Մինչ մեր հասարակությունը փորձեց գոնե մի քանի օր թեթևանալ խնդիրներից և շաբաթ-կիրակին անցավ ամանորյա աղմուկի մեջ, աշխարհում ոչ միայն խնդիրները չպակասեցին, այլև ավելի են շատացել ու շատանում: Այս անգամ խոսքը վերաբերվում է Ղազախստանին և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին:

Նրբությունն այն է, որ Ղազախստանում ինչ-ինչ պատճառներով սկսված քաղաքացիական անհնազանդությունը շատ արագ վերաճեց զինված բախումների՝ ցուցարարների ու ոստիկանության ուժերի միջև: Միանգամից լուրեր սկսեցին շրջանառվել գազի գնի բարձրացման, կառավարության հրաժարականի և այլ բաների մասին:

Այս ամենն իհարկե, թվում է թե նորմալ է ժամանակակից աշխարհում: Աշխարհում շատ երկրներում են ցույցեր տեղի ունենում, շատերն են հրաժարական պահանջում: Հատկապես շատ տարածված մի երևույթ հետխորհրդային երկրներում: Բայց կա մի բան, որ ոչ միայն ուշադրության է արժանի, այլև՝ մտահոգության: Ղազախստանը շատ արագ դիմեց ՀԱՊԿ՝ օգնության խնդրանքով և ՀԱՊԿ-ը շատ արագ արձագանքեց: Մտահոգիչն այն է, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը հիմա Հայաստանն է, այսինքն այդ հարցերի կազմակերպմամբ զբաղվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շատ արագ որոշում կայացվեց ՀԱՊԿ խաղաղապահ զորամաս ուղարկել Ղազախստան՝ իրադրությունը կարգավորելու և կայունացնելու համար:

Նիկոլ Փաշինյանն այս մասին գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում և այդ որոշումն ընդունվեց ոչ միանշանակ: Առաջին հերթին արդարացի բողոք առ այն, որ ՀԱՊԿ-ը երբեք նման բարեհաճությամբ չի արձագանքել, երբ խոսքը վերաբերվել է Հայաստանին: Նույնիսկ այն դեպքում, երբ ադրբեջանցիներն ուղղակի մտան ՀՀ ինքնիշխան տարածք և 40-45 քկմ տարածք զավթեցին, ՀԱՊԿ-ը զբաղված էր ինչ որ անորոշ կոչերով, այն դեպքում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Նույն ՀԱՊԿ անդամ Ղազախստանը մշտապես պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել: Ավելին, անգամ երբ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ, երբ ադրբեջանցիներն արդեն պատերազմ էին սկսել ՀՀ տարածքում, ՀԱՊԿ-ը տվեց ամենաանհեթեթ պատասխանը՝ դիմեք գրավոր: Կոպիտ ասած, ՀԱՊԿ-ը, որ մշտապես «ցրում է իր վրայից» Հայաստանի հարցերը, շատ մեծ ոգևորությամբ ձեռնամուխ է եղել ոստիկանական գործողություններ ձեռնարկել Ղազախստանում:

Այստեղ պետք է նշել, որ Միջին Ասիան ևս վառոդի տակառ է հիշեցնում: Ղազախներն ու ղրղզները (խորհրդային տարիներին ավելի հայտնի կիրգիզներ) ուղղակի ատում են միմյանց: Չլուծված հարցեր ունեն նաև ուզբեկներն ու տաջիկները: Կա նաև կարակալպակների հարցը, կա նաև նախկին ԽՍՀՄ ժառանգության կիսելու հարց, աէկ-ների հանդեպ իրավունքների հարց: Ղազախստանը սահմանակից է Չինաստանին, ավելի կոնկրետ Սինցզյան նահանգին, որի բնակիչները ույղուրներն են: Ույղուրներն իրենց հերթին ատում են ղազախներին:

Բավական է մի կոպիտ ուժ օտարերկրյա ուժերի կողմից ու Ղազախստանում կպայթի քաղաքացիական պատերազմ՝ իրեն բնորոշ երևույթներով ու գործին կխառնվեն նաև ավելի խոշոր խաղացողները: Պայթեց Ղազախստանը՝ պայթելու է Միջին Ասիան: Չմոռանանք, որ Ղրղզստանն ու Տաջիկստանն էին բախվել իրար ու մի կերպ են հրադադար ստորագրել:

Ղազախներն այսպես թե այնպես ՀԱՊԿ ներկայացուցիչ ուժերին ընդունելու են որպես նվաճողներ: Չի կարելի թույլ տալ, որ այնտեղ թեկուզ մեկ հայ զինվոր կրակի: Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը ներքաշվի իրեն բոլորովին պետք չեկող այդ խնդրի մեջ: Հետաքրքիր կարծիքներ կան, որ Ղազախստանում հարցերը ուզում են լուծել հայերի, այս դեպքում Փաշինյան ձեռքով: Պաշտոնապես Հայաստանը նախագահող երկիր է, ու թեև սիմվոլիկ, բայց նա է նախաձեռնում և ամփոփում ամեն ինչ: Մեզ իրոք պետք չէ խառնվել միջինասիական այս խնդրին:

Ղազախստանին դժվար թե կարողանան Արցախի նման խաղացնել և թանկ գնով վերավաճառել միմյանց: Իսկ մենք այդ ընթացքում զբաղված ենք մի հարցով, որը մեզ այս պահին ամենաքիչն է պետք: Մենք փաստացի ղեկավարում ենք ոստիկանական գործողություններ մի երկրում, որը մշտապես թքած է ունեցել մեզ վրա: Միթե՞ հնարավոր չէր կոպիտ ասած ձգձգել այս հարցը, բավարարվել կոչերով կամ գոնե այդքան ակտիվ չլինել մի հարցում, որը մեզ պետք չէ:

Մենք եթե այդ հարցով մտահոգվենք, ապա դա այն է, որ մենք այնտեղ ունենք հայկական համայնքներ, որոնց անվտանգությունը պիտի լինի մեր միակ ու գլխավոր հարցը:

Ի վերջո Ղազախստանում ձևավորված վիճակն ու ՀԱՊԿ ոստիկանական օպերացիան միանշանակ ընդունվելու է որպես ժողովրդավարության դեմ հարձակում: Ես անձամբ այնքան էլ հետաքրքրված չեմ ղազախական դեմոկրատիայով, բայց ինձ անհանգստացնում է այն, որ այդ «չեկիստական» երևույթի գլխին կանգնած է լինելու թավշյա և ոչ բռնի հեղափոխության առաջնորդ Փաշինյանը: Իսկ միջազգային հանրության աչքում դա շատ լավ շանս է բռնապետի կոչում ունենալու համար: Եվս մի բան: Հայաստանը, որը մշտապես բողոքել է ՀԱՊԿ-ի անգործությունից, հիմա ակտիվ է նման կասկածելի հարցում:

Ռուսներն իհարկե պնդում են, որ ղազախական դեպքերը արևմուտքի գործակալների ձեռքի գործն է, բայց դա ռուսների սիրած ոճն է: Որտեղ մի բան սխալ է գնում՝ արևմուտքն է մեղավոր:

Ի դեպ ռուսները ղազախներից չնչին գներով գնում են ղազախական գազը և տասնապատիկ թանկ վաճառում ուրիշներին և դեռ ղազախներին էլ արգելում դա անել: Իսկ Ղազախստանում գազի գործը Նազարբաևի փեսայի ձեռքում է: Նույն Նազարբաևի, ով ցանկանում է մինչև մահ մնալ Ղազախստանի չթագադրված արքա: Հենց Նազարբաևը ստիպեց մայրաքաղաք Աստանան վերանվանել իր անունով ու դարձնել Նուրսուլթան և ում արձանը երեկ քանդում էին զայրացած ղազախները:

Պետք չէ ամեն ինչում արևմուտքին մեղադրել, պետք չէ խառնվել նման կեղտոտ ու անհեռանկար մի խաղի: Հայաստանը ո՛չ Ղազախստանին, ո՛չ ՀԱՊԿ-ին ոչինչ պարտք չէ: Սա ղազախների ներքին հարցն է, որից օգտվում են նաև ռուսները և պետք չէ իզուր խցկվել այդ հարցի մեջ:

Երբեմն ամեն ինչ ավելի պարզ է, քան մենք կարծում ենք:

Արայիկ Մկրտումյան