Քանի դեռ ՀՀ-ում շարունակում են հրճվել մեկը մյուսի դեմ տարած ՏԻՄ ընտրությունների հաղթանակներով, իրար մեղադրել, պատգամավորներն ու միմյանց օգնականները շարունակում են իրար ծեծել ԱԺ-ի սենյակներում ու հերոսական կեցվածքով հարցազրույցներ տալ, մեր թշնամին ու դաշնակիցը միմյանց հետ բավական մտահոգիչ պայմանագրեր են կնքում ու համագործակցություն ծավալում:
Մտահոգիչ իհարկե մեզ համար:
Այսպես:
Թուրքիան և Ռուսաստանը պատրաստվում են Թուրքիայի համար հինգերորդ սերնդի կործանիչներ արտադրել: «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Դենիս Գիզունովը մասնակցել է Ստամբուլում միջազգային IDEF-2021 պաշտպանական ցուցահանդեսին և հայտարարել, որ խորհրդակցություններ են անցկացնում Թուրքիայի հետ, նրանց TF-X ծրագրի հետ կապված և պատրաստ են աջակցել նրանց՝ 5-րդ սերնդի կործանիչներ արտադրելու հարցում: Ռուսները հայտարարել են, որ պատրաստ են օգնել հատկապես շարժիչի հետ կապված հարցերում, քանի որ Թուրքիան ինքը չի կարողանում շարժիչներ արտադրել և առայժմ չի գտել ընկերություններ, որոնք կարտադրեն այն: Ռուսները պատրաստ են աջակցել: Թուրքերի հետ նաև պայմանագիր էր կնքել բրիտանական աշխարհահռչակ Rolls-Royse ընկերությունը, բայց 2019թ. բրիտանացիները չգիտես ինչու հրաժարվեցին պայմանագրից: Ինչևէ, ռուսները պատրաստ են ոչ միայն օժանդակել, որ թուրքերը սեփական ավիացիան ավելի ուժեղացնեն, այլև հայտարարել են, որ պատրաստ են բանակցել Թուրքիայի հետ Су-35 և Су-57 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցում համապատասխան դիմումի դեպքում։
Դրանից բացի ռուսները կշարունակեն թուրքերին վաճառել, ոչ միայն C-400 հակաօդային պաշտպանական համակարգեր, այլև լրացուցիչ համակարգեր հենց C-400-ի պաշտպանության համար:
Թուրքերն ակտիվորեն աշխատում են նաև ԱՄՆ-ի հետ, չնայած որ վերջին ժամանակներս լարվածությունն էականորեն աճել է նրանց հարաբերություններում: Թուրքերը չեն հրաժարվում F-16-ից, և հուսով են, որ ԱՄՆ-ը ոչ միայն կօգնի նրանց արդիականացնել F-16-ը, այլև թարմացնել թուրքական ավիացիան ընդհանրապես: Ինչպես հայտնի է, ամերիկյան F-35-ից թուրքերը զրկվեցին ռուսներից C-400 համակարգեր գնելու պատճառով։ Այդ ինքնաթիռները բաժին հասան հույներին, իսկ թուրքերը սպառնացել են, որ ամերիկյան կործանիչները կփոխարինեն ռուսականներով և ընդ որում չեն պատրաստվում հրաժարվել ռուսականից:
Ամերիկացիներն էլ իրենց հերթին թուրքերի հետ «քիթ-մռութ» անելով հանդերձ հայտարարում են, որ Թուրքիայի սահմանները նաև ՆԱՏՕ-ի սահմաններն են, ուստի կշարունակեն աջակցել թուրքերին՝ նրանց F-16 առաջարկելով: Այդ ֆոնին հետաքրքիր է այն, որ ամերիկացիների կողմից թուրքերին F-35-ի ծրագրից հեռացնելուց հետո թուրքերը հայտարարել են, որ չի բացառվում, որ նրանք ամերիկյանը փոխարինեն հենց ռուսական կործանիչներով: Դրանից բացի Էրդողանը հայտարարեց, թե ԱՄՆ ղեկավարությունից կպահանջի վերադարձնել մոտ 1,4 միլիարդ դոլարը, որը Թուրքիան վճարել է ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու համար։
Անցյալ տարվա պատերազմում մենք տեսանք, որ թուրքական Բայրաքթարները պայթեցին առաջին հերթին մեր գլխին ու անկախ նրանից, որ ավստրիական, կանադական ամերիկյան ընկերությւոնները հրաժարվեցին նրանց որոշ լրամշակումներ վաճառելուց, Բայրաքթարը շարունակում է զարգանալ:
Թուրքական TF-X-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ., այսինքն թուրքական հանրապետության 100 ամյա տարեդարձին:
Մենք հիմա շատ անորոշ ու բարդ վիճակում ենք: Մեր դաշնակիցն ու թշնամին ջանասիրաբար շարունակում են աշխատել միմյանց հետ: Ռուսներն այնքան պատրաստակամ են թուրքերին օգնում ամեն հարցով, որ արդեն տարակուսելի է, թե ինչու Թուրքիան չի համարվում Ռուսաստանի պաշտոնական ռազմավարական դաշնակիցը, այլ մենք:
Այն, որ ռուսական բարեկամությունը մեզ վրա շատ թանկ է նստում, պարզից էլ պարզ է: Այն, որ ռուս-թուրքական համագործակցությունը շատ ավելի թանկ է արժենում, դա էլ ենք տեսնում անընդհատ: Իսկ այն, որ ռուս-թուրքական համատեղ ծրագրերը էլ ավելի թանկ են նստելու մեզ վրա, կարծում եմ բոլորս հասկանում ենք:
Այս իրավիճակում մենք իհարկե չենք կարող թուրքերին ռազմապես հակադրել ռուսներին: Հատկապես, որ ռուսները թուրքերի «նեղ օրին» հասնողի համբավ ունեն: Իսկ Հայաստանի պարագայում ռուսական դիրքորոշումն ուղղակի ծիծաղելի է:
Այս պարագայում պիտի գիտակցենք, որ թուրքական ավիացիայի ռումբերի ամենահարմար թիրախը մենք ենք: Բայց ի՞նչ ենք անում մենք: Իրար ծեծել ԱԺ դահլիճներում և ՏԻՄ ընտրությունում հայտարարել, որ հաղթել են «վիժվածքին»:
Քաղաքական այս աններելի կարճատեսությունն ուղղակի օգնություն է թուրքերին էլ, ռուսներին էլ:
Պարզ է, որ մենք հիմա ո՛չ թուրքերին կարող ենք ռազմապես հակադրվել, ո՛չ ռուսներին՝ դիվանագիտորեն:
Բայց ի՞նչ անել: Ինչպե՞ս դուրս գալ ռուս-թուրքական այս ճահճից: ԱՄՆ օգնությամբ, ով շարունակում է թուրքերին աջակցե՞լ:
Դժվար է մեկ կախարդական խորհուրդ տալ: Բայց դրա համար նախ հարկավոր է, որ օրենսդիրում մարդիկ իրոք հասկանան, թե ինչ է կատարվում: Ու ավելի լրջմիտ գտնվեն, քան ինչ որ մանրախնդիր ծեծկռտուքները, կամ հաշիվ պարզելը, թե ով ում «արա» ասաց, իսկ ով ում՝ «ախչի»:
Որովհետև չգիտենք, թե ի՞նչ գին է ուզելու Բաքուն ռուսներից այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահների մնալու ժամկետը լրանա: Իսկ եթե այդ գինը լինի Մեղրի՞ն: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում մեր սահմանների անվտանգությունը հանձնել մի դաշնակցի, ով զինում է մեր թշնամուն: Մենք նախորդ տարիներին չէինք հավատում, որ կարող է նաև լինեն այն, ինչ եղավ Արցախում 2020թ. և այն ինչ կատարվում է հիմա ՀՀ սահմանների շուրջ:
Իսկ ինչի՞ն ենք հավատալու առաջիկա տարիներին, երբ թուրքերը կսկսեն սեփական հինգերորդ սերնդի կործանիչներով սավառնել, ունենալ ավելի կատարելագործված անօդաչուներ, ավելի ագրեսիվ քաղաքականություն:
Ռուսների ժամկետը Կովկասում ավարտվում է: Մեզ մնում է այնպես անել, որ ռուսների արկածախնդրության համար հայկական արյունն ու տարածքը չվճարի:
Արայիկ Մկրտումյան