Աշխարհը դանդաղ, բայց հաստատուն քայլերով անցում է կատարում դեպի տարածաշրջանային հակամարտությունների դարաշրջան։ 21-րդ դարում համաշխարհային գերտերությունները այլևս չեն ձգտում ակտիվ ու անմիջական մասնակցություն ունենալ որևէ հակամարտության մեջ, փոխարենն ավելի հաճախ ստանձնում են խաղավարների ու հովանավորների դերեր։ Ժամանակակից աշխարհում ավելի առաջնային է դառնում սեփական նպատակների իրագործումն ուրիշի ձեռքերով, ինչը և շահութաբեր է, քանի որ հակամարտող երկրներում գերտերությունների արտադրանքի նկատմամբ մեծ պահանջարկ է առաջանում, բացի այդ հնարավորություն է ստեղծվում ցանկալի աշխարհաքաղաքական ձևափոխումների հասնել՝ առանց սեփական մարդկային ու նյութական կորուստների։
Այս ամենով պայմանավորված՝ սկսում են ակտիվանալ համեմատաբար ավելի թույլ պետությունները (Իսրայել, Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Հնդկաստան, Պակիստան և այլն), որոնք ստանալով գործողությունների որոշակի ազատություն՝ սկսում են ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել։ Այսօր արդեն առկա հակամարտությունների ֆոնին կարող ենք հետևել նոր և նախկինում սառեցված հակամարտությունների ակտիվացման տենդենց՝ Կոսովոյի ճգնաժամը, Քաշմիրի տարածքային խնդիրները, Աֆղանստանի և Միջինասիական երկրների միջև հասունացող հակամարտությունը, իրանաիսրայելական զարգացող հակամարտությունը և այլն։ Թվում է թե այս հակամարտություններն ունեն բացառապես տեղային բնույթ և չեն կարող անմիջական ազդեցություն ունենալ իրենց սահմաններից հեռու, բայց ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքում կարող ենք փաստել միանգամայն հակառակը։
Արցախյան երկրորդ պատերազմի ամբողջ ընթացքում մենք զարմանում էինք թե ինչո՞ւ է Ուկրաինան նյութական աջակցություն ցուցաբերում Ադրբեջանին, իսկ իրականում այս ամենի հետևում գործում էր ուկրաինական կառավարության չոր հաշվարկը։ Ադրբեջանին աջակցելով՝ Ուկրաինան ձգտում էր Անդրկովկասում իր հակառակորդ Ռուսաստանի համար նոր թեժ կետ ստեղծել և ստիպել վերջինիս հավելյալ ռեսուրսներ ծախսել՝ Անդրկովկասում վերահսկողությունը չկորցնելու համար։ Այս ամենի շնորհիվ Ուկրաինան ձտում է բարենպաստ պայմաններ ստեղծել՝ Դոնբասի կորցրած տարածքները հետ բերելու համար։
Նմանատիպ չոր քաղաքական հաշվարկներով է առաջնորդվում նաև Իսրայելը։ Գտնվելով Իրանի հետ հակամարտության մեջ՝ Իսրայելը ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով թուլացնել Իրանին։ Արցախյան երկրորդ պատերազմում աջակցելով Ադրբեջանին՝ Իսրաելը ձգտում է ձեռք բերել Իրանի դեմ հենակետ հյուսիսում, ինչպես նաև ադրբեջանական զորքի միջոցով հասնել Սյունիքով անցնող և Իրանի համար կենսական նշանակություն ունեցող ավտոմայրուղուն։
Թուրքիան, որն ուներ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ստեղծելու աշխարհաքաղաքական խնդիր ևս չէր կարող անմասն մնալ Արցախյան հակամարտությունից։ Այստեղ հատկապես հետաքրքիր է այն, որ Թուրքիան էական ազդեցություն ունեցավ Արցախյան պատերազմի ելքի վրա՝ այլ հակամարտություններում ներգրավվածության շնորհիվ։ Մասնավորապես, Սիրիայի և Լիբիայի քաղաքացիական պատերազմներին ակտիվ մասնացության շնորհիվ Թուրքիան հնարավորություն ձեռք բերեց տեղական հազարավոր փորձառու վարձկան զինվորների տեղափոխել Ադրբեջան, որոնք նույնպես էական դեր խաղացին պատերազմի ելքի վրա։
Ինչպես տեսնում եք տարածաշրջանային հակամարտությունները, որ ընթանում են սահմանափակ տարածքներում, կարող են էական ազդեցություն ունենալ իրենց անմիջական սահմաններից դուրս։ Այստեղ պետք է արձանագրենք մեր արտաքին քաղաքականության թերացումը, որ մասամբ պայմանավորված է աշխարհաքաղաքականության ոլորտում որակավորված մասնագետների պակասով, մենք չէինք գիտակցում տարածաշրջանային հակամարտությունների լրջությունը՝ մինչև որ անմիջականորեն չառնչվեցինք դրանց հետ։ Այս ամենին գումարելով այն հանգամանքը, որ Հայաստանը՝ իսկ ավելի կոնկրետ Սյունիքի տարածքը ակամայից դարձել է ռազմավարական նշանակության ճանապարհների հանգուցակետ, հասկանում ենք, որ իրավիճակը առավել քան լուրջ է։
Մենք պետք է մեզ համար արձանագրենք, որ աշխարհը վերափոխվել է և մեզ պետք են նոր մոտեցումներ՝ վերափոխված աշխարհում մեր պետականությունը պահպանելու համար։ Ամեն ինչից բացի Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է արմատապես վերանայել իր արտաքին քաղաքականության հայեցակարգը, առավել մանրամասն ուսումնասիրել հավանական դաշնակից ու հակառակորդ պետությունների առանձնահատկությունները, որպեսզի ստեղծված իրադրությունում ավելի ճկուն գործի և չմնա որևէ գերտերության ողորմածության հույսին։
Վահան Վարդանյան