խանջյանի նախնական միջնորդությունից հետո, 1935-ի աշնանը, գնացած է եղել ժողկոմխորհ՝ Գուլոյանի մոտ, Ալավերդու թերթի նյութականը կարգավորելու (այդ շրջանում նրա խմբագիրն էր)։ Ինչ-որ խորհրդակցության առիթով շատ մարդիկ են եղել աշխատասենյակում։ Այդ պահին ներս է մտել և Թամանյանը։ Գուլոյանը կտրուկ-մերժողական ինչ-որ բան էր ասել «ժողտան» պահանջների շուրջը, և Թամանյանը, բառ իսկ չարտասանելով, ցուցադրաբար գլխին էր դրել շլյապան ու ետ շուռ գալով, հեռացել։ Նման կոնֆլիկտից հետո, մարդկայնության նշույլ իսկ եթե լիներ Հայաստանի ժողկոմխորհի նախագահի դիրքին հասած մի գործչի մեջ, մեծ ճարտարապետի մահվանը գոնե պիտի զղջար և առաջինն ուզենար մասն բերել նրա հիշատակի հավերժացմանը…

Իսկ Ամատունին, երկրորդ քարտուղարը, այդ նույն «ժողտան» առնչությամբ նույնպես ասել էր իր խոսքը. «Ի՞նչ պետք է այստեղ օպերա, Թիֆլիսում կա՝ բավական չի՞»— դատելով ճիշտ ինչպես երևանյան դուքանչիները, որոնք 1905-ին ծիծաղել էին այն «ընկերների» վրա, որոնք «Հայոց համալսարան» էին երազում, թե՝ «Փարիզ են ուզում շինել Երևանը» (ես հիմք ունեցել եմ «Զարթոնք» վեպում այսպես գրելիս)։ Իսկ Սահակն ու Աղասին, ամեն անգամ, «գետնի տակից էլ որ լիներ», միջոցներ գտնում էին մի փոքր առաջ տանելու «ժողտունը», որը մեկ է՝ նրանցից հետո, բազալտի փոխարեն, կավե թաղար առավ իր ճակատին, և հիմա միայն, վերջին տարիներս վերափոխվեց, նախագծային իր տեսքին մերձենալով։ Սահակ Միոզոևիչը 1930-ի նոյեմբերի 29-ին ինքն էլ հանդես էր եկել «ժողտան» հիմնադրման միտինգում, և՝ կառավարության նախագահի մասնակցությամբ, այդ հիմնադրամը վերածվել էր խորհրդայնացման տասնամյակի տոնակատարության գլխավոր իրադարձության։

Ի դեպ՝ Կոմիտասի թաղմանը ևս չկար Ամատունին կամ որևէ ուրիշը Կենտկոմից (Խանջյանը դեռ բուժման էր)։ Իսկ թաղման իրական հանգամանքները, որոնց շուրջը նույնպես առասպելներ են տարածվել հետո, հետևյալն են։ Երբ Կոմիտասի աճյունը ֆրանսիական նավով հասնում է Բաթում, Երևանից ինչ-որ երկրորդական պաշտոնյա է ուղարկվում՝ հետ վերադարձնելու դագաղը։

Նավապետը հանձն չի առնում հետ ընդունել այն։ Լավ է՝ այս պաշտոնյայի խելքը կտրում է զանգահարել Սուխում՝ Խանջյանին։ Նա, իր հերթին, շտապում է հայտնել Թիֆլիս, թե «մեր խելոքները նորից գործի վրա են, ուզում են հետ ուղարկել մեծ երաժշտի դագաղը՝ ինչ է, թե վարդապետ է եղել»: Բերիան նույնիսկ, առերես գոնե, «վրդովվում է». «Դա ինչ հիմարություն է, ինձ ոչինչ չեն ասել», և կարգադրում է վագոն տրամադրել՝ դագաղը Երևան փոխադրելու։ Երևանի «քաջերն» էլ ուրախանում են, որ այդ առնչությամր իրենց որևէ անախորժություն չի սպասում այլևս…

Այս բոլորը մի կողմ. Թամանյանի մահն առիթ դարձավ (մեզ համար, աոավել ևս իր՝ Աղասու) տեսնելու և զգալու, որ Կենտկոմի բյուրոյում, այն մարդկանց մեջ, որոնց հետ աշխատում էր, փաստորեն մենակ է ինքը։

Իսկ երբ Գորկու մահվան բոթն ստացվեց՝ հունիսի 19-ին, ես առաջին անգամ արցունքներ տեսա նրա աչքերում, կարդում էր հեռագրական բյուլետենը և արտասվում։

5

Այս ամենի հետ միասին այլևայլ կողմնակի հանգամանքների բերումով ևս նրա հոգեվիճակն այնքան էր խարխլված, որ այդ ամիսներին ամեն մի նոր ցնցումից էլ կարող էր ինքնասպանության դիմել։ Իսկ ակոպովներն ու գալոյանները շատով այնպիսի մի ստոր քայլի դիմեցին, որը շատ լավ գիտեին, պիտի ցավագնորեն խոցեր Աղասու զգայուն հոգին։

1935-ի դեկտեմբերի 30-ին այն մոսկովյան ընդունելության ժամանակ մարդիկ ներքին մղումով ջերմ խոսքեր էին ասել Խանջյանի հասցեին։ Ամենից ավելի սրտագին էին հնչել Էջմիածնի շրջանի «Արշալույս» կոլտնտեսության բրիգադիր Զաբել Բուդաղյանի, պարզասիրտ մի գեղջկուհու գոհունակության խոսքերը։ Ստալինը հայերեն բացականչել էր. «Կեցցե՜ Խանջյանը»։ Մեր՝ «Խորհրդային Հայաստանի», մոսկովյան սեփական թղթակից Հակոբ Խաչատրյանցը, Մարիետա Շահինյանի ամուսինը, ինքը հայտնի թարգմանիչ, շատ լուրջ ու ծանրախոհ մարդ, այդ իրողությունը ևս հիշել էր իր հեռագրական հաղորդագրության մեջ։ Լրագրում զետեղված, դա որևէ մեկի կողմից չէր վիճարկվել։ Բայց մոտ վեց ամիս անց, մեզ մոտ, Կենտկոմի իր աշխատասենյակում, երբ երկուսով մենակ էինք, Անդրերկրկոմի բյուրոյի նիստից նոր վերադարձած Խանջյանի առաջին խոսքը եղավ. «Այս անգամ ես ծանր դրության մեջ ընկա իմ բարեկամների պատճառով»։ Ու բացատրեց, թե հիշյալ նիստում խոսք ու զրույցի առարկա է դարձել Խաչատրյանցի այն թղթակցությունը, հատկապես Ստալինի ռեպլիկը։

— Բայց չէ՞ որ իրենք էլ այնտեղ էին,— ասացի՝ Ամատունուն ու Գալոյանին ակնարկելով։

— Ասում են՝ «չենք լսել, աղմուկ էր»…,— պատասխանեց Խանջյանը։

Ներքուստ վրդովվեցի, նրա խոսքերը փաստորեն հնչում էին իբրև կշտամբանք Խաչատրյանցի ու վերջին հաշվով նաև մեր խմբագրության հասցեին՝ միանգամայն անիրավացի կշտամբանք, քանի որ այն ժամանակ ոչ միայն ոչ ոք չէր վիճարկել թերթում տպագրվածը, այլև ուրիշները, մեզ մոտ ևս (օր.՝ Վախթանգ Անանյանը), որ եղել էին այդ հանդիպմանը, տարբեր առիթներով պատմել էին այդ նույն բանը։

— Իսկ դու՞ք,— անսպասելիորեն չոր, պաշտոնական տոնի անցա ես,— չէ՞ որ այնտեղ էիք…

— Ասում են. «Եթե ասել էլ էր, չպետք էր գրել, քանի որ պաշտոնական հաշվետվության մեջ չէր մտել»…

Ես ավելի հուզվեցի.

— Բանն այն չէ, վերջապես, թե թերթում տպված է դա, թե չի տպված… Բանն այն է, ճի՞շտ է, թե հորինված է…

Նա լուռ մնաց մի փոքր, իսկ ես, զգալով, թե իմ հերթին զուր տեղը նեղություն եմ պատճառում այս մարդուն, որին կանխամտածված կերպով հոգեկան ծանր դրության մեջ են գցել, թողի դուրս եկա։

Խմբագրություն վերադառնալով, մոտիկ ընկերներիս պատմեցի այս նենգության մասին։ Ամենքը վրդովվեցին։ Հարցը պարզ էր մեզ համար, այդ ընդունելության մթնոլորտը, որ ստեղծվել էր տարբեր խավերի պատկանող հայ մարդկանց անբռնազբոս ելույթներով, Խանջյանի բարոյական տրիումֆն էր, և հենց այդ է, որ չէին հանդուրժել նրա բացահայտ ու ծպտյալ թշնամիները, Բերիան առաջին հերթին, քանի որ եթե նա, մեղմ արտահայտված, անտրամադիր չլիներ Խանջյանի հանդեպ, տեղն ու տեղը վերջ կդներ այդ կեղտոտ բամբասանքին, մինչդեռ թույլ էր տվել, ավելի ճիշտ, հատկապես տրամադրել էր սենսացիոն իրադարձության բնույթ տալու դրան, որը կարող էր և հարկ եղած դեպքում թյուր մեկնությամբ հենց իրեն՝ Ստալինին ներկայացվել։

Հետո, նույն տարվա սեպտեմբերին, երբ Խանջյանը չկար արդեն, ես ևս՝ կուսակցությունից հեռացված, հաջորդ աղետին էի սպասում,— գոնե խիղճս հանգստացնելու համար գնացի Մոսկվա, մտա Հակոբ Խաչատրյանցի մոտ և ուղղակի հարցրի, ի՞նչ է եղել իրականում;

Հարցրի և զղջացի տեղն ու տեղը, այդ մշտազվարթ, ուտող-խմող մարդը մռայլվեց, եղավ սև ամպ ու աներևակայելիորեն խեղճացավ.

— Ի՜նչ եք ասում, ի՜նչ եք ասում… Ես երեխա՞ եմ, որ անստույգ բաներ գրեմ,— ու սկսեց պատմել ամենայն մանրամասնությամբ, թե ինչ են ասել իրեն՝ այնտեղ ներկա եղողները, երբ մեկ առ մեկ գալիս-հասնելիս են եղել իրենց կացարանը՝ «Նացիոնալ» հյուրանոցը, ինչ են ասել՝ ամեն մեկն առանձին, ու հետո՝ միաբերան, ամենքը միասին։ Թվարկեց՝ տարբեր խավերի պատկանող, իրարամերժ խառնվածքի տեր բազմաթիվ մարդկանց. Գարեգին Աղաբաբով, բժիշկ Բաբկեն Աստվածատրյան, գրականագետ Սիմոն Հակոբյան, Մարտիրոս Սարյան, Նաիրի Զարյան, Ստեփան Զորյան, կոլտնտեսականներ Մացակ Պապյան ու Զաբել Բուդաղյան և ուրիշներ։

Ամոթահար ոտքս քաշեցի նրանց տնից, որտեղ էլի էի եղել, լավ է, Մարիետան գոնե չկար։

Ներսիկ Ստեփանյան
Ներսիկ Ստեփանյան

Այսպես, ուրեմն, Բերիայի հայ մանկլավիկներն արդեն բավական ժամանակ (գոնե փետրվարի 21-ից) կրնկակոխ հետապնդում էին Խանջյանին՝ նրան հոգեկան ճգնաժամի հասցնելու,— այդ են վկայում և հիշածս բոլոր տվյալները։ Չպետք է ենթադրել, իհարկե, թե նա Անդրերկրկոմի բյուրոյի 1936 թվականի հուլիսի 9-ի նիստին գնացել էր որևէ կանխակալ որոշումով։ Բայց և այդ նիստն էլ ի վերջո մի նոր՝ վախճանական երկընտրանքի առջև էր կանգնեցրել Խանջյանին։ Այնտեղ լսվել էր Անդրֆեդերացիայի ներքգործժողկոմի հաղորդումը «Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում հակահեղափոխական տեռորիստական խմբակների հայտնաբերման մասին»։ Ինչպես դեռ այն ժամանակ՝ Խանջյանի ինքնասպանությունից անմիջապես հետո, հայտնի դարձավ, այդ նիստի մասնակիցների ձեռքին եղել էր և մեր՝ Խորհրդային Հայաստանի տնտեսության ու կուլտուրայի աչքի ընկնող գործիչների մի ցուցակ, որոնք իրենց քաղաքական դիրքով անբարեհույս էին համարվում։ Իսկ Խանջյանին ուղղակի մեղադրել էին «զգաստությունը կորցրած լինելու» մեջ այն բանի համար, որ կարևորություն չէր տվել Ներսիկ Ստեփանյանի մասին եղած «ահազանգին»։ Այդ «ահազանգն» իրոք քննված լինելով ՀԿԿ Կենտ. վերահսկիչ հանձնաժողովում, Աղասի Գալոյանի նախագահությամբ, անհետևանք էր թողնվել։ Այդ նշանակում է, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության երկու ղեկավարները քաջություն էին ունեցել ասելու, որ ամեն մի կոմունիստ, առավել ևս այնպիսի լուրջ գիտնական, ինչպես Ներսիկը, իրավասու է ունենալու իր ուրույն մտքերը իրեն հետաքրքրող հարցերի մասին։ Իսկ այն պայմաններում,— նրանք երկուսը՝ Խանջյանը և Գալոյանը, շատ լավ գիտեին այդ,— դա կարող էր դիտվել սոսկ իբրև մարտահրավեր ուրիշների հեղինակած և Բերիայի անունով լույս ընծայված գրքույկին, որի ոգին ու տառը բոլոր միջոցներով պարտադրվում էին իբրև անառարկելի ճշմարտություններ։

Այս ամենի կողքին, ստեղծված կացությունը Խանջյանի համար միանգամայն անտանելի էր դառնում այն իրողությամբ, որ Երևանում դեռ մայիսի 5-ին, երբ նա Սուխումում էր, ձերբակալել էին Ներսիկ Ստեփանյանին։

Ներսիկի ձերբակալման մասին ես առաջին անգամ լսեցի Խանջյանից, հունիսի սկզբին, նրա Սուխումից վերադառնալու առաջին իսկ օրը։ Իսկ հաջորդ օրը, ավելի մանրամասն զրույցի ընթացքում համոզվեցի, որ նա իսպառ չհավատալով Ներսիկի որևէ հանցանքին, համակրում է նաև նրա ընկերներին, բայց և ամենածանր վհատեցուցիչ բանն այն է տվյալ դեպքում, որ չի գտնում նրանց պաշտպանելու, առավել ևս փրկելու որևէ միջոց։

Աննա Ստեփանյան
Աննա Ստեփանյան

Իսկ այդ իրավիճակի կատարյալ անելանելիությունը, նրա ճակատագրական բնույթը ավելի լիակատար ձևով պատկերացավ ինձ շատ տարիներ հետո միայն։ 1956-ի ուշ գարնանն էր, Երևանում, զինվորական դատախազության ներկայացուցիչների մի թերթական «պատվերը» կատարելիս, առջևս դրին չորս մեքենագրված էջից բաղկացած ռուսերեն մի շարադրանք։

— Կարդացեք, սա ձեզ հետաքրքիր կլինի։ Ընթերցումն ավարտելով, սկզբից էի սկսելու, հարցրին.

— Ի՞նչ է դա, ի՞նչ եք կարծում։

Նոր նկատեցի, որ երեք գնդապետները՝ Սոկոլով, Ալեքսանյան և Կիրիլով, բավական մարմնեղ, արդեն 40– 45 տարեկան մարդիկ, մեկը մյուսին դժվար հանելուկ առաջարկած չարաճճի երեխաների պես՝ խորամանկ ժպիտով ինձ են նայում։ Հարցրի.

— Նոր առաջնորդո՞ղ է զետեղվել «Պրավդայում» անհատի պաշտամունքի դեմ։

— Ներսիկ Ստեփանյանի օրագրի՜ց է,– ակնհայտ հպարտությամբ բացականչեց Ալեքսանյանը, որ կրտսերն էր երեքի մեջ։– 1932-ին է գրել, թե՞ 1933-ին, պատկերացնու՞մ եք։

Երրորդ անգամ կարդացի նախքան վերադարձնելը, ազատ-անկաշկանդ, տրամաբանության լույսով ստեղծված ամբողջական ըմբռնում Ստալինի գործունեության շուրջը, և ինչպիսի խիզախությամբ շարադրված։

1967-ին ուշացումով ձեռքս անցավ Ծատուր Աղայանի «Ներսիկ Ստեփանյան» ռուսերեն գրքույկը։ Ըստ Աղայանի, Ներսիկը գրած է եղել նաև (գուցե հենց այդ նույն օրագրում, Աղայանը արխիվային գործերի համարներն է նշում միայն, ամեն պարագայում հավաստի է ուրեմն) «Աբդուլ Համիդ և Բերիա, ֆիզիկական բնաջնջում (истребление), բարոյական ու տնտեսական կեղեքում» (էջ 41)։

Ապա՝ «Ներսիկ Ստեփանյանը գիտեր Բերիայի՝ Խանջյանի հանդեպ տածած ատելության մասին և չէր կարող անտարբեր մնալ այս բանի հանդեպ»։ Իմանալ, նույնիսկ կռահել այդ բանն, անշուշտ, կարող էր Ներսիկը, մանավանդ, 1935-ի դեկտեմբերի 30-ի ընդունելությունից հետո, որն ինչպես հիշեցի, Խանջյանի հաղթանակն էր, բայց և՝ հենց դրա համար էլ ակտիվացրին գրոհը նրա դեմ։

Այո, 1936 թ, հուլիսի 9-ին, ճշգրտորեն մտածված վերջին դավադիր քայլն էր արված Խանջյանի դեմ՝ ամեն պարագայում նրան շարքից հանելու համար։ Ընդունված որոշման մեջ կար այսպիսի, բառիս բուն իմաստով անանցանելի, մի որոգայթ. «Հայաստանի ԿԿ Կենտկոմին առաջարկել իր հսկողության տակ առնել Ներսիկ Ստեփանյանի «խմբակի» գործի հետաքննությունը»։

Այդ կնշանակեր պահանջել Խանջյանից, որ ուղղակի պատասխանատվություն ստանձներ, հավանության արժանացներ և իր վախճանին (գնդակահարության) հասցներ այն մարդու «գործը», որին տարիներ շարունակ պաշտպանել էր չարաղետ զրպարտությունից, նրա համախոհներին էլ հետը։ Իսկ նա երբեք չէր համաձայնվի կատարել այդպիսի բան։ Կուզենային, իհարկե, դրդել Խանջյանին որևէ գործնական քայլի դիմել գեթ թեթևացնելու Ներսիկի և ընկերների վիճակը ու այդ կերպ ապացույց ձեռք բերել՝ նրան ևս «տրոցկիստ» ներկայացնելու, քանի որ այն ժամանակ այդպես էր ընկալվում ու ներկայացվում ամեն մի անհամաձայնություն Ստալինի հետ։

Նրա տանջարարներն ամենևին դեմ չէին լինի, որ հրաժարվելով իր պաշտոնից, նա ևս թողներ–հեռանար, ինչպես Սահակը։

Իսկ այդ պահին, 1936-ի հուլիսին, Խանջյանը չէր կարող արդեն նաև չգիտակցել, որ նման վարվելակերպը իրեն անձնապես փրկել չի կարող։

Այս էր հուլիսի 9-ին արդեն լիովին քողազերծված դավադրության պատկերը, որը և, տարիների տանջալից մտորումներից հետո, հարկադրել էր մեր Աղասուն կայացնելու փաստորեն իրեն պարտադրված այդ եղերական վճիռը։

Սա այն պարագան է, երբ սպարտակյան կոփվածքը, անբասիր ուղղամտությունն ու մարտական անհանդուրժողականությունը գծուծ նենգամտության հանդեպ այլևս չէին կարող օգնել նրան։ Իսկ Բերիան, պենսնեի տակ կատարելապես անգույն իր աչքերով կարող էր սոսկ սառը դիտողի, մի քանի օր անց էլ հիվանդ մարդու «սխալների» և «թուլության» հանդեպ ներողամիտ դատավորի դերի մեջ մտնել։ Մինչդեռ Երևանում օրը օրի, նորանոր «փաստեր» հրապարակ շպրտվելով, հերթական ոճրապատում արարքներ վերագրելով Խանջյանին ու բաշխելով դրանք նաև գիտության ու արվեստի, գրականության ու մամուլի գործիչների ընտրովի միջնաշերտերի վրա, իրագործում էին հայ մշակույթը գլխատելու և խեղճացնելու իրենց ծրագիրը, որին մինչև վերջին շունչը դիմադրելով, տապալվեց ինքը՝ Աղասի Խանջյանը։

Սրանք էին հաշվեհարդարի նախադրյալներն ու բուն իմաստը, որոնք Խանջյանին՝ Սահակ Տեր-Գաբրիելյանի, Աղասի Գալոյանի, անշուշտ նաև Ներսիկ Ստեփանյանի հետ ներկայացնում են իբրև մեր մեծ պատմության անմոռաց երախտավորներ՝ մինչ այդ ու դրանից հետո եղած ուրիշ ականավոր դեմքերի շարքում։

6

Այնուհանդերձ, այս աստիճան հուսահատեցնող հանգամանքներում նույնիսկ, Խանջյանը իր մեջ հոգեկան ուժ էր գտել մինչև կայացրած անդառնալի վճիռն իրագործելը երկու հրաժեշտի նամակ գրելու։ Դրանցից մեկն, ինչպես հայտնի է, փաստորեն հասցեագրված էր Ստալինին (թեկուզ Բերիայի միջոցով)՝ էապես կանխակալ մերժումը լինելով այն մեղադրանքների, որոնք այդ նիստում ուղղվել էին իր դեմ և ավելի անարգել ու կատաղորեն, ինչպես նա ըստ երևույթին կռահել էր, պիտի արծարծվեին իրենից հետո։ Ինքնասպանությունից օրեր անց միայն այդ նամակը կարդացվեց կուսակցական ժողովներում և ընդհանուրի ուշադրությունը գրավեցին նրա հետևյալ տողերը. «Մոտ քսան տարի ես արել եմ ամեն ինչ, ամեն բանով հավատարիմ լինելու մեր կուսակցությանը… իմ կուսակցական խիղճը մաքուր է»… և այլն։

Մյուս նամակն ուղղված էր կնոջը՝ Ռոզա Վինզբերգին, որը նույնպես շատ տառապանք կրեց «նրա պատճառով»։ Ինչպես պատմում էր ինձ Ռոզան, արդեն կրկին Երևանում, իր հետպատերազմյան առաջին գալստյանը (Բերիայի դատապարտվելուց կարճ ժամանակ անց), Աղասու՝ իրեն ուղղած ձեռագիր նամակում կային հիշատակումներ այնպիսի ինտիմ հանգամանքների մասին, որ միայն իրեն և նրան էին հայտնի և ըմբռնելի, որոնց ուրիշ որևէ մեկը ո՛չ ծանոթ էր, ո՛չ էլ կարող էր հասկանալ, թե ինչ բան է դա, առավել ևս՝ գրել այդ մասին։ Հետևաբար, նամակի իսկությունը որևէ տարակույսի ենթակա չէր, հրաժեշտի այդ նամակի, գրված ինքնասպանությունից անմիջապես առաջ, հավանաբար միայն րոպեներ առաջ։

Այսպիսով, ինքնասպանության փաստը որևէ տարակույսի ենթակա չէ, անգամ եթե Ռոզային հասցեագրված նամակից բացի որևէ այլ ուղղակի ապացույց չլիներ։ 1954-ի սեպտեմբերին ևս, այսինքն Բերիայի դատապարտումից կարճ ժամանակ հետո, երբ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Խանջյանի գործն» ուսումնասիրող հանձնաժողովի համար ես գրում էի նրան բնութագրող էջերը (այդ հանձնաժողովի աշխատանքի անմիջական հետևանքը եղավ նրա լիակատար արդարացումը և հետմահու բարդված մեղադրանքների վերացումը), ինքնասպանությունը հիշատակվում էր սոսկ իբրև հանրածանոթ մի իրողություն։

Այդպես է և Ծաւտուր Աղայանի, դրանից 13 տարի հետո լույս տեսած գրքում («Անդրերկրկոմի բյուրոյի հուլիսի 10-ի Խանջյանի ինքնասպանությանը նվիրված նիստը տևում է վեց ժամ» և այլն)։ Եվ այս ամենը ոչ մի տարակույսի տեղիք չի տվել, երբ իրողությանը ծանոթ մարդիկ շատ կային դեռ։

Բերիայի գործի «մեղադրական եզրակացության» մեջ է, որ Խանջյանի մահն առաջին անգամ (և միակ դեպքում) ներկայացվում էր իբրև մեղադրյալի անձնապես գործած ոճիրներից մեկը։ Որ նա՝ Լավրենտի Բերիան, ինչպես և իր ամենամոտիկ «գործընկերը»՝ Բաղիրովը, խորշելիս չեն եղել որոշ պարագաներում իբրև իրենց անձնական թշնամի ընկալվող այս կամ այն մարդու հետ սեփական ձեռքով հաշվեհարդար կատարելուց, բանտում, թե նրա պատերից դուրս, դա մինչև այդ էլ գաղտնիք չէր մնացել և լայն հասարակայնությանը հայտնի դարձավ հիշյալ, գործի դատավճռից։ Բայց տվյալ դեպքում, ինչպես վերը հիշեցի, Բերիան դրա կարիքը չուներ, ուրիշների օգնությամբ նա նեղել, ճնշել, հոգեպես խոշտանգել էր Խանջյանին և ուղղակի ցույց տվել վերջին, միակ բաց դուռը նրա առջև։ Եվ այսպիսի ընթացքը՝ սադիզմը, շատ ավելի ծանր մեղք է, քան որևէ արարածի կյանքին պարզապես վերջ տալը։

Ինչպե՞ս էր պատահել, որ այդ հորինվածքը, հակառակ հանրահայտ փաստերի և հակառակ առանց դրան էլ Բերիայի դեմ, իբրև մահապարտյալ ոճրագործի կուտակված անբավ նյութի (ինչ արժեն միայն մատաղահաս աղջիկների առևանգման, լլկման ու ոչնչացման կամ թե նրա կողմից՝ Ստալինի մահվանից անմիջապես հետո պատրաստվող հեղաշրջման փաստերը), նույնպես տեղ էր գտել հիշյալ փաստաթղթի մեջ։

Ժորա Ծատուրովը, 1935—1936-ին Բերիայի ամենահլու և փութաջան ծառաներից մեկը մեզ մոտ, որ դեռ այն ժամանակ ոչ մի ջանք չէր խնայում Խանջյանի օր ու արևը սևացնելու, և նրա մահվանից հետո էլ նրա «կողմնակիցներին» ամենից կատաղաբար հետապնդողներից էր, արդեն մի երկրորդ առիթով, Սահակ Տեր– Գաբրիելյանի ինքնասպանության առնչությամբ, Ամատունի—Ակոպով—Գուլոյանի հետ բանտ ընկած լինելով, 1953-ին դեռ աքսորում էր գտնվում։ Եվ ահա, փորձառու քամելեոնի հետ նաև ստորաքարշ ճիճուի հոտառությամբ, գլխի է ընկնում, թե այս անգամ արդեն, իբրև հավաստի վկա գործին խառնվելով, կարող է դուրս պրծնել։ Եվ սիբիրյան հեռուներից սկսում է իր ծառայությունն առաջարկել՝ յոթ փականքի տակ գտնվող իր վաղեմի տիրոջը «մերկացնելու», իբր թե ստույգ գիտե, թե նա իր սեփական ձեռքով է խփել խարդավանքի զոհ Խանջյանին ու դեռ իրենց էլ, իր նման «անմեղ աղավնիների» թյուրիմացության մեջ գցել՝ իբր Խանջյանն էլ մեղքեր ունի նախախնամության առաջ։ Ողորւմելի ճիճուի ցինիկ ստորաքարշության գագաթնակետը։ Հետո, Երևան վերադարձած, նա նույնիսկ պարծեցել էր, թե ինքն էլ «օգնել է» Բերիայի «մերկացմանը» ու պահանջել համարժեքը, այն է՝ «վերականգնում» և «համապատասխան» պաշտոն, իհարկե։ Ինչ պաշտոնի էր, չգիտեմ, բայց կուսակցության մեջ վերականգնվելու նրա նկրտումը այն պահին ընդհանուր զայրույթ առաջ բերեց և այդ բանը գոնե նրան, ինչպես և Ակոպովին, չհաջողվեց։

Խանջյանի վայելած համաժողովրդական համակրանքի արդյունք է որոշ իմաստով և մեր «բժիշկներին», մասնավորապես Սաղյանին և Միրզա-Ավագյանին վերագրվածը, որոնք իբր «չեն համաձայնվել հաստատել ինքնասպանությունը, դրա համար էլ ձերբակալվել են»։ Ո՞վ էր այդպիսի կարևորություն տալու նրանց կարծիքին, և Բերիան ի՞նչ կարիք ուներ որևէ հատուկ դիպվածի՝ մեր այդ բժիշկներին ձերբակալելու համար… Նրանք, առանց այդ էլ, մեծ գիտության ու խղճմտանքի հետ, նաև բացառիկ խիզախության տեր մարդիկ լինելով, հազար կիլոմետրի վրա էլ երևում էին։ Միրզա–Ավագյանը՝ որակավոր շախմատիստ, իր լեզվաբանական հետաքրքրություններով նույնիսկ անվանի մարդ էր։ Իսկ եթե երբևէ պատահեր, որ հրավիրված լինեին որևէ բան ստուգելու, ապա նրանք կարող էին իրոք ոչ մի ցանկություն չունենալ որևէ ձևով առնչվելու նման փաստաթղթերի հետ և դա, միևնույն է, ոչնչով չէր կարող փոխել դաժան իրողությունը, այն որ Խանջյանին (և ոչ միայն նրան) դրանք հասցրին ինքնասպանության, Բերիան և իր մանկլավիկները։

Վերջապես, «բժիշկների» վարկածը ևս հերքվեց այն մանրակրկիտ քննություն-հետազոտությամբ, նաև՝ թեկուզ 18 տարի հետո տեղի ունեցած մասնագիտական դիազննությամբ, որ կատարեց Միության զինվորական դատախազության հանձնաժողովը Աֆանասի Նիկոլաևիչ Վիտիևսկու, այդ ոչ միայն արդարամիտ, այլև միշտ իրավագիտական ճշգրտությանը խստորեն հետամուտ մարդու անմիջական ղեկավարությամբ։ Հենց 1955-ին, երբ քննությունը (տեղազննության, իրազննության և ամեն տեսակի փաստաթղթերի ուսումնասիրության հետ) նոր էր ավարտված, Մոսկվայի հիշյալ հանդիպման միջոցին ես հարցրի դրա ընդհանուր արդյունքը Խանջյանի վերաբերմամբ։ Նա, կոնֆիդենցիալ կերպով (դեռ որոշում չէր կայացված) հայտնեց, թե «համենայն դեպս ոչ մի տվյալ չկա ասելու համար, թե դա ինքնասպանություն չի եղել»։

Իսկ ժողովրդի մեջ մինչև այժմ էլ զարմանալի կերպով հարատևում է Աղասու, ուրիշի ատրճանակով «խփված լինելու» հավատը։ Ինչու՞։ Որքան բարեմիտ, նույնքան էլ միամիտ մարդիկ, չխորանալով հարցի էության մեջ, ենթադրում են, թե դա ավելի պատվավոր բան է, քան եթե նա ինքը վերջ տված լինի իր կյանքին։

Իր դերն է խաղում նաև անձնապես Բերիայի դեմ ուղղված ատելությունը, նույնիսկ գարշանքը։ Իրոք, ժողովուրդն ունի մի զարմանալի բնազդ, թե՞ ինքնազգացում։ Ես կամ մեկ ուրիշը, որ առիթ ունեցել էինք տեսնելու, լսելու Լավրենտի Բերիային, որ գիտեինք, թե ինչպիսի անխիղճ կեղծիքների շարան են, ինչպիսի ստորաքարշության մարմնացում, չգերազանցված նենգամտության նրա պատվերով հորինված, մասնավորապես մեր պաշտելի Շահումյանին նսեմացնող «պատմագիտական ակնարկները», որ զգացել էինք Սահակ Տեր–Գաբրիելյանի և Աղասի Խանջյանի նման՝ մանրախնդիր փառասիրությունից իսպառ զերծ մարդկանց իրական վերաբերմունքը նրա հանդեպ, անշուշտ կարող էինք և ատել նրան՝ հասկանալի պատճառներով այդ բացեիբաց արտահայտելուց զգուշանալով հանդերձ։ Մի անգամ էլ, պատահմունքով դեմ-դեմի եկա ես այդ մարդու հետ, մեր «հանրապետական ակտիվի» այն ժողովից բավական հետո արդեն, Գագրայի պողոտայում։ 1935-ի հունվարին հանգստանում էի այնտեղ՝ «Կոլխիդա» պանսիոնատում, և այդ ամիսն անմոռանալի մնաց ինձ համար, շատ տարիների ընդմիջումից հետո այնտեղ կրկին լսում էի դեռ դպրոցում բոլորիս շատ սիրելի «Զեյթունցիները», համարյա անփոփոխ, մի փոքրիկ մշակումով՝ օգտագործված այս անգամ Մ. Իպոլիտով-Իվանովի «Կովկասյան էսքիզների» չորրորդ մասում, ռեստորանային նվագախմբի բավական հմուտ կատարմամբ։ Իսկական տոն էր,— լեռնացած կարոտս էի առնում՝ երգից, Նոր-Ջուղայի մեր դպրոցից, մեր այն երգչախմբից։ Ու մի երեկո ապականվեց իմ տոնը,— հենց ճանապարհ դուրս եկա, տեսա գալիս են դեմից՝ Բերիան, Խանջյանը, էլի երկու-երեք ուղեկիցներ։ Այդ սոլդաֆոնն այս անգամ ծիծաղում էր։ Մարդու մարմինը փշաքաղող ծիծաղ էր դա, ով գիտե թե ինչ առիթով և ում հասցեին։ Մյուսներից ոչ ոք չէր ծիծաղում, և երբ, ինձ տեսնելով, քայլերը կասեցրած՝ մի րոպե ետ մնաց Աղասին ու մի երկու խոսք ասաց ու լսեց, նա տխուր ու ճնշված էր միայն…

Ասում եմ՝ մենք, որ տեսել, ինչ-որ բան լսել էինք, կռահել կամ եզրակացրել, կարող էինք ատել և պիտի ատեինք Անդրկովկասի հրեշավոր տիրակալին։ Բայց ժողովու՜րդը, առօրյա ծանր աշխատանքի մեջ ճկված հազարավոր մարդիկ… Ի՞նչ տվյալներից դատելով էին «ճանաչել» նրա էությունը։ Այս մասին հատկապես մտածել տվեց ինձ մի զարմանալի իրողություն։ 1953-ի հուլիսի 10-ին ճանապարհվում էի Երևան—Թիֆլիս գնացքով, տղայիս հետ Եվպատորիա էի գնալու։ Արև օր էր, գնացքը չգիտես ինչու ուղևորվել չէր շտապում։ Վագոնների պատուհանները բաց էին։ Մեկ էլ կայարանի հեռագրասյուներին ամրացված բարձրախոսներից լսվեց «Պրավդայի» այդ օրվա առաջնորդողը։ Այն նվիրված էր Բերիայի ձերբակալմանը։ Վագոնն իրար անցավ ամբողջ կառամատույցի հետ. երկաթուղայինները, ճանապարհորդները, ուղևորները, պատահական գործերով վրա հասնող մարդիկ՝ մի սիրտ, մի հոգի՝ ցնծության մեջ էին։ Ես մնացել էի շվարած, նույնիսկ հիացմունքից քարացած՝ ժողովրդական զգացողության այդ տարերային պոռթկումի վրա… Այդ պահին միայն սկսեցի հասկանալ, «պատկերացնել», թե որտեղից էր, մտավոր-հոգեկան ինչ «մեխանիզմի» արդյունք 1936—1937-ին լայն տարածում գտած ժողովրդական այն հավատը, թե Բերիան իր ձեռքով է խփել Խանջյանին, հավատ, որը մինչև հիմա էլ, սերնդե-սերունդ անցնելով՝ հարատևում է ժողովրդի մեջ, չնայած որ դեռ այն ժամանակ այնքա՜ն զոհեր խլեց մեզնից հենց միայն այդ համոզմունքը։ Իրոք, ոչ ոք չի կարող հաշվել, թե որքան մարդիկ կործանվեցին այդ ենթադրությունը բաժանելու «հանցանքի» համար։

Իրականում Բերիան այդ պահին, 1936-ին, ամենևին կարիք չուներ ինքն իր ձեռքով դատաստան տեսնելու, քանի որ իր հայ ձեռնասունների միջոցով լիովին նախապատրաստել էր Խանջյանի վախճանը՝ ինքնասպանությունը։

Վերջապես, Աղայանը վկայում է իր գրքույկում. «Բերիան պատահական մարդ է կուսակցության մեջ, և ոչ միայն պատահական, այլև վտանգավոր»,— այս ևս ըստ Ներսիկ Ստեփանյանի։

Պատահական ու վտանգավոր մարդ, անշուշտ։ Ահա մի հավելյալ լուսաբանություն այս ճշմարիտ որակման։ Երբ Սերգո Մարտիկյանը ընտրվում է Անդրկովկասյան Կենտգործկոմի նախագահ և փոխադրվում Թիֆլիս աշխատելու, նա հրավերք է սարքում իր տանը։ Այդպես ընդունված է եղել (իրար մոտիկից ծանոթանալու համար)։ Գալիս է և Բերիան՝ Անդրերկրկոմի նոր քարտուղարը։ Մարտիկյանի կինը՝ Սաթոն, ամուսնու «աջ ձեռքը» Բաքվի հեղափոխական գործերում, ամանեղենով սկուտեղը ձեռքին հյուրասենյակ է մտնում և այդ դեռ «անծանոթ» հյուրին տեսնելով՝ սաստիկ այլայլված, քիչ է մնամ ուշաթափվի։ Հազիվ սեղանի եզրին է հասցնում սկուտեղը, մի պնակ միայն հատակին ընկնելով, ջարդվում է։ Սաթոն այլևս ներս չի մտնում այդ երեկո։ Երբ հյուրերը գնում են, Սերգոն հարցնում է նրան.

— Ա՛յ կնիկ, ի՞նչ եղավ քեզ, գլուխդ հո պտուտ չեկա՞վ… հաջողություններից:

Սաթոն ասում է.

— Էն մուսավաթականն էր դա, որ կարգադրեց մեզ բաց թողնեն, թե «դրանք մեզ պետք չեն»։

— Ո՞վ։

— Այդ Բերիան։

— Ի՜նչ ես ասում, ա՛յ կնիկ։ Խառնել ես… Ուրիշի չասես…

Սաթոն պնդում է, թե չի խառնել, և «խառնել», դրան ուրիշի հետ շփոթել՝ հնարավոր չէ։

Սաթոն մանրամասն պատմում է, թե ինչպես,— եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Կրասնովոդսկի բանտում,— մուսավաթական ուրիշ սպաների հետ բանտախուց է մտնում «այդ տիպը» և դաժան, արհամարհոտ շեշտով իրենց՝ կոմիսարների հարազատներին դիտելուց և ինչ-որ ժանտ խոսքեր շպրտելուց հետո, կարգադրում է դուրս անել բանտից, քանի որ «իրենց հարկավոր չեն»։

Այդ մասին Սերգոն մանրամասն պատմում էր ինձ 1956-ից հետո արդեն, իբրև մոտիկ մարդու (իրերի բերումով նրա որդու՝ Ազատի կյանքի վերջին ամիսների միակ վկան էի)։ Ասում էր, թե սկզբից ինքն ամենևին չի հավատացել կնոջն ու հանդիմանել է նրան՝ անստույգ բաներ ասելու համար։ Բայց հետո իմացել է, որ Բերիայի մուսավաթական հակահետախուզության աշխատակից լինելու փաստը հայտնի է եղել և վրացի նշանավոր բոլշևիկ գործիչներին, մասնավորապես Մամիա Օրախելաշվիլուն։ Վերջինս, ըստ Սերգոյի պատմածի, այդ մասին հայտնել է Մոսկվայում դեռ այն ժամանակ, երբ առաջարկ է արվել Բերիային Վրացական չեկայի նախագահ նշանակել, և բանից պարզվել է, որ այնտեղ, Մոսկվայում ևս՝ այն ժամանակ էլ արդեն դա գաղտնիք չի եղել ոմանց համար։ Օրախելաշվիլուն պատասխանել են, թե «Ճիշտ է, ունեցել է երիտասարդության մեղքեր, բայց հավատարիմ ծառայությամբ քավել է այդ մեղքերը»։ Ու՞մ էր ծառայել այդքան հավատարիմ…

7

Արդարև, ի՞նչ բան է, որտեղի՞ց է աոաջ եկել ինքնասպանություն ասածդ։

Մեզ մոտ մինչև երեսնական, քառասնական թվականները այս հարցում օրինականացված էին երկու, որոշ առումով գուցե և իրարամերժ «դրույթներ», բայց երկուսն էլ դոգմատիկորեն պարզունակ ու մերկապարանոց, երբ իսպառ ուշադրության չէին առնվում հասարակական իրադրությունը և տվյալ անհատի փոխհարաբերություններն ուրիշների հետ, առավել ևս մարդու հոգեվիճակը և այն պայմանավորող հանգամանքները։ Կուսակցական գյործչի, երբեմն պարզապես որևէ հանձնակատարի ինքնասպանությունը մեքենայորեն որակվում էր իբրև թուլամորթություն, դասալքություն, նույնիսկ դավաճանություն ու դատապարտվում առանց բանի էության մեջ թափանցելու։ Դրան հակառակ, զինվորական օրենքը ամեն գերի ընկնողի պարտադրում էր ինքնասպանություն գործել, եթե անգամ մի ողջ զորաբանակի շրջապատման հետևանքով տեղի ունեցած լիներ դա (պատերազմից մոտ մի տասնամյակ անց միայն վերացվեց այդ օրենքը)։

Այս շաբլոնով Խանջյանի ինքնասպանությունը ևս որակվեց իբրև իր կատարած «սխալներն ուղղելու» անկարողության, այսինքն՝ հոգեկան թուլության արտահայտության։ Հետո դրա վրա գումարվեցին նրա չունեցած ուրիշ շատ ու շատ մեղքեր, երբ իրական մեղապարտներն, ինչպես տեսանք, ուրիշներն էին, մասամբ հենց իրենք՝ մեղադրողները։

Գուցե և շատ ավելի ցայտուն, իր յուրահատկությամբ նույնիսկ մարդկայնորեն ուսանելի է Սահակ Տեր-Գաբրիելյանի ինքնասպանությունը։

Երբ 1937-ի օգոստոսի վերջերին Ստալինին էր ներկայացվել Երևանից հաղորդվածը, թե Տեր-Գաբրիելյանը, կալանքի տակ, ինքնասպանություն է գործել՝ երրորդ հարկի պատուհանից դուրս նետվելով, նա, որ ամեն բանի կանխակալ գիտակ էր հռչակված արդեն, անվերապահ կերպով մերժել էր այդ վարկածը («Տե՞րը,— դա Տեր-Գաբրիելյանի հեղափոխական մականունն էր,— նա վախկոտ էր, այդպիսի բանի ընդունակ չէր»…)։ Դեռ քաղաքական հետևություններ էլ արվել էին այս մտակառուցումից, որոնք շատ թանկ նստեցին մեր կուսակցական ու գիտական կադրերին։

Բոլոր տվյալներից դատելով, սակայն, սա («վախկոտ էր, չէր անի»…) այնպիսի մի անվանարկում է, որը ոչ մի կերպ հնարավոր չէ «սազացնել» այդ մարդուն՝ Սահակ Միրզոյիչին, հաշտեցնել նրա բնավորության ու կենսակերպի, ողջ գործունեության, ողջ կյանքի հետ։ Ահա ամենաէականը նրա կյանքի պատմության մեջ։ Շուշեցի ուշիմ ու եռանդուն տղան՝ ռեալական դպրոցը կիսատ թողած, իրեն գցում է նավթի քաղաքը և 14 տարեկանից խառնվում հեղափոխական շարժմանը։ 18 տարեկանում նա Բաքվի բանվորության 1904-ի ընդհանուր գործադուլի գլխավոր կազմակերպիչներից էր։ Դրանից հետո բանտ ու աքսորն ընդմիջվում են կրկին ու կրկին Բաքվում զանգվածային շարժումները գլխավորելով, մինչև որ 1918-ի Կոմունայում Շահումյանը նրան է վստահում հենց այն ամենը, ինչ որ տվյալ պահին ամենից կարևորը, ամենից դժվարը և ամենից վտանգավորն էր բացառիկորեն վտանգալից այդ իրադրության մեջ. նավթի բաշխման ու վաճառքի կոմիսար, անգլիական թնդանոթակիր նավակներից մի կերպ ճողոպրող նավթի փոխադրումը Սովետական Ռուսաստան, ապա՝ Լենինի հետ նրա՝ Տեր-Գաբրիելյանի երկրորդ հանդիպումից հետո, դրամական ու ռազմական օգնության անվթար տեղափոխումը Բաքու, և ամենալարված պահին արդեն, Բաքվի ժողկոմխորհի կազմում՝ հակահեղափոխության դեմ պայքարող արտակարգ հանձնաժողովի նախագահ։ Բնութագրիչը հաջորդ փուլում, հայ ժողովրդի գոյության ամենաճգնաժամային օրերին՝ 1920-ին, երբ ճարակում, ուղղակի հնձում էր սովը, իսկ թուրք փաշան նստած էր Ալեքսանդրապոլում, անդամակցելով նախ Խորհրդային Ռուսաստանի՝ իր հետ փրկության հույսեր բերած պատվիրակությանը, ապա Հայաստանի հեղկոմին, նա 1921-ից Խորհրդային Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր Մոսկվայում։ Այնտեղ էլ, ինչպես վկայված է շատ-շատերի կողմից, բազմերախտ հովանավորը նորահաս տաղանդների՝ Արամ Խաչատրյան և Եղիշե Չարենց, Կարո Հալաբյան, և Միքայել Մազմանյան, Աղասի Խանջյան և Ներսիկ Ստեփանյան, Վարդան Աճեմյան, Արմեն Գուլակյան և ուրիշներ։

Իսկ առհասարակ, ի պաշտոնե, նա իրեն պարտավորված էր զգում հոգալ ամեն կարիք՝ Հայաստանը ոտքի կանգնեցնելու։ Ահա, օրինակ, 1922-ին, երաժիշտներ Գևորգ Բուդաղյանից և Մարտին Մազմանյանից իմանում է, որ Երևանում նոր հիմնադրված հայկական կոնսերվատորիան ռոյալ չունի, չունի ո՛չ մի հատ և չի՛ սպասում որևէ տեղից։ Առանց վայրկյան իսկ երկմտելու նվիրում և շուտափույթ առաքում է սեփական ռոյալը, շատ տարիներ անց, իր զավակների համար փոխարենը մի հասարակ դաշնամուր ձեռք բերելով։

Հետո՝ երբ Երևանում էր գործում, երեք-չորս անգամ տարբեր առիթներով եղել եմ մոտը, իր տանը, իր բնակարանում։ Ինչպես ասեմ։ 1928-ից այս երկրի կառավարության նախագահը լինելով, 1931—32-ին դեռ ապրում էր ներկայիս Սպանդարյան—Տեր-Գաբրիելյան փողոցների անկյունում գտնվող պոլիկլինիկայի, այն ժամանակ ֆինանսների ժողկոմատի սև տուֆե հին-երևանյան շենքի նորակառույց երրորդ հարկում։ Կահույքի սակավությունից ամայի սրահի նմանվող այդ սենյակում էլ գտա նրան առաջին հանդիպմանս, երբ գնացել էի «համաձայնեցնելու» ներգաղթը արտոնելու վերաբերյալ Խանջյանի հանձնարարությամբ կազմածս հարցազրույցը, որ պետք է հրապարակվեր ժողկոմխորհի նախագահի ստորագրությամբ։ Իրոք, խորքի աջ անկյունում կար անդրջրհեղեղյան մի վիթխարի սեղան։ Ձախից՝ հակադիր անկյունում, նույն այդ որակի՝ խորխորատներով առլեցուն մի բազմոց։ Հագի ճապոնական գունագեղ խալաթն ու գլխի թասակն էլ (հունվարի կեսն էր, ձմեռը՝ ցուրտ) զավեշտ էին թվում այդ ամայության մեջ։ Հետո նա առժամանակ բնակվում էր «Քանաքեռշինի» վարչության Գնունի—Ալավերդյան անկյունում նոր կառուցված շենքում, որտեղ նրա սնունդն ինչ-որ չափով հոգում էր երևի Հովսեփ Տեր-Աստվածատրյանը, և վերջապես Աբովյան—Պուշկինի անկյունից քիչ վեր՝ հին շինության երկրորդ հարկում, հարևանությամբ իր կնոջ հետ միասին մյուս երկու սենյակն զբաղեցնող Խանջյանի։

Ներկայիս երկրաբանական թանգարանի հարևան այդ շենքի պատին ցուցատախտակ կա, վրան գրված. «Այս տանը իջևանել է սովետական մեծ գրող Մաքսիմ Գորկին»։ Բայց չի գրված, որ այնտեղ բնակվել են Աղասի Խանջյանն ու Սահակ Տեր-Գաբրիելյանը։ Բանը հենց այն է, մանավանդ, որ Սահակ Միրզոյիչի անձնական հրավերով էլ նրան հյուր եկավ և հենց դրա համար էլ նրա մոտ էր գիշերում Ալեքսեյ Մաքսիմովիչը երկու օր։

Ես տեսել եմ Սահակ Միրզոյիչին նաև զայրացկոտ բռնկումների և անզիջող ընդհարումի մեջ։ Եվ, ի վերջո, այս անձնուրաց գործիչը, որին հարկավոր չէր ոչինչ, բացի ուրիշների, շատերի բարօրությունից, եթե մազաչափ անգամ վեհերոտ, թուլասիրտ մարդ լիներ, համարձակություն մի՞թե կունենար Բերիայի, այդ նույն Լավրենտի Բերիայի երեսին շպրտել իր հայտնի պարսավանքն ու վճռական անհամակերպությամբ թողնել–գնալ Կովկասից։ Չգիտե՞ր նա, ինչ է, թե ում հետ գործ անի, ինչպիսի անսահմանափակ «իրավասությունների» և մանավանդ որպիսի վրիժառու, նենգապատիր ոգու տեր է նա… Ինչպե՜ս չգիտեր… Ու դեռ, այդ ամենից հետո՝ նա՞ էր վախկոտը։ Որտեղի՞ց էին պեղել Սահակ Միրզոյիչի բնությանն այդ աստիճան անհարիր չարախորհուրդ խոսքը, ինչու՞։

Ու մարդ ակամա մտածում է. արդյոք այնքան էլ չէ՞ր համակրում «ինքը»՝ Ստալինը, բարձրահոգի, վեհատիպ անհատների, քաջարի, գեղեցիկ, ասպետ մարդկանց, որոնք տիվ ու գիշեր ժողովրդի սերն ու հիացքն ունեին իրենց հետ, իրենց հոգում։ Գուցե և ոմանց, ամեն մեկին որևէ բանով, իբրև իր ներթաքուն մրցակիցն էր դիտում նա։ Ինքը՝ բնությունից, հակառակ բազում լուսանկարիչների ու գեղանկարիչների անդադրում ու մեկ է, ոչ միշտ հաջողակ ջանքերի, դժվար թե կարող էր գեղեցիկ մարդ համարվել։ Այդպես թվաց մեզ մի անգամ դեռ այն պահին, երբ ամենքս պատրաստ էինք Տրոցկուն հակադրելով, աստվածացնել նրան, այն է՝ 1928-ի մայիսի 1-ին, երբ պրոլետարական գրողների առաջին միութենական համագումարի պատգամավորների կազմում, մոտիկից ու շատ դանդաղ, անցնում էինք Կարմիր հրապարակով։ Այդպես թվաց և երկրորդ ու վերջին անգամ, երբ տեսա նրան 14—15 ամիս դրանից հետո՝ Մացեստա բուժավայրում, ավելի ցածրահասակ Վորոշիլովի ընկերակցությամբ, կրկին շատ մոտիկից, բուժվողների հետ զրուցելիս։ Բայց աչքիս առջևով անցնում են հիմա դիմապատկերները Կիրովից հետո հերթով իրենց աշխարհային ճանապարհը կարճած եռանդալից, ամեն մեկը յուրովի գեղեցիկ, նույնիսկ հմայիչ մարդկանց. Պոստիշև, Տուխաչևսկի, Յակիր, Գայ, Օրջոնիկիձե, նրա ամենամտերիմ ընկերը՝ Բեթալ Կալմիկով, Կաբարդինա-Բալկարիայի հերոսը, Բեսո Լամինաձե, ուրիշ շատերը։ Եվ ամեն մեկը իրոք յուրովի գեղեցիկ, համակրելի, առինքնող մի դեմք։ Նրանք բոլորը, էլի քանի՜-քանի նրանց նմանները, գնացին, կորան անհետ ու անվերադարձ, ամենավտանգավոր ժամանակը, երբ Գերմանիայի ֆաշիստ տիրակալների զազիր խոսքին հավատ ընծայելով ու մեծ պատերազմում,— այդ հռչակվում էր պաշտոնապես,— իրոք հանկարծակիի գալով, անհաշիվ կորուստներ պիտի ունենայինք։ Ճիշտ է, չենք կարող ուրանալ,— մարդ արարածը դժվար օրերին մոռանում է իր հին ցավերը— 1941-ի հուլիսի 3-ից Ստալինի անձնավորությունը, նրա անունը՝ ռադիոյով, նրա ձայնը նույնիսկ,— նորից հուսատու, համախմբող ու միավորող ազդակ էին ոմանց համար…

Բայց և այնպես, եթե մենք չենք ցանկանում ժամանակակից երիտասարդությանը բարոյահոգեկան առումով անջատել, հեռացնել, կտրել Հոկտեմբերյան մեծ հեղափոխության համամարդկային արժեք ներկայացնող գլխավոր նշանաբաններից, ապա պարտավոր ենք ասել նրան ողջ ճշմարտությունը, որոշակի պատկերացում տալով մանավանդ հոյակապ և անկրկնելի այն մարդկային անհատականությունների մասին, որոնք մոլագար մի կամակորությամբ ժողովրդի թշնամի հայտարարվելով, բնաջնջվեցին աշխարհի երեսից մեծ մասամբ իրենց ստեղծարար ուժերի ծաղկման շրջանում։

Շատ են նրանք, թվելն իսկ հնարավոր չէ։ Բայց մեկին,– հատկապես երիտասարդական ամսագրի համար

գրելիս,— ոչ մի կերպ չեմ կարող զանց առնել այստեղ։ Ահա, 1928 թվականի հունվարի 15-ի երեկոյան, ներսիսյանավարտ իմ մի ավագ ընկերոջ, քիմիկոս Վաղարշ Ազատյանի հետ՝ իբրև ներկայացուցիչներ Հայաստանի կոմերիտմիության (նա՝ Կենտկոմի, որտեղ աշխատում էր, ես՝ «Ավանգարդի»), Ախունդովի անվան թատրոնի լեփ-լեցուն դահլիճում, նաև շատ ու շատ՝ առաջին անգամ չադրայից ազատագրված աղջիկների հետ կողք կողքի, այդ նոր մեծանշանակ հավասարության ստեղծած հոգևոր վերելքի պայմաններում, ունկնդրում ենք Ադրբեջանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղար Լևոն Միրզոյանի ոգեշունչ ճառը՝ նվիրված Շահումյանի և Ջափարիձեի Բաքվում հիմնադրած երիտասարդական միության տասնամյա հոբելյանին։ Անկաշկանդ, լիահնչուն ռուսերեն՝ իր հավատավոր խոսքով հրավառելու, զանգվածային խանդավառություն առաջ բերելու ընդունակ հռետորի, պարթևահասակ, գեղակազմ, շռայլ հմայքների տեր մարդու,— ահա ընկերոջս՝ Վաղարշի հետ, մեր ստացած աոաջին տպավորությունը։ Եվ ահա թե ինչու Շահումյանին ու Կիրովին ամենից սիրելի երիտասարդ գործիչներից մեկը լինելով, 1926-ի սկզբին Բաքվում հենց նա էր հաջորդել Կիրովին, երբ վերջինս Լենինգրադ էր տեղափոխվում։

Տարիներ անց ոչինչ չունեինք զարմանալու, երբ իմացանք, թե 1933-ից Ալմա Աթայում գործելով, նա՝ Լևոն Միրզոյանը, իր բազում արժանիքների շնորհիվ նվաճել, գերել, միախմբված առաջ է տանում Ղազախստանի տարբեր ազգությունների պատկանող քիչ թե շատ գիտակից մարդկանց բազմությունը… Իսկ դրա հետևա՞նքը։ Իր համար՝ ձախորդությու՞ն, փորձա՞նք։ Իսկ ժողովրդի՞ համար, գուցե և աղե՞տ։ Այնտեղ, «Խնձորի քաղաքում», կուսակցական համագումարի կամքով, զանց առնելով ի վերուստ նախասահմանվածը, ընդհանուրի վստահությունը վայելող մարդուն կրկին վերահաստատում են Կենտկոմի քարտուղարի դիրքում, նաև հուսալով, թե իրենց միահամուռ արտահայտած այդ իղձը կօգնի, բանի տեղ կանցնի և նրան չեն խլի իրենցից։ (Կուսակցական դեմոկրատիա՞՝ ըստ մեր դավանած ժամանակակից՝ լենինյան-գորբաչովյան հասկացողության։ Անշուշտ)։ Ի՞նչ իմանային այն անչար մարդիկ, թե նվիրվածության այդ ցուցադրումով սիրված մարդու մահավճիռն են ստորագրում։ Այդպե՞ս պիտի գնար միջազգայնության դրոշակակիր, ժողովուրդների եղբայրությունը դարբնող այս հոգի մարդը… (Իսկ «մեղադրանք» գտնելը երբեք դժվար բան չի եղել)։ Ու հիմա, այդ նույն տարում, ուրեմն, Սահակ Միրզոյիչր՝ վախկո՞տ… Իրոք, ի՞նչ էր բուն պատահածը։

Բերիան, ինքնիշխան տիրակալ Անդրկովկասում, չէր հապաղել իր վրեժը լուծելու հպարտ և անվախ այդ մարդուց, որ Հայաստանից հեռանալուց հետո, երկու տարուց ի վեր, Մոսկվայում մի համեստ գործի էր։ Նրան ետ են բերում, արդեն շղթայակապ ու պահանջում վնասարար ճանաչել իրեն։ Մնացածը սպառիչ մանրամասնությամբ շուտով հայտնի էր Երևանում։ Դիմադրում է անզիջող, աննահանջ։ Իսկ երբ հասկանում է, թե այն տեղը կհասցնեն իրեն, որ չգիտակցելով իր արածը, կստորագրի թղթեր, որոնք կօգտագործվեն ուրիշներին մեղքի տակ գցելու համար, վճիռ է կայացնում՝ ինչ գնով էլ լինի՝ դուրս գալ այդ խաղից։ Ու սկսում է միջոց որոնել, և ահա, Երևանի օգոստոսյան շոգին՝ շրջապատն ու մարդկանց հոգեբանությունն ուսումնասիրելով, դիմում է հանդուգն, ծայր աստիճան ռիսկոտ, բայց երևի միակ իրագործելի քայլին։

Երբ երկու ձեռքը բարձրացնում է, իբր՝ «գրելու է», ուրախանում են նույնիսկ։ Նստեցնում են ցածրիկ սեղանի առաջ, պատուհանի մոտ, ջուր տալիս, թող շունչ քաշի,– կգրի, ուրիշ ի՞նչ կա իր ձեռքին։ Նստած է իր համար գրիչը ձեռքին ու մեկ էլ՝ ի՞նչ տեսնեն, ոտքերն են երևում ու կորչում, կոշկի ներբանները՝ պատուհանից դուրս ցատկելիս… Պետի հետ երեք տեղակալները՝ արդեն լիովին հանձն առնելով իրենց մեղքը, թե այն տեղն են հասցրել մարդուն, որ դրա համար իրենց միայն գնդակահարել կարելի է, իրարից անկախ, պատմել էին ճշգրտորեն նույն բանը։ Մեկը, «հին երևանցու» զավակ, անունով Եղբայր Նիկողոսյան, մի թևավոր խոսք էր ասել նույնիսկ, «էշ հո չէի՞նք՝ գցեինք ու ինքներս մեր ձեռքով գյուլլի բերան տայինք մեզ»…

Այս կերպ միայն, սեփական կյանքի գնով, Սահակ Միրզոյիչը կարողացել էր դուրս պրծնել թակարդի՞ց, որոգայթի՞ց, ծուղակի՞ց, երբ բռնել, կաշկանդել, արգելափակել են քեզ և դուրս պրծնելու ուրիշ ոչ մի ելք չկա, կյանքի գնով միայն։ Ու դեռ նա՞ էր «վախկոտը»…

Քաղաքական գործիչների և պարզապես որոշ կուսակցական-խորհրդային աշխատողների ինքնասպանությունները, այսպիսով, 1936–1938-ին, իրենց էությամբ հաճախ ոչ թե ինչ-որ նեղ անձնական պատճառներով՝ հուսալքված մարդկանց ֆիզիկական անկումն էին, այլ բողոքի արտահայտություն, բողոքի՝ Ստալին-Եժով-Բերիայի՝ անշուշտ ուրիշների թողտվությամբ ու ստորաքարշ կամակատարությամբ առաջ բերած իրավիճակի, փոխադարձ անվստահության արհեստականորեն հրահրվող մթնոլորտի դեմ, երբ մարդիկ իրար չէին հավատում ու երբեմն հարազատներին անգամ չէին վստահում, և փոքրոգությամբ, մորթապաշտորեն հանձն էին առնում զրպարտել մեկը մյուսին, եթե «հարկավոր էր լինում»՝ նույնիսկ իրենց մոտիկ ընկերոջը, միայն թե «իր գլուխը դինջ մնար»։ Ու եղկ ու գարշ այս ակնկալությունն էլ հաճախ խաբուսիկ էր դուրս գալիս շուտով…

… Մեզ մոտ է՛լի եղան այդպիսի ինքնասպանություններ։ Մի երկուսը հատուկ ուշադրության արժանի են այս ակնարկում ուրվանկարվող մարդկային անհատականությունների և փոխհարաբերությունների առնչությամբ։

Հայաստանի Կենտվիճվարի պետ, ազնվաբարո, անբասիր մի մարդու՝ Վահան Հովսեփյանի ինքնասպանությունն, օրինակ, սերտորեն առնչված էր Խանջյան-Ներսիկ Ստեփանյան հանգույցին։ Ասքանազ Մռավյանի հետ նա՝ Հովսեփյանը ևս Գանձակում ժամանակին խրախուսել էր ուսանող Ներսիկ Ստեփանյանի առաջին քայլերը հեղափոխական շարժման մեջ։ Բանտ ու աքսորից և ընդհատակյա գործունեությունից հետո, քսանական թվականներին նա «բանգյուղտեսչության նախագահ» էր եղել մեզ մոտ, հետո՝ «կուսհանձնաժողովի», որի պարտքն էր հետևել կոմունիստների բարոյական մաքրությանը։ Ինքը զգայուն և պարկեշտ մարդ, մեկն էր այն անձնավորություններից, որոնց մասին ասում էին. «մեր կուսակցական խիղճն է», ինչպես որ մեզ մոտ էլի Սերգո Մարտիկյանն էր կամ Մինաս Սարգսյանը–– «Բանվոր Մինասը», Վրաստանում՝ Միխա Ցխակայան կամ Վանո Ստուրուան, Մոսկվայամ՝ Ելենա Ստասովան, Լենգնիկը, Կրժիժանովսկին, Ստուչկան։ Կարևոր է տվյալ դեպքում, որ իր ամեն ինչով անբասիր կյանքի վերջին տասը տարում, երբ իբրև վիճակագրական վարչության պետ էր աշխատում, Վահան Հովսեփյանի տեղակալն էր բարձր ինտելեկտի տեր մի երիտասարդ տնտեսագետ՝ Գուրգես Բատիկյանը, թերևս ամենասիրելին Ներսիկի հոգեորդիներից։ Անկախ այն բանից, թե նրան՝ Հովսեփյանին, որքանով էին ծանոթ Ստեփանյանի, Բատիկյանի և այլոց հայացքները, որոշ պարագաներում բավական չէ՞ր լինի արդյոք սոսկանան մի կշտամբանք, վերևներում հորինված ու հաճախ կիրառվող պիտակը թեկուզ՝ «шляпа» (հայերեն գուցե՝ «փալաս»), որպեսզի ողջ կյանքում իր հասցեին որևէ վիրավորական խոսք չլսած մարդը ձեռք բարձրացներ իր վրա։ Ինչու՞ պետք է ենթադրել, թե արժանապատվության կամ թե՝ դրական իմաստով՝ պատվախնդրության իր զգացմունքի ուժով ամեն մի հայ կամ վրացի, ռուս կամ ուկրաինացի մարդ անպայման տիտի զիջելիս լիներ ճապոնական որևէ սամուրայի։

Մեզ մոտ բավական տարածված է, ի դեպ, այն ենթադրությունը, թե 1936–1938-ին «միայն մենք ենք տուժել»՝ հայերս։ Դա պարզ թյուրըմբռնում է, անտեղյակության հետևանք։ Որ անչափ շատ ենք տուժել մենք այդ տարիներին, դա ճիշտ է, իհարկե։ Դժվար է, սակայն, ներկայումս հնարավոր չէ նույնիսկ ճշգրիտ հաշիվներ անել։ Բայց հիշենք երկու իրողություն թեկուզ։ Վրաստանում ևս մեծ թիվ էին կազմում և մեծ կշիռ ունեին հին հեղափոխականները։ Իսկ 1955-ի մայիսին Սերգո Մարտիկյանի մտերիմ բարեկամ, Բաքվի նշանավոր կոնսպիրատոր Գեորգի Ստուրուան, որ հրաշքով մազապուրծ էր եղել Բերիայի որոգայթներից, բառացի ասում էր ինձ. «Իմ ընկերներից նմուշի համար մեկն էլ չմնաց, որ հետը երկու խոսք խոսեմ» (նույն բանը կարող էին ասել մեզնից շատերը)… և բանն էլ հենց այն է, որ այդ վրացի գործիչները համարյա բոլորը գիտեին, թե ինչ «վաստակով» (այն է՝ ինչ անցյալով) էր ասպարեզ ելել Բերիան, իսկ այդ «պատմաբանի» համար էլ առավել ևս գաղտնիք չէր, որ նրանք գիտեն իր ով լինելը։ Մնում էր վերջ դնել նրանց ու նրանց հետևից եկող նորերի գոյությանը, ինչպես որ նա վարվում էր։

Վրաստանում ևս 1937-ին ինքնասպան եղածների թվում կան Անդրկովկասից դուրս էլ ծանոթ ու սիրված մարդիկ։ Սերգո Օրջոնիկիձեին, նրա բնավորությանը ևս այն աստիճան չէր բռնում այդ հասկացությունն ինքնին՝ անձնասպանության, որ վախեցան նույնիսկ ու սկզբից փորձեցին նրա հանկարծական մահը սրտի արատի վերագրել։ Իսկ այդ անձնեղ աժդահայի, մեր ժողովրդի ազնիվ ու մինչև վերջ գործուն բարեկամի ինքնասպանության բուն պատճառն, ինչպես հետո պարզվեց, նրա կրած անասելի բարոյական վիրավորանքն էր, որը հիսունական թվականներին, նրա կյանքի ընկերուհին՝ Զինաիդա Գավրիլովնա Օրջոնիկիձեն վկայագրեց իր հուշերում։ «Ես տեսնում եմ, որ նա (Ստալինը) կործանարար ճանապարհ է բռնել, ես նրանից չեմ վախենում՝ այդ մասին կարող եմ ասել ամեն տեղ, Կենտկոմի պլենումում, միտինգում՝ ժողովրդի առաջ։ Ցավն այն է, որ ինձ չեն հավատա, նրան կհավատան»։ Իսկ Սերգոն՝ չմոռանանք, բառիս բուն իմաստով հզոր անհատականություն էր…

«Տիպաբանորեն» նախ և առաջ կամային բնավորություն էր և նրա սաներից՝ Բեսո Լոմինաձեն, Բուխարինից ու Գեորգի Դիմիտրովից հետո մի աչքի ընկնող դեմք՝ Կոմինտերնի ղեկավար գործիչների թվում։ Բայց, երիցս շնորհազուրկ արված՝ ըստ երևույթին նորից հենց լայն ժողովրդականություն ձեռք բերած լինելու «հանցանքով», նա ուղարկվեց հեռու՝ Մագնիտոգորսկ, իբր մետաղաձուլությանը բարձրացնելու սոսկական հոգսով, և «կրնկակոխ հետապնդվող գազանի վիճակում զգալով իրեն», վերջ դրեց իր կյանքին։

Վերջապես միութենական ողջ գրականության մեջ բարձր համբավ ունեին և Գորկու ղեկավարած ազատաշունչ համագումարում ևս հարգանք էին վայելում վրաց գրականության երկու աչքի ընկնռղ դեմքերը՝ Տիցիան Տաբիձեն և Պաոլո Յաշվիլին, ինչպես մեր Չարենցը և Ակսելը։ Յաշվիլին՝ այդ համագումարի մասնակիցներից Ալեքսանդր Աֆինոգենովի, Անդրե Մալրոյի, Լեոնիդ Պերվոմայսկու և մի երկու ուրիշների հետ, առնական գեղեցկությունն էր մարմնացնում և իր շարժուձևով ու ողջ վարքագծով գերերջանիկ մարդու տեսք ուներ։ Դրա համար էլ երեք տարի անց նրա դիմապատկերին անհարիր էր թվում ինքնասպանությունը, ինչպես Օրջոնիկիձեին իր հաղթ կերպարանքով ու բամբ ձայնով: Արդարև, այսպիսի մարդիկ ասես թե դուրս էին ժամանակից նաև նրանով, որ իրենք ևս ամենևին չէին հանդուրժում կեղծ ու պատիր՝ ստորաքարշ կամ շնորհավաճառ բարքեր։

Իր՝ Օրջոնիկիձեի օրինակը այս առումով ամենից պերճախոսն է, եթե կուզեք։ Ինչպես ավելի ճշգրիտ հայտնի դարձավ առժամանակ հետո, նա վաղուց էր սկսել գիտակցել, որ արատավոր, անհանդուրժելի միջոցներով էր մի հոգու ձեռքում կենտրոնացվում անծայրածիր երկրի տիրակալությունը, և ինքն էլ՝ հիվանդ, եղբայրների կալանավորման իրողությամբ թևաթափ արված, թողեց այս վիճակի համար պատասխանատու գործչի իր դիրքը՝ մոտիկ մարդկանց աչքում գոնե իր հպարտությունն ու արժանավորությունը պահպանելով։

Ասես թե նրա այս հոգեվիճակը հստակորեն կանխազգալով է գրել նրան մահամերձի իր հրաժեշտի նամակը Վիեննայի հիվանդանոցից Ստեփան Շահամյանի ավագ որդին.

«Ուզում եմ՝ սիրելի՛ բարեկամ, ընկե՛ր և ՛ուսուցի՛չ, հրաժեշտ տալով, ասել քեզ, որ մեր բոլոր ընկերներից ես ոչ ոքի այնքան չեմ սիրում ու չեմ սիրել, որքան քեզ։ Սա, ինստիտուտային սքանչանք չէ, ես հեռու եմ դրանից։ Այլ վիթխարի և խորհին պաշտամունք մեր հեղափոխության հսկայամեծ, ամենահմայիչ և ամենաազնիվ քանդակապատկերի առջև։ Ես ավելի լավ եմ ճանաչում քեզ, քան դու ենթադրում ես։ Եվ այդպես, ամուր սեղմում եմ ես քո բացառիկորեն ազնիվ ձեռքը։ Ո՛ղջ եղիր, ուրիշ ոչինչ չեմ բարեմաղթում քեզ։

Ողջույն Զինային։ Սուրեն Շահումյան»։

Թվագրված է՝ 3 ապրիլի, 1936

Այո, այս նամակի ամեն մի տողն ու բառը, ոչ այնքան էլ քողարկուն, համենայն դեպս հասցեատիրոջն ավելի քան հասկանալի ձևով, ասում են հենց այն ավելին, որ գիտեր ու հիշում էր Ստեփան Շահամյանի ավագ որդին, լսել էր դեռ իր հորից, իմացել նրա օրոք, դիտել, կռահել, գիտակցել և ըմբռնել՝ նրանից (և Լենինից) հետո առաջ եկած նորակերպ, որքան էլ որ անցանկալի և անհանդուրժելի, նույնքան անխուսափելի դարձած մարդկային փոխհարաբերությունների շուրջ։

8

Վերջերս, այս տարվա ամռանը, ես կրկին ուղևորվեցի Մոսկվա. այն պատվարժան տիկնոջ, նրա մեծանուն զավակի հիշատակը պարտավորեցնող էր՝ այսօր ոչ պակաս, քան կես դար սրանից առաջ։

Գտա Ներսիկի ամենակրտսեր եղբորը՝ Նորայրին, որ ապրում է մեծ քաղաքում։ Երկար զրույց արինք։ 1936-ին նա նույնպես շշմեցուցիչ հոգեկան հարվածներ էր կրել, և միայն գորովասիրտ մոր խնամքը, գուրգուրանքն ու պաշտպանությունն էին փրկել պատանուն։ Հիմա նա Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է, 67 տարեկան…

…Եվ ահա թե ինչ դեր է ունեցել Ներսիկը այս ընտանիքում, նախքան Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում՝ Ստեփան Շահամյանի և Ալյոշա Ջափարիձեի անդավաճան մտերմության ու ողջ կյանքի օրինակով, կբացատրեր ուսանողներին, թե ինչ է նշանակում կոմունիստ լինել, նախքան՝ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի դիրքում, ինքնուրույն մտածողության կհրավիրեր դպրոցական ուսուցիչներին։ Նաև գերդաստանի լուսավորիչն է եղել նա, իրեն հաջորդած ութ քույր ու եղբոր ռահվիրան՝ ուսման մեջ, հասարակական աշխատանքում, պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս, ի վերջո, իր օրինակով պարտքի և խղճի մարդիկ դարձրել նրանց բոլորին։

Մանկուց սուր միտք ուներ Ներսիկը և նրա բարերար ազդեցությամբ է, որ տանը երբևէ հարկ չէր լինում հուշել, «դասդ սովորե՞լ ես»։ Վաղ մանկությունից սիրում էր նկարել, փոթորկոտ ծովն էր սիրում ու երբ մեծացավ՝ ծովանկարչի հակումներն էին գերակշռում նրա մեջ։ Նվագում էր բոլոր լարային գործիքները, սիրում էր կիթառ և ջութակ, իսկ տնային նվագախմբում, մանդոլինը ձեռքին՝ ավագն էր յոթ մանկահասակ երաժիշտների, երբ ծնողների հետ իրենց ունկնդիրն էր և ութերորդը՝ դեռ բարուրում։

Իսկ երեկոները, հայրենի Գանձակում, հետո՝ Մոսկվայում, փոքրերը տեսնում էին անդրանիկ եղբորն ու իրենց դաստիարակին լուսամփոփի կանաչ լույսերի մեջ. կարդում էր, կարդում, անհագուրդ ու անդադրում։ Իսկապես դասական, բարակ հենաձողով բարձրանիստ այն լամպը հիմա էլ Ներսիկից մնացած ամենաթանկ հիշատակն է՝ կես դար շարունակ, այս լուսատենչ գերդաստանի կենսահույզ, անմարելի նշանաբանը։

Հետո, 1928-ից 1936-ը, Բաքվում, Թբիլիսիում և Երևանում գործելիս, Ներսիկը փութաջանորեն հետևում էր քույր ու եղբայրների ուսմանն ու հեռվից էլ օգնում ամեն մեկին՝ երբ և ինչով կարող էր։ Նաև մեծի խորհուրդներով:

Եվ մեկեն՝ ամեն ինչ տակնուվրա եղավ, հիմքից շուռ եկավ ասես թե։ Ավագ որդու կործանման բոթն առնելով, նույն ժամին կաթվածահար էր եղել հայրը՝ Միքայել Ստեփանյանը, տոհմիկ մի այգեգործ։ Հինգ տարվա տանջալից գոյությունից հետո նա վախճանվել է 1941-ին։

Ինը զավակների վշտաբեկ մայրը՝ Աննա Տեր-Ներսիսյանը ևս իր երկրային հանգիստը գտել է ամուսնու կողքին, Մոսկվայի հայկական գերեզմանատանը, 1958-ին՝ մեր այն հանդիպումից երեք տարի հետո։ Որքան դժվար է պատկերացնել, թե այն պահին, 1955-ին, ազնվաշուք կեցվածքով, շնորհառատ սրտով ու սթափ մտքով այդ կինը, արդեն, ուրեմն, 76 տարեկան էր… «Վախ չկար տղայիս սրտում»,— ահա նրա սևեռուն միտքը ու մայրական հպարտության գլխավոր առարկան։

Գուցե և տոհմակա՞ն հատկանիշ էր դա, խիզախ մարդիկ էին կոփվել այս ընտանիքում։

Ներսիկի կործանումն իբրև երկնառաք պատուհաս պայթել էր ութ քույր ու եղբոր գլխին։ Ավագը՝ Միքայելը, քաղաքացիական կռիվների քաջարի մասնակից Միջին Ասիայում, հետո բամբակագործության նշանավոր մասնագետ և Տաջիկստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի անդամ, մեկ տարի չանցած բաժանել էր եղբոր ճակատագիրը՝ գնդակահարություն։

1937-ից էլ երկարամյա կալանք էր բաժին ընկել Սաշային, որ սպորտային շարժման ղեկավարներից էր Անդրկովկասում, և Արմենին։ Վերջինս, 1905-ին ծնված, արդեն վաստակավոր սահմանապահ, 1937-ին զինվորական պարետ էր։ Հետո, քսանամյա աքսորից արդարացված Երևան վերադառնալով, նա իսկը Ներսիկի կտորն էր։ Եռում, փոթորկվում էր ուղղակի, որևէ տնտեսական աշխատանք ստանձնելիս անզիջում պայքարի մտնելով վաթսունական թվականների կեսերից արդեն ուժ առնող հանրային գույքի հափշտակության, կաշառակերության ու դրամաշորթության դեմ մաքառելիս…

Բայց, հակառակ նորանոր կորուստների, Ներսիկի ընտանիքն իր նշանակալից ավանդն ունի և հայրենիքի պաշտպանության մեջ։ Աչքի ընկնող դեմք էր Ստեփան Ստեփանյանը՝ սովետական դիվանագիտության բնագավառում։ 1936-ին Շվեդիայում առևտրական ներկայացուցիչ լինելով, միայն և միայն Ստոկհոլմի մեր երկարամյա դեսպանի՝ Ալեքսանդրա Կոլոնտայի հետևողական, աներեր բարոյական օժանդակության շնորհիվ հաջողել էր խուսափել իր չորս եղբայրների ճակատագիրը բաժանելուց։ Երբ սկսվել էր մեծ պատերազմը, կուսակցությունից

վտարված, գնդի կոմիսարի զինվորական կոչում ունենալով հանդերձ, 1941-ին, իբրև շարքային զինվոր էր բանակ գնացել։ Կամավոր ռազմի դաշտ փախած և մարտերում զոհված իր անչափահաս որդու՝ Վովայի հետ նա կռվում էր՝ Լենինի քաղաքը պաշտպանելով։ Ռազմաճակատի տարբեր տեղամասերում, նրանցից հեռու չէին և իրենց՝ Ներսիկի-Ստեփանի, փոքր եղբայրները՝ Վանյան և Նորայրը։

Ինչպես Ներսիկի՝ Անդրկովկասի ընդհատակյա պայքարին և քաղաքացիական կռիվներին ունեցած մասնակցությանը, նույնպես և նրա եղբայրների Հայրենական մեծ պատերազմի ճակատներում հանդես բերած անձնական քաջությանը ջերմ խոսքեր են նվիրվել հետո, տարբեր վայրերում (Բաքու, Թիֆլիս, Լենինգրադ) լույս ընծայված մի ամբողջ շարք հուշագրական երկերում։

Ստեփանյանների ընտանեկան դամբարանում վեց եղբայրների կողքին են երկու քույրերը, Հասմիկը՝ վախճանված ծաղիկ հասակում և Կատյան (1910—1984), բարեհամբավ մի բժշկուհի։ Մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո մինչև կյանքի վերջը նա աշխատում էր Մոսկվայի միևնույն պոլիկլինիկայում, որի հարյուրամյակին նվիրված գրքի հեղինակներից էր։

Իսկ Սերիկ Դավթյանը, երկարամյա աքսորից վերադառնալով, ուժ գտավ իր մեջ նոր և դժվար մասնագիտություն յուրացնելու։ Նրա հետազոտությունների, նաև գիտական ուղևորությունների պտուղն են «Հայկական ժանյակ», «Հայկական ասեղնագործություն», «Հայկական կարպետ» և «Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության» մեծարժեք գրքերը։ Մինչև կյանքի վերջը նա սերտ բարեկամություն պահպանեց Ստեփանյանների ընտանիքի հետ։ Եվ ամենահավաստի վկաներից էր Ներսիկի սխրալից կյանքի։

Նրանց դուստրը՝ Ներիկ Դավթյանը, կոչումով՝ հանրապետության վաստակավոր ուսուցիչ, ամբողջ կյանքում աշխատել է Երևանի Կրուպսկայայի անվան դպրոցում և երկու անգամ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ է ընտրվել։

Այս վերջին ուղևորությանս գտա նաև Արմյանսկի նրբանցքի այն նույն N 3—5 տան N 17 բնակարանը։ Այդտեղ է, որ երկու շեղակի, դեպի տարբեր կողմեր նայող պատուհանների միջև, տոհմական բազկաթոռին տեղ բռնած, տիկին Աննա Տեր-Ներսիսյան-Ստեփանյանը 1955-ի օգոստոսին պատմում էր իր գերդաստանի որքան ողբերգական, նույնքան և վեհապանծ պատմությունը։

Իսկ հիմա ծանր կողպեք կար Լազարյանների կառուցած ամրահաստատ, գեղեցիկ տան շքադռանը։ Ինչպես տեղեկացրեց ինձ Ներսիկի պանծալի գործունեությանը լավատեղյակ Էդվարդ Հայկազյանը՝ մեր հանրապետության ներկայիս մշտական ներկայացուցիչը Մոսկվայում, տունը շրջանային գործկոմի տրամադրության տակ է հիմա։ Արդ, չէ՞ր կարելի արդյոք ետ խնդրել այն գույքերի վարչությունից՝ Ստեփանյան ընտանիքի տուն-թանգարանի վերածելու համար։

Ճեմարանի վերանորոգված սրահներում, ի դեպ, արդեն ձևավորվել է սկսում Սարդարապատի մեր ազգագրական թանգարանի բաժանմունքը։ Լազարյանների ընտանեկան ցուցանմուշների զբաղեցրած սենյակը դրա հուսադրիչ նախերգանքն է, բայց ոչ ավելի։ Այս դեպքում մենք պետք է շտապենք, քանի որ՝ պարզ ասած, հազար աչք կա այդ սրահների վրա։ Հարկ է ժամ առաջ ազատել վեհատեսիլ շինությունը այսպես կոչված «Ժամանակակից դեկորատիվ արվեստի» դիակնակերպ ցուցանմուշներից և անհետաձգելիորեն բովանդակավորել սրահները հայ-ոուս բարեկամության անընդգրկելի հարստությունը մարմնացնող նյութերով։ Ճեմարանի պատմության ու նրա հարգարժան պրոֆեսորների գործունեության հետ այնտեղ, ինչ խոսք, իրենց տեղը կունենան ռուս-հայ բարեկամության ու հայ նոր պետականության դրա հետ սերտորեն առնչվող վերստեղծման 19—20-րդ դարերի ռահվիրաները՝ Մաքսիմ Գորկի և Անատոլի Լունաչարսկի, Բրյուսով և Բլոկ, Տերյան և Մակինցյան, Կիրով և Օրջոնիկիձե, Մյասնիկյան և Լուկաշին, Տեր-Գաբրիելյան և Խանջյան, Հովհ. Հովհաննիսյան և Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Ալ. Ծատուրյան, Եղիշե Չարենց և ուրիշներ։

Ես հավատում եմ, որ թանգարան-պատկերասրահում Հայկ Բժշկյանի, Հովհաննես Բաղրամյանի և ուրիշ զինվորական գործիչների հետ իր մի փոքրիկ տեղը կունենա կյանքում ևս շատ համեստ, աներևակայելիորեն համեստ, բայց մեծ կուլտուրայի տեր, իր մարդասիրական, միջազգայնական համոզմունքներին ցկյանս նվիրված այն ակամա զինվորականը՝ Աֆանասի Նիկոլաևիչ Վիտիևսկին։

9

Համառոտակի ուրվանկարելով այն դժնդակ հանգամանքները, որոնք՝ ուրիշների թվում, կործանեցին նաև ասպետական հոգու տեր այնպիսի գործիչների, ինչպիսիք էին Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ներսիկ Ստեփանյանը և Աղասի Խանջյանը, չմոռանամ հիշել, որ իրենց բարոյական կերպարով ամենևին էլ առանձնակի դեմքեր չէին նրանք, և առհասարակ անհայտությունից չէին եկել, այլ վերջին հաշվով միևնույն բարոյաքաղաքական դպրոցի արժանավոր սաներն էին։

Աղասի Խանջյանը դեռ 1915—1921-ի Երևանում շատ բան էր սովորել Արշավիր Մելիքյանից, Հայկ Ազատյանից ու Պողոս Մակինցյանից, նաև Ստեփան Ալավերդյանից ու Սարգիս Կասյանից, իսկ հետո՝ Կիրովից և Օրջոնիկիձեից։

Ներսիկ Ստեփանյանը՝ Ասքանազ և Վաղինակ Մռավյան եղբայրների, Վահան Հովսեփյանի և գանձակեցի ու թիֆլիսեցի ուրիշ հեղափոխական գործիչների հոգեորդին լինելով, հետո անցել էր Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Լուկաշինի և Սարգիս Կասյանի հազիվ երկուսուկեսամյա, բայց բուռն կրքերի բախումներով հարուստ, բազմաբովանդակ դպրոցը։ Հետո մեծ դեր էին խաղացել նրա կյանքում Տեր-Գաբրիելյանը և Լունաչարսկին։ Հրաժեշտի զրույցը տանը, Անատոլի Վասիլևիչի մոտ՝ գեղեցիկ արվեստների այդ հոգևոր պատսպարանում, նաև ողջերթի ուղեգիր էր Ներսիկի Անդրկովկասյան գործունեության երկրորդ, բեղմնավոր ու վտանգալից շրջանի համար։

Իսկ Սահակ Տեր–Գաբրիելյանը Շահումյանի և Ջափարիձեի կրտսեր, բայց իրավազոր զինակիցն էր Բաքվի կոմունայում։ Դրանից առաջ դեռևս, 1917-ի գարնանը նա՝ առաջին անգամը լինելով, իրեն գցել էր նոր տապալված 300-ամյա կայսրության փոթորկահույզ մայրաքաղաքը, հանդիպել Լենինին և ինքն էլ առաջինը Բաքու էր բերել նրա հեռաթափանց մտքի արգասիք «ապրիլյան» թեզերը։ Մյուս բոլոր երևանյան գործիչները ևս՝ Աղասու և Ներսիկի ուսուցիչները, բուն լենինյան գվարդիայից էին։

Այո, շատ էին նրանք՝ լենինյան գվարդիայի գործիչները, որոնց Անդրկովկասի ժողովուրդները սիրում ու ճանաչում էին։ Ու մեկ էլ տեսանք՝ չկան այլևս, in corpore, շատերը միասին։

Չի՞ ստացվում, արդյոք, թե նախ՝ կանխամտածված կերպով, հաճախ էլ «առաջքաշման» պատրվակով, դես ու դեն ցրիվ տվին, ջլատելով իրարից հեռացրին ու մեկուսացրին, մայր հողից կտրելով՝ թուլացրին, արյունաքամ արին փորձառու և ուրեմն նաև իրենց արժեքը գիտցող, կորովամիտ մարդկանց, Անդրկովկասի կոմունիստների հեղինակավոր, ժողովրդի մեջ դիրք ունեցող ավագանիին, ոչնչացրին հեռուներում, որպեսզի այստեղ մնար մի Բերիա նամեստնիկի պալատում, վերն՝ «աստված», ու վարը, իր չորս բոլորը՝ երեսպաշտ ու ստորաքարշ կատարածուներ։ Եվ ուրիշ ի՞նչ կերպ պիտի կարողանային ստեղծել փոխադարձ անվստահության որքան արհավիրալից, նույնքան և պարզապես զազրելի այն մթնոլորտը, որն աղարտեց մեր հասարակության բարոյական-մարդասիրական գեղեցիկ դեմքը և որը նոր հիմքի վրա վերստեղծելու համար դեռ ով գիտե, թե որքան պիտի ջանք դնենք բոլորս։

Ես, անշուշտ, շատ հեռու եմ այն մտքից, թե ինչ-որ մի Բերիա իր «տիրոջ» հետ միասին և իրենց արբանյակներով, պիտի հասցնեին ոչնչացնել բոլոր տաղանդներին, բոլոր ազնիվ մարդկանց։ Ո՛չ մի դեպքում։ Բայց ի՞նչ էր թեկուզ 37-ի այդ չարաղետ մթնոլորտից պրծնող անհատների գոնե հոգեվիճակը։ Ի՞նչ էր՝ այդ պայմաններում, մանավանդ ծնողազուրկ աճող դեռահասների ու պատանիների կյանքը, ինչպես և առհասարակ հասարակության ընդերքում հասունացող զգայուն, կենսալիր անհատների ինքնազգացումն այդ շրջանում։

Բավականանամ հասարակական-տարիքային տարբեր միջնախավերի պատկանող մարդկանց մեկ-երկու օրինակով միայն։

Անաստաս Միկոյանը հարկավ համաշխարհային ճանաչում գտած քաղաքական գործիչ էր։ Հիսունական թվականներին դիվանագիտական նրա բացառիկ հնարամտությունն ու խիզախությունը հեռացրին համարյա անխուսափելի դարձող սովետա-ամերիկյան ատոմային ընդհարումն իր աշխարհակործան հետևանքներով։ Բայց ինչի՞ նման էին այդ մարդու՝ հասարակության աչքից ծածկված օրերն ու գիշերները։

1958-ի փետրվարի 19-ին, ամերիկյան նրա առաջին ուղևորությունից, եթե ճիշտ եմ հիշում, շաբաթներ անց միայն, մի երեկո նրա հյուրն էի Մոսկվայի արվարձանում՝ ժամանակին թիֆլիսաբնակ հայազգի հարուստ Զուբալովի կառուցած փայտաշեն տնակում։ Հյուրընկալն իր զրույցը սկսեց հայերեն։ Վատ չէր խոսում,— անսխալ, մաքուր գրականով։ Բայց զգալով, որ մտածում է նախադասությունը կառուցելիս, անցա ռուսերենի և զրույցն ավելի աշխույժ առաջ գնաց։ Նյութը Ներսիսյանի, ապա Էջմիածնի ճեմարանի իրենց ուսանողական շրջանն ու մանկավարժներն էին, մասնավորապ ես՝ Ջամալյան-Նավասարդյան անտինոմիան, ապա ամերիկյան իր տպավորությունները՝ Նիքսոնը, հայերի Միացյալ Նահանգներում ձեռք բերած բարձր համարումը, ի վերջո՝ մեր գինիները, որ սեղանի վրա էին (ինքը՝ գինու հայտնի գիտակ, նախընտրում էր դրանցից հյուսիս-կովկասյան ռիսլինգը;)։ Աննկատելի անցավ չորս ժամն այս ընթրիք-զրույցի և ուղիղ կեսգիշեր էր, երբ նա իր կնոջ հետ ծանոթանալու հրավիրեց։ Հյուրին մնում էր միայն հրաժարվել, իհար՛կե, ուշ էր, և կինը՝ անառողջ: Բայց այդ ևս չհաջողվեց։ Եվ ահա՝ նստած է անկողնում մի ճերմակ ստվեր, մազերը, դեմքը, զգեստը… Իսկ միտքը հստակ է։ Եվ պահանջ ունի բաժանելու իր մտորմունքը։ Կարդում էր Թումանյան, ինքը ևս՝ Լոռու Թումանյանների տոհմից։

Երբ դուրս եկանք, հարցրի Անաստաս Իվանիչին. ի՞նչ է տիկնոջ ցավը։ Չէի սպասում, իհարկե, այդքան համապարփակ մի պատասխան։ Ասաց բառացի. «Душевная депрессия; мы ведь все время были на волоске»,— «Հոգեկան ուժասպառում, չէ՞ որ ամբողջ ժամանակ մազից էինք կախված մենք»։

Հիրավի, չէ՞ որ ծայրահեղորեն սթափ մտքի տեր այդ մարդուն էլ, ինչպես հայտնի եղավ քսաներորդ համագումարի հրապարակումներից, ուզեցել էին իբրև հոգեկան հիվանդի «բուժման» զետեղել՝ անել մի առանձնարանում։

Արդարությունը պահանջում է հիշել, որ Անաստաս Իվանովիչը, քառասնական թվականների վերջերին դեռևս, մտերմական շրջանում քանիցս ասել էր, թե հոգով պատրաստ է ամեն պատիժ կրել 1937-ին Ստալինի հետ գործակցած լինելու համար, բայց որ և այն ժամանակ, նրա պահանջով Հայաստան գալիս էլ, ինքը լավ գիտակցում էր, որ եթե (ասենք, իր հրաժարվելու դեպքում) մի ուրիշը գար իր փոխարեն, գուցե շատ ավելի վատ կարող էր լինել։ Բացի այդ նա ուներ և մի իսկական «նրբացուցիչ դեպք հանցանաց». 21 հոգու ցուցակ էր թողել անդրկովկասյան, հայաստանյան մարմիններին՝ պարտավորեցնելով «ո՛չ մի դեպքում ձեռք չտալ» որևէ մեկին այդ մարդկանցից, բոլորն էլ մեր մշակույթի այնպիսի դեմքեր, որոնց կորուստն էլ ավելի խորն ու անբուժելի վերք էր լինելու մեզ համար։

Իսկ այն երեկո, 1958-ի փետրվարին, իր տանը, քանիցս առիթ եղավ մտածելու, թե բարոյական տարբեր հատկանիշների ինչպիսի համաձուլվածք է շատ բանով բացառիկ այս մարդը, համաձուլվածք, որի մեջ իր անկշռելի տեղն ուներ հայ հայրենասերը։ (Կարելի էր, բազում փաստեր մեջ բերել այս ճշմարտությունը ևս հաստատելու համար, բայց այստեղ տեղը չէ)։

Միկոյանը, դեռ՝ ասենք, թե փորձառու գործիչ էր, և գուցե՝ կասկածամտության նոպայի մեջ մանավանդ, կարող էին որևէ անախորժություն ակնկալել նրանից։ Բայց դրանք, հատկապես Բերիան և իր «կատարածուները», չէին քաշվում հաշիվ տեսնելուց և նոր ասպարեզ ելած երիտասարդների հետ, որոնց մտածածը լեզվի ծայրին էր։ Ահա Արտաշես Աբաջյանը, 1925– 1927-ին նա մեր համալսարանում հասարակագիտական ֆակուլտետի կոմերիտական բջիջի քարտուղարն էր,— նրա հետ մենք՝

«չորս տղաներով», անկրկնելի բախտավորություն ունեցանք 1924-ի նոյեմբերին ունկնդրելու՝ մեկ-երկու օրով Թիֆլիսից եկած, այնտեղ Անդրերկրկոմի քարտուղար Ալեքսանդր Մյասնիկյանին և հրճվագին ապրումներով բաժանվելու այդ երազ-մարդուց։ Տասը տարի անց, 1934-ից, նա՝ Աբաջյանը, զինվորական ծառայության միջոցին աչքի ընկնելուց ու զորացրվելուց հետո Թիֆլիսի «Բոլշևիստսկայա պուտյովկա» ռուսերեն թերթի խմբագիրն էր։ Բողուքներ են գալիս այդ թերթին, թե մեծ չարաշահումներ են կատարվում Անդրկովկասյան երկաթուղիների վարչության որոշ օղակներում։ Իսկ ինչ-որ «սրտացավ» մարդիկ երկրկոմից արգելում են հրապարակել որևէ նյութ։ Բանի տեղ չի անցնում և բողոքը իրեն՝ անձնապես Բերիային։ Եվ մեր արդարամիտ ու անվախ երիտասարդը վեր է կենում և,— ճիշտ ինչպես Սահակ Տեր-Գաբրիելյանը, նրանից կարճ ժամանակ հետո,— Թիֆլիսի կուսակտիվի ժողովում բաց է անում ամեն բան՝ Բերիան էլ այդտեղ սև է կտրում, բայց ձայն չի հանում։

Զգում է խմբագիրը, երկաթե օղակը սեղմում է կոկորդը։ Գնում է Մոսկվա, 1937-ի դեկտեմբերին, հուսալով ընկնել «գերագույնի» մոտ։ Խորհուրդ չեն տալիս։ Հաղորդակցության ճանապարհների ժողկոմ Լ. Մ. Կագանովիչի նշանակած հանձնաժողովի ուղեկցությամբ նույն վագոնով գալիս է տուն, դեկտեմբերի 29-ին տեղ հասնում՝ նոր տարին գոնե տանը լավ տրամադրությամբ դիմավորելու։ Կայարանում երկու մարդ մոտենում են, մի կողմ հրավիրում, դու մի ասի, դեռ ճանապարհվելիս, այստեղից սկսած էլ՝ ու հետո, «Պրավդայի» խմբագրություն գնալիս, հետևել-ուղեկցել են քայլ առ քայլ…

Իսկ Թիֆլիսի կայարանում, Կագանովիչի լիազորները, րոպե չկորցնելով, ապավինում են Մոսկվա ճանապարհվող գնացքին։

Անփորձ ու անհեռատես դուրս եկած խմբագրի հինգ տարեկան տղային բերում են տուն՝ թողնում, երբ իրեն՝ կայարանից արդեն տարել էին «ուրիշ տեղ»։ Եվ նոր տարվա գիշերը չի լուսանում նրա համար։ Այն պարագան է սա, երբ փառասիրության մոլուցքից խեղդվող տիրակալը չի հրաժարվում իր թանկ ժամանակից մի քանի րոպե հատկացնել… դատաստան տեսնելու համար։

… Ինչ խոսք, բազմապիսի հանգամանքների այն քմահաճ, ծայր աստիճան խճճուն ու հաճախ անվերծանելի զուգադիպությունները, որոնք ծնունդ տվին Ստալինի անձնավորությանը, կրկնվել չեն կարող։ Բայց այս մի շրջափոխությունն էլ, որի ինչ-որ տարրերը կանխատեսել էր և Լենինը, ավելի քան բավական էր մեր հասարակությանը նյութական ու բարոյական անդարմանելի վնաս պատճառելու համար։

Ահա թե ինչու անհունորեն իրավացի է ընկեր Միխայիլ Գորբաչովը, երբ ասում է. «Ես կարծում եմ, որ մենք երբեք չենք կարող մոռանալ և չպետք է ներենք կամ արդարացնենք այն, ինչ եղել է 1937—1938 թվականներին։ Երբեք։ Դրա համար պատասխանատու են այն մարդիկ, որոնք իշխանության գլուխ էին կանգնած այն ժամանակ»… «Ինչպես մեր վիթխարի նվաճումների, այնպես էլ անցյալի դժբախտությունների ազնիվ ըմբռնումը, դրանց լիակատար ու ճիշտ քաղաքական գնահատականը իսկական բարոյական կողմնորոշիչ կտան ապագայի համար»։