2021 թվականը Հայաստանի համար վստահաբար կարող ենք համարել տոտալ ձախողումների տարի։ Ծանր պատերազմից հետո արդեն մի ամբողջ տարի երկիրը գտնվում է անկայուն վիճակում։ Համախմբման, վերականգնման ու նախկին պատկերացումների վերափոխման միտումներ չեն նկատվում։ Հայաստանի քաղաքական ուժերը գլխավորապես զբաղված են միմյանց դեմ պայքարելով ու մեղավորներ փնտրելով։ Որևէ քաղաքական ուժ խորապես չի գիտակցում տարածաշրջանում ձևավորված ծանր աշխարհաքաղաքական իրավիճակը, ուստի ընթացող գործընթացների վերաբերյալ սթափ, հավասարակշռված գնահատականներ, երկիրը ճգնաժամից դուրս բերելու հստակ առաջարկներ պետք չէ սպասել։

Իրավիճակի լրջությունը ամբողջապես պատկերացնելու համար փորձեմ հակիրճ ներկայացնել Հայաստանի շուրջ ձևավորված բարդ միջազգային դրությունը։

2020 թ․ սկսած ԱՄՆ-ն իր ուշադրությունը կենտրոնացնում է գլխավոր մրցակից Չինաստանի վրա, Մերձավոր և Միջին Արևելքն ԱՄՆ-ի համար մղվում են երկրորդ պլան։ ԱՄՆ-ի հետ քաշվելուց հետո Եվրոպայում, Մերձավոր ու Միջին Արևելքում իր ագրեսիվ քաղաքականությունն է սկսում Մեծ Բրիտանիան։ Վերջինս գործողությունների լիակատար ազատություն ձեռք բերեց Եվրոմիությունից դուրս գալուց հետո (Brexit)։

Փաստացի Բրիտանիան ղեկավարում է Ռուսաստանի շրջափակման գործընթացը։ 2020 թ․ սկզբից Բրիտանիան իր ազդեցությունը տարածեց Ուկրաինայի վրա, հսկայական ֆինանսական աջակցությունից ու ռազմաբազաների կառուցումից բացի, Ուկրաինա ուղարկվեցին նաև բրիտանական բանակի զորամիավորումներ, ռազմաքաղաքական խորհրդատուներ։

Նմանատիպ քաղաքականություն է իրականացվում նաև Վիշեգրադյան քառյակի (Միություն, որի մեջ մտնում են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան) նկատմամբ։ Այս միությանն աջակցելով Բրիտանիան Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի դեմ ամուր զսպող պատնեշ է ստեղծում (Ռեչ-Պոսպոլիտա 2․0), բացի այդ հակակշիռ ստեղծելով նաև ֆրանս-գերմանական գործոնի դեմ։

Առավել ակտիվ քաղաքականություն Բրիտանիան վարում է Մերձավոր Արևելքում։ 2020 թ․Բրիտանիայի արտաքին հետախուզության (MI-6) ղեկավար է նշանակվել ասիական երկրներում երկար տարիներ գործունեություն ծավալած, Թուրքիայում դեսպան աշխատած Ռիչարդ Մուրը։ Վերջինիս գլխավորությամբ արագ տեմպերով ընթանում է «Մեծ Թուրանի» կառուցումը՝ որպես հակակշիռ ՀԱՊԿ/Եվրասիական միություն կառույցների և Իրանի։

Այստեղ է, որ դրսևորվում է մեր քաղաքական ուժերի անպատասխանատվության բարձր մակարդակը։ Մեզ համար ահազանգ չեղավ 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված Շուշիի հռչակագիրը։ Այս պայմանագրով փաստացի հիմք դրվեց Թուրանական պետության ստեղծման առաջին փուլին։ Այդ ժամանակ, համախմբվելու և երկիրը վերականգնելու փոխարեն, քաղաքական ուժերը շարունակեցին նախընտրական քարոզարշավում իրար մեղադրելու էժանագին մեթոդները, բարեփոխումների գործնական ծրագրեր իհարկե չկազմվեցին, իսկ վերջնարդյունքում, ինչը և սպասելի էր, երկիրը դուրս չեկավ քաղաքական ճգնաժամից։

Երկրորդ մեծ ահազանգը տարածաշրջանի համար տեղի ունեցավ 2021 թ․նոյեմբերի 12-ին։ Այդ օրը Ստամբուլում կայացավ թուրքական պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովը, որի արդյունքում հրապարակվեց «Թուրքական աշխարհի տեսլական-2040» անվամբ փաստաթուղթ։ Այս ծավալուն փաստաթուղթը մանրամասն նկարագրելու կարիք կարծում եմ չկա, սա ճանապարհային քարտեզ է, որն ուրվագծում է ապագա աշխարհաքաղաքական նոր միավորի կառուցվածքը։ Ի՞նչն է այստեղ հատկապես հետաքրքիր, այն որ գագաթնաժողովին բացի Թուրքիայից, Ադրբեջանից ու Միջին Ասիայի թուրքական պետություններից լիարժեք անդամի կարգավիճակով ներգրավված է նաև Հունգարիան, իսկ Ուկրաինան հանդես է եկել դիտորդի կարգավիճակով։ Հայաստանի լրատվական և քաղաքական դաշտում իհարկե պատշաճ լուսաբանում, վերլուծական անդրադարձեր և քննարկումներ տեղի չունեցան։

Բրիտանիան ակտիվորեն ներգրավված է նաև Աֆղանստանի շուրջ ծավալվող իրադարձություններում, որը ևս մեր տարածաշրջանի և անմիջապես մեզ համար հետևանքներ կունենա, հատկապես երբ Աֆղանստանը սկսի անկայունացնել իրավիճակը հարևան երկրների համար։

Ստեղծված իրավիճակում պետք է արձանագրենք, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան չի հաստատվելու։ Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական մեծ գործընթացների էպիկենտրոնում։ Թե՛ Ռուսաստանն ու Իրանը, և թե՛ թուրքական խմբավորումն իր հովանավորներով, պայքարելու են իրենց կենսական նշանակության շահերի («Ուղղահայաց» և «Հորիզոնական» ճանապարհների կառուցում ու վերահսկում) պաշտպանության համար, փոխզիջումներ չեն լինելու։

Վերափոխվող աշխարհում Հայաստանի քաղաքական ուժերը չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության պետական շահը, չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցել տարածաշրջանում խորացող ճգնաժամը, հանդես չեն գալիս երկրի ներքին ծանր դրության առողջացման նախաձեռնությամբ։ Ընդհակառակը, կեղծ օրակարգերով ու մրցակիցների նկատմամբ ատելություն սերմանելու ճանապարհով միայն խորացնում են ստեղծված ծանր դրությունը։ Գործող քաղաքական ուժերը հիմնականում առաջնորդվում են իրենց նեղ կուսակցական շահերով, որոնց առաջ ստորադասվում են պետությունն ու ժողովուրդը։ Այս ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կորցրել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու կենսունակությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում առավել քան երբևէ երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտություն կա։ Մեզ պետք են նոր մոտեցումներ՝ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության գոյությունը պահպանելու համար։

Վահան Վարդանյան