Ըստ էության հետխորհրդային պետությունները իրենց մոդելով շատ են տարբերվում այլ երկրներից։ Ադրբեջանը երբեք չի կարող դառնալ Սիրիա կամ Աֆղանստան։ Հետխորհրդային այս բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խնդիրն այն է, որ չկան մեղմացնող շահեր, մեղմացնող ինստիտուտներ, ուսանողական շարժումներ, չկա ազատ ընդդիմություն և ազատ խոսք, արհեստակցական միություններ, անկախ հասարակական կազմակերպություններ։ Փոխարենը ունեն ընտանեկան, կլանային իշխանություն։
Ադրբեջանում փոփոխությունների համար երեք հնարավոր տարբերակ կա՝
Առաջինը հայկական թավշյա հեղափոխության ոճի հեղափոխությունն է, որը շատ քիչ հավանական է։ Ոչ թե որ ադրբեջանցիները հեղափոխություն չեն ուզում, այլ որովհետև Հայաստանի նախկին իշխանությունների օրոք առկա ընդդիմության մակարդակը Ադրբեջանում թույլատրված չէ որևէ սցենարով, ուստի ո՞վ կարող է առաջ գալ՝ առաջնորդելու նման մի շարժում։ Սա ամենաանհավանական տարբերակն է։
Երկրորդ հավանական տարբերակը իշխանության անցումն է մեկ այլ կլանի կամ մի ռազմական ղեկավարի: Ամենից հաճախ այս առումով, վերջին տարիներին հատկապես, շոշափվում է երկու հնարավոր սցենար՝ իշխանության անցում Ալիևներից Փաշաևների: Հնարավոր է, բայց քիչ հավանական է: Ալիև-Փաշաև հակամարտությունը ոչ թե ազգային քաղաքական տրամաբանություն ունի, այլ զուտ բիզնես և քանի դեռ բիզնեսը լավ է գնում, իսկ դա այդպես է, ապա դժվար թե անհաղթահարելի խնդիրներ առաջանան: Գոնե մոտ ապագայում: Ի վերջո Ալիևի կինը հենց Փաշաևների գերդաստանից է: Չեմ կարծում, թե միայն Մեհրիբանի առկայությունը կարող է զսպող օղակ դառնալ, բայց առայժմ Ալիևները կարողանում են հսկողությունն իրենց ձեռքում պահել: Ինչպես հայտնի է՝ փողերը հոտ չունեն, իսկ դա և՛ Ալիևներին է ձեռնտու, և՛ Փաշաևներին: Կրկնում եմ, ոչինչի չի բացառվում, բայց ամեն դեպքում, 44-օրյա պատերազմում հաղթանակը Ալիևին ավելի շատ էր անհրաժեշտ, քան Ադրբեջանին, այնպես որ այդ հաղթանակն առայժմ կայունացրել է Իլհամ Ալիևի իշխանությունն ու նրան հեղինակություն տվել: Ազգայնական տրամադրություններով Ադրբեջանում դեռևս կարողանում են զսպել տնտեսական խնդիրներ, բայց այդ ամենը հավերժ չի շարունակվելու: Դա Ալիևն էլ է հասկանում, Փաշաևներն էլ: Հաղթանակը Ադրբեջանում հարցերի պատասխան չի տվել, նոր հարցեր է բացել: Շրջանները վերադարձվեցին, իսկ հետո՞: Այդ հետոն Ալիևը համ փորձում է դնել միջանցքի տրամաբանությամբ, համ ռուս-ադրբեջանական իբրև թե համագործակցության սկզբունքներում և չի շտապում դեմարկացիան ավարտել: Երբ բոլոր հարցերն ավարտվեն, սկսվելու է Ալիևի հարցը: Հասարակ ադրբեջանցիները դեռևս մի քանի տարի կուրախանան Շուշիի վերադարձով, բայց դրանից տնտեսապես ոչինչ չեն շահելու: Ինչ էլ շահեն, Ալիևն է շահելու: Այնպես որ Ալիևը պատրաստ է հանուն իր իշխանության պատերազմել մինչև վերջին ադրբեջանցի զինվորը: Ադրբեջանն այսպես թե այնպես իր ինքնիշխանությունը տվել է Թուրքիային, իսկ թուրքական ղեկավարությունը Ադրբեջանում կարող է գեներալ-նահանգապետ նշանակել իրեն հարմար պահի, այնպես որ Ալիևը նույնիսկ ինքը չգիտե, թե ինչ է ցանկանալու վաղը:
Ամենահավանական տարբերակը երրորդն է՝ Ալիևյան ներկա կլանի շարունակությունը։ Եվ եթե Ալիևները շարունակեն կառավարել առաջիկա տասնամյակում, նրանք ավելի երկար կառավարած կլինեն Ադրբեջանում, քան Փահլավիների դինաստիան՝ Իրանում։
Ուստի, ամենահավանական սցենարը՝ քսան տարվա ընթացքում կունենանք նույն մարդկանց կամ ընտանիքի կողմից ղեկավարվող, սակայն ավելի աղքատ Ադրբեջան, քանի որ երկիրը հեռանում է ածխաջրածնային տնտեսությունից։ Եվ սա կապ չունի միայն նրանց հետ, այլ համընդհանուր երևույթ է։ Նավթ արդյունահանող բոլոր երկրները կկանգնեն այս խնդրի առջև։ Արդեն իսկ բավական կայուն տեմպերով բարձրանում է պղնձի գինը: Աշխարհը խոշոր փոփոխություններ՝ գիտական և տնտեսական իմաստով, կրելու է և արդեն իսկ կրում է: Հայաստանն ավելի մեծ շանսեր ունի շատ ավելի արագ ու հանգիստ հարմարվելու նոր աշխարհակարգերին, քան Ադրբեջանը: Ադրբեջանական նավթը հավերժ չէ: Էլ ավելի անկայուն է նավթի գինը: Ու նույնիսկ եթե Ալիևներին փոխարինեն Փաշաևները կամ մեկ այլ ուղղություն, նրանք ունենալու են ոչ թե ազգային, այլ բիզնես նպատակներ: Իսկ ազգայնական քողարկում արվելու է հակահայ տրամաբանությամբ:
Ադրբեջանը կլինի ավելի աղքատ, նվազ ազդեցիկ և, ամենայն հավանականությամբ, ավելի բռնատիրական։
Մենք չենք կարող չմտածել ու հաշվի չառնել այս ամենը: Մենք պիտի պատրաստվենք:
Տիգրան Սիմոնյան